Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Լրատվամիջոցների նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքն անհասկանալի է ու պարադոքսալ»

«Լրատվամիջոցների նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքն անհասկանալի է ու պարադոքսալ»
05.02.2019 | 01:28

Սովորաբար, երբ քաղաքական թիմը զուրկ է քաղաքական բովանդակությունից, տարբեր տեղերում սկսում է թշնամիներ փնտրել: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ողջ ընթացքը քաղաքական թշնամիների վրա սեփական ճանապարհը կառուցելուն է միտված եղել ու կա: Այս տեսակետին է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ: Ըստ նրա՝ նոր իշխանությունների թշնամին սկզբում արագաչափերն էին, հետո ՀՀԿ-ն էր խանգարողը, դրանից առաջ էլ Հայկ Մարությանը թշնամի համարեց բոլոր «հակահեղափոխականներին» ու «սև ուժերին». «Իսկ երբ պառլամենտի հարցն էլ լուծվեց, նոր թշնամի էր պետք, որ խանգարեր իշխանություններին կախարդական փայտիկի գործադրման հարցում: Պարզվեց՝ դա մամուլն է: Ինչու մամու՞լը, որովհետև մամուլը գրում է, օրինակ, թե ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ, իսկ Փաշինյանը դա համարում է հակահեղափոխական քայլ, ու ասում, որ մամուլն իր դեմ արշավ է սկսել: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները մեկը մյուսին գերազանցում են իրենց անտրամաբանական խոսքով, դարձյալ մամուլն է մեղավոր: Կրկնում եմ՝ թշնամիներ գտնելն ու դա առաջնային համարելը բնական երևույթ է բովանդակազուրկ իշխանության համար»:


Ինչքան էլ իշխանությունները փորձեն ճնշել մամուլը, Նարեկ Սամսոնյանը վստահ է՝ դա իր նպատակին ծառայել չի կարող, ավելին, որոշ ժամանակ անց այն կարող է հակառակ արդյունքն ունենալ, քանի որ ցանկացած գործողություն հակազդեցություն է ենթադրում: Հենց որ մամուլն ավելի շատ նկատի իշխանությունների թերություններն ու ավելի շատ բարձրաձայնի դրանք, իշխանությունը ոչինչ անել չի կարողանա, բոլոր լրատվամիջոցները փակել հնարավոր չի լինի: «Նրանք չպետք է մոռանան, որ լրատվամիջոցների օգնությամբ են եկել իշխանության, իսկ այժմ հասարակությունը սկսում է դուրս գալ այն ինքնախաբեության թմբիրից, որի մեջ ինքն իրեն գցել էր: Մարդիկ վաղ թե ուշ հասկանալու են, որ այն մտայնությունը, թե Փաշինյանը Հայաստանի փրկությունն է, իրականությանը չի համապատասխանում, սպասումները, անկնկալիքները չեն արդարացվելու: Ի՞նչ է իրականում գրում մեդիան. այն, ինչ հասարակությունն ուզում է իմանալ: Ցանկացած պետության ներսում քաղաքացիների մեծամասնությունն առավել հակված է լինելու քննադատողի, ընդդիմության, քան իշխանավորի դերում: Ինչու՞, որովհետև իշխանական քաղաքացին պետք է իշխանական բարիքներ ստանա, իսկ ժողովրդավարական իշխանության պարագայում իշխանությունը ոչ թե բարիք է, այլ պատասխանատվություն, ինչից նորերը փորձում են խուսափել: Որևէ պաշտոնյա, Հայաստանի քաղաքացիներից չգողանալով, 12 ժամ աշխատելով, լավություն չի անում: Երբ դուրս գան հասարակությանը լավություն անելու թմբիրից ու իրական հայացքով նայեն տեղի ունեցող զարգացումներին, մարդկանց հիասթափությունն էլ այդքան վառ չի դրսևորվի: Դա շատ ավելի օգտակար կարող է լինել, քան բոլորին փորձել համոզել, թե մենք լավն ենք, բայց մեզ փորձում են վատ քողի ներքո ներկայացնել»,- նշում է նա:


Վերադառնալով մամուլի նկատմամբ իշխանությունների սկսած արշավին՝ մեր զրուցակիցը հավելում է, որ այս արշավը կարող է միտված լինել նաև լրատվամիջոցներին ֆինանսական վնաս հասցնելուն: «Փաշինյանը դեռևս թերթի գլխավոր խմբագրի մակարդակում է մնացել և ուշադրություն է հրավիրում այնպիսի «բարձունքներ գրավելու» վրա, ինչպես, օրինակ, արտասահմանյան պարբերականում Հայաստանի տնտեսության կամ այլ ոլորտի բարձր վարկանիշի մասին տպված հոդվածն է: Դա գնահատելի է, բայց այդ մասին բարձաձայնողը երկրի առաջին դեմքը չպետք է լինի: Մարդիկ, որոնք մշտապես սովոր են իշխանությանը հաճոյանալուն, ասում են, թե դա բացության նշան է: Իրականում անլուրջ է, երբ երկրի վարչապետը սկսում է զբաղվել հարցերով, որոնք քաղաքական թիմի երևելի անդամների զբաղվելու հարցերը չեն: Համենայն դեպս, Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես ղեկավար, որի իշխանության օրոք նվազագույնը երեք լրատվամիջոց ոստիկանական ու ԱԱԾ-ական «այցերի» թիրախ է դարձել: Երկրի վարչապետ, որի օրոք հացադուլ անող լրագրող է մահացել բանտում: Այս ամենը պարադոքսալ է, որովհետև նա եղել է լրագրող, ու լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքն առնվազն անհասկանալի է»:
Նարեկ Սամսոնյանի համար հասկանալի չէ նաև այն հանգամանքը, երբ արտերկիր կատարած այցերի ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են մամուլի կողմից հարձակումների ենթարկվելու ու մեծահոգաբար դրանց պատասխան հարված չտալու մասին: Օտարերկրյա առաջնորդների համար դա առնվազն ծիծաղելի կարող է լինել:


Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի լրագրող պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որը պետք է կարգավորի ոլորտի մի շարք հարցեր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավարը նկատում է. «Այսպիսի օրինաչափություն կա՝ ոչ ժողովրդավար, կիսաազատ երկրներում (ժողովրդավարությունը համալիր քաղաքական վարչակարգ է, որին մենք միանշանակ չենք հասել, դրա մասին են վկայում միջազգային բոլոր զեկույցները), երբ լրատվամիջոցի, մամուլի, խոսքի ազատության վերաբերյալ օրենսդրական որևէ նախաձեռնությամբ հանդես է գալիս իշխանությունը, այն սահմանափակող բնույթ է ունենում: Եթե դրա հետևում ընդդիմությունն է կանգնած, այն ավելի ազատական է լինում: Վերջերս իշխանական աղբյուրները հայտնեցին, որ օրենսդրական այդ կարգավորումը ոչ թե կառավարությունը, այլ խորհրդարանը պետք է ներկայացնի: Դա ուղիղ մեսիջ էր: Ես չեմ բացառում, որ խորհրդարանական, այսպես կոչված, ընդդիմության ձեռքով իշխանությունը օրակարգում ներառի այդ նախագիծը՝ ֆոն ստեղծվելով, թե ներկայացվածն ընդդիմության և իշխանության միասնական ծրագիրն է»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ