Հակասելով օրենքին

Հակասելով օրենքին
08.02.2019 | 02:19

2019 թվականին գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում ընդգրկված և հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպություններին բազային ֆինանսավորումը կտրամադրվի անմիջականորեն: 2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով ենթադրվում էր, որ հիմնադրամներին մրցութային կարգով պետք է ֆինանսավորում տրամադրել, կառավարության երեկվա նիստում վերանայվել է: Այսինքն` բազային ֆինանսավորումը կտրամադրվի անմիջականորեն: Դեռևս հունվարի 31-ին կառավարության այդ որոշման մեջ որոշակի վերանայում անելու խնդրանքով վարչապետին էր դիմել ԵՊՀ արհեստակցական միությունը, ինչին, փաստորեն, կառավարությունն օրերս կայացած նիստի ժամանակ դրական պատասխան է տվել. մինչև 2019-ի տարեվերջ աշխատանքը կորցնելու վտանգի առջև կանգնած շուրջ հազար գիտաշխատողներ կշարունակեն իրենց գիտական գործունեությունը:


Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ այս ամբողջ պատմությունն առաջ է եկել այն պարզ պատճառով, որ աջ ձեռքը չի իմացել, թե ձախն ինչ է անում: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամներին բազային հիմունքներով ֆինանսավորելու կարգի մեջ փոփոխությունն արվել է ֆինանսների նախարարության կողմից, ԿԳՆ-ն այս ամենից տեղյակ չի եղել. «Գիտեմ, որ բանավոր մակարդակում հարցը քննարկելիս թե՛ ԿԳ նախարարությունը, թե՛ գիտության պետական կոմիտեն որոշման փոփոխությանը դեմ են արտահայտվել, բայց ֆիննախի ձեռամբ մշակված որոշումն այնքան խրթին ձևակերպումներով, տնտեսական բարդ բանաձևումներով է ներկայացվել ու նախապես հրապարակվել համապատասխան կայքում (e-gov), որ կրթության ու գիտության ոլորտի պատասխանատուները գլխի չեն ընկել, թե ինչի մասին է խոսքը: Եթե իմանային, նախապես կարող էին առարկել, ու հարցը նույնիսկ օրակարգ չէր էլ մտնի»:


Վերջինս վստահ է, որ հիմնադրամներին տրամադրվող գումարի ճակատագիրը հարցականի տակ դնելը կարող էր վնասել գիտության զարգացմանը: Ասում է, որ մեր օրերում ասպիրանտ դառնալն այնքան էլ մոդայիկ չէ, բանակի տարկետումն էլ վերապահումով է տրվում, ու այս պարագայում գիտությամբ զբաղվող երիտասարդների գործունեությանը խոչընդոտելը խելամիտ չէր լինի: «Կրթությունն ու գիտությունը պետք է որոշակի կայունություն ունենան, չի կարելի ամեն տարի մրցույթ անել ու ամեն անգամ նոր հիմնադրամի ֆինանս տրամադրել: Գիտական տարբեր տեսակի փորձեր ու հետազոտություններ կան, որոնք տարիների հետազոտություն են պահանջում: Հիմա եթե որևէ լաբորատորիա մի հետազոտություն է սկսել, ու հաջորդ տարի նրան ասում են, թե մրցույթում իր փոխարեն այլ հիմնադրամ է հաղթել, կստացվի, որ այդ մեկ տարին գիտությամբ զբաղված լաբորատորիան անիմաստ ժամանակ ու ռեսուրսներ է վատնել: Կողմ եմ, որ մրցակցություն նաև գիտության մեջ լինի, բայց երկարաժամկետ ծրագրեր են պետք այս ոլորտում: Եթե պետությունը լաբորատորիա է որոշում բացել, ապա պետք է հաշվի առնի, որ այդ լաբորատորիայի ծախսն իր ուսերին է: Վերջին տարիներին, օրինակ, շախմատի ինստիտուտ է բացվել, ու եթե հանկարծ կառավարությունը հարցականի տակ դնի այդ կառույցի գործունեության նպատակահարմարությունը, ինչ է թե այն նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ է հիմնադրվել, անլուրջ մոտեցում կլինի: Եթե ենթակառուցվածք է ստեղծվել, ապա պետք է որոշակի ժամանակ տաս՝ տեսնելու համար, թե այդ կառույցում ինչ աշխատանքներ են արել ու արդյունքներ գրանցել»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:


Կրթության փորձագետն այն համոզմանն է, որ բազային հիմունքներով գործող հիմնադրամների շուրջ առաջացած այս թնջուկը հետևանքն է այն փաստի, որ ոլորտը ենթարկվում է նաև հիմնադրամների մասին օրենքին: Նկատում է, որ թեև գիտությունը պետք է կայուն ֆինանսավորում ունենա, ու դա գիտության հիմնական տրամաբանությունն է, բայց մյուս կողմից էլ հիմնադրամների գործունեության տրամաբանությունը հուշում է, որ որևէ կառույցի գումարի տրամադրումը պետք է կատարվի դրամաշնորհի միջոցով: «Հարցը օրենսդրական դաշտում է, և այս դեպքում ֆինանսների նախարարությունը փորձել է կոսմետիկ լուծումներ տալ, ինչը խելամիտ չէ: Գիտությամբ ու կրթությամբ զբաղվող մասնագիտական ոլորտի հետ որևէ քննարկում չի եղել, ինչից էլ առաջ է եկել այս խնդիրը: Հիմնադրամների մասին օրենք գրող մարդը չգիտի կրթության ոլորտը, դրա համար գրում է բաներ, որոնք կրթության ոլորտում հակասություն են առաջ բերում: Հիմնադրամների մասին օրենքում պետք է գրվի, որ գիտության ոլորտում աշխատող հիմնադրամները կարող են պետական բյուջեից ուղիղ ֆինանսավորում ստանալ, ինչը եղել է մինչև այսօր»:


Հիմնադրամների ուղիղ ֆինանսավորման մասին բարձրաձայնում է նաև ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար Ալվինա Աղաբաբյանը: Հղում անելով գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին՝ հստակեցնում է՝ գիտակրթական բյուջետային ֆինանսավորումը երեք ձևով է իրականացվում՝ բազային, նպատակային ու պայմանագրային, որոնցից վերջին երկուսը մրցութային կարգով են ենթադրում, բազայինն՝ ամիջական, ուղիղ ֆինանսավորմամբ:

«Մենք ամեն տարի մարտ ամսին հայտ ենք ներկայացրել գիտության պետական կոմիտե ու դեկտեմբերին պատասխանն ստացել՝ ֆինանսավորում կլինի, թե ոչ: Իսկ այժմ երբ ասում են, թե հաջորդ տարիներին մրցութային կարգով պետք է լինի ամբողջ գործընթացը, մեզ համար անհասկանալի է, թե օրինակ ինչ չափորոշիչներով է անցկացվելու այն: Կարելի է ենթադրել` որևէ իքս կազմակերպություն կարող է մասնակցել մրցույթին, հաղթել, իսկ մի քանի տասնյակ տարի գործող լաբորատորիան՝ գործին քաջատեղյակ մասնագետ-գիտնականներով, անհրաժեշտ սարքավորումներով, դուրս մնա: Կստացվի, որ թե՛ այդ մարդիկ առանց աշխատանքի կմնան, թե՛ համապատասխան սարքավորումները՝ օդից կախված»,- մտահոգություն է հայտնում Աղաբաբյանը:


Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սակայն շտապում է փարատել անհանգստությունը՝ նկատելով՝ իրենք ոչ թե մրցութային կարգով կընտրեն հիմնադրամները, այլ ըստ վարկանիշի: ԿԳՆ-ն շրջանառության մեջ է դնելու նախագիծ, ասում է վերջինս, որով գնահատվելու են ինստիտուտների, գիտահետազոտական կենտրոնների աշխատանքները, արդյունքները, նրանց պոտենցիալը: «Գիտահետազոտական կրթությունն ունիկալ է, այն ծրագրերը, որ իրականացվում են, հաղթելու են, բայց մենք ուզում ենք մրցակցային դաշտ ստեղծել, իսկ եթե չկա մրցակցային դաշտ, չկան մոնոպոլիաներ,- ասել է նախարարը։- Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ստորագրված որոշումը վերանայելու ու գործող կարգն այս տարվա համար անփոփոխ թողնելու համար հիմք ենք ընդունել այն, որ 2018-ի սեպտեմբերին բազայինի համար արդեն անցկացվել էին մրցույթներ»:


Հարկ ենք համարում նշել, որ Հարությունյանի վերոնշյալ խոսքում որոշակի անճշտություն կա: Ըստ գիտական ու գիտատեխնիկական գործունեության օրենքի` բազային ֆինանսավորումը մրցութային կարգ չի ենթադրում, հետևաբար` «սեպտեմբերին արդեն մրցույթ է եղել» հայտարարության իմաստն անհասկանալի է: Կրթության ու գիտության ոլորտի պատասխանատուն հասարակական ցասումը մեղմելու համար է գուցե օրենդրությանը չհամապատասխանող հայտարարություն արել, կամ էլ ուղղակի չի տիրապետել օրենքի պահանջին: Տարօրինակ է նաև այն, որ ԿԳՆ-ն ու գիտպետկոմը մինչև վերջին պահը չեն իմացել, թե ֆիննախն ինչ անակնկալ է պատրաստած եղել գիտությամբ զբաղվողների համար: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ նոր կառավարիչների հայտարարությունները «յոթ չափիր, մեկ կտրիր» սկզբունքին չեն ենթարկվում: Ասում ու անում են մի բան, ինչի տակից հետո դուրս գալը բավական բարդ է լինում. «Այբ» ավագ դպրոցում ներդրված «Արարատյան բակալավրիատի» այդպես էլ չհստակեցված ֆինանսական աուդիտը վկա:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan