Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տարտղնված Հայաստան

Տարտղնված Հայաստան
05.02.2019 | 01:23

Հակառակ սառցակալած Եվրոպայի ու ԱՄՆ-ի` Հայաստանն ապրում է համարյա թե տաք ձմեռ, մեկ-մեկ ձյուն է գալիս Երևանում, թեև Երևանից դուրս ձմեռն այլ պատկեր ունի` ձնապատ: ՈՒ` նույնիսկ բքառատ ճանապարհներ: Տեղ-տեղ էլ կիսակառույց` հունիսից: Մեղրիի կողմերը: ՈՒ ոչ ոք չի հարցնում` ինչու՞: Ընդհանրապես ինչու՞ հարցը վտարված է օրակարգից: Բոլորն արձանագրում են` ինչ կա, կեսը հիանում է, կեսը` բողոքում: Պատճառները` ոչ հիացմունքի, ոչ բողոքի, չեն հետաքրքրում: Կամ` հետաքրքրում են հետևանքների մասով: Չանվանեք անտարբերություն: Անվանեք սպասում: Կամ` ինքնագիտակցության ընդարմացում:
Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը Հայաստանից դուրս էր` վարչապետը գնաց Գերմանիա` Քյոլն ու Բեռլին: Պայմանականորեն պաշտոնական այցը երկու մաս ուներ` քաղաքական ու տնտեսական: Քաղաքականը հայ-գերմանական հարաբերություններն են ու հայտարարությունները, որ հնչեցին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ: Երկկողմ հարաբերությունները հրաշալի են` ակնհայտորեն Գերմանիան հետաքրքրված է Հայաստանով, պատահական չէ, որ սա պատասխան այց էր` կանցլեր Անգելա Մերկելը 2018-ին Երևանում էր: Եվ բնական էր սպասումը, որ պատասխան այցը կլինի ոչ թե հռչակագրային, այլ գործնական և կարտահայտվի համաձայնագրերի ստորագրումով: Համաձայնագրեր չեղան, եղան համագործակցության ցանկություններ ու խոստումներ: Մինչդեռ կանցլեր+նախագահ+բունդեստագի նախագահ հանդիպումներից բացի եղան հանդիպումներ ձեռներեցների, KFW բանկի աշխատակիցների, Քյոլնում հայ համայնքի հետ: Փորձագետներին մնում էր արձանագրել` Գերմանիայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները խոշոր տնտեսավարողների հետ հույս են տալիս, որ մենք որոշ ժամանակից կունենանք, եթե ոչ շատ մեծ, գոնե 2-3 մեծ ներդրողներ Գերմանիայից: Անգելա Մերկելը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու ու 2018-ի դեկտեմբերի 7-ից ՔԴՄ-ի նախագահությունն էլ թողել է Անեգրետ Կրամպ-Կարենբաուերին: Հուսանք, որ ՔՊ-ն մինչև 2021-ին բունդեստագի ընտրությունները կփորձի կապեր հաստատել ՔԴՄ-ի հետ: Համենայն դեպս:


Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ հայտարարությունները սկսվեցին Քյոլնից: Եվ նորից ասվեց` ինչու՞ ոչ ոք Ադրբեջանին չի հարցնում` պատրա՞ստ են փոխզիջումների, թե՞ ոչ, ինչու՞ է փոխզիջումների առաջնային սուբյեկտ դիտվում Հայաստանը: Հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տրտնջաց, որ Արցախի հարցում ոչ ոք չի առաջնորդվում լավատեսական կանխավարկածով: «Երբ Հայաստանի ԱԳ նախարարը կամ վարչապետը գնում է բանակցությունների, դրան հետևում է հոռետեսության հսկայական ալիք. բա որ ենթարկվեն ճնշումների, բա որ համաձայնության գան աննպաստ լուծման շուրջ։ Մենք այս հսկայական փոփոխություններն իրականացրել ենք, մենք մեր ժողովրդի հետ քայլել ենք, որ քայլենք դեպի անդու՞նդ։ Որտեղի՞ց այդ կանխավարկածը»:
Փորձից: Դառը փորձից: Անտրամաբանական փորձից, երբ հաղթանակից հետո կնքվեց զինադադար, ոչ թե Ադրբեջանի կապիտուլյացիայի ակտ ստորագրվեց:


Իսկ հետո Հայաստանին պարտադրվեցին մադրիդյան սկզբունքներն իրենց վարիացիաներով, որոնց հիմքում տարածքների հանձնումն է: Պատճառները տարբեր էին, փաստը դա է: Բեռլինում վարչապետը նորից կրկնեց, որ ինքը Հայաստանի վարչապետն է, կարող է բանակցել միայն Հայաստանի ժողովրդի անունից, Ղարաբաղի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, Ղարաբաղն ունի իր նախագահը, իր խորհրդարանը, իր կառավարությունը։ «Ինչ վերաբերում է բուն կարգավորմանը, կարծում եմ` համանախագահող երկրները և միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հակամարտության մեջ ներգրավված կողմերի՝ 3 կողմերի օրակարգի հարցն է և միջազգային հանրությունը չի կարող հակամարտության 3 կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել խոսակցության, բանակցության համար և, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հենց հաջողել է այդ հարթակը ստեղծելու առումով»:

Առաջին հայացքից այս հայտարարությունը թվում է դրական` Բեռլինում, Ֆորբսի վարկանիշով աշխարհի անփոփոխ ամենաազդեցիկ քաղաքական կին գործչի հետ ասուլիսում Լեռնային Ղարաբաղը համարել համակարտության լիիրավ կողմ, բայց այդ կտրվածքով ԼՂ կոնֆլիկտը դառնում է հայ-ադրբեջանական տարածքային խնդիր, ոչ թե ԼՂՀ-ի պայքար ազգերի ինքնորոշման իրավունքի համար: Առավել էական էր մեկ այլ թեզ. «Ես Հայաստանի խորհրդարանում արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես հույս ունեի, որ այս հայտարարության նման հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց, ցավոք սրտի, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի ու Ղարաբաղի ժողովրդի համար»։ Կարևոր էր Անգելա Մերկելից լսել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերը պիտի պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն, բայց Մերկելը նշեց` 2 կողմերը ու հազիվ թե լեզվի սայթաքում էր. «Միշտ լավ է, երբ միասին բանակցվում և խոսվում է, բայց 2 կողմերն էլ պիտի պատրաստ լինեն, որ խոսքից գործի անցնեն։ Շատ խիզախ քայլ է, որ այսպիսի վարչապետներ կան, ովքեր խոսում են կոմպրոմիսների մասին, որ երկու կողմից էլ պիտի արվեն։ Շատ կարևոր է պատրաստակամությունը՝ կոմպրոմիսների շուրջ համաձայնության գալու ու հասնելու կարգավորման և խաղաղության»: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել այնպես, որ միայն մի կողմը բավարարված լինի` Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսում ասաց կանցլեր Անգելա Մերկելը. «Լեռնային Ղարաբաղի մասով՝ երկար ճանապարհ կա անցնելու, և չի կարող այնպես արվել, որ միայն մի կողմը բավարարված լինի։ Իհարկե, պիտի օգտագործենք նաև Մինսկի խմբի հնարավորությունները»։ Ինչո՞վ կպատասխանի Բաքուն: Բացի զարմանքը, որ Փաշինյանին չի հասկանում, և այլն, և այլն: Եվ, այնուամենայնիվ, հարցը բաց է` ունե՞նք Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ռազմավարություն, թե՞ բավարարվում ենք մարտավարությամբ` «Բաքվին դիմեք»-ով: Ժամանակը չէ՞ հակադարձելուց անցնել նախապատրաստելուն, ծրագրելուն ու առաջարկելուն:


Գերմանիա այցը ուներ մեղրի կարասում կուպրի բաժին` վարչապետի պաշտոնական այցի օրերին Բեռլինում էր ՀՀԿ պատվիրակությունը` Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հրավերով (նույն հիմնադրամում ելույթ ունեցավ վարչապետը ու ստիպված էր պատասխանել հարցերի, որ իրենից առաջ բարձրացրել էին Արմեն Աշոտյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը): Այցից հետո Արմեն Աշոտյանը խոսում էր Նիկոլ Փաշինյանի «կոմպլեքսավորվածության» մասին, նույնքան ու ավելի բարդույթավորվածության դրսևորում է նույն օրերին Բեռլին մեկնելը, մնում էր նրա գրառման տակ Արփինե Հովհաննիսյանն ավելացներ իր ավանդական «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը»: «Ծառայության» բազում տարբերակներ կան և հրապարակայինն ամենաարդյունավետը չէ:


Հայաստանում վարչապետին սպասում էին հին ու նոր խնդիրները, որ նա գերադասեց քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ: Չորսժամյա դռնփակ նիստից հետո դաշինքի պատգամավորները լռում էին` հղում անելով պայմանավորվածությանը: Լիլիթ Մակունցի խոսքը անհոդաբաշխ էր. «Գերմանիա այցից հետո ուզում էինք վերջին այցելությունների հետ կապված այդ համատեքստում նույնպես, քանի որ շատ տարբեր հրապարակումներ են գրվում, որպեսզի նաև ավելի մանրամասն քննարկենք այդ հարցերը։ Շատ տարբեր հարցեր ենք քննարկել, տարբեր թեմաներ, նաև եղել են առանձին թեմաներ»։ Այդպես էլ անհայտ մնաց` վարչապետը մտադի՞ր է Աժ մյուս խմբակցություններին պատմել այցի մասին, թե՞ ոչ:
Բացի ՀՀ օրհներգը փոխելու կիսաքաղաքական հարցից, որ ասպարեզ նետեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ու ստացավ ՀՅԴ-ի անքաղաքական հակահարվածը, օրակարգում է կառավարության կառուցվածքի հարցը: Եվ այստեղ ի հայտ է գալիս պետական կառավարման ճգնաժամը, որ արտաքուստ արտահայտվում է կառավարության կառուցվածքի անորոշությամբ ու ձգձգվող քննարկումներով, հակասական հայտարարություններով` մեկ փող ենք խնայում, մեկ օպտիմալանում ենք, մեկ բացառում ենք իրավասությունների կրկնությունը: Միով բանիվ` չունենք պատկերացում ի՞նչ Հայաստան ենք ուզում ունենալ ու ինչպե՞ս և դեգերում ենք նախարարությունների զիգզագներում` քանի՞սը լինեն, քանի՞սը չլինեն: Ճգնաժամի ուղղակի արտահայտությունը դարձավ պարգևավճարների թեման` իր զարգացումներում: Հրապարակավ շատերն իրենց պարտքը համարեցին թվեր հրապարակելն ու զայրանալը` ինչպե՞ս կարելի է: Արդար զայրույթ է: Բայց հետևանք է: Ո՞րն է պատճառը:

Իսկ պատճառը օրենսդրության մեջ է` նորանշանակ մարզպետներն ու նախարարները, մյուս պաշտոնյաները պաշտպանություն ունեն` օրենքը: Նրանք օրենք չեն խախտել: Կամ` խախտել են մասամբ` պարգևատրելով իրենց պես նորանշանակ աշխատակիցներին, գերազանցելով պարգևավճարի գումարը: Հարցը բարոյական հարթություն փոխադրվեց` բարոյական իրավունք ունե՞ն նոր Հայաստանի պաշտոնյաները այդպես վարվել պետության գումարների հետ: Ո՞րն է նրանց տարբերությունը ՀՀԿ-ից, եթե շարունակում են քայլել նրանց նվիրական ոտնահետքերով: Այստեղ է ճգնաժամի հիմքը: Կա՞ տարբերություն: Թե՞ գործում է «Երեկ` ես, այսօր` դու, վաղը` նա» սկզբունքը: Հասարակությունը ուզում է, որ հեղափոխությունից հետո նոր պաշտոնյաները չառաջնորդվեն նախկինների սկզբունքներով, ու դա արդարացի պահանջ է: Կառավարման ճգնաժամի չերևացող հատվածում շարունակվում են նախկին գործընթացները, երբ նույն թիմի տարբեր անդամներ (նախկինում` նույն կուսակցության տարբեր դեմքեր) սկսում են պայքարել միմյանց դեմ` օգտագործելով հրապարակային փաստերը անձնական նկրտումների ու շահերի համար: Սա օրեցօր ակնհայտ է դառնում ու ամեն ինչ հատվում է (նախկինի պես) մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի (նախկինում Սերժ Սարգսյանի) անձնական օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որոշմանը: Պետական կառավարման համակարգում սկզբունքներն ու օրինաչափությունները դադարում են գործել ու որոշիչ է դառնում պետության առաջին դեմքի կամքը: Սա դասական ճգնաժամի հատկանիշ է: Ժամանակն է ընդունել, որ հիմա ապրում ենք հենց այդ ժամանակում: Քանի դեռ կառավարության կառուցվածքը անորոշ է, հույս կա, որ 12+ սկզբունքը կգործի և կստեղծվի ատոմային էներգետիկայի նախարարություն, որ Հայաստանի զարգացման համար գերկարևոր խնդիր է: Նույնը` ջրային հարցերի ու լեռնահանքային հարցերի նախարարություններին է վերաբերում: Չափազանց շատ են այս ոլորտներում չլուծված հարցերը, որ դառնան որևէ նախարարության մեկ վարչություն կամ մնան գործող կառույցների հույսին: Սա և քաղաքական, և տնտեսական հեղափոխության խնդիր է, որ պահանջում է մանրակրկիտ մշակված ծրագիր` նոր ատոմակայանի կառուցման, խաղաղ ատոմի նախաձեռնությունների, ջրային ու բնական պաշարների գույքագրման ու նպատակային օգտագործման, արտահանման և աշխատատեղերի ստեղծման խնդիրներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հասարակական քննարկումների տարտղնվածությունը, գերակայությունների չգիտակցումն ու ցաքուցրիվ մեկնաբանությունները վկայում են` հեղափոխությունը հայտնվել է տեղապտույտի մեջ, կամ խաչմերուկում, երբ իշխանությունները չեն կողմնորոշվում արտաքին ու ներքին քաղաքականության ո՞ր ուղղությունն է տանում դեպի նոր Հայաստան, որ պարզվում է` նույնն է:

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ