Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վենեսուելա. չհայտարարված պատերազմական գործողությունների ևս մեկ թատերաբեմ

Վենեսուելա. չհայտարարված պատերազմական գործողությունների ևս մեկ թատերաբեմ
08.02.2019 | 01:42

(Նախորդ մասը)

Վենեսուելայի և Իրանի փոխադարձ շահագրգռությունը նորություն չէ. հակաամերիկականության հիման վրա նրանց մերձեցումը սկսվել է 2005-ից, տարբեր ոլորտներում համագործակցելու 26 համաձայնագիր է կնքվել։ Այնպես որ, աշխարհը հասկանում է, որ Վենեսուելայում ոչ մի հեղափոխություն էլ չկա, կա պետական հեղաշրջման և իշխանությունը ԱՄՆ-ի խամաճիկներին հանձնելու փորձ։ Ինչու՞ ենք ասում, որ «աշխարհը հասկանում է»։ Հավատացեք, որ եթե այդպես են կարծում Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, ապա միայն Հնդկաստանն է պակասում պնդելու համար, որ գործնականում աշխարհի կեսը ԱՄՆ-ի և Վենեսուելայում ամերիկամետ խամաճիկների դեմ է։


Եվս մի քանի խոսք իրանա-վենեսուելական հարաբերությունների առանձնահատուկ բնույթի և, իհարկե, այդ հարավամերիկյան երկրի նկատմամբ Իրանի հատուկ ուշադրության մասին։ Վենեսուելայի նախագահ Մադուրոյի երդմնակալության արարողությանը Իրանի բարձրաստիճան պատվիրակի մասնակցությունը հանգեցնում է հին գործընկերների հեռահար պլանների մասին մտքին։ Հիշեցնենք, որ դեմքով դեպի Իրանը շրջված առաջին լատինաամերիկյան առաջնորդը եղել է հենց Վենեսուելայի հանգուցյալ նախագահ ՈՒգո Չավեսը, որն իշխանության է հասել 1999-ի փետրվարին։ Սկզբում ուշադրությունը հիմնվում էր գործնական նկատառումների վրա, քանի որ միջազգային ասպարեզում անհրաժեշտություն էր առաջացել երկրորդ շնչառություն հաղորդելու նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (ՆԱԵԿ, OPEC), որն ստեղծվել էր 1960 թ. նոր տնտեսակարգ ստեղծելու նպատակով նշված խմբի երկրները համախմբելու համար։ Չավեսի պաշտոնակալման պահը երբեմնի ազդեցիկ կառույց ՆԱԵԿ-ի լավագույն ժամանակը չէր։ Մտադրվելով այդ կազմակերպության կոնգրես անցկացնել Կարակասում` նրան լրացուցիչ ազդակ հաղորդելու համար, Վենեսուելայի առաջնորդն այցելեց նրա մեջ մտնող երկրներ, այդ թվում` Իրան։ Դրանից հետո նա առնվազն 6 անգամ եղել է այնտեղ։ Հարաբերությունները հատկապես սերտացան Մահմուդ Ահմադինեժադի` Իրանի նախագահ ընտրվելուց հետո։ Եվ դա հասկանալի է. ամբողջ աշխարհում նա ընկալվում էր որպես համոզված հակաամերիկացի և հակասիոնիստ։ Այդպիսին էին նաև գնդապես Չավեսի համոզմունքները։ Մենք հիշեցնենք Իսրայելի և պաղեստինցիների հակամարտության մասին նրա արտահայտություններից միայն երկուսը։ 2009 թ. նոյեմբերի 28-ին, Կարակասում ողջունելով Պաղեստինի ազգային ինքնավարության (ՊԱԻ) ղեկավար Մահմուդ Աբասին, Չավեսը հայտարարեց. «Բոլիվարական հեղափոխության առաջին օրից (այսինքն, 1999 թ. Չավեսի իշխանության գալուց- Ս. Շ.) Վենեսուելան կանգնել է յանկիների կայսրության և նրա ծառաների դեմ պաղեստինցի ժողովրդի պայքարի կողմում։ Մենք այստեղ` Կարակասում, կրկին հաստատում ենք մեր աջակցությունը պաղեստինցի ժողովրդին իր իրավունքների վերականգնման ու սրբազան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծման համար պայքարում»։ Երկրորդ դրվագը. 2011 թ. սեպտեմբերի 22-ին Չավեսը, ՄԱԿ-ի ԳԱ-ում և ԱԽ-ում քննարկման նախապատրաստության շրջանում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղարկեց Պաղեստինի խնդրանքները ՊԱԻ-ն անհապաղ անկախ երկիր ճանաչելու մասին։ Ահա թե այն ժամանակ ինչ էր գրում Չավեսը համաշխարհային հանրությանն ուղղված իր դիմումում. «ՄԱԿ-ի կողմից ճանաչումը պատմական քայլ կդառնա պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, որը երկար տարիներ տառապում է ճնշումից։ Վերջին օրերին Վաշինգտոնը քանիցս կրկնել էր, որ վետո կդնի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, բայց Գլխավոր ասամբլեայում այդ որոշման համար մեծամասնությունը երաշխավորված է։ Դա նշանակում է, որ կշրջափակվի անկախությանը պաղեստինցիների ձգտման միայն մի մասը։ Ինչպես գիտենք, Միացյալ Նահանգների կայսրությունը, ինչպես նման այլ դեպքերում, աշխարհում իրեն պահում է` ղեկավարվելով երկակի բարոյականությամբ. գործում է Լիբիայում, մյուս կողմից Իսրայելին թույլ է տալիս անել այն ամենը, ինչ նա ուզում է։ ԱՄՆ-ը դարձել է այն հոլոքոստի գլխավոր կողմնակիցը, որին ենթարկվում է պաղեստինցի ժողովուրդը սիոնիստական բարբարոսների կողմից»։


Մեր կարծիքով, Մադուրոյի վերադարձն իր նախորդ և ուսուցիչ Չավեսի հայտարարություններին ակնհայտորեն ցույց է տալիս, թե Վենեսուելան ինչու են «պատժում» ԱՄՆ-ը, Արևմուտքը, «ստվերից»` նաև Իսրայելը։ Եվ լիովին հասկանալի է դառնում, թե այդ բոլոր տարիներին ինչու են դեպի իրար ձգվում Վենեսուելայի Բոլիվարական հեղափոխությունը և Իրանի Իսլամական հեղափոխությունը։ Չավեսը միշտ Իսլամական Հանրապետությունը համարել է ժողովրդավարության տիպար, ընդգծել է, որ երկու երկրները «ժողովուրդների ինքնորոշմանը վերջ տալու ձգտող մեծապետական իմպերիալիզմի դեմ պայքարի միասնական ճակատում են»։ 2005 թ. Վենեսուելա այցելեց Իրանի այն ժամանակվա նախագահ Մոհամադ Խաթամին։ Կանոնավոր են դարձել առաջին դեմքերի, նախարարների և խորհրդականների շփումները։ Այցերի ընթացքում արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիայի փոխանցման ոլորտներում եղած 270 համաձայնագրերից բացի լրացուցիչ կնքվել է 70 արձանագրություն։ Իրանը Վենեսուելայում կառուցել է ավտոմեքենաների, տրակտորների, գյուղմեքենաների և հեծանիվների հավաքման գործարաններ, կաթնաֆաբրիկաներ և այլ օբյեկտներ։ Վենեսուելան Իրանին նշանակալի քանակով բենզին է մատակարարել։ Հեռանկարում ենթադրվում էր Վենեսուելայում իրանական կապիտալ ներդրումների կտրուկ ավելացում։ Համագործակցության առանցքային ոլորտ է դարձել էներգետիկան։ «Մենք հույս ունենք, որ իրանական նավթային ընկերությունները գործունեություն կծավալեն Օրինոկո գետի գոտում»,- ընդգծում էր Չավեսը։ Իրանցի բարձրաստիճան հյուրը ներկա է եղել Անսոատեգի նահանգում հորանցքի փորումն սկսելու արարողությանը։


Երկու պետության և նրանց առաջնորդների արագ մերձեցումը, որը վերաճեց սերտ բարեկամության, բացի ածխաջրածինների բարձր գինը պահելու նպատակով ՆԱԵԿ-ի շրջանակում համագործակցությունից, կառուցվում էր նաև ընդհանուր թշնամուն, ի դեմս ԱՄՆ-ի, դիմակայելու վրա։ Նրանք ԱՄՆ-ը անվանում էին համաշխարհային ժանդարմ, մեղադրում էին հեգեմոնիզմի, սեփական կարգերը և հանրային կառուցվածքի մոդելը պարտադրելու, ինքնօրինակ քաղաքակրթությունները քայքայելու մեջ, միասնական ճակատով էին հանդես գալիս հեղինակավոր համաժողովներում։ Չավեսը մշտապես ընդգծում էր. «Վենեսուելան միշտ և ամենուրեք լինելու է Իրանի հետ»։ Նրան միշտ արձագանքում էր Ահմադինեժադը. «Իրանը և Վենեսուելան կանգնած են իրար կողքի և աջակցում են միմյանց։ Ես զգում եմ, որ հանդիպել եմ եղբոր և մարդու, որի հետ գտնվում եմ մի խրամատում»։ Ջերմորեն ընդունելով նախագահ Խաթամիին` Չավեսը սպառնաց. «Եթե ԱՄՆ-ը համարձակվի ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները, ապա կզրկվի վենեսուելական նավթի մատակարարումից»։ Ամրապնդվող փոխըմբռնումն ունի նաև գաղափարախոսական աստառ։ 2005 թ. ապրիլին Մադուրոն, երբ որպես խորհրդարանի խոսնակ գտնվում էր Թեհրանում, ընդգծեց. «Վենեսուելան և աշխարհամասի այլ երկրներ ձգտում են օգտվել Իսլամական հեղափոխության փորձից։ Իրանը կարող է Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի հեղափոխական խմբերի ավելի սերտ համագործակցության ուղի հարթել»։ Սույն նյութի հեղինակը 2017-ի փետրվարին Թեհրանում, հրավիրված լինելով Իրանի խորհրդարանի կազմակերպած «Միասին օգնենք պաղեստինյան ինտիֆադին (ապստամբությանը)» միջազգային խոշոր կոնֆերանսին, սեփական աչքերով տեսավ, թե լատինաամերիկյան երկրներից ինչքան շատ պատվիրակություններ են գալիս Իրան, և Թեհրանում ջերմորեն են ընդունում նրանց։ Դա բացատրվում է իրական, ամենաիսկական գաղափարախոսական ընդհանրությամբ, որի հիմքը բացահայտ հակաամերիկյան, հակայանկիական տրամադրություններն են և՛ Իրանում, և՛ Լատինական Ամերիկայում։


Այժմ, երբ խիստ սրված են ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները, երբ Թրամփը չի ճանաչում «վեցյակի» հետ Իրանի կնքած միջուկային գործարքի օրինականությունը, առավել ևս այդ գործարքի փաստաթղթից ԱՄՆ-ի դուրս գալուց և Իրանի դեմ Վաշինգտոնի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալներ են ստեղծվում Իրանի ու Վենեսուելայի էլ ավելի սերտ համագործակցության համար։ Ավելորդ է ասել, որ Վենեսուելան էլ է ենթարկվում Վաշինգտոնի ճնշմանը, որը պահանջում է «վաղուց հասունացած բարեփոխումների անցկացում` երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից հանելու համար»։ Այսինքն, երկիրն ու նրա հարստությունները լիովին արտաքին կառավարման հանձնելու համար։ Հասկանալի է` ամերիկացիներին ու նրանց առաջատար ընկերություններին։ Բացի դրանից, ամերիկյան վարչակազմի գաղտնի աղբյուրներից հայտնի է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կասկածում են, թե վենեսուելական իշխանությունները նյութապես օժանդակում են լիբանանյան իրանամետ «Հզբոլահ» կազմակերպությանը։ Իրանական ղեկավարությունն ուժեղացված կերպով ակնարկում է Վաշինգտոնին, որ ճնշումը շարունակելու դեպքում Սպիտակ տան համար շատ հնարավոր է խնդիրների ավելացումը նաև ԱՄՆ-ի ներսում։ Իրանը չի էլ թաքցնում, որ բոլոր նրանք, ովքեր օժանդակում են հակահեղափոխական «շարժումներին» և «Մոջահեդին է խալկ»-ի տիպի ահաբեկչական խմբավորումներին, կբախվեն Թեհրանի համարժեք քայլերին։


Իրանն իսկապես Վենեսուելայի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու հույս ունի։ Այդ տեսանկյունից նրա ուշադրությունը գրավեց, մասնավորապես ռուսական Տու-160 հրթիռակիր ինքնաթիռների ճեպայցը Վենեսուելա։ Բացառված չէ, որ Իրանի և Վենեսուելայի պաշտպանության նախարարների բանակցության ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են եղել։ Ինչ վերաբերում է իբր իրանական ռամաբազաների շինարարության մասին լուրերին, ապա, համաձայն Վենեսուելայի գործող Սահմանադրության, երկրի տարածքում նման բան անհնարին է։ Այնուամենայնիվ, չարժե մոռանալ, որ 2017-ին, Մադուրոյի նախաձեռնությամբ, Հիմնական օրենքում արմատական լրացումներ անելու նպատակով ստեղծվել է ազգային սահմանադրական ասամբլեա։ Եվ հնարավոր է, որ բազաների հարցը երբևէ մտնի այդ լրացումների ցանկ։


Մեր շարադրանքը լրացնենք ևս երկու հայտարարությամբ։ Հունվարի 24-ին Վենեսուելայի նավթի նախարարությունը հայտարարեց, որ հանրապետության օրինական նախագահ է համարում Նիկոլաս Մադուրոյին, որն ընտրվել է 2018-ի մայիսի արտահերթ ընտրությամբ։ Նավթի նախարարությունում բացեիբաց հայտարարել են, որ ամերիկամետ ընդդիմությունը փորձում է ուժով գրավել երկրի իշխանությունը, բայց երկրի ողջ նավթային հատվածում համարում են, որ միակ օրինական նախագահը Մադուրոն է։ Դա շատ կարևոր է. Վենեսուելայի նավթարդյունահանողները չեն ցանկանում հեռանալ շուկայից ու ողջ էներգետիկ ոլորտից, նույնիսկ եթե հեղաշրջիչների թիկունքում են ԱՄՆ-ը, Արևմուտքը, Իսրայելը և նրանց նմանները։ Արժե նշել, որ, տարբեր գնահատականներով, նավթի հետախուզված պաշարներով Վենեսուելան աշխարհում առաջին տեղում է։ Վենեսուելայի տնտեսությունը հիմնված է նավթի հանույթի վրա, որը տալիս է արտահանման եկամտի 95 %-ը, պետբյուջեի եկամտային մասի ավելի քան 50 %-ը և ՀՆԱ-ի մոտ 30 %-ը։ Իսկ հունվարի 25-ին Լիբանանի գլխավոր քաղաքական ուժը` «Հզբոլահ» կուսակցությունը (հենց նա է հաղթել վերջին խորհրդարանական ընտրությունում) տարածել է իր պաշտոնական հայտարարությունը. «Կուսակցությունը վճռականորեն դատապարտում է երկրի օրինական կառավարության դեմ ուղղված պետական հեղաշրջման փորձը, որին աջակցում է ԱՄՆ-ը։ Ողջ աշխարհը հասկանում է, որ ԱՄՆ-ի միջամտության նպատակը ոչ թե ժողովրդավարության ու ազատության պաշտպանությունն է, այլ երկրի հարստության վերահսկողությունը, ինչպես նաև իրենց ինքնությունը պաշտպանող պետություններին պատժելը»։ «Հզբոլահի» հայտարարությունը կարելի է համարել եթե ոչ Լիբանանի կառավարության, ապա հաստատ` խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը։


Վենեսուելայի իրադարձությունների ելքը կանխագուշակելն առայժմ դժվար է, բայց արդեն ակնայտ է, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նախնական պլանը տապալվել է. փողոցային հեղաշրջիչների կողմը չեն անցել ո՛չ բանակը, ո՛չ ազգային գվարդիայի գլխավոր ստորաբաժանումները, ո՛չ նավթարդյունաբերողները։ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը գլխավորեցին այն պետությունների խումբը, որոնք չցանկացան դավաճանել Վենեսուելային։ Եվ հիմա ով «կտապալվի»` Մադուրո՞ն, թե՞ Թրամփը, էլ ավելի դժվար է կանխատեսել։ ԱՄՆ-ը դեռ սպասողական վիճակում է. մեկ էլ տեսար Վենեսուելայի և Մադուրոյի շուրջ ստեղծված խառնաշփոթը հանգեցնի նրան, որ վաշինգտոնցիները պահանջեն Թրամփի պաշտոնանկությունը։ Այսպես թե այնպես, ինչպես երևում է, «Եվրասիական մեծ եռյակը» (ՌԴ, ՉԺՀ, Իրան) Վենեսուելա-փողոցային հեղաշրջիչներ-ԱՄՆ հակամարտության առնչությամբ իր մարտավարությունն ու ռազմավարությունն արդեն ընտրել է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ