Yerevan Perspectives
 

Փաշինյան Նիկոլն իր լավագույն օրերը չի ապրում

Փաշինյան Նիկոլն իր լավագույն օրերը չի ապրում
08.02.2019 | 01:12

Ընդունված ժողովրդական խոսք կա. իշխանություն ունենք, աշխարհը չունի:
ա) Կառավարություն էլ չունենք: Դեֆակտո: Այն, ըստ իրավաբանների, կազմավորվել է սահմանադրորեն սխալ. նախարարություններ կան, բայց և` չկան: Այո, ռեալ քաոս: Այնպիսին, որից կարծես իշխանության ղեկավարն իսկ գլուխ չի հանում (արագ մտնենք ծերուկ Ֆրոյդի դաշտ և արագ դուրս գանք, որովհետև ծերուկ Սորոսն սպասում է)։ Դա էր հաստատապես պատճառը, որ առանց այն էլ ծանրաքայլ Նիկոլն անչափ ծանր էր քայլում նախորդ օրը` կառավարության ծրագրի «ներկայացումից» առաջ, նիստերի դահլիճ մտնելիս:
Կառավարության կառուցվածքը, նույն ինքը` օպտիմալացումը, ենթադրում է ոչ միայն ծախսերի կրճատում, բյուջեի խնայում, այլև գործազուրկների, այն է` բողոքավորների հսկա բանակ, որն ապրիլին, ուրախությամբ և «հուզմունքով», իր ձայնը տվեց «հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:


Ընդ որում, նկատենք, որ չորեքշաբթի օրը (ասել է` առաջ «գցված») կառավարության նիստում կրկին չքննարկվեց կառավարության օպտիմալացման խնդիրը, ինչը հոգեբանական անչափ դժվարին վիճակ է ստեղծել ոչ միայն գործադիր իշխանության և նրա ղեկավարի, այլև, առաջին հերթին, նախարարությունների համար, ինչն առկա քաոսին նոր որակներ է հաղորդում:
Իսկ իշխանությունը լուծում չունի:
Քաոսն առավել ընդգծեց կառավարության 5-ամյա ծրագիրը: Այստեղ խնդիրները ոչ միայն քաոսային են ընդհանրապես, այլև խաչաձևվում են մեկը մյուսին: Նախ` ծրագիրը պետք է լիներ հեղափոխական ու անխոցելի, որի տողերում պետք է դրված լինեին և այնպիսի թվեր ու էներգետիկա, ինչը հարիր էր Հանրապետության հրապարակում ձևավորված սպասումներին ու հույսերին։


Ավաղ: Այն իր բովանդակությամբ համապատասխանում էր Գյուլնազ տատի հեքիաթներին: Ոչ մի կոնկրետ բան: Ոչ մի թիվ: Ոչ մի տնտեսական հեղափոխություն:
Այն աստիճան, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկով` այն չքվեարկվեց, ուղարկվեց «ոճական» մշակման: Հասկանալի է. Փաշինյանը խորամանկ քայլի դիմեց, այլապես պետք էր կարծել, որ ամենևին ծանոթ չէ ծրագրին, չի կարդացել այն և ընդամենը կառավարության «օնլայն» նիստի ընթացքում, որպես խմբագիր, տեսավ «տեքստը էն չի, ոճն էլ էն չի», ուղարկեց խմբագրման: Նկատեք` ոչ թե բովանդակային, այլ ոճաբանական:
Ասել է` երկքայլանի օպերացիայով (ընդ որում, ծրագրի «անհամությունը» ստվերելու համար անգամ հոգացվել էր` «Ծռեր և Օսիպյան» դատավարություն-վկայաբանությունը) Նիկոլ Փաշինյանը փորձեց նաև «ոճաբանությամբ» շեղել ուշադրությունը ոչինչ չասող, չամրագրող ծրագրից: Իրականում դադար էր վերցվում` գոլորշին բաց թողնելու համար:


Հետաքրքիրն այլ բան է: ԱԺ «մուտքագրվելիք», հաստատվելիք սույն ծրագիրն ի՞նչ «ընթացակարգով» կքննարկվի խորհրդարանում: Հասկանալի է` աներկբայորեն կհաստատվի, սակայն «հաստատող» թիմը կկարողանա՞ փաստարկել, հիմնավորել ներկայացված ծրագիրը` խելահաս, գրագետ, պրոֆեսիանալ (մի ծիծաղեք) մոտեցումներով, կկարողանա՞ «ընդդիմադիր» խմբակցությունների հարցադրումների դեմ գաղափարական, քաղաքական ամբարտակ կառուցել:


Մեկ այլ հետաքրքիր հարց. «ընդդիմադիր» խմբակցությունները կքննադատե՞ն ներկայացված ծրագիրը, քարը քարին չթողնելով, ողջը հողին հավասարեցնելով, օգտվելով առիթից, խաղը իրենց ձեռքը վերցնելով, թե՞ էլի հետնամուտքից, ինչպես հատուկ է, ասենք, կուտակայինի «ջատագով», «տարվող-բերվող» Մանե Թանդիլյանին, մի քիչ կիսահղի լինի, մի քիչ տղամարդ ու մի քիչ էլ «եսիմ ինչ»:


Եվ վերջին հետաքրքիր հարցը. կկարողանա՞ Փաշինյանը, իրեն հատուկ միջոցներով (ասֆալտին փռելու, պատին ծեփելու «խոստումներ»), վերջիններիս «հանգիստ տեղները նստացնել»` մեկ առ մեկ, հատ առ հատ, ընդդիմադիր առ ընդդիմադիր` մինչ քննարկում, կուլիսային պայմանավորվածություններով:
Կարծում ենք` ոչ: Ինչու՞: Փաշինյան Նիկոլն իր լավագույն օրերը չի ապրում: Բանի տեղ չեն դնի նրան «ընդդիմադիրները»:
Իրենց «թիքան» արագ կփախցնեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao