Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վենեսուելա. չհայտարարված պատերազմական գործողությունների ևս մեկ թատերաբեմ

Վենեսուելա. չհայտարարված պատերազմական գործողությունների ևս մեկ թատերաբեմ
05.02.2019 | 07:18

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նոր հակամարտությունն սկսվում է հարավամերիկյան Վենեսուելայից։ Ամենևին չենք չափազանցում։ Իրադրությունը ծայրահեղ բարդ է, և սցենարը կարող է փոխվել ամենաանսպասելի կերպով։ Աշխարհը տագնապով հետևում է, թե ինչպես է ԱՄՆ-ը փորձում վենեսուելցի ծախու խամաճիկների միջոցով կրկնել, օրինակ, Հայաստանի 2018 թ. ապրիլյան իրադարձությունները։ Կամ էլ` ՈՒկրաինայի 2014 թ. փետրվարի։ Տարբերությունն այն է, որ չնայած հաջողվել է ալեկոծել «փողոցային կաթնակերներին», ինչպես արտահայտվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, վերջինիս կողմնակիցներին պաշտպանում են ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, բանակը, ազգային գվարդիայի մեծ մասը։ Սահմանադրորեն ընտրված նախագահ Մադուրոյին աջակցելու մասին հայտարարել են Վենեսուելայի 23 նահանգներից 19-ի ղեկավարները։


Վենեսուելայի նախորդ նախագահ, լեգենդար ՈՒգո Չավեսին և նրա աշակերտ ու հետևորդ Մադուրոյին վենեսուելցի օլիգարխները, հանցագործները, պոռնիկները, ազատականները, դրամաշնորհակերները մեղադրել և մեղադրում են անձնիշխանության (ավտորիտարիզմ) մեջ։ Այո, այդ երկրում անձնիշխանություն է։ Բայց մի՞թե դա զարմանալի է։ Լատինական Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում անձնիշխանություն է։ Այնտեղ իշխանության ղեկին կամ զինվորական դիկտատորներ են (արգենտինացի գեներալ Խուան Դոմինգո Պերոնի կամ չիլիացի գեներալ Աուգուստո Պինոչետի տիպի), կամ բացահայտ ամերիկամետ խամաճիկային «ժողովրդավար կառավարություններ»` սրիկա ղեկավարներով (հայիթցի հայր ու որդի Դյուվալիեների կամ նիկարագուացի Սոմոսայի տիպի)։ Լատինական Ամերիկան համարյա 200 տարի ԱՄՆ-ի և Եվրոպայի հումքային բազան է, այնտեղ բացարձակ անկախ պետությունները ծայրահեղ կարճ ժամանակով են գոյատևել։ Գործնականում ցանկացած լատինաամերիկյան երկրի բնակչության 90 %-ը չքավոր ու մուրացիկ է։ Ոչ մեկին, ասենք Հայաստանի, Վրաստանի, ՈՒկրաինայի քաղաքացիներին, դա ոչինչ չի՞ հիշեցնում։ Ափսոս, եթե չի հիշեցնում։ Իսկ ահա Չավեսի և Մադուրոյի անձնիշխանությունը կառավարման ձև է հենց հանուն ժողովրդի չքավորագույն մասի, ընդդեմ հարուստների և սպեկուլյանտների, ընդդեմ կոմպրադորների ծախու հատվածի (կոմպրադոր- տեղացի միջնորդ օտարերկրյա կապիտալի և տեղական շուկայի միջև)։ Ահա թե ինչու Վենեսուելայում կարիք չկա ժողովրդին «քշելու» հանրահավաքի ի պաշտպանություն իշխանության. չքավորներն իրենք են նետվում ընդդեմ ամերիկամետ «ժողովրդավարական ընդդիմության»։ Այստեղից էլ` կոշտ բախումները «Չավեսականների շարժման» կողմնակիցների և ամերիկամետ խամաճիկների միջև։ Այստեղից էլ` այն, որ արդեն զոհեր կան հակամարտող կողմերից։


Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ), որը, շարժվելով ԱՄՆ-ի ցուցումով, Խուան Գուայդոյին ճանաչել է «անցումային նախագահ»` չճանաչելով օրինականորեն ընտրված Մադուրոյին, ոչ մեկին պետք չեկող միջազգային կառույց է, որովհետև վաղուց գոյատևում է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին։ Հենց Հարավային Ամերիկայի հասարակության մեծ մասը ծայրահեղ հոռետեսորեն է նայել և նայում ԱՊԿ-ին։ Ահա թե ինչ է գրում կոլումբիացի վերլուծաբան Պաբլո Խոֆրեն ԱՊԿ-ի տիպի կազմակերպությունների անզորության և պիտանի չլինելու մասին. «Սիրիական, լիբիական և նույնիսկ հյուսիսկորեական սցենարներն այստեղ հնարավոր չեն։ ՄԵՐԿՈՍՈՒՐԸ և ԱՊԿ-ն չեն կարող դիտարկվել որպես բավականաչափ ազդեցություն և ինչ-որ բան փոխելու ունակություն ունեցող ինքնուրույն մարմիններ, դրա ժամանակն էլ չունեն, որովհետև սեփական գործերը փայլուն վիճակում չեն»։

Այժմ Լատինական Ամերիկան պառակտող ևս մեկ «լեռնաշղթա» է նշմարվում։ Որոշ երկրներ, ինչպես Արգենտինան, Բրազիլիան, որտեղ վերջերս ԱՄՆ-ը հասավ իշխանափոխության, ստրուկի նման պաշտպանում են Վաշինգտոնի ցանկացած ծպտուն։ Իսկ իրենց գոնե ինչ-որ չափով հարգող երկրները Մադուրոյի կողմից են անմիջական (Կուբա, Նիկարագուա, Բոլիվիա) կամ անուղղակի ձևով։ Եվրոպան հաշվի մեջ չէ. այդ աշխարհամասում միայն ժամանակ առ ժամանակ են հիշում, որ երբեմնի անկախ պետություններ են։ Պատկերացրեք` նույնիսկ Արգենտինայում, հակառակ ամերիկամետ խամաճիկ իշխանության, հասարակությունն ավելի հակված է անսալու համազգային կուռք, ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, քան իր կառավարությանը։ Հունվարի 24-ին նշանավոր արգենտինացին «Ինստագրամում» տեղադրել է իր լուսանկարը` Վենեսուելայի ազգային դրոշի գույներով կեպիով, և գրել. «Ես չեմ փոխվի։ Այսօր, առավել քան երբևէ, ես նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ եմ։ Վենեսուելայում իշխում է ժողովուրդը։ Ես սիրում եմ ձեզ»։


Բոլոր երկրներում, օրինակ` ԱՊՀ-ի, պետք է իմանան, որ դա հենց այնպես չէ։ Մարզական կարիերայի ավարտից հետո նրանց ֆուտբոլիստները հաճախ են դառնում քաղգործիչ, պատգամավոր կամ էլ պարզապես հասարակության հարգարժան անդամներ, որոնց հարկադրված են անսալու նաև իշխանությունները։ Աշխարհի այդ կողմում եթե ուզում ես դուր գալ շարքային քաղաքացիներին, պետք է ցուցադրաբար սիրես ֆուտբոլը և ֆուտբոլիստներին, պետք է լուսանկարվես նրանց հետ և ձևացնես, թե հաշվի ես առնում ամբոխի կուռքերին։ Իսկ Մարադոնային ճանաչում է ոչ միայն Լատինական Ամերիկան, այլև ողջ աշխարհը։ Մարադոնան, որը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, միշտ բացեիբաց արտահայտել է իր կողմնակցությունը ձախ քաղաքական ճամբարին։ Նրա մարմնին դաջված են Ֆիդել Կաստրոյի և Չե Գևարայի պատկերները։ Նա ծանոթ է Հարավային Ամերիկայի, աշխարհի այլ երկրների խոշոր քաղաքական գործիչների, նրանցից շատերի հետ անձնական բարեկամություն ունի։ Եվ եթե Մարադոնան պնդում է, որ «Վենեսուելայում իշխում է ժողովուրդը», ապա համոզված եղեք, որ ֆուտբոլի սիրահարների բազմամիլիոն բանակը Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում կհավատա նրան, ոչ թե ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին։


Չինաստանն ու Ռուսաստանը Վաշինգտոնին նախազգուշացրել են, որ չմիջամտի Վենեսուելայի ներքին գործերին։ Իրանը և Թուրքիան, անգամ Թուրքիան, անձնական աջակցություն են հայտնել նախագահ Մադուրոյին։ Ռուսաստանը նույնիսկ զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ձեռնպահ մնա ռազմական միջամտությունից, որովհետև, արդեն ամսից ավելի, լուրեր էին տարածվում, թե Վաշինգտոնը նաև ռազմական ներխուժման գործողություն է պատրաստել չավեսականների ժողովրդական իշխանությունը տապալելու համար։ ՌԴ նախագահ Պուտինի և ԱԳՆ-ի հայտարարությունները վերջին օրերին բազմիցս վերահաղորդել են բազմաթիվ ռուսական ԶԼՄ-ներ։ Ավելի քիչ է հիշատակվել Չինաստանի և Իրանի արձագանքի մասին։ Հունվարի 24-ին ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը հայտարարել է, որ Պեկինը դեմ է Վենեսուելայի ներքին գործերին միջամտելուն և բոլոր երկրներին այդ երկրի ինքնիշխանությունը հարգելու կոչ է անում։


Նույն հունվարի 24-ին Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին իր երկրի աջակցությունը հայտնեց Վենեսուելայի ժողովրդին և կառավարությանը այդ երկրի ներքին գործերին «ցանկացած տիպի օտարերկրյա միջամտության» դեմ. «Մենք հույս ունենք, որ Վենեսուելայում ցանկացած քաղաքական տարաձայնություն կամ խնդիր կլուծվի ժողովրդի և կառավարության կողմից հնարավորինս արագ իրավական և խաղաղ որոշումներ կայացնելու միջոցով... Թեհրանը Վենեսուելայի իրադարձությունները համարում է ԱՄՆ-ի միջամտության հետևանք»։ Վենեսուելայի վերաբերյալ ՌԴ-ի և Իրանի մեկնաբանությունների նմանություն չե՞ք զգում։ Դա նույնպես Թեհրանի և Մոսկվայի դաշնակցային հարաբերությունների ապացույցներից է։ Հունվարի 25-ին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային հայտարարել է, որ «Իրանի միջուկային ծրագրի գծով գործողությունների համապարփակ համատեղ պլանի (ԳՀՀՊ) ստորագրումից հետո քաղաքականության և անվտանգության ասպարեզում Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը դարձել է աննախադեպ»։ Իրանական ԶԼՄ-ներն ընդգծել են, որ Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունն արվել է այն բանից անմիջապես հետո, երբ «վենեսուելական ընդդիմության» առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հայտարարել էր «նախագահի ժամանակավոր պաշտոնակատար»` ձեռք բերելով Վաշինգտոնի ու բազմաթիվ լատինաամերիկյան երկրների աջակցությունը և սոցիալիստ նախագահ Մադուրոյին դրդելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզման:


Նույնիսկ Վենեսուելայի հարևան, Վաշինգտոնին լիովին ենթակա Կոլումբիայում խիզախ փորձագետներ կան, որոնք ասում են, թե իրականում ինչ է կատարվում Վենեսուելայում: Վերոնշյալ վերլուծաբան Պաբլո Խոֆրեն գրել է. «Մադուրոյի ղեկավարած երկիրը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի, այդ պատճառով ոչ ոքի չպետք է զարմացնի այդ շրջանում սեփական շահերն ունեցող տարբեր պետությունների աշխուժացումը: Հիմնականում դա վերաբերում է երեք գերտերության՝ ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին: ՉԺՀ-ն և ՌԴ-ն Վենեսուելայում զգալի գումարների ներդրումներ են արել ¥գյուղատնտեսություն, նավթի հանույթ, սպառազինություն, արդյունաբերություն¤, բայց նրանց ակտիվությունը բացատրվում է ոչ միայն դրանով, այլև ԱՄՆ-ի՝ մրցակիցներին դեսուդեն հրմշտելու և տարածաշրջանում ամրապնդվելու փորձերով: Այժմ Նահանգներին զիջելը կնշանակի ապագայի դուռը փակել. կասկածելի է, թե Վաշինգտոնն ուզում է այստեղ գալ ժամանակավորապես: Ամերիկացիները չեն շեշտում սեփական շահագրգռվածությունը՝ գերադասելով գործել իրենց օգնականների՝ ԱՊԿ երկրների ձեռքերով»:

Խոֆրեի գնահատականով, Ռուսաստանի և Չինաստանի արձագանքն արտաքինից անարտահայտիչ և գրեթե աննկատ է. «Այդ երկրներից ոչ մեկը որևէ բարձրագոչ հայտարարություն չի արել, որով ակնարկեր ներկայիս կառավարությանն իր հնարավոր օգնությունը ոչ միայն տնտեսական, այլև ռազմական միջոցներով: Սակայն ՌԴ-ի և ՉԺՀ-ի իրական գործողությունները թույլ են տալիս հասկանալ, որ նրանք մտադիր չեն Վենեսուելայում զիջելու իրենց դիրքերը: Ռուսները չեն բղավում, բայց գործում են կոշտ կերպով. նրանք իրենք են գտնվում ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ և գիտեն, թե դա ինչ է և ինչպես է գործում: Գիտեն և ինչպես գործել դրա դեմ»:


Հիշեցնենք, որ Վենեսուելայում իրադրության սրումն ամերիկացիներն սկսեցին 2018 թ. դեկտեմբերի 11-ից հետո, երբ այնտեղ վայրէջք կատարեցին ռուսական ռազմավարական երկու Տու-160 («Սպիտակ կարապ») ռմբակոծիչ և ՌԴ ՌՏՈՒ-ի՝ նրանց ուղեկցող ավիախումբը ¥ԱՆ-124 և Իլ-62¤: Եվ նույնիսկ համատեղ թռիչք կատարեցին Վենեսուելայի ՌՕՈՒ-ի հետ: Անգամ հրապարակումներ եղան, թե Վենեսուելայի ՀՕՊ-ի ուժերում «սկսել են ռուսերեն խոսել» և այլն: ԱՄՆ-ին ավելի մեծ տհաճություն պատճառեց Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամիի այն հայտարարությունը, որ նրա երկիրը «պատրաստ է Վենեսուելային փոխանցելու պաշտպանական ոլորտի իր փորձը»: 2019 թ. հունվարին իրանական բազմամարդ պատվիրակության կազմում Խաթամին Կարակաս էր ժամանել Մադուրոյի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: «ԱՄՆ-ի պարագլուխներն իրենց կայսերական էությամբ թշնամություն են անում ազատ ու ինքնիշխան կառավարությունների ու ժողովուրդների հետ, և ԻԻՀ-ն լի է վճռականությամբ՝ զարգացնելու և խորացնելու հարաբերությունները աշխարհի ինքնիշխան երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ տարբեր ոլորտներում»,- ասաց Խաթամին: Շեշտադրելով տարբեր ասպարեզներում երկու երկրների համագործակցության մակարդակն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ նա ասաց, որ Իրանի ժողովրդի դեմ 40 տարվա բռնի գործողություններն ԱՄՆ-ին ոչինչ չեն տվել, իսկ Իրանը, դիմակայելով և օգտագործելով սեփական ներքին հնարավորությունները, այսօր առաջատար դիրք է զբաղեցնում բոլոր ասպարեզներում, հատկապես պաշտպանական: Պատասխան խոսքում Մադուրոն, երախտագիտություն հայտնելով Իրանի պաշտպանության նախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը իր երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, ընդգծեց Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու Կարակասի կամքը:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ