Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեսին, Ռոնալդուն և մյուսները

Մեսին, Ռոնալդուն և մյուսները
05.02.2019 | 08:33

Վերջապես եղավ այն, ինչն այնքան երկար սպասված էր: Ֆրանսիական առաջնությունում հայտնվեց թիմ, որը կարողացավ կանգնեցնել «Պարի Սեն Ժերմենի» հաղթարշավը: Այդ թիմը «Լիոնն» է: Ինչ խոսք,՝ խոշոր հաշվով ոչինչ չի սպառնում ՊՍԺ-ի ապագա չեմպիոնությանը, բայց զգաստության մի կոչ արդեն արվեց:

ԱՆԳԼԻԱ
Նախորդ տուրում «Նյուքասլից» կրած պարտությունը «Մանչեսթր Սիթին» կոմպենսացրեց «Էթիհադ» մարզադաշտում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ տոնած 3:1 հաշվով հաղթանակով: Դիմակայությանն առանձնակի ջանադիր է եղել «քաղաքաբնակների» հարձակման գծի առաջատար Սերխիո Ագուերոն՝ հեղինակելով հեթ-տրիկ: Հաղթանակը Խոսեպ Գվարդիոլայի սաներին հնարավորություն է տվել վերադարձնելու երկրորդ հորիզոնականը, որն առժամանակ խլել էր «Տոտենհեմը»: «Մանչեսթր Սիթին» ունի 59 միավոր: Ինչ վերաբերում է «զինագործներին», նրանք այս պարտությունից հետո նահանջեցին միանգամից երեք հորիզոնականով ու նույնիսկ առաջին վեցյակում չեն: Նշենք նաև, որ, հակառակ սպասվածի, Հենրիխ Մխիթարյանը խաղին հայտավորված չի եղել: Ամենայն հավանականությամբ մեր ֆուտբոլիստն ամբողջությամբ ապաքինված չէ:
Երկու անընդմեջ խաղում ընդհանուր 6:0 հաշվով կրած պարտություններից հետո ուշքի եկավ «Չելսին» ու չարության ամբողջ պաշարով ընկավ «Հադերսֆիլդի» վրա: Գրանցված 5:0-ն ասվածի առհավատչյան է: Այս պահի դրությամբ միանգամայն անհեռանկարային է խոսել երրորդ տեղի համար պայքարում 57 միավոր ունեցող «Տոտենհեմի» հետ (նվազագույն հաշվով պարտության է մատնել «Նյուքասլին») «Չելսիի» ոտք գցելու մասին, սակայն, մյուս կողմից էլ, յոթ միավորի տարբերությունը վերացնելը անլուծելի խնդիր չէ:


Հարկ է նկատել, որ վերջին խաղերում լուրջ թափ է հավաքել «Մանչեսթր Յունայթեդը» ու էապես բարելավել մրցաշարային դիրքը: Մանկունիացիների վերջին հաղթանակը «Լեստերի» նկատմամբ էր, արտագնայում՝ 1:0:
Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի մասին զրույցն ավարտենք նրանով, որ երեկ ուշ երեկոյան հանդիպում է ունեցել առաջնության առաջատարը: «Վեստ Հեմի» նկատմամբ հաղթանակն ավելի քան տեղին կլիներ Յուրգեն Կլոպի սաների համար, որոնք այս տարի պայքարում են չեմպիոնական տիտղոսին տիրանալու հավակնություններով: Երեկ ձեռք բերելիք հնարավոր երեք միավորը լիվերպուլցիներին հնարավորություն կտար «Մանչեսթր Սիթիից» պոկվածությունը պահել վեց միավորի վրա:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի 22-րդ տուրն առաջին եռյակը կազմած թիմերի համար տարբեր կերպ դասավորվեց: Սկսենք նրանից, որ «Վալենսիան» ոչ թե հյուր, այլ կրակ ու պատիժ եղավ «Բարսելոնի» համար, ու թե չլիներ Մեսին, կատալոնցիներից վալենսացիները երեք միավորը պոկել-տարել էին: Ընդ որում, Մեսիի դուբլը հետևել է այն բանին, երբ հյուրերն առջևում են եղել 2:0 հաշվով: Սկզբունքորեն ահա այսպիսի հրաշքով փրկած խաղ: «Բարսելոնը» շարունակում է մնալ առաջնության առաջատարը: Նրա անվան դիմաց 50 միավոր է:
Նկատենք, որ Մեսիի խփած գոլերը վիճակագրական մի շարք թարմացումների հիմք են ծառայել: Սկսենք նրանից, որ դրանք ընթացիկում արգենտինացու 19-րդ և 20-րդ գոլերն էին: Այս ցուցանիշով Մեսին մնում է անգերազանցելի ու ոչ միայն երկրի ներքին առաջնության առումով: Այս պահի դրությամբ եվրոպական ֆուտբոլային և ոչ մի գերտերությունում ընթացիկում դեռ ոչ ոք այդքան գոլ չի խփել: Սա՝ առաջին, և երկրորդ՝ լա լիգայում արգենտինացին 11 մրցաշրջան անընդմեջ դառնում է 20 և ավելի գոլի հեղինակ: Նման արդյունք չի ունեցել ոչ ոք:


«Ալավեսի» հետ ունենալիք հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալն» արդեն իսկ գիտեր «Բետիս»-«Աթլետիկո» հանդիպման արդյունքը, որտեղ այս փուլի համար իր հիմնական մրցակիցները՝ Դիեգո Սիմեոնեի սաները, պարտություն էին կրել (0:1), իսկ սա նշանակում էր, որ իրենց հաղթանակը բերելու էր միավորների միջև եղած տարբերության էական նվազման: «Ռեալը» պատվով բռնեց այդ փորձությունն ու հաղթեց 3:0 հաշվով: Գոլերը խփել են Կարիմ Բենզեման, Վինիսիուս Ժունիորը, Մարիանո Դիասը։ Այս հաղթանակից հետո Սանտյագո Սոլարիի թիմն ունի 42 միավոր, մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է, ընդհուպ մոտեցել է մադրիդյան մյուս գրանդին «Աթլետիկոյին», որն այդպես էլ մնաց 44 միավորով:

ԻՏԱԼԻԱ
Աներևակայելի սուր մրցակցություն է ծավալվել սկուդետեի 22-րդ տուրի թուրինյան մրցավեճում: Տանտերերին անակնկալի բերողը եղել է «Պարման», որը «ծեր սինյորայի» երեք գոլին պատասխանել է նույնքանով ու հաղթական երեք միավորի գին ունեցող մեկ միավոր վաստակել: «Յուվենտուսի» կազմում երկու գոլ է հեղինակել Քրիշտիանու Ռոնալդուն՝ Իտալիայի առաջնությունում խփած գնդակների թիվը հասցնելով 17-ի ու դառնալով լավագույն ռմբարկու: Ի դեպ, նա է կատարել նաև գոլային փոխանցումը: Թուրինյան ակումբը 60 միավորով շարունակում է մնալ առաջնության առաջատարը:
Ի դեմս «Սամպդորիայի», որը մաս է կազմում առաջին վեցյակի, «Նապոլին» ունեցել է բավականին լուրջ մրցակից, սակայն դա նեապոլցիներին չի խանգարել, որ վաստակեն հերթական երեք միավորն ու 51 միավորով ամուր մնան աղյուսակի երկրորդ հորիզոնականում:


Իր երկրորդ անընդմեջ խաղն «Ինտերը» նշանավորեց երկրորդ անընդմեջ պարտությամբ: Միլանյան ակումբին նեղացնողը նրան հյուր եկած, աղյուսակի գետնախորշերից աչք չբացող «Բոլոնիան» էր՝ 1:0: «Ինտերի» կրած պարտությունները բավականին սրում են երրորդ տեղի համար պայքարը: Ճիշտ է,՝ նրան հետապնդող «Միլանն» ու «Ռոման» առանձնապես կայուն խաղով աչքի չեն ընկնում (ի դեպ, հերթականում մրցել են իրար հետ, ու հանդիպումն ավարտել 1:1 հաշվով), բայց մեկ էլ տեսար եղավ «Ինտերի» համար անցանկալին:

ԳԵՐՄԱՆԻԱ
Առաջատար թիմերի կտրվածքով բունդեսլիգայում կայուն հետաքրքրությունն ապահովողը Մյունխենի «Բավարիան» է, որին այս մրցաշրջանում թե ինչ օձ է կծել, դժվարանում ենք պատասխանել: Առժամանակ առաջ էր, որ երկրի գործող չեմպիոնն ու ամենահեղինակավոր թիմը վերադարձավ առաջին եռյակ: Չէ, այնպես չէ, որ դուրս է մնացել դրանից: Եղածն ընդամենը փոքրիկ տեղաշարժ է երկրորդից երրորդ հորիզոնական նահանջով՝ այն էլ ի հաշիվ լրացուցիչ գործակիցների: Պարզապես անտարբեր չթողնողը մյունխենցիների արտագնա մրցելույթն է Լևերկուզենի «Բայերի» հետ: Բավարացիները առաջին խաղակեսից հետո հանդերձարան են գնացել մեկ գոլի առավելությամբ, սակայն դիմակայությունը, այնուամենայնիվ, տանուլ են տվել 1:3 հաշվով:
Միավորի կորուստ է ունեցել նաև առաջնության առաջատար Դորտմունդի «Բորուսիան», որից հյուրընկալելիս միավոր է պոկել Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»՝ 1:1: Փոխարենը հաղթական մրցելույթ է ունեցել մյուս «Բորուսիան»՝ Մյոնխենգլադբախինը, որն արտագնայում երկու անպատասխան գնդակի առավելությամբ պատժել է «Շալկեին» ու միավորներով՝ 42, հավասարվել «Բավարիային»: Ինչ վերաբերում է դորտմունդցիներին, նրանց ունեցածը 49 է:

ՖՐԱՆՍԻԱ
Վերջապես Ֆրանսիայում գտնվեց այն թիմը, որը կարողացավ «Պարի Սեն Ժերմենին» հարկադրել մարզադաշտը լքել գլխիկոր: Այդ թիմը «Լիոնն» է, որը մաքուր, արդար խաղով, տասնմեկը տասնմեկի դեմ խաղալով հաղթեց քսան տուր անընդմեջ (այսինքն՝ ինչ սկսվել է ընթացիկ մրցաշրջանը) պարտություն չիմացող առաջատարին՝ ընդ որում, հասնելով կամային հաղթանակի: Բնականաբար, լիոնցիների այս հաղթանակը ոչնչով չսպառնաց դիվիզիոնում երկրի թիվ մեկ թիմի դիրքերին, սեփականի մեջ էլ փոփոխություններ չբերեց. ինչպես որ կային երրորդը, այնպես մնացին, միայն այն առավելությամբ, որ իրենց տեղն ավելի պնդացրին: Ինչ վերաբերում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Լիլին», այն չորս անպատասխան գնդակի առավելությամբ հաղթել է «Նիցցային»:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 56, «Լիլը»՝ 46, «Լիոնը»՝ 43 միավոր:
Թերևս ավելորդ չհամարենք հիշատակել «Թուլուզի» նկատմամբ 2:1 հաշվով «Մոնակոյի» հաղթանակը, որը, որպես այդպիսին, կարելի է բնութագրել անհիշելի ժամանակներին հաջորդած իրողություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ