Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ազերական ռուսանվաճ նկրտումներ

Ազերական ռուսանվաճ նկրտումներ
08.02.2019 | 03:00

Մոսկվացի հայերը 90-ական թվականները «սարսուռով» են հիշում նաև այն պատճառով, որ հսկա երկրի քայքայումը ուղեկցվեց ադրբեջանցիների մեծ ներհոսքով դեպի Մոսկվա և առհասարակ Ռուսաստան: Հատկապես բացարձակ էր սրանց ներկայությունը մայրաքաղաքի շուկաներում. տեղացի վաճառողները պարզապես հայտնվել էին դիտորդի դերում:


Սակայն չթերագնահատենք ազերիներին: Եկան, հաստատվեցին, բազմացան. այսօր սրանց թվաքանակը Ռուսաստանում անցնում է կես միլիոնից: ՈՒնեն իրենց միլիարդատեր օլիգարխները՝ Ռուսաստանի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկի՝ «Լուկօյլի» նախագահ-բաժնետեր Վագիտ Ալեքպերովը, հանրաճանաչ «Կրոկիուս» հոլդինգի նախագահ-սեփականատեր Արազ Աղալարովը և այլք: Եթե առաջ մոսկովյան շուկաներում սոսկ վաճառողներ էին, հիմա արդեն սեփականատերեր են: Ստեղծել են բազմաբնույթ ազգային-հասարակական կազմակերպություններ և փորձում են ակտիվորեն մասնակցել իրենց «նոր հայրենիքի» քաղաքական-տնտեսական-մշակութային կյանքին: Ավելին, ըստ էության սկիզբ է առել ազերական նոր սերունդ, որը ծնվել, մեծացել ու ձևավորվել է հենց Ռուսաստանում:


Հայաստանում հաճախ են ցավով արձանագրում, որ ռուսահայերը արագ են ձուլվում, կորցնում ազգային ինքնությունը: Ավա՜ղ, այդպես է: Ռուսաազերիների մոտ այդ գործընթացը նվազագույն մակարդակի վրա է (խառն ամուսնությունները, ասենք, տարածված չեն): Եվ ռուսաստանցի դարձած ադրբեջանցիների ազգային ինքնապահպանության գլխավոր շարժիչ ուժը, իհարկե, կրոնն է՝ իսլամը:


Ահա և, ռուսաստանյան լրատվամիջոցները աչքաթող չարեցին հունվարի վերջին Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ադրբեջանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի Մոսկվայում կայացած հանդիպումը: Բանն այն է, որ շեյխ-ուլ-իսլամ Փաշազադեի՝ ռուսաց պատրիարքին ուղղված գլխավոր խնդրանքը-պահանջը հետևյալն էր. «Ես դիմում եմ ձեզ, որ դուք աջակցեք մեզ Մոսկվայում ադրբեջանական նոր մզկիթ կառուցելու համար հողատարածք հատկացնելու հարցում, որտեղ մուսուլմանները կարողանան բավարարել իրենց հոգևոր պահանջմունքները»:


Խնդիրն այն է, որ առանց այն էլ ռուսաստանցի «բնիկ» մուսուլմանները Մոսկվայի քաղաքային իշխանությունների վրա հզոր ճնշում են գործադրում ռուսաց մայրաքաղաքում նորանոր մզկիթներ կառուցելու պահանջներով: Ճիշտ է, արդեն գործում է «Մայր մզկիթի» հսկա համալիրը, սակայն այն չի կարող գոհացնել ոչ միայն տեղացի մուսուլմաններին, այլև Մոսկվա և Ռուսաստան թափանցած միլիոնավոր միջինասիացիներին ու ադրբեջանցիներին: Տվյալ պարագայում ազերիների դիմումի գլխավոր «յուրահատկությունն» այն է, որ մզկիթը պիտի լինի բացառապես շիական՝ մշակութային-լուսավորական թեքումով: Դե, «խեղճ» շիա ադրբեջանցիները, չունենալով «սեփական» ուղղության մզկիթ, ստիպված են լինում հաճախել սուննիական մզկիթներ, որտեղ թաթարները նրանց չեն էլ թողնում մարդավարի նամազ կարդալ:


Պատրիարքին ուղղված իր խնդրանքին առանձնակի կշիռ հաղորդելու միտումով Փաշազադեն ի գիտություն նշեց, որ Բաքվի իշխանությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում Ադրբեջանում բնակվող ուղղափառ ռուսների համար. գործում են բոլոր եկեղեցիներն ու կառուցվում են նորերը: Այսինքն, ռուսներին պարտադրվում է նաև փոխադարձության սկզբունքը: Հայտնի չէ, ազերիների հոգևոր առաջնորդը իր նախանձը հայտնե՞լ է Մոսկվայի կենտրոնական թաղամասերից մեկում գործող մեր հիրավի շքեղ հոգևոր կենտրոնի կապակցությամբ: Համենայն դեպս, մոսկվացի հայերը դա չեն բացառում:


Մի քանի տարի առաջ Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը իրազեկեց, որ ընդառաջ գնալով մուսուլմանական, հուդայական, բուդդայական և քրիստոնեական կազմակերպությունների խնդրանքներին, ծրագրվում է Նոր Մոսկվայում (քաղաքի ընդլայնված հարավ-արևելյան հատվածում) կառուցել միջկրոնական մեծ կենտրոն: Զգացվում է, որ շեյխ-ուլ-իսլամի երազանքն է շիական փայլ հաղորդել այդ բազմակրոն հավաքատեղիին:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 4809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ