Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ամեն ինչ կորոշվի «Սանտյագո Բեռնաբեուում»

Ամեն ինչ կորոշվի «Սանտյագո Բեռնաբեուում»
08.02.2019 | 03:21

Կայացավ այս տարվա առաջին էլ կլասիկոն: «Բարսելոնն» ու «Ռեալը» հարաբերությունները ճշտեցին Իսպանիայի գավաթի հանդիպման շրջանակում:
Նկատենք՝ առաջին հանդիպման:
Կիսաեզրափակչի:


Դիմակայությունն ունեցել է ոչ-ոքի ավարտ: Կողմերը փոխանակել են մեկական գոլ: Հաշիվը բացել են մադրիդցիները, հավասարեցրել են կատալոնցիները:
Եթե մի փոքր խորք ենք գնում և հիշում իսպանական ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի այս երկու գերակումբների վերջին հանդիպման 5:1 արդյունքը, որը եղել է երկրի առաջնության շրջանակում, ու համեմատում փետրվարի վեցին կայացածի հետ, փաստորեն «արքայականը» լավ էլ առաջադիմել է:


Չէ, ասածի մեջ վիրավորական շեշտեր չկան, ու պետք էլ չէ փնտրել:
Արդ՝ փոքր-ինչ ավելի մանրամասն այն մասին, թե փետրվարի վեցի երեկոյան ինչ է կատարվել կատալոնյան «Նոու Կամպում»: Խոշոր հաշվով՝ մեկ ամբողջական հրաշալի դիմակայություն, որտեղ առաջին խաղակեսում, արդարացի լինենք, անվիճելիորեն ուժեղ են եղել «սերուցքայինները», երկրորդում՝ դաշտի տերերը:


Նկատենք, որ բարսելոնյան թիմի առաջատարը խաղադաշտ է ելել հանդիպման երկրորդ կեսում, երբ թիմակիցները հավասարեցրել էին հանդիպման հաշիվը. գնդակը համառորեն դիմադրել էր երկու անգամ և միայն երրորդ փորձից էր մտել դարպասային գծից ներս:
Վնասվածք ունեցող Մեսիին տալով խաղալու հնարավորություն, իհարկե համակողմանիորեն քննության առնելով նրա առողջական վիճակը, Վալվերդեն բնականաբար իր թիմի համար ակնկալում էր խաղի առավել ցանկալի ելք, ինչը հնարավորություն կտար ավելի հանգիստ լինել փետրվարի 28-ին «Սանտյագո Բեռնաբեուում» կայանալիք մրցակցությունում:
Չեղավ: Չստացվեց: Այդպես էլ է լինում: Բայց այնպես չէ, թե «Ռեալը» խաղաղ գիշեր է անցկացնելու այդ խաղից առաջ: Բնավ: Սակայն հանգամանքներն այնպես են դասավորվել, որ պատասխան խաղից հաշված օրեր անց «Բարսելոնն» ու «Ռեալը» ուժերը չափելու են նաև երրորդ դիմակայությունում: Դա լինելու է երկրի առաջնության շրջանակում:
Ըստ էության, գավաթային երկրորդ խաղում պարտվող կողմը, իսկ այստեղ, ինչպես ինքներդ էլ եք հասկանում, ոչ-ոքի չի կարող լինել, երրորդ մրցակցությունում վրեժը լուծելու հնարավորություն է ստանալու:


Համենայն դեպս, քիչ մոտիվացիա չէ:
Ամփոփենք: Անկախ նրանից, թե վերջնահաշվում ինչ կլինի ու ինչպես կլինի այս թիմերի հանդիպումներում, խոշոր հաշվով շահողը մնում է համաշխարհային ֆուտբոլը, ֆուտբոլասերը, որը հնարավոր ամեն տեսակի սուր կամ նուրբ զգացողությունների կողքին նաև կատարյալ գեղագիտական հաճույք է ստանում այս թիմերի դիմակայություններից, որովհետև մեծ ֆուտբոլի հետ հանդիպումը չի կարող հոգու տոն չլինել:
Վերջին խոսքից առաջ` մեկ հավելում:


Մինչ այս՝ կողմերը միմյանց հետ ունեցել էին 238 պաշտոնական հանդիպում, 95-ում հաղթանակ են տոնել մադրիդցիները, 93-ում՝ բարսելոնցիները, 50-ում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք: Այս դիմակայությունից հետո այդ հիսունը ավելացավ ևս մեկով:
Հավելենք, որ խաղից հետո կատալոնյան ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն անդրադարձել է թիմի հարձակվող Լիոնել Մեսիի առողջական խնդրին, քանզի այս ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը հանդիպման ելքից ոչ պակաս կարևոր նշանակություն ունի:


«Ամեն ինչ լավ է, սակայն տվյալ պահին մենք գերադասեցինք ռիսկի չդիմել: Նրա մոտ մի փոքր դիսկոմֆորտ է, և մենք որոշեցինք հնարավորինս լավն անել: Այսօր ամեն ինչ նորմալ էր, սակայն մենք որոշեցինք, որ ավելի լավ կլինի Մեսիին խաղադաշտ հանել երկրորդ խաղակեսում: Որոշումները միշտ պետք է ընդունել՝ հենվելով այն բանի վրա, թե որն է թիմի ու խաղացողի համար լավագույնը»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca պարբերականը:
Վալվերդեն մեկնաբանել է նաև հանդիպման արդյունքը:
«Խաղասկզբում նրանք երկար ժամանակ էին տիրում գնդակին: Հետո մենք քիչ-քիչ վտանգավոր պահեր ստեղծեցինք հակառակորդի դարպասին: Իսկ երբ ամեն ինչ մեր ձեռքերում էր, հասանք ոչ-ոքիի: Խաղի ընթացքում մենք տարբեր փուլեր անցանք»,- հավելել է նա՝ այլևս մանրամասների մեջ խորանալու անհրաժեշտություն չտեսնելով:
Ի տարբերություն Վալվերդեի, սա «Ռեալի» գլխավոր մարզչի առաջին էլ կլասիկոն էր: Հաշվի առնելով լայնամասշտաբ փոփոխությունների ուղին բռնած «արքայական» ակումբի ներկայիս վիճակը, թիմը ցույց է տվել գերազանց արդյունք:


Նկատենք, որ խաղի արդյունքին է անդրադարձել նաև «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը, որը եղել է «արքայականի» գոլի հեղինակը. «Կարծում եմ` հանդիպման արդյունքն արդարացի չէ: «Ռեալը» հաղթանակի համար շատ ավելին արեց, քան մրցակիցը: Առաջին խաղակեսում մենք ներեցինք «Բարսելոնին». մենք ունեինք ակնհայտ պահեր, սակայն իրագործել չկարողացանք»,- ֆուտբոլիստին է ցիտում Mundo Deportivo-ն:


Վասկեսը նաև հավելել է, որ թեև պատասխան խաղը լինելու է դժվարին, սակայն իրենք ցանկանում են սեփական հանդիսատեսի առաջ հաղթական հանդես գալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ