Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պարզվեց, թե ինչու ենք վատ ապրում

Պարզվեց, թե ինչու ենք վատ ապրում
05.02.2019 | 01:29

Հայտնաբերվել է պատճառը, թե ինչու այս տարիների ընթացքում նախկին իշխանությունները չեն կարողացել երկիրը զարգացնել։ Պատճառը օրհներգն է։ Հիմա մեր նոր իշխանավորները սկսում են ամենակարևորից ու ամենահրատապից՝ փոխել օրհներգը, քանզի այն, ինչպես իրենք են պնդում, պարզունակ է, թևեր չի տալիս, խեղճ է ու թշվառ։ Մենք էլ ասում էինք՝ ինչու Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, ներդրումներ չեն լինում, փաստորեն, մեղավորը մեր օրհներգն է, ներդրողներին վախեցնում, վանում է։ Այ, եթե մի խրոխտ, առնական, հեղափոխական «հիմն» լինի, «գըմփ-գըմփ-հու»-ի հանգույն, տես՝ ի՜նչ փողեր է, որ Հայաստան կգան, Փաշինյանը կասեր՝ ճամպրուկները պատրաստ, հերթի մեջ են։ Բա տնտեսությու՜նը, ոտք կառնի ու կարող է անգամ վագրային թռիչք էլ արձանագրել, այ, կներեք, տնտեսական բում։ Չլինի՞ Հայաստանի նոր հիմնի գաղափարից ամենաշատը ոգևորվել էին ՊԵԿ-ում, իրենք իրենց հո չէի՜ն պարգևատրել՝ հավանաբար մտածելով` նոր հիմնը շուտով հարկային մուտքերն սպասվածից տասն անգամ ավելի շատ է ապահովելու։ Իսկ եթե այս ամենին գումարենք նաև մեր դրոշի վրա խաչ ավելացնելու ալենսիմոնյանական յուրահատուկ գաղափարը, օ՜, նվազագույնը Սինգապուրի հրաշքը կկրկնվի Հայաստանում։


ՈՒրեմն խորհրդարանի 88-հոգանոց իշխանությունը, որ սիրում է ԱԺ-ն սեփական գրասենյակի տեղ ծառայեցնել, որոշել է օրենսդրական աշխատանքն սկսել երկրի պետական օրհներգը փոխելով։ Գաղափարի հեղինակն էլ ոչ թե շարքային պատգամավոր է, այլ ԱԺ փոխխոսնակը, որի համար երկրի ամենամեծ խնդիրը օրհներգն է, այլապես խորհրդարանի «բեմելը» լրիվ այլ հարցով կսկսվեր։ Սա խոսում է այն մասին, որ ոչ միայն կառավարման տարբեր ոլորտներում չկան հայեցակարգային մոտեցում, մշակված օրակարգ, այլև խորհրդարանում։ Այսքան պատգամավոր բերել, լցրել եք խորհրդարան, որ օրենսդրական հստակ նախագծերով հանդես գա՞ն, թե՞ ում մտքին ինչ բրթի, փորձի առաջ տանել։ Այստեղ էլ առաջնորդվում են իներցիայով։ Կառավարությունում` իներցիայով, խորհրդարանում` նույնը, դատական համակարգի մասին էլ էլ չխոսենք։ Բա ու՞ր է հեղափոխությունը, եթե ամեն ինչ իներցիայով է։


Հավելենք, որ «վատ» օրհներգով էլ է հնարավոր տարածաշրջանի ամենազարգացած երկիրը դառնալ, պարզապես նորմալ պայմաններ պիտի ստեղծել, օրհներգի փոփոխությունն էլ թողնել մտավորականներին ու երաժշտագետներին, նրանք ավելի լավ գլուխ կհանեն դրանից։ Տպավորություն է, թե ամեն օր մի ինտրիգային հարց է առաջ քաշվում, համալրվում է ֆեյսբուքասեր հանրության քննարկումների օրակարգը, իսկ օր առաջ լուծում պահանջող, խնդրահարույց բազմաթիվ հարցեր երկրորդական պլան են մղվում։ Կարծես մարդկանց տեսարաններով կերակրելու հատուկ խնդիր է դրված։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ