Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հետևել Իրեն` անձնուրացության և զոհողության ուղիով

Հետևել Իրեն` անձնուրացության և զոհողության ուղիով
08.02.2019 | 00:04

«Եթե ցորենի հատիկը, ընկնելով հողը, չմեռնի, կմնա միայնակ, իսկ եթե մեռնի, բազում պտուղներ կտա»,- ասում է Քրիստոս Ավետարանում:
Այս բառերը նշանակում են, որ մեր Տերը եկավ աշխարհ, որպեսզի Իրեն զոհաբերի մարդկանց փրկության համար:


Առանց զոհաբերման այդ փրկությունը հնարավոր չէր լինի: Ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, քայքայվում և մեռնում է, սակայն նրանից ծիլ է տալիս նոր կյանք` բազմաթիվ նոր ցորենի հատիկներ: Իսկ եթե ցորենի հատիկը ինքն իրեն պահպանի և չմեռնի, ապա նոր կյանք չի տա և ոչ մի պտուղ նրանից չի լինի:
Քրիստոս այս աշխարհում անցավ զոհաբերման ճանապարհով և մեզ բոլորիս կոչ է անում հետևել Իրեն` անձնուրացության և զոհողության ուղիով: «Ով Ինձ է ծառայում, թող Ինձ հետևի»,- ասում է Նա: Նաև «Ով իր անձն է սիրում, կկորցնի այն, իսկ ով իր անձն անտեսում է այս աշխարհում, կպահպանի այն հավիտենական կյանքի համար»: Աստծուն ծառայելու և հաճելի լինելու գաղափարը հիմնված է զոհողության վրա: Եթե մենք դիտարկենք քրիստոնեական ցանկացած առաքինություն կամ գործողություն, ապա կտեսնենք, որ այդ ամենը ուրիշ բան չէ, եթե ոչ զոհաբերություն: Պահքը, աղոթքը, հնազանդությունը, վանական կյանքը, եկեղեցի գնալը, ողորմություն տալը և բարեգործություն անելը այդ ամենը զոհողություն է Աստծուն: Օրինակ, երբ մենք պահք ենք պահում և սահմանափակում ենք մեզ սննդի մեջ, ապա մենք հրաժարվում ենք սննդից, որը պիտի դառնար մեր մարմնի մի մասը, այսպիսով զոհաբերում ենք մեզնից մի մասը: Նույնն է կատարվում, երբ տալիս ենք կարիքավոր մարդուն նյութական, դրամական օգնություն` վերցնելով մեր ունեցվածքի մի մասը, այսինքն զոհաբերում ենք: Եվ այս դեպքում ավելի կարևոր է լինում ոչ թե տվածի չափն ու քանակը, այլ ինչքա՞ն է մեզ մնալու դրանից հետո: Որովհետև այրի կնոջ տված երկու լուման` իր ամբողջ ունեցածը, ավելի մեծ զոհողություն համարվեց, քան մյուսների տված մեծ գումարները:


Երբ մենք գնում ենք տաճար և աղոթում, ապա նույնպես զոհաբերում ենք մեր ժամանակը և ուժերը, որ մենք կարող էինք ծախսել մեր անձերի համար: Երբ մենք հնազանդության առաքինություն ենք դրսևորում, ապա զոհաբերում ենք մեր սեփական կամքը, որը միշտ հակված է եսասիրության և ինքնահաճության: Այսպիսով, քրիստոնեական կյանքը մշտապես մեզնից պահանջում է անձնուրացություն և զոհողություն:
Հանուն Աստծո զոհաբերվելը մեծագույն գործ է, նաև մեծ խորհուրդ, քանի որ զորավոր ուժ ունի այդ զոհաբերությունը: Եթե մեկը զոհաբերում է իրեն հանուն Աստծո կամ իր կյանքն է նվիրում Աստծուն ծառայելու, ապա, նման հողի մեջ գցած ցորենի հատիկի, նա ձեռք է բերում անհամեմատ ավելի շատ բարիքներ և պտուղներ: Եկեղեցու պատմությունից կարելի է բազմաթիվ օրինակներ բերել այս ճշմարտությունը հաստատելու համար: Այսպես, մենք գիտենք, որ նահատակները իրենց կյանքը զոհաբերում էին հանուն Աստծո, հանուն Քրիստոսի և այդ զոհաբերություններից ծնունդ առավ Քրիստոսի տիեզերական Եկեղեցին` տարածվելով ամբողջ երկրի երեսին: Չէ՞ որ մարտիրոսական արյունը դարձավ այն հիմնաքարը, որի վրա հաստատվեց քրիստոնեական դարաշրջանը, որը հեղաշրջեց ու կերպարանափոխեց ողջ աշխարհը: Նաև մեկ ուրիշ օրինակ. բազում ճգնավորների Աստծուն նվիրված կյանքը դարձավ այն ցորենի հատիկը, որից ծլեցին ու մեծացան հայտնի քրիստոնեական մեծ վանքեր (վանականությունը)` հոգևոր ամրոցներ, որոնք դարերի ընթացքում լույս էին բերում աշխարհին, և տվեցին սրբերի բյուրավոր մի բազմություն, որոնք և պատճառ դարձան անթիվ մարդկային հոգիների փրկության: Զոհը, որը ճգնակյաց սրբերն իրենց կյանքի գնով բերում էին Աստծուն, ուներ այնպիսի մեծ զորություն, որ կարող էր փոխել համաշխարհային պատմության ընթացքը: Աղոթքը` երկու կամ երեք սուրբ կյանքով ապրող մարդկանց, կարող է փրկել աշխարհը մեծ աղետներից:


Զոհաբերման օրենքը գործում է նաև սովորական մարդկային կյանքում, օրինակ պատերազմի ժամանակ: Հերոսներն իրենց արյունն են հեղում, զոհելով սեփական կյանքը, բայց այդ զոհի գնով ձեռք են բերվում անչափ ավելի շատ բարիքներ` երկար, ազատ և բարեկեցիկ մի ողջ ազգի կյանք: Եվ Աստծուն հաճելի է լինում այդպիսի զոհը` հերոսական մահը: Բացի այդ, այսպիսի մահը մեծագույն բարիքներ է բերում նաև իրեն` իր կյանքը զոհաբերող հերոսին: Սուրբ Պաիսիոս Աթոսացին ասում էր, որ պատերազմի ժամանակ զոհաբերվելը կարող է մեծապես Աստծո ողորմությունը շարժել, և որ հերոսները չեն մեռնում, որ նրանցից մահն է վախենում:
Առանց զոհողության անհնար է Աստծուն հաճելի լինել և փրկվել, և հավանական է նաև այդ պատճառով է, որն Աստված թույլ է տալիս երկրի վրա պատերազմներ և այլ տեսակ փորձություններ: Որովհետև պատերազմի ժամանակ մարդիկ հայտնվում են այնպիսի պայմաններում, որ հաճախ ստիպված են լինում զոհաբերել իրենց անձերը հանուն ուրիշների, այն դեպքում, երբ խաղաղության ժամանակ նրանք երբեք նման բան չէին անի: Այսպես, նաև հիվանդությունները և վշտերը ակամա զոհաբերություններ են մեր կողմից, քանի որ չենք բերում կամավոր զոհողություն: Սրբերը կամավոր էին իրենց զոհաբերում Աստծուն և ծառայում մարդկանց կամ նահատակությամբ, կամ խստակրոնությամբ` պահքով, անդադար աշխատանքով, գիշերային հսկումներով: Իսկ քանի որ մենք նման զոհողություններ չենք կատարում, ապա մեզ բաժին են ընկնում նեղություններ և հիվանդություններ, որպեսզի մենք գոնե ակամա զոհաբերվենք: Ի դեպ, պետք է ասել, որ հիվանդություններն ու վշտերը այն ժամանակ են դառնում կամավոր զոհաբերում, երբ մենք տանում ենք դրանք քրիստոնեաբար` վստահելով Աստծուն, արիաբար, առանց տրտնջալու: Սուրբ հայրերից մեկը իր հոգևոր զավակին գրած նամակում ասում է` ծանր հիվանդությունը, որ պատահեց քեզ, դարձրու կամավոր զոհաբերություն` Աստծուն գոհաբանելու միջոցով, որպեսզի Աստված ընդունի այն անուշահոտ խնկով լցված բուրվառի նման:


Զոհողությունը մարդու հոգում ծնում է երկնային ուրախություն, քանի որ այսպիսով մարդ ստանում է Աստծուց շնորհ և ողորմություն: Դա տեղի է ունենում նրա համար, որ ինքնազոհողությամբ մարդը նմանվում է Քրիստոսին և Նրա հետ հաղթում է աշխարհին, դուրս է գալիս իր եսական ձգողականությունից, բարձրանում է էգոիզմի ճահճից, իր անձից վեր է բարձրանում: Այսպիսով, երկրավորը զոհելով, մարդը ձեռք է բերում երկնայինը` հրաժարվելով մարդկայինից, ստանում է աստվածայինը և ապրում է արդեն գերբնական կյանքով:
Սուրբ Պաիսիոս ծերը պատմում էր երիտասարդ ժամանակ իր հետ պատահած մի դեպքի մասին, երբ նա պատերազմի դաշտում էր: Կռիվներից մեկի ժամանակ նա գտնվում էր խրամատի մեջ, որը նա փորեց այդ տարածքում ուժեղ հրետակոծության պատճառով: Հանկարծ կողքին հայտնվում է մահու չափ վախեցած մի երիտասարդ զինվոր և չունենալով թաքնվելու որևէ հնարավորություն, սկսում է խնդրել Պաիսիոսին (որին մինչև վանական դառնալը կոչում էին Արսենիոս) թույլ տալ իրեն մտնել իր խրամատի մեջ: Սակայն, քանի որ խրամատում երկուսի համար տեղ չկար, ապա Արսենիոսը առանց վարանելու զիջեց տեղը զինվորին, իսկ ինքը, ենթարկվելով մահացու վտանգին, դուրս եկավ բաց տեղ: Նրա վրա սկսեցին կրակել, բայց Աստված պահպանեց նրան, գնդակները վրիպում էին, իսկ մեկը «սանրեց» նրա մազերը, վնաս չհասցնելով գլխին: Հայր Պաիսիոսը ասում էր, որ նա այդ պահին մտածում էր, որ ավելի լավ է իրեն սպանեն, քան հետո ամբողջ կյանքի ընթացքում նրան խիղճը տանջի: Եվ, զոհաբերելով իր անձը, նա երկնային ուրախություն էր ապրում, նմանվելով Քրիստոսին, որը Իրեն զոհաբերեց հանուն մարդկանց փրկության:


Երբ մարդն իրեն զոհաբերում է հանուն ուրիշների, նա Աստծուն ավելի մերձավոր է դառնում և նմանվում Նրա մեծ զոհաբեր սիրո կատարելությանը: Եղե՛ք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ, ասում է մեզ Ավետարանը... Եվ այսպես, եղբայրներ և քույրեր, սովորենք ինքնազոհողությամբ հաղթել մեր անձերը, պայքարենք մեր մեջ արմատավորված եսապաշտության, փափկասիրության և ինքնահաճության դեմ: Քանզի իրեն զոհաբերելով մարդը կարող է աստվածանման դառնալ, դառնալ ավետարանական այն ցորենի հատիկը, որը հավիտենական կյանքի պտուղներ է բերում: Ամեն:


Ռուսերենից թարգմանեց Դարբասի հոգևոր հովիվ
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ