ՈՒկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերակառուցել հարաբերությունները, բայց նոր հիմքի վրա՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հատուկ ռազմական գործողությունը վաղ թե ուշ մեզ համար հաջողությամբ կավարտվի, և՛ Ռուսաստանը, որը վտանգ չի ներկայացնում Եվրոպայում, և՛ Եվրոպան, որը, ակնկալում ենք, վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար, դեռ պետք է պայմանավորվեն, թե ինչպես ենք ապրելու»,-շեշտել է Պեսկովը:                
 

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը
05.02.2019 | 08:20

(Նախորդ մասը)

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՏՊԱԳՐՎԱԾ ԽՈՍՔԸ
Հովհաննես Թումանյանի տունը մի փոքրիկ թանգարան և մի հարուստ մատենադարան էր:
Նրբաճաշակ Հովհ. Թումանյանը, երբ իր գրպանը թույլ տար, չէր կարող անտարբեր անցնել մի սիրուն նկարի կամ նրբաքանդակ արձանի մոտից:
Իր աշխատանոցը և հյուրասրահը զարդարված էին արևելյան գեղեցիկ հյուսվածներով, արձանիկներով և յուղաներկ նկարներով, որոնցից մի քանիսը հայ նշանավոր նկարիչների գործեր էին:
Հարուստ էր Հովհ. Թումանյանի գրադարանը թե՛ հայ և թե՛ օտար գրքերով:
Հայերենից բացի Թումանյանը տիրապետում էր ռուսերենին այն չափով, որ կարող էր ազատորեն օգտվել ռուս գրականությունից: Հայ և ռուս հեղինակներից զատ, Թումանյանն ուներ իր սիրած օտար հեղինակների գործերի ոչ միայն հայերեն թարգմանությունները (եթե կային այդ թարգմանությունները), այլև բնագրերը: Ռուսերեն Պուշկինի և Տոլստոյի կողքին կային անգլերեն Շեքսպիրն ու Լոնգֆելոն, գերմաներեն Գյոթեն և Հայնեն, իտալերեն Դանտեն և իսպաներեն Սերվանտեսը:


Թիֆլիսում, Ալեքսանդրյան կոչվող պարտեզի հարավային կողմում կար զառիվայր մի փողոց, որ իջնում էր դեպի Քուռ գետը: Այդ փողոցի միակ խանութները հին գրքեր վաճառող խանութներն էին: Հովհ. Թումանյանին հաճախ կարելի էր տեսնել այդ փողոցում՝ մեկ գրախանութից մյուսն անցնելիս: Այդ այցելությունների արդյունքը միշտ լինում էր մի կապոց գրքեր, որ Թումանյանը բերում էր ավելացնելու իր արդեն ճոխ գրադարանի վրա:
Ամեն հայի հատուկ է գրեթե բնազդական սերը դեպի գիրքը, դեպի տպագրված թուղթը: Հովհ. Թումանյանի մեջ այդ սերն արտահայտվում էր ավելի շեշտված, ավելի ցայտուն կերպով: Թումանյանը սիրում էր գիրքը առհասարակ, նույնիսկ իրեն անծանոթ լեզվով և առանձնապես իրեն չհետաքրքրող մի նյութի մասին գրված գիրքը: Զավակներից հետո իր գուրգուրանքի առարկան էր իր գրադարանը:
Մի օր հին գրքեր վաճառողներից մեկի մոտ տեսել է գեղեցիկ տպագրված և սիրուն կազմով, բայց իր համար անհասկանալի լեզվով մի խոշոր գիրք: Գնել է, թևի տակ դրել և տուն բերել: Իր բազմաթիվ զավակները հայ և ռուս դպրոցներում օտար լեզուներ են սովորում, անշուշտ, մեկնումեկը կհասկանա այդ գրքի լեզուն:
Տուն է բերել և կանչել երեխաներին.
-Մու՛շեղ, Ա՛րտիկ, Ա՛րեգ, եկեք տեսնենք էս ի՞նչ գիրք ա:
Արեգը թե. «Հայրիկ, սա գերմաներեն աշխարհագրության գիրք է, ինչի՞ համար ես առել»:
-Տեսա մեծ գիրք ա, լավ կազմված, գինն էլ էժան, ասացի՝ առնեմ, տուն տանեմ, մեկնումեկիդ պետք կգա մի օր:
Հովհ. Թումանյանը գիտեր հայ գրականությունը: Օտար հեղինակներից կարդացել էր ընտիր գործերը այն գրողների, որոնց գրական ճաշակը համապատասխանում էր իր գրական ըմբռնումներին: Կարդացել և սիրում էր կարդալ ռուս գրողներից Պուշկինի, Լերմոնտովի, Տոլստոյի և Կոլցովի գործերը, ռուս և մյուս սլավոնական ժողովուրդների դյուցազնավեպերը, ավանդություններն ու հեքիաթները, Գյոթեի ու Հայնեի գործերը և գերմանական ու սկանդինավյան հեքիաթները (Գրիմ եղբայրներ և Անդերսեն) և դյուցազնավեպերը, Շեքսպիրի ու Լոնգֆելոյի գործերը և իրանյան մեծ բանաստեղծների՝ Օմար Խայամի ու Հաֆեզի գործերը: Սիրում էր այն հեղինակներին, որոնց ստեղծագործության անմիջական աղբյուրը ժողովուրդն է և ժողովրդի իմաստությունը, և որոնց լեզուն, ոճն ու պատկերները պարզ են, դյուրըմբռնելի: Այդ էր, շտապեմ ասել, իր գրական ընբռնումը և իր գրական գործերի մեծագույն արժեքը:
Շնորհիվ իր սուր մտքի, Հովհ. Թումանյանը հեշտությամբ յուրացնում էր արվեստի, հասարակական գիտությունների և փիլիսոփայության վերաբերյալ գրքերի հիմնական գաղափարները: Եթե շատ անգամ լրիվ իսկ չէր կարդում, թղթատելով առնում էր այդ գրքերից ինչ որ պետք էր իրեն: Այդպիսով որևէ զրույց կամ վեճ այդ նյութերի շուրջ անպատրաստ չէր գտնում Հովհ. Թումանյանին, որ շատ անգամ դուրս էր գալիս նեղ դրություններից շնորհիվ իր սրամտության:


Հովհ. Թումանյանը, դժբախտաբար, քիչ է գրել: Ավելի քիչ գրեց նա, մանավանդ, իր կյանքի վերջին տասը տարիներին, որոնք եղան հայոց նորագույն պատմության ամենից փոթորկոտ, ամենից ողբերգական տարիները:
Թումանյանը ժամանակ չուներ գրելու:
Կյանքի մեջ ամենից քիչ գնահատված բանը Թումանյանի համար ժամանակն էր: Ժամանակը արժեք չուներ մեր բանաստեղծի համար:
Թիֆլիսում Հովհ. Թումանյանը հավանաբար միակ մտավորականն էր, որ ժամացույց չուներ, ոչ ինքն էր ժամացույց կրում, ոչ էլ իր սենյակում սեղանի կամ պատի ժամացույց էր պահում: Ընտանիքի անդամները մեկական ժամացույց ունեին, բայց ինքը երբեք իր գրպանում ժամացույց չպահեց:
Օրենքներից, սահմանափակումներից, կաշկանդումներից խուսափող բանաստեղծի հոգու քմա՞յք էր այդ, որ չէր ուզում հավիտենականությունը ժամերի, րոպեների և վայրկյանների մեջ սեղմված տեսնել, թե՞ կյանքը սիրող մարդու վախ՝ չտեսնել, չիմանալ, չգիտակցել, որ ժամերի բաժանված կյանքը անցնում է ժամացույցի սլաքների շարժումի հետ: Հավանաբար և՛ մեկը, և՛ մյուսը:


Կյանքի հևասպառ ընթացքի հետևից իր վազքի մեջ Թումանյանը ուզում էր մոռանալ, չհիշել ժամանակի գոյությունը: Ապրում էր հևիհև, լեցուն կյանքով, ամեն տեղ էր, ամենքի հետ և ամենքը իր շուրջը: Շատ էր ապրում և քիչ էր գրում:
Իր բարձր կոչումի գիտակցությունը, սակայն, հաճախ դառն խոհերի էր մղում կյանքի ժխորի մեջ մենակ թափառող իր հոգին.
Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան
ամենքի.
Խափան, խոպան ու անպտուղ, անցավ
առանց արդյունքի:
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ
չբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…
Գրում էր Հովհ. Թումանյանը այն հազվագյուտ օրերը, երբ իր տանը հյուրեր չկային, և մուսաները այցելել էին իրեն:
Աշխատում էր երեկոները, այն ժամերին, երբ տան փոքրերը քնած էին, իսկ մեծ երեխաները, քաշված իրենց սենյակները, հաջորդ օրվա դասերով էին զբաղված:
Ընդարձակ մի գրասեղան ուներ, որի արկղների մեջ էր պահում գրելու ընտիր թուղթ և իր զավակներին հատկացված փոքրիկ ծոցատետրերը: Սեղանի վրա ուներ մի գեղեցիկ թանաքաման և եղջերուի փոքրիկ մի արձան: Գործ էր ածում ծայրը տափակ գրիչ, որի տակից դուրս էր գալիս իր այնքան ինքնահատուկ, խոշոր ձեռագիրը: Սովորական ծավալով թղթի մեկ էջի վրա հազիվ 7-8 տող էր գրում իր խոշոր գրերով: Գրածը քիչ անգամ էր սրբագրում:
Գրասեղանից դեպի աջ իր ամենից ավելի սիրած հեղինակների հատորներով լիքը պահարանն էր, եթե ձեռքը մեկներ, առանց տեղից շարժվելու կարող էր ուզած գիրքը վերցնել:

«ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ»
Կենսագիրներն ասում են, որ Հովհ. Թումանյանը շատ կանուխ է սկսել բանաստեղծություններ գրել՝ գրեթե 10-11 տարեկանում:
Իր գրվածքները հրատարակելու առաջին փորձերը, սակայն, արել է 80-ական թվականների վերջին և 90-ականների սկզբին:
Առաջին անգամ իր «Շունն ու կատուն» հրատարակելու համար Հովհ. Թումանյանը դիմել է այն ժամանակվա մեր ամենալավ գրական ամսագրի՝ «Մուրճի» խմբագիր Ա. Արասխանյանին:
Ա. Արասխանյանը եվրոպական կրթություն ստացած, վերին աստիճանի քաղաքավարի և մի քիչ էլ չափից ավելի բարեմիտ, բայց գրական ճաշակից զուրկ մարդ էր: Հակառակ իր բարեկրթության, Ա. Արասխանյանը հուզվել, վրդովվել է, որ վարդից ու սոխակից դուրս ուրիշ բաներ էլ և այն էլ շուն ու կատվի նման բաներ կարող են բանաստեղծության նյութ դառնալ:
-Տարօրինակ բան է, ինչպե՞ս կարելի է շան ու կատվի մասին բանաստեղծություն գրել: Փորձեցեք մի քիչ ավելի հարմար նյութեր ընտրել, պարոն,- ասել է «Մուրճի» խմբագիրը, Թումանյանին վերադարձնելով «Շունն ու կատվի» ձեռագիրը:
Տասը տարի հետո, 1900-ական թվականների սկզբին, ընդհանրապես Կովկասում և մասնավորապես Թիֆլիսում չկար դպրոցական տարիքի մի հայ մանուկ, որ կամ կարդացած չլիներ, կամ անգիր չարտասաներ Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն»:
Ինչպես Թումանյանի տունը գիշեր ու ցերեկ բաց էր ամենքի առաջ, այնպես էլ ամեն դուռ բաց էր սիրված բանաստեղծի առջև:


Այն բազմաթիվ տներում, ուր պատվով և ուրախությամբ ընդունված էր Թումանյանը, երեխաները, անշուշտ, գիտեին «Շունն ու կատուն»: Տանտերերը սովորաբար շտապում էին բանաստեղծին ներկայացնել իրենց զավակներին և բացատրել, թե՝ «գիտե՞ք, սա այն հորեղբայրն է, որ գրել է «Շունն ու կատուն»:
-Մի բան գրեցինք, կրակն ընկանք, ախպե՛ր,-ծիծաղելով գանգատվում էր Հովհ. Թումանյանը:- ՈՒր որ գնում եմ, հերն ու մերը բերում են իրենց երեխեքը և ասում. «Սուրե՛ն, Լևո՛ն, Աստղի՛կ, գիտե՞ք ով ա եկել մեր տունը՝ «Շունն ու կատուն» գրողը: Էս հորեղբայրն ա գրել «Շունն ու կատուն»: Մին մին էլ պատահում ա, որ էնքան են վռազում, որ էլ չեն ասում թե «Շունն ու կատուն» գրող հորեղբայրն ա եկել, այլ թե՝ «շու՛տ, շու՛տ եկեք, երեխե՛ք, «Շունն ու կատուն» ա եկել»: Էսպես էլ խայտառակությու՜ն…

Հովհ. Թումանյանի սերը դեպի իր զավակները տարածվում էր նաև իր ընտանիքից դուրս բոլոր մանուկների վրա: Թումանյանը սիրում էր մանուկներին և սիրված էր մանուկներից: Սիրում էին մանուկները Թումանյանին ոչ միայն նրա մանկական գրվածքների այլև մեր բանաստեղծի համակրելի անձի, անուշ վարվելակերպի համար:
Նոր տարվա տոնին Հովհ. Թումանյանը դառնում էր կատարյալ Կաղանդ պապիկ ոչ միայն իր զավակների, այլև իր բազմաթիվ ընկերների ու բարեկամների երեխաների համար: Այնքան շատ էին այդ առիթներով իր գնած խաղալիքներն ու զանազան նվերները, որ երբեմն ստիպված էր լինում կառք վարձել և կառքով տուն փոխադրել գնածները:
Հարյուրավոր տարեց ընթերցողների հիացումը իր գործերով այն հաճույքը չէր պատճառում Թումանյանին, ինչ որ պատճառում էր մի թոթովախոս մանկան շուրթերից իր բանաստեղծությունները լսելը:


Մի անգամ, երբ Հովհ. Թումանյանը մեր տանն էր, իմ ամենափոքր եղբայրը, այն ժամանակ հազիվ հինգ տարեկան, ծայրեծայր արտասանեց Թումանյանի «Անբախտ վաճառականները» բավական երկար առասպելը:
Թումանյանը սաստիկ հուզվեց.
-Է՜սպես էլ բան, էդ ո՞նց ա սովորել էդքան բան:
Հակառակ իր սովորության, այդ անգամ դատարկաձեռն էր եկել և սարսափելի իրար անցավ, խառնչակեց գրպանները, այս ու այն կողմ նայեց, վերջը ճարահատ գրպանից հանեց հինգ ռուբլանոց մի թղթադրամ և գրեթե աղաչանքով դիմեց մորս.
-Գիտեմ, որ արածս լավ բան չէ, բայց խնդրում եմ, տիկին Անուշ, երբ որ քաղաք գնաք, էս երեխեն ձեզ հետ տարեք և ինչ որ ուզի, իմ կողմից իրեն համար առեք էս փողով: Է՜սպես էլ բան, էդ ո՞նց ա սովորել էդքան բանը:
Անկարելի եղավ համոզել իրեն, որ չանի այդ:
-Տո հե՛ր օրհնածներ, ի՛նչ մեծ բան ա խնդրածս, թե որ չանեք, հիմա էս երեխեն կառնեմ, ֆայտոն կդնեմ, կտանեմ բազար և իր ուզածը կառնեմ, պրծավ գնաց,-գրեթե վշտացած պնդեց Թումանյանը:
Մերժելն այլևս անկարելի էր:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Արեգ Թումանյան
  •  Թումանյանի ձեռագիրը
Դիտվել է՝ 5708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ