Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էմանուել Մակրոնի խորքային ու հեռագնա անակնկալը` այցից առաջ

Էմանուել Մակրոնի խորքային ու հեռագնա անակնկալը` այցից առաջ
07.02.2019 | 12:59

2018-ի հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց Ֆրանսիայի նախագահին ու առիթ ունեցավ անձամբ համոզվելու նրա խոսքի ու մտքի խորության, պատահական ոչինչ չասելու ու չանելու կարողության հետ: Մինչ այդ` Փարիզում, Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Էմանուել Մակրոնն արդեն տվել էր մի բանաձև, որ անգերազանցելի է Ազնավուրի դերի ու նշանակության գահատման մեջ` «Պետություն` պետության մեջ և հայրենիք` հայրենիքի մեջ»: Այս բանաձևին հասնելու համար խորքային իմացություն ու մտածողության ազատություն է պետք: Եվ Մակրոնը դա կարողանում է: Բնական էր, որ Հայաստանում որոշակի սպասումներ ձևավորվեին Էմանուել Մակրոնից` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահից նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Համենայն դեպս` Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Բայց Ֆրանսիայի նախագահը, որ բախվել է դեղին ժիլետների շարժմանը, ստիպված է իբրև ԵՄ-ում գերակա երկրի նախագահ` հընթացս լուծումներ գտնել ԱՄՆ նախագահի ստեղծած խնդիրներին` թե Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման հետևանքով ստեղծված քաղաքական ու առևտրատնտեսական հարցերին, թե, իբրև միջուկային զենք ունեցող երկիր, Փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման Մոսկվայի հետ կնքված համաձայնագրից դուրս գալու հետևանքով առաջացող մարտահրավերներին, երկար ժամանակ հապաղում էր, համենայն դեպս` հրապարակային մակարդակում: Ու դա գնահատվում էր Ֆրանսիայի պասիվություն տարածաշրջանում և նախաձեռնությունը ՌԴ-ին զիջելու պատրաստակամություն:


Երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում` Մակրոնն ասել է. «Ֆրանսիան այն երկիրն է, որը ուղիղ է նայում պատմության աչքերին: Ֆրանսիան առաջիններից էր, որը դատապարտեց հայ ժողովրդի 1915-ի կոտորածները՝ իբրև մարդկության դեմ գործված ոճիր, երկար պայքարից հետո՝ 2001-ին, ընդունելով օրենքով, որը այնպես, ինչպես ես հանձն էի առել, ապրիլի 24-ին կհռչակվի իբրև Հայոց ցեղասպանության նշանավորման ազգային օր»: «Առաջիկա շաբաթներին, իմ խոստման համաձայն, Ֆրանսիան ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Ֆրանսահայերի պատմությունը պատկանում է Ֆրանսիայի պատմությանը, և Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մի մասն է, ուստի մեր հանրապետությունը պետք է հիշի», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Սա պատմական մասը, բայց կա արդիականը` France Presse գործակալության փոխանցմամբ՝ Մակրոնը հայտնել է, որ նախապես տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր որոշման մասին: Հարց է ծագում` ինչու՞: Կանխելու Թուրքիայի ինքնըստինքյան կանխատեսելի արձագա՞նքը: Հազիվ թե: Մակրոնը ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության մեջ պատրանքներ չունի և դա արդեն ապացուցել է իր նախագահության ընթացքում: Ելույթում նա ասել է, որ Ֆրանսիան շարունակելու է հետևողական պայքարը Թուրքիայի ժխտման քաղաքականության դեմ, որ վիրավորում է զոհերի հիշատակը, ողջերի` պատիվը. «Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»:
Փաստացի` Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ երբեք էլ խնդիրներից հեռացած չի եղել, ավելին` գերադասում է խնդրի ոչ թե հետևանքների, այլ խորքային լուծման տարբերակը: Իվերջո` Արցախի հարցի գոյությունը հետևանքն է 1915-ի ցեղասպանության, Հարավային Կովկասում ռուս-թուրքական, հետո արդեն` ռուս-ադրբեջանական քաղաքականության: Իվերջո` Թուրքիան է Արցախի հարցը դնում հայ-թուրքական հարաբերությունների հիմքում:
2021-ին լրանում է Կարսի պայմանագրի 100 տարին և գոնե իրավականորեն հիմք է պայմանագրի վերանայման համար: Եթե Հայաստանում, ելնելով հայ-ռուսական հարաբերություններից, պայմանագրի մասին գերադասում են լռել` հաշվի առնելով, որ Ռուսաստանը հանուն համաշխարհային հեղափոխության` առանց իրավական հիմնավորումների հետևից ընկնելու 1921-ին Թուրքիային էր նվիրում բուն հայկական տարածքները, որ Ռուսական կայսրության մասն էին եղել, Ֆրանսիան նման կաշկանդումներ չունի: Իրականում Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ է ոչ թե հանուն Ադրբեջանի, այլ` Թուրքիայի ամբողջականության պահպանումը քննարկման թեմա չդարձնելու համար: Ճանաչելով 1915-ի հայոց ցեղասպանությունը, Անկարան ստիպված է լինելու պատասխանել հաջորդ` փոխհատուցման հարցին և այդ դեպքում պարզվելու է, որ ստիպված է վերադարձնել հայկական հողերը` 1921-ի պայմանագրով: Եվ եթե աշխարհաքաղաքականության առանցքում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգի վերանայումն է, երկրորդ աշխարհամարտի պատճառը եղել են առաջին համաշխարհայինից հետո չլուծված խնդիրները:


Մակրոնն արեց առաջին քայլը և հիմա պետք է արձագանքեն տարածաշրջանի պետությունները ու առաջին հերթին` Հայաստանը, որ փաստացի առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ենթարկվել է և ցեղասպանության, և հայրենազրկման: Ֆրանսիայի նախագահը հայտնում է իր աջակցությունը պատճառները պարզելով` հետևանքները վերացնելու հարցում: Նա պատրաստ է Թուրքիային ժխտումից երկխոսության բերելու խնդիրը բարձրացնել ու դա քայլ է, որ որևէ այլ պետություն իր օրակարգում չունի: Ինչպե՞ս ենք արձագանքելու մենք: Մակրոնը դրել է խնդիր, որ անմիջականորեն վերաբերվում է Հայաստանի ինքնիշխանությանն ու արտաքին քաղաքականության գերակայություններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինքնին հասկանալի է, որ Անկարան պատերազմ էր հայտարարելու Մակրոնին: Նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինը ասել է, որ Մակրոնի հայտարարությունը «ոչ մի իրավական հիմք չունեցող, պատմական սուտ է», և կոչ է արել զբաղվել ներքին խնդիրներով: Թուրքական լրատվամիջոցները «սկանդալային» են որակել Մակրոնի որոշումը և չակերտների մեջ օգտագործել ցեղասպանություն բառը: Առաջինը լուրը հայտնել է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը Մակրոնի նախընտրական խոստումներից է եղել: Թուրքական ընդդիմադիր և ազգայնական «Սյոզջու» պարբերականը կիրառել է թուրքական մամուլում մեծ տարածում ունեցող «այսպես կոչված ցեղասպանություն» և «1915-ի դեպքեր» եզրույթները: «Սյոզջու»-ն մեղադրել է Մակրոնին Twitter-ի միջոցով «սենսացիոն և սադրիչ» հրապարակումներ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նմանվելու փորձի համար: SonDakika կայքն ուշադրություն է հրավիրել Մակրոնի հայտարարության այն հատվածի վրա, որտեղ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ իր որոշման մասին նախապես տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական լրատվամիջոցները հիմնականում մեջբերել են Մակրոնի խոսքերն Անկարայի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության, ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական հակամարտության ու մարդու իրավունքների և ազատությունների հարցում Թուրքիայի հետ տարակարծությունների մասին: Թեմային անդրադարձել են նաև «Յենիչաղ», «Աքշամ», «Սթար» պարբերականները, gazeteduvar.com.tr, haberler.com, bursahaber.com, gercekgundem.com կայքերը:


Մակրոնի ելույթին անդրադարձել են և Ֆրանսիայի օրաթերթերը` մեջբերելով հատվածներ ելույթից և հարցուպատասխաններից: Նշվել է, որ Մակրոնն անդրադարձավ ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությանը. «Վաղվա քաղաքացիները պետք է ամբողջապես տեղյակ լինեն անցյալի ճշմարտություններին»: Խոսելով Թուրքիայի հետ Ֆրանսիայի հարաբերությունների մասին՝ Էմանուել Մակրոնը ասել է. «Ֆրանսիան պահանջկոտ երկխոսություն է վարում Թուրքիայի նախագահի հետ: Մենք ունենք անհամաձայնություններ «Իսլամական պետության» դեմ պայքարի, Թուրքիայում հիմնական ազատությունների, մարդու իրավունքների, ցեղասպանության վերաբերյալ: Մենք ունենք նաև ընդհանուր շահեր, որոնք արդարացնում են երկխոսությունը»:


Մակրոնը իր 45 րոպե տևողությամբ ելույթում չշրջանցեց և ոչ մի հարց։ Հստակ պատասխաններ տվեց Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի ելույթներում առաջ քաշած և համայնքին հուզող գլխավոր խնդիրներին: Ֆրանսիայի` Ադրբեջանին զենքերի վաճառքի հարցին ի պատասխան` Մակրոնը վստահեցրեց, թե Ֆրանսիան բարեխղճորեն հարգում է զենքերի վաճառի արգելման իր պարտականությունները. «Մենք չենք վաճառում և չենք վաճառելու զենքեր, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հետ զինյալ գործողություններում»: Մյուս հարցը նույնպես վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին՝ բարեկամության համաձայնագրերին, որ Ֆրանսիայի մի քանի քաղաքներ կնքել են ԼՂ ներկայացուցիչների հետ՝ Ղարաբաղի բնակչությանը մեկուսացումից հանելու նպատակով։ «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրավականորեն, ուտի այդ համաձայնագրերը անօրինական են։ Ղարաբաղի հարցում մենք առաջնորդվում ենք անկողմնակալության սկզբունքով և հավասարության սկզբունքը շարունակելու ենք կիրառել, որովհետև ժողովուրդը չի սահմանափակվում միայն բարեկամությամբ», - հայտարարեց Մակրոնը։ Նա անդրադարձել է 2018-ին Հայաստանի իշխանափոխությանը և վստահեցրել, որ Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին, իսկ ինքն առաջիկայում պետական այցով մեկնելու է Հայաստան: Սպասեք շարունակությանը:

Դիտվել է՝ 1561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ