«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար». Ջորջ ՍՈՐՈՍ

«Հայաստանի քաղաքացիական հասարակությանը  հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է  երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար». Ջորջ ՍՈՐՈՍ
08.02.2019 | 01:37

Արդեն երկար տարիներ, երբ ցանկացած երկրում կամ հասարակության մեջ խոսք է լինում հայտնի մեծահարուստ, աշխարհի 30 ամենահարուստ մարդկանց շարքերում մշտապես գտնվող Ջորջ Սորոսի մասին, անպայման նրա անվան հետ աղերսվում են դավադրության տարրեր։ Նա ուղղակիորեն ասոցացվում է աշխարհում տեղի ունեցող գունավոր հեղափոխությունների, հեղաշրջումների, անգամ համաշխարհային կառավարվող քաոսի տեսության հետ։ Այս ամենում, իհարկե, ճշմարտության տարրեր կան։ Մանավանդ հետխորհրդային տարածքում կամ սոցիալիստական ճամբարում կատարված շատ գործընթացներ ուղղակիորեն կապվել են Սորոսի անվան, նրա ստեղծած կառույցների, հիմնադրամների հետ։ Եվ դա նա առանձնապես չի էլ թաքցրել։ Ի վերջո, տարբեր տիպի հեղափոխություններից հետո էլ իշխանության գալիս էին մարդիկ, որոնք ուղղակիորեն առնչվում էին սորոսածին հասարակական կառույցների հետ։


Ջորջ Սորոսի մասին Հայաստանում վերջին օրերին շատ են հիշում։ Նախ և առաջ այն պատճառով, որ 88-ամյա մեծահարուստ ֆիլանտրոպը, ինչպես ինքն իրեն սիրում է անվանել, անձամբ թվիթերյան գրառում կատարեց, որտեղ նշել էր. «Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»։ Ըստ էության, տողերի հեղինակն ուղղակիորեն նշում է, որ պետք է ավելի մեծ ջանքեր թափել Հայաստանում։ Սա մի կողմից Հայաստանի և հայաստանամերձ շրջանակներում ընկալվեց որպես մարտահրավեր հակասորոսյան ուժերին, մյուս կողմից, ուղղակիորեն ուղերձ հղվեց, որ շարունակվելու է աջակցությունը սորոսածին գրանտակերներին, որպեսզի հետևողականորեն շարունակեն իրենց նպատակներին հասնելու գործընթացը։ Սա նաև ազդակ էր այն ուժերին, որոնք հեղափոխության արդյունքում տեղավորվել են իշխանական համակարգում և իրենց մասնաբաժինն ունեն իշխանության մեջ։ Այս համատեքստում հասկանալի են թավշյա հեղափոխության ընթացքում Սորոսի մասնաբաժնի, հետագայում նաև շահաբաժնի մասին անընդհատ թարմացվող խոսակցությունները։


Այժմ թերևս ավելի կարևոր է երկրորդ՝ հեղափոխությունից Սորոսի ստացած շահաբաժնի մասը։ Այս առումով դիտարկենք հեղափոխությունից անմիջապես հետո ձևավորված ՀՀ իշխանության կառուցվածքը՝ առաջին հերթին թավշյա հեղափոխություն իրականացրած կոալիցիան, որը ներառում էր նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրան կից մանր քաղաքական ուժերը, ինչպես նաև՝ քաղաքացիական կամ հասարակական ակտիվ հատված, որը մեծ մասամբ առնչվում էր Սորոսի «Բաց հասարակության ինստիտուտի» կողմից շռայլորեն ֆինանսավորվող կառույցների հետ։ Վերջիններս թեև գործում էին տարբեր ոլորտներում՝ մարդու իրավունքների, գենդերային հավասարության, բնապահպանական, կենդանիների պաշտպանության, սակայն անհրաժեշտ պահին շատ հետաքրքիր օրինաչափությամբ միահամուռ կերպով հանկարծ հայտնվեցին նույն ճամբարում, մի հոսանքի մեջ՝ դառնալով ակտիվ հեղափոխականներ։
Թերևս կասկած չկա, որ այս գործընթացում որոշ չափով իր հետաքրքրությունն ուներ նաև հայտնի ֆիլանտրոպը, որն իր ուժերին մղեց ակտիվ մասնակցելու քաղաքական զարգացումներին։ Սա ուղղակիորեն չի նշանակում, որ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը ունեցել է ընդգծված արտաքին կառավարում։ Սակայն սա առնվազն նշանակում է, որ Սորոսը գործընթացում մասնաբաժին այնուամենայնիվ ունեցել է։ Եվ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը համառորեն պնդում է, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն ու արտաքին քաղաքական ազդեցություն տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, որպես փորձված գործիչ՝ նա գուցե արտաքինից չի կառավարվել, սակայն հասկացել է, որ հասարակական սեկտորի ակտիվությունը կարող է լրջորեն ուժեղացնել իրեն, և առանձնապես չի հրաժարվել նրանց աջակցությունից՝ գուցե հետագայում նրանցից ձերբազատվելու պլաններ ունենալով ինչպես այս ընթացքում ձերբազատվեց հեղափոխության ընթացքում շատ ուղեկիցներից։


Ինչևէ, քանի որ Սորոսի մասնակցությունը եղել է հայաստանյան հեղափոխական իրադարձություններին, պարզ է, որ պետք է լինի նաև որոշակի մասհանում իշխանությունից։ Եվ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը իշխանությունն ու կառավարությունը ձևավորելիս։ Նա, ըստ էության, իրարից անջատ երկու մոտեցում կիրառեց։


Առաջինը, ինչպես փորձագետներն են վերջին շրջանում պնդում, այն ոլորտներում, որոնք կապված են երկրի ամենօրյա օպերատիվ կայունության հետ՝ անվտանգության, պաշտպանության, ֆինանսատնտեսական համակարգեր, ԱԱԾ, ոստիկանություն, կենտրոնական բանկ, ֆինանսների, պաշտպանության նախարարություններ, պետեկամուտների կոմիտե և նույնիսկ ԱԻՆ։ Մոտեցումն այսպիսին էր՝ նշանակել փորձված կադրեր, որոնք թեև չեն մասնակցել փողոցներ փակելու գործողություններին, քայլարշավներին, սակայն ունակ են պահպանելու կայունությունը, մանավանդ հեղափոխական և հետհեղափոխական սթրեսային իրավիճակներում, կարողանում են իրենց գործը կատարել առանց որևէ փորձաշրջանի ու առանց ադապտացիոն փուլի։
Կառավարման մյուս ոլորտներում, որտեղ օպերատիվ առաքելության կարիք չկա, և որտեղ որոշակի հմտություններ են անհրաժեշտ, սովորելու խնդիր կա, և որտեղ ամենօրյա ձախողումները չեն կարող երկրի համար ճակատագրական նշանակություն ունենալ, վարչապետը նշանակեց մարդկանց, որոնք թեև անփորձ են, սակայն գանձագողության մեջ դեռևս չեն նկատվել, գուցե նաև այն պատճառով, որ գանձանակին երբևէ մոտ էլ չեն եղել։ Թե երիտասարդ գործիչները ինչպես կդիմանան գայթակղությանը, ժամանակը ցույց կտա։


Անցած 7-8 ամիսները ցույց տվեցին, որ եթե պրոֆեսիոնալ սեգմենտում նշանակված մարդկանց հաջողվեց նույնիսկ էքստրեմալ իրավիճակներում, համընդհանուր անորոշության, նույնիսկ քաոսի պայմաններում պահպանել կայունությունը համակարգերում, ունենալ հարկահավաքման, ֆինանսների բաշխման կայուն մեխանիզմներ, անվտանգության, պաշտպանության ոլորտներում ապահովել հավասարակշռությունը, ապա նույնը չի կարելի ասել մյուս համակարգերի մասին, ինչի ապացույցը թե՛ սոցցանցերում, թե՛ հասարակության շրջանում ծագող դժգոհություններն են, ծաղրը և այլն։ Բացի այդ, հասկանալի է, որ Հայաստանի վրա շատ մեծ ազդեցություն ունեցող երկու մեծ աշխարհաքաղաքական կենտրոններն էլ հիացած չեն, որ հայաստանյան իշխանության մեջ բավականին պատկառելի դեր ունեն սորոսածին կադրերը։ Եթե Ռուսաստանի դեպքում դա ինքնին հասկանալի է՝ հաշվի առնելով ՌԴ առավել քան վատ վերաբերմունքը անձամբ Սորոսի և նրա կառույցների նկատմամբ, ապա հետաքրքիր է, որ նույն վերաբերմունքը Սորոսի նկատմամբ ունի նաև ԱՄՆ-ի վարչակազմը։ Բազմաթիվ անգամ Հայաստանում Թրամփի խոսնակներն ընդգծում էին, որ Սորոսն ու Թրամփը բոլորովին այլ ճամբարներում են, ավելին, նրանց միջև կա թշնամություն։ Այսինքն՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանից պահանջում էին, ի վերջո, կողմնորոշվել և ձերբազատվել սորոսյան ազդեցությունից, ինչը նաև նախապայման էր հետագա համագործակցության համար։


ՀՀ վարչապետը կարծես թե հենց այդ ուղիով էլ փորձում է գնալ։ Նախ և առաջ կառավարման համակարգում գտնվող սորոսածին շատ կադրերի գործադիր իշխանությունից հեռացրեց՝ նրանց փոխհատուցելով ԱԺ-ում պատգամավորի աթոռով։ Ըստ էության, Փաշինյանը համարեց, որ դա իր համար չարյաց փոքրագույնը կարող է լինել, և ընդամենը ֆլեշմոբային մտածողություն ունեցող, համակարգային հարցեր լուծելու ընդունակություններ չունեցող մարդկանց հավաքեց խորհրդարանում։ «Իմ քայլը» խմբակցության մի թևը հենց նրանք էլ ներկայացնում են, որոնք ի դեպ, պարբերաբար հայտնվում են բավականին ծիծաղելի իրավիճակում՝ դառնալով թրոլլինգների, մեմերի, ծաղրի առարկա։


Սակայն ասվածը չի նշանակում, որ սորոսյան կառույցները ձեռքերը ծալած սպասում են, տեսնեն, թե ինչպես են իրենց լուսանցք քշում։ Սորոսի վերոնշյալ հայտարարությունը նշանակում է, որ կա անբավարարվածություն իրենց կարգավիճակից, և հիմա պահանջում են կառավարման իրական լծակներ՝ պետության կառավարման իրենց նպատակներից, մոդելից ելնելով։ Որպես հակահարձակման ազդանշան մարդասպան, ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի ներման հարցի բարձրացումն էր պաշտոնյա կնոջ միջոցով։ Շատերին նույնիսկ թվում էր, թե այդ որոշումն արդեն անցկացվել է։ Ընդ որում, այս թեման նաև որպես թեստ ծառայեց՝ տեսնելու համար, թե հայաստանյան հասարակական կյանքը, քաղաքական համակարգը որքանով է պահպանել իմունիտետը։ Բարեբախտաբար, մարդասպանին ներում չշնորհվեց. հասարակական շատ լուրջ դիմադրություն եղավ, քաղաքական թիվ մեկ ղեկավարությունը սթափ գնահատեց իրավիճակը, և դա ազդանշան եղավ Սորոսին, որ պետք է ինչ-որ բան անել՝ դիրքերն ուժեղացնելու համար։ Դրանով են շատերը պայմանավորում, որ պարգևավճարների գերուռճացված խնդրի հիմնական թիրախներ դարձան հենց այն համակարգերը, որտեղ Փաշինյանը նշանակել էր պրոֆեսիոնալների, որպեսզի երկրում անախորժություններ տեղի չունենան։ Եվ առաջին հարձակումները հենց ՊԵԿ-ի, ֆինանսների նախարարության, ինչ-որ չափով քաղաքապետարանի դեմ էին։ Ժամանակ առ ժամանակ հարձակումներ էին գրանցվում նաև բանակի նկատմամբ։


Ամփոփելով իրավիճակը՝ պետք է ասել, որ անընդհատ փորձելու են վերահսկողություն սահմանել ֆինանսական լծակների ու հոսքերի նկատմամբ։ Այստեղ գլխավոր խնդիրներից մեկն այն է, թե որքանով իր դերքերում ամուր կմնա ՀՀ վարչապետը, որքանով կփորձի պահել փխրուն հավասարակշռությունը կայուն համակարգեր ապահովողների և արտաքին ազդեցություն ունեցող ուժերի միջև։ Առաջիկա ամիսները հենց այդ ֆոնի ներքո էլ անցնելու են։ Այնպես որ՝ տեսարանների, խարդավանքների, կազմակերպված ցույցերի պակաս առաջիկայում չի լինելու։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao