Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մենք ուզում ենք, որ հեղափոխությունն ավարտվի, ու սկսեն կառուցել. մինչև հիմա դեռ քանդում են»

«Մենք ուզում ենք, որ հեղափոխությունն ավարտվի, ու սկսեն կառուցել. մինչև հիմա դեռ քանդում են»
08.02.2019 | 01:31

Կառավարության ծրագրի արտաքին հարաբերությունների հատվածում ստանդարտ մտքեր են. կհամագործակցենք, կբարելավենք այս կամ այն երկրի հետ հարաբերությունները։ Կարծես այս հատվածը պատճենված է մյուս կառավարությունների ծրագրից, ոչ մի ստեղծարար մոտեցում, ուղենիշների, շեշտադրումների փոփոխություն։ Սա նշանակում է, որ առնվազն փաստաթղթով շարունակվում է ՀՀԿ-ի արտաքին քաղաքականությունը՝ տառ առ տառ։ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ էլ փոփոխություններ չկան, Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարում է, թե Արցախը բանակցային կողմ պիտի դառնա։ ԼՂՀ հիմնախնդրի և ներքաղաքական հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ։

-Կառավարության ծրագրում էլ է ամրագրված, Փաշինյանն էլ մշտապես հայտարարում է, թե առանց Արցախի հիմնախնդիրը չի լուծվի, հակամարտության կողմ պետք է դառնա Արցախը։ Սակայն չի շեշտվում, թե ինչ քայլերի հաջորդականությամբ է հայկական կողմը հասնելու այն բանին, որ Արցախի ղեկավարությունը նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Սրան զուգահեռ, վարչապետը վերստին հայտարարել է, թե հանդիպումների ընթացքում բանակցությունների պատմությունն է ուսումնասիրել։ Ի՞նչ է կատարվում այս հայտարարություններից անդին։
-Կարծում եմ` այս ընթացքում հայկական կողմը բանակցություններում լուրջ նահանջ է գրանցել։ Սկսած այն բանից, որ եռանախագահների տեքստերը փոխվել են, առաջ է եկել «Խաղաղություն տարածքների դիմաց» ֆորմուլան, որը երբեք չի եղել, կարգավիճակի մասին երկար ժամանակ չէին խոսում։ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացել են։ Սա լուրջ դիվանագիտական հետընթաց է։ «Վերելակային» պայմանավորվածությունից հետո հայկական կողմն անցել է հրադադարի ռեժիմին, իսկ Ադրբեջանը, օգտվելով դրանից, չափազանց ուժեղացրել է իր ռազմատեխնիկական պոտենցիալը, դիրքերը։ Այսինքն, մենք ունենք լուրջ բացթողումներ, ինչը տպավորություն է ստեղծում, որ Հայաստանը պատրաստվում է զիջումների։ Ինչ վերաբերում է այն խնդրին, թե Արցախը պետք է լինի բանակցային կողմ, այլապես հարցը չի լուծվի, ուզում եմ հարցնել. իսկ Հայաստանի ներկայացուցիչն ի՞նչ է արել այս ընթացքում, ի՞նչ է, Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է հանձնվելու և խնդիրը դնելու Արցախի՞ վրա։ Եվ, ի վերջո, եթե խոսում ենք Արցախի ներկայացուցչի մասին, ինչու Մինսկի խմբի ներկայացուցիչների օրակարգում չենք տեսնում այս հարցը։ Ալիևի հետ մեկուկես ժամ խոսել են ու չե՞ն խոսել Արցախի խնդրից, կամ ի՞նչ է նշանակում բանակցությունների պատմությունից խոսել։ Ինչի՞ համար։ Եթե Ալիևի հետ հանդիպում է, ինչպե՞ս կարելի է հենց այս մասին չխոսել։ Սա խոսում է կորցրած հնարավորությունների մասին, այսինքն, կան էական բացթողումներ, իսկ դրանք կասկածներ են ծնում։ Եթե այս ամենին էլ գումարենք այս իշխանության կառավարման լուրջ թերացումները (տեսնում ենք, թե ինչպես որոշումների ընդունման գործընթացում կան էական խնդիրներ, դիվանագիտության մեջ մեծ բացթողումներ), կասկածները բավական լուրջ են։
-Երբ Փաշինյանն անընդհատ խոսում է բանակցություններում Արցախի ներկայացուցչի ներկայության մասին, տպավորությունն այնպիսին է, թե նախորդները դրան չէին ձգտում։ Կարելի՞ է սա դիտարկել որպես նախկին իշխանություններին ուղղված անուղղակի մեղադրանք։
-Կարելի է նաև այդպես դիտարկել, բայց կարելի է դիտարկել նաև այլ տեսանկյունից, որ հայկական կողմը պատրաստ է ամեն ինչի և պատասխանատվությունը դնում է Արցախի վրա։
-Կա՞ն բաներ, որ առայժմ թաքցնում են հանրությունից։
-Իհարկե, հանրությանը չեն ներկայացնում, անհնար է, որ այսքան ժամանակ պատմությունից խոսեին։ Անհնար է, որ Պուտինի հետ գրեթե ամենամսյա հանդիպումների ժամանակ պատմությունից խոսեն, իսկ Բոլթոնը շարունակաբար մատը պահի զարկերակի վրա։ Իհարկե, սա պատմություն չէ, սա, ամենայն հավանականությամբ, խոսում է կոնկրետ պայմանավորվածությունների մասին։ Երբ տրամաբանությունը գործի է դրվում, մերկապարանոց հայտարարություններին չենք կարող հավատալ։
-Հակամարտության շուրջ բոլոր խոսակցությունները հանգում են մեկ կետի՝ տարածքներ հանձնել կամ չհանձնել։ Ի՞նչ եք կարծում, այսօր այդ հարցը քննարկվու՞մ է, տարածքներ՝ խաղաղությա՞ն, թե՞ կարգավիճակի դիմաց տարբերակն է առավել հավանական։
-Տարածքների հանձնումն Ադրբեջանի համար է առաջնային հարց, իսկ թե մենք դրան հակընդդեմ ինչ ենք ներկայացնում, անհասկանալի է։ Մենք դրա դիմաց պետք է դնենք անվտանգության հարցը, որովհետև այսօր հիմնական գործառույթը անվտանգության գոտին ապահովելն է։ Ինչպե՞ս ենք պատկերացնում դա։ Մինչ այս քննարկվել է, որ անվտանգության կարևորագույն տարրը կարգավիճակի հարցն է, որովհետև դա տալիս է անվտանգության միջազգային երաշխիք։ Սրան գումարած դեմիլիտարիզացիան, խաղաղապահ զորքերի հարցը և այլն։ Հիմա կասկածի առիթ է տալիս այն, որ երկար ժամանակ կարգավիճակի մասին մոռացել էին ու չէին խոսում։ Վերջերս, երբ հանրությունը բողոքի ձայն բարձրացրեց, թե ինչու կարգավիճակի մասին չեն խոսում, նոր միայն իշխանությունները սկսեցին այդ մասին հայտարարություններ անել։
-Կա՞ մի լուծում, ինչը հնարավոր է առանց տարածքների հանձնման։
-Այն լուծումը, որին մինչ այս փորձում էինք հասնել, կարծես չի ստացվում։ Պետք է բավականաչափ ուժեղ լինենք, որ այդ տարածքները բնակեցնենք, զարգացնենք՝ դարձնելով մեր երկրի մաս, բայց մինչ այսօր այդ տարածքներն այնքան թերբնակեցված են, որ առանձնանում են Արցախից։
-Բանակցություններում իշխանությունն ի՞նչն այնպես չի անում, ինչպես պետք է։
-Բանակցություններում պետք է հստակ դրվի Արցախի կարգավիճակի հարցը։ Այս իշխանության ամենամեծ խնդիրն արտաքին քաղաքականության մեկ վեկտորայնությունն է։ Որքան էլ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քննադատենք ռուսասիրության համար, այս իշխանություններն ընդհանրապես ոչ մի կողմ չեն նայում։ Ամբողջովին դադարել է եվրաինտեգրման գործընթացը։ Այս իշխանությունները մեկ ուղղությամբ են գնում, ուստի Ռուսաստանի ճնշումներին դիմագրավելու գործիքներ չունեն։ Արցախյան բանակցություններում ներգրավված չեն մարդիկ, որոնք մինչ այս բանակցային գործընթացի մեջ էին։ Սա նշանակում է, որ գուցե հմտությունների պակաս կա։ Զարմանալի է, որ վարչապետի և արտգործնախարարի հայտարարություններում անգամ բանակցությունների տերմինոլոգիան է խախտվում, դա նշանակում է, որ դրան էլ լավ չեն տիրապետում։ Այս ամենը խնդիրներ է ստեղծում և հանգեցնում մեր դիրքերի թուլացման։ Քանի որ լավ տեղյակ չեն խնդրից, արտաքին քաղաքականությունն էլ միակողմանի է դարձել, կարելի է ենթադրել, որ բանակցությունները լավ չեն վարում և շատ ավելի մեծ ճնշումների կենթարկվեն։
-Ասել է՝ դրսից մեծ ճնշումնե՞ր կան։
-Ղարաբաղի հետ կապված 88-ից միշտ ճնշումներ եղել են, այժմ էլ, անշուշտ, ճնշումներ կան, իսկ դրանց դիմագրավելու մեր ռեսուրսները փոքրացել են։ Եթե առաջ Քոչարյանն ու Սարգսյանը կարող էին դրսում ասել, որ իրենք լեգիտիմության պակաս ունեն և չեն կարող ժողովրդին դա ներկայացնել, իրենց կհեռացնեն իշխանությունից, այսօր այդ խնդիրը չկա։ Փաշինյանն ունի բացարձակ լեգիտիմություն, տիրապետում է և՛ ԱԺ-ին, և՛ փողոցի ամբոխին։
-Փաշինյանի միանձնյա իշխանությունը գոնե ներքին խնդիրների լուծման հարցում օգնու՞մ է, հեղափոխությունը լուծու՞մ է իր առջև դրած խնդիրները։
-Հեղափոխությունը բաժանեցին երկու փուլի՝ ժողովրդավարական, հիմա էլ՝ տնտեսական։ Այս ամիսների ընթացքում տնտեսական հեղափոխություն չեղավ, ուստի ունենք կորսված ժամանակ, առաջին օրից պետք է այդ հեղափոխությունն անեին։ Ասում էին` կոռուպցիա կա երկրում, դրա համար բյուջեն դատարկ է, հիմա կոռուպցիա չկա, բայց բյուջեն էլի դատարկ է։ Այսինքն, կամ առաջ կոռուպցիա չկար, սուտ էին ասում, կամ հիմա էլ կոռուպցիա կա։ Ամեն ինչ դեկլարացիաներով է ներկայացվում։ Խնդիրները չեն լուծվել։ Սրան զուգահեռ փորձում են անընդհատ թշնամիներ գտնել. սկզբում Սերժ Սարգսյանն էր, հետո խորհրդարանը, այդ երկուսին վերացրին, հիմա էլ հայտարարում են, թե թշնամին մամուլն է։ Հետո Սահմանադրությունը կարող է թշնամի լինել։ Սա նորմալ է, որովհետև հեղափոխությունը միշտ թշնամիներ է ունենում, բայց մենք ուզում ենք որ հեղափոխությունն ավարտվի, ու սկսեն կառուցել. մինչև հիմա դեռ քանդում են։
-Խոսում են տնտեսական հեղափոխության մասին, բայց արդարադատության համակարգն էլ բավականին խնդրահարույց է։
-Հսկայական խնդիրներ կան այս համակարգում, դարձյալ խոսքի ու գործի անհամամասնություն է։ Մի կողմից, Փաշինյանը հայտարարում է, թե որևէ դատավորի չի ճնշելու, չի զանգելու, մյուս կողմից հայտնի գաղտնալսումն այլ բան է ասում։ Զանգում և ուղղակի ցուցումներ են տրվում, սա նշանակում է, որ մենք ընդհանրապես հույս չպետք է ունենանք արդարադատության համակարգից։
-Ինչու՞ խնդիրները չեն լուծվում, ներու՞ժ չկա, թե՞ ցանկություն։
-Առաջին հերթին չունեն քաղաքական տեսլական, չեն պատկերացնում, թե ինչ պիտի անեն։ Շատ են խոսում ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, ես դա չեմ ընդունում։ Ամենաանփորձ մասնագետին երկար ժամանակ մի գործի մեջ պահելով կարելի է մասնագետ դարձնել, բայց երբ մասնագետը չգիտի ինչ անել, դա արդեն խնդիր է։ Մյուս կողմից էլ որոշումների ընդունման համակարգը գերկենտրոնացած է, մարդիկ գործ չեն անում, սպասում են, թե ինչ որոշում կընդունի Փաշինյանը։
-Երկիրն այս տեմպերով ու՞ր է գնում։
-Երկիրը հետ է գնում, չկան զարգացումներ ոչ մի բնագավառում։ Կոռուպցիան դեռ լուրջ մարտահրավեր է մեր երկրում, ինֆլյացիայի լուրջ նշաններ կան, արտաքին խնդիրներն էլ մատնանշեցի։ Այսինքն, հեղափոխության կապիտալիզացիա չկա։ Ժողովուրդը մեծ լեգիտիմություն տվեց իշխանությանը, բայց իշխանությունը չի կարողանում այդ լեգիտիմությունը ի նպաստ ժողովրդի օգտագործել։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ