Yerevan Perspectives International Music Festival
 

Ո՞րն է մեր ճանապարհը

Ո՞րն է մեր ճանապարհը
08.02.2019 | 01:46

(Նախորդ մասը)

Այժմ վերադառնանք այն հարցերին, թե արդյոք շա՞տ բան է կախված լինելու այս կառավարության ծրագրերից և, թե ուր կարող ենք հասնել դրանցով:
Նախ, մեր տեսանկյունից ճիշտ կլինի պարզել երկրի առաջ կանգնած հիմնական խնդիրների որակն ու բովանդակությունը, ապա նոր անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության կարողունակությանը այդ խնդիրների լուծման գործում:
Առաջին և ամենակարևոր խնդիրը տնտեսությունն է: Այդտեղ են երկրի ռազմական, քաղաքական, պարենային, սոցիալական, ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման բանալիները:


Բոլորիս է հայտնի, որ հասարակության կյանքի բոլոր ոլորտներում առկա են և կուտակված են բազմաթիվ խնդիրներ, որոնց մեծ մասն արդեն անլուծելի դարձած հիմնախնդիրներ են: Եվ դրանց լուծմանը հավակնելու համար մենք պետք է ունենանք ոչ միայն այդ խնդիրների մասին բովանդակային ճշգրիտ պատկերացումներ, այլև դրանց կարևորությանն ու մասշտաբներին համապատասխան ճանապարհներ ու մեխանիզմներ:


Ի՞նչ ունի Փաշինյանի կառավարությունն այսօր: Այն, ինչ ուներ, երբ եկավ իշխանության և գումարած ԱԺ, ուր կարող է ներկայացնել և առանց որևէ դիմադրության անցկացնել իր ծրագրային նպատակներից ելնող ցանկացած օրենսդրական նախաձեռնություն: Լա՞վ է, թե՞ ոչ: Ինչ-որ առումով լավ է, եթե ելնենք կառավարության գործունեությանը ցանկալի արագություն հաղորդելու հնարավորության տեսանկյունից, և վատ է, որ կառավարությունը խորհրդարանում իրական ընդդիմություն չունի, որի առկայությամբ խորհրդարան ներկայացված օրինագծերը կարող էին անցնել համակողմանի քննարկման ճանապարհով:
Հասարակության, երկրի կյանքի բոլոր թվարկված ու չթվարկված ոլորտներում խնդիրները ահռելի են, և դրանց լուծման համար տնտեսությանը ներկայացվող պահանջները՝ նույնպես: Բայց նախ անդրադառնանք բուն տնտեսության մեջ առկա հիմնախնդիրներին, որոնց լուծումն իր կարևորությամբ չի զիջում ոլորտային խնդիրներին: Ավելին, դրանք կանգնած են ճանապարհի սկզբին, և եթե մենք մտադիր ենք առաջ գնալու, ապա առաջին հերթին պետք է լուծվեն այդ խնդիրները:


Որո՞նք են տնտեսության հիմնախնդիրները: Դրանք բազմաթիվ են: Նախորդ իշխանությունները տասնամյակների ընթացքում հետևողականորեն կառուցել են տնտեսական, ֆինանսական, իրավական այնպիսի բնութագրերով մի միջավայր, որտեղ տնտեսական գործունեությամբ զբաղվելը, եթե դու կառավարող կլանից կամ նրա շրջապատից չես, անհնար և անիմաստ է: Մենաշնորհները տնտեսության մեջ և հանրային ծառայությունների ոլորտում, ապրանքների, ծառայությունների գնագոյացման անվերահսկելիությունը, տնտեսական ազատ մրցակցային միջավայրի խեղաթյուրումը, տնտեսական միտքն անգամ արմատախիլ անող հարկային և մաքսային քաղաքականությունը, ֆինանսական միջոցների անհասանելիությունը և ընդհանրապես՝ մեր «կայացած» բանկային համակարգը, որպես ծանր «ճորտատիրական շղթա» մեր գործարար, և ոչ միայն, հասարակության ձեռքերին: Իսկ հասարակության վզին՝ հսկայական պետական պարտքը:


Կարող եք ասել, որ իրավիճակ է փոխվել: Ավելին՝ եթե հավատանք ներկա իշխանություններին և որոշ փորձագիտական շրջանակներին, ապա հաղթահարվել են մենաշնորհները: Բոլորս տեղյակ ենք, որ ցանկության դեպքում կարող ենք բանան ներկրել: Ոչ ոք մեզ չի ասի, թե մենք դրա իրավունքը չունենք: Միայն թե գիտենայինք, թե ինչ կարելի է անել այդքան բանանը: Պարզապես տնտեսությունը միայն բանանը չէ, անգամ ներկրումն ամբողջությամբ չի կարող դառնալ տնտեսություն:


Ինչպես սիրում է կրկնել ներկա վարչապետը, չկա նաև փայ մտնողը: Բայց ողջ-առողջ է համակարգը և գործում է այնպես, ինչպես գործում էր նախքան…
Եթե թույլ տանք մեզ երկրում տիրող իրավիճակն ընդունել այնպես, ինչպես ներկայացնում են իշխանությունները, ապա մեր տնտեսության զարթոնքին միայն մեկ բան է պակասում՝ ներդրումներ: Բայց մի երկրում, որտեղ առկա են վերը թվարկված ոչ տնտեսական հանգամանքները, դրան գումարած ներդրումների՝ օրենսդրորեն պաշտպանված չլինելու հանգամանքը և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մեր սահմանափակումները, շատ քչերն իրենց միջոցները մեզ մոտ որևէ գործի մեջ կարող են դնել: Դրա համար առավել քան նպաստավոր վայրեր կան:


Կարող ենք ենթադրել, իհարկե տեսականորեն, որ այս կառավարությունը ինչ-որ ժամանակից հետո կգտնի գործարարությունը խթանող հարկային-մաքսային լուծումներ, կվերացնի մենաշնորհներն ու պրոտեկցիոնիզմը, կստեղծի ազատ մրցակցային տնտեսական միջավայր, հասանելի հանրային ծառայություններ: Ճիշտ է, սրանք այս կառավարության համար շատ բարդ խնդիրներ են, բայց կարող ենք մեզ թույլ տալ նման շռայլություն: Այսքանից հետո կարող ենք ենթադրել նաև, որ տնտեսության մեջ ներդրումային աշխուժություն կառաջանա: Ավելի լավ պատկեր այսօրվա համար մտածել չենք կարող: Ի՞նչ կարող է տալ այն մեզ:
Նախ ընդգծենք, որ այդ իրավիճակում ներդրումներ այնպիսի ծավալներով, որոնք տեսանելի կլինեն, միջին խավը չի կարող անել այդ խավի հարստահարված վիճակի, թանկ փողի և անհասկանալի հարկային քաղաքականության պատճառով: Այն հնարավոր է դրսից կամ ներսի էլիտայի կողմից: Ի՞նչ է հնարավոր ակնկալել դրա արդյունքում: Մեծ հաշվով՝ ոչինչ էական:


Եթե ներդրումները կատարում է էլիտան, ապա դրա սոցիալական էֆեկտը շատ կարճատև է և շատ արագ փոխարինվում է հիասթափությամբ: Այս կարծիքին են բազմաթիվ ժամանակակից սոցիոլոգներ և տնտեսագետներ, այդ թվում Տ. Աճեմօղլուն: Ինչու՞ է այդպես:
Խնդիրն այն տնտեսական մոդելի, միջավայրի մեջ է, որում գտնվում ենք նաև մենք: Մեր կառավարությունը պաշտոնապես որևէ այլ տնտեսական մոդել ընտրելու մասին ոչ մի հայտարարություն չի արել: Հետևաբար այդ տնտեսական մոդելի սահմաններում գործունեության հետևանքների վերաբերյալ մեր դատողությունների ընթացքում ձևակերպված հետևությունները իրավաչափ են նաև մեր երկրի, մեր հասարակության համար:


Ոչ միայն իշխող, այլև խորհրդարան անցած մյուս ուժերը նույնպես ներկայացնում են տնտեսավարման նեոլիբերալ մոդելը: Թե ինչ է այն, մենք բոլորս ամեն օր մեր մաշկի վրա ենք զգում, բայց որպեսզի կարողանանք ըմբռնել, թե այդ մոդելի սահմաններում մենք կարող ենք ստեղծել տնտեսություն, որը մեզ հնարավորություններ տա անդրադառնալու համապետական նշանակության այլ խնդիրներին և լուծելու նաև դրանք, պետք է ներկայացնել այդ մոդելի բովանդակությունը: Այն շուկայական տնտեսություն է, ըստ սկզբնական գաղափարի հիմնված առաջարկի և պահանջարկի միջոցով տնտեսական գործունեությունը կառավարելու բացառիկ հնարավորության վրա: Ըստ այդ գաղափարի կողմնակիցների որևէ այլ տնտեսական մեխանիզմ չկա, որը թույլ կտա նույնքան արդյունավետորեն կառավարել տնտեսական միջավայրը: Հիմնվելով այն կեղծ պնդման վրա, թե մասնավորը միշտ ավելի լավ է կառավարում, քան այդ կարող է անել պետությունը, նեոլիբերալ տնտեսական մոդելի կողմնակիցները կապիտալիստական տնտեսությունում պետության դերը հասցրել են նվազագույնի՝ զրկելով նրան տնտեսությանը միջամտելու գրեթե բոլոր միջոցներից:

Իշխանություններն իրենց վրայից ցած են գցել բազմաթիվ հիմնարար պարտականություններ, դրանք բաշխելով տարբեր ոչ պետական ինքնավար կառույցների կամ մասնավոր համակարգերի վրա, կամ պետական, բայց իշխանությունների կողմից գրեթե չվերահսկվող, իսկ իշխանավորի ցանկության դեպքում՝ բոլորովին անվերահսկելի կառույցների վրա: Այսինքն՝ պետությունն օտարել է իր գրեթե բոլոր հիմնական գործառույթները, ազատվելով նաև կատարված աշխատանքի որակի ու նպատակի համար պատասխանատվությունից: Այսինքն, եթե կարճ՝ պետությունը մի կերպ փորձում է անել այն, ինչ մնացել է իրեն անելու, և նրանից ավելին պահանջելն արդեն հակաօրինական է: Եվ պետական մեքենան ծառայում է այդ հակաօրինականության կանխմանը բռնի մեթոդներով:


Պետության իրավասության տակ է միայն (այն էլ բազմաթիվ վերապահումներով) հարկային քաղաքականության սահմանումը: Այդ տնտեսական մոդելի առաջացումը և արմատավորումը ոչ թե, և ոչ այնքան, տնտեսական հարաճուն պահանջների տրամաբանությանը տնտեսական միջավայրի համապատասխան արձագանքների արդյունք են, այլ այդ տնտեսական միջավայրը կառավարողների ավելի ու ավելի աճող և անսքող դարձող նկրտումներին բավարարում տալու գործընթաց: Առաջարկի և պահանջարկի, այսպես ասած՝ կուսական առաջնադրույթը այժմ այնպիսի պայմանականությունների և կամայականությունների ցանցով է պատված, որ այլևս իր գործառույթները կատարելու ոչ հնարավորություն և ոչ էլ պահանջվածությունն ունի:


Կապիտալիստական տնտեսության առաջնային նպատակը եղել և մնում է կուտակումը, իսկ այդ պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար կապիտալը նորանոր հնարավորություններ է փնտրում և ստեղծում, այդ ճանապարհին կանգ չառնելով և ոչ մի բանի առաջ: Օգտագործվում է ցանկացած միջոց: Լոբբինգից մինչև կաշառք և ահաբեկություն:


Վերազգային ֆինանսական և տնտեսական կորպորացիաները վերահսկում և կառավարում են ամենահզոր երկրների իշխանությունները, հարկադրում նրանց կայացնել որոշումներ, որոնց միջոցով կարողանում են անհրաժեշտ ազդեցություն ունենալ տնտեսական նախագծերի կամ գործընթացների վրա, փոխել շուկայական տնտեսության տրամաբանությունը, վերադասավորել շահողների կազմը և նրանց շահաբաժինների չափերը: Ավելորդ չի լինի մեջբերել Ռոտշիլդի խոսքերը. «Եթե ես օժտված լինեի ազգային արժույթը թողարկելու և վերահսկելու իշխանությամբ, ես թքած կունենայի նրանց վրա, ովքեր երկրում օրենքներ են ընդունում»: Որոշ դեպքերում (հիմնականուն ԱՄՆ-ի կողմից և նրա հրահանգով այլ երկրների կառավարությունների կողմից) քաղաքական որոշումների միջոցով ազդեցություն են գործում այս կամ այն երկրի տնտեսության զարգացման ընթացքի վրա, պատճառ դառնալով ճգնաժամերի, քաղաքացիական պատերազմների, իշխանափոխությունների, հազարավոր և միլիոնավոր մարդկանց տեղահանությունների: Ակնհայտ է, որ սրանք հակաշուկայական քայլեր են, և սրանց կիրառությունը օր օրի ընդլայնվում է ոչ հանուն ազատ շուկայի և դեմոկրատիայի, այլ բոլորովին ուրիշ նպատակներով: Իսկ ազատ շուկայի և դեմոկրատիայի սեղմօղակները նրանք լայնորեն կիրառում են համեմատաբար թույլ տնտեսություն և պետական կառուցվածք ունեցող միավորների նկատմամբ: Պետության նմանատիպ միջամտություններով կառավարվող տնտեսական միջավայրը ժամանակակից սոցիոլոգները կոչում են պետական կապիտալիզմ:


Այժմ սկզբունքորեն այլասերվել է իրական տնտեսությունը՝ նախ այն փոխարինելով արժեթղթերի շուկայով, ապա և դրա ածանցյալներով: Այդ շուկաներն արդեն կառավարվում են բոլորովին այլ մեխանիզմներով և սկզբունքներով: Դրանց համար ստեղծվել է համապատասխան գործիքակազմ, որը թույլ է տալիս կառավարել այդ միջավայրը՝ ապահովելով բազմապատիկ արագ շրջապտույտ և շատ ավելի մեծ շահութաբաժիններ: Որպես արդյունք առաջանում է հավելյալ փողի պաշար, որն ապրանքային համարժեք չունի: Ապրանքները թանկանում են, ծառայությունների գները աճում: Իսկ ռեալ տնտեսության մեջ, որտեղ աշխատում է ռեալ քաղաքացին, այդ փողը չկա: Ավելին, ֆինանսական կապիտալը այնպիսի հնարամիտ գործիքներ է ստեղծել քաղաքացու ձեռքից իր վերջին ունեցվածքը խլելու (ունեզրկելու) համար, որ աշխատող, կենսաթոշակառու կամ նպաստ ստացող քաղաքացու ձեռքին ոչինչ չի մնում:


Այսօր քաղաքացուց սկսած մինչև պետություն ապրում են պարտքով: Մի կողմից դա նույնիսկ հետաքրքիր է թվում: Պարտքով, բայց ապրում ես: Մյուս կողմից դա պարզապես սարսափելի իրականություն է, երբ կարող են ցանկացած պահի սնանկացնել քեզ, երկիրդ, պետությունդ դարձնել թշվառ: Եվ սա՝ անգամ ամենազարգացած պետությունների համար: Այսինքն միջազգային ֆինանսական կապիտալի նեոլիբերալ շոշափուկներն ամենուր են:
ՈՒնեզրկման ալիքի տակ են ընկնում արդեն միջին խավի ներկայացուցիչները, կորցնում են բիզնեսը, ունեցվածքը և համալրում չքավորների բանակը: Իսկ միջին խավը բոլոր ժամանակներում եղել է պետության հենարանը և հասարակության ողնաշարը: Այսինքն անմիջական հարվածի տակ է դրված պետության գոյության հարցը:


Հասկանալի է, որ այս տնտեսավարման մոդելում մենք ապագա չունենք: Այդ ճանապարհին առաջատար դիրքեր զբաղեցնող երկրներն իրենք են պարբերաբար հայտնվում այդ համակարգի (մոդելի) ստեղծած թակարդներում: Եվ այնպես չէ, թե նրանք յուրաքանչյուր անգամ իրավիճակից դուրս գալու լուծումներ են գտնում: Ավելին՝ համակարգն իր բարդացող խնդիրներով որպես բեռ ծանրանում է այդ երկրների պետության ու սոցիալապես անապահով բնակչության ուսերին: Խորանում է հասարակության բևեռացումը: Այս պրոցեսն աննահանջ է:


Մենք, որ այդ ճանապարհի սկզբում ենք, զուրկ ենք այն առավելություններից, որոնք ունեն զարգացած երկրները՝ զարգացած տնտեսություն, սոցիալական ապահովության համակարգի բազմարդյունավետ գործիքակազմ և այլն: Մյուս կողմից մեր երկրում նույնպես կյանքի բոլոր ոլորտներում ուշադիր ձեռքով արդեն ներդրված են այն բոլոր բացասական գործոններն ու մեխանիզմները, որոնք քայքայում են հզորներին:


Այս իրավիճակում զարմանալի, անհասկանալի են փորձագետների, տնտեսագետների, քաղաքագետների, ընդհանրապես մտահոգ մարդկանց կարծիքները մեր երկրի զարգացման հնարավորությունների, տնտեսական ակտիվության հնարավոր ձեռքբերումների, մակրոտնտեսական անհրաժեշտ ցուցանիշների ապահովման, ներդրումային միջավայրի բնութագրերի բարելավման, տեմպերի և այլնի մասին: Ճիշտ է, նրանցից ոչ մեկը ոչ մի անգամ չի մեկնաբանել, թե ինչու, երբ այդ ցուցանիշներն անգամ ոգևորող են լինում, հասարակ քաղաքացին իր մաշկի վրա չի զգում դրա հետևանքները:


Մեկ բան կարող են ասել: Այդ տեմպերը դեռևս բավարար չեն:
Բարեկամներ, դրանք երբեք բավարար չեն լինի, քանի որ դրանք երբեք բավարար լինել չեն կարող:
Գուցե կարելի է կռահել, թե ինչպիսին կլինեն այդ հասարակությունում քաղաքացու իրավունքների պաշտպանության խնդիրները: Պատկերացնել կարելի է, բայց իրականությունը միշտ շատ ավելի դաժան և անմարդկային է: Գուցե պետք է հիշեցնել այդ հասարակությանը վերագրվող դեմոկրատական արժեքներին հավատարմության մասին: Ավելի երկար չխոսելու համար մեկ օրինակ բերեմ մեր իրականությունից:


2019 թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստում վարչապետը հայտարարում է հետևյալը. «ՀՀ բոլոր քաղաքացիները միջազգայնորեն ազատ, արդար, ժողովրդավարական և օրինական ճանաչված ընտրություններով ձևավորված կառավարություն ունեն, և այդ կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է երկրում բնականոն կյանքը ապահովելը և մարդկանց ազատությունները և իրավունքները ապահովելը»: Բառացիորեն հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, տեղի է ունենում իր բնույթով սահմռկեցուցիչ մի իրադարձություն: Պետական ապարատը ներկայացնող դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ոստիկանները բիրտ ուժ կիրառելով իր տնից դուրս են հանում միայնակ մորը չորս երեխաների հետ: Մեր արդարադատությունը ներկայացնող դատավորը կարող է այդ որոշումը կայացնել և գնալ իր տուն, հանգիստ քնել: Ոստիկանները կարող են մասնակցել այդ խայտառակ իրադարձությանը որպես օրենքի ծառաներ և գնալ իրենց տուն, հանգիստ քնել: Բայց չէ՞ որ և դատավորները, և ոստիկանները, և քաղաքացու իրավունքների մասին վերամբարձ ճառող իշխանավորը իրենց «ծառայության» համար վճարվում են երկրի քաղաքացու՝ հարկ վճարողի փողերով: Այդ դեպքում ու՞մ են ծառայում սրանք բոլորն իրականում: Իսկ ինչու՞ պիտի մի ամբողջ համակարգ աշխատի բանկային քմահաճույքները ժողովրդի գլխին թափելու համար: Մի՞թե սա խայտառակություն չէ:
(շարունակելի)

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao