Yerevan Perspectives
 

Լեռնային Ղարաբաղ` նորից մաքուր էջից

Լեռնային Ղարաբաղ` նորից մաքուր էջից
10.02.2019 | 13:47

Փետրվարի 16−18-ին Մյունխենում անվտանգության հարցերով հերթական համաժողովն է: Քննարկվելու են Եվրոպայի ապագայի, տրանսատլանտյան հարաբերությունների ու Մերձավոր Արևելքում կոնֆլիկտների հարցերը: Համաժողովին կմասնակցեն 20 երկրների նախագահներ ու վարչապետեր, 500 քաղաքական գործիչներ ու փորձագետներ, 30 քննարկումներ են նախատեսված, 2000 երկկողմ հանդիպումներ տարբեր մակարդակներում: Այդ թվում կարող են հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Մնացականյանը ԵՄ հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ մամլո ասուլիսում ասել է. «Ես լինելու եմ Մյունխենում, այնտեղ է լինելու և Մամեդյարովը: Մեր հանդիպումները Փարիզում ու Դավոսում բավականին էական էին: Այդ հանդիպումների հիմքի վրա մենք քննարկումներ ենք անցկացնում միջնորդների հետ: Ոչինչ չի բացառվում: ժամկետներն ու մյուս հարցերը մենք փորձում ենք համաձայնեցնել, որից հետո հասարակությունը կտեղեկացվի»:

Մնացականյանը նշեց, որ չի կարող խոսք տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական ոչ պաշտոնական հանդիպման մասին, որովհետև հայտնի չէ` վարչապետը Մյունխենում կլինի՞, թե՞ ոչ: Մնացականյանը փորձառու դիվանագետ է, գիտի` ի՞նչ ասել, ե՞րբ ասել ու ինչպե՞ս ասել: Նա արդեն մի քանի հանդիպում է ունեցել Մամեդյարովի հետ ու մի քանի ժամանոց բանակցություններ է վարել: Վերջին հանդիպումը, որ հունվարին Փարիզում էր, դրական գնահատեցին բանակցողներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Առավել ևս, որ այն ժամանակ անոնսվեց Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ (5-րդ) հանդիպումը փետրվարին: Այդ պատճառով էլ ուշադրություն ենք դարձրել Մնացականյանի հայտարարությանը` «Այդ հանդիպումների հիմքի վրա մենք քննարկումներ ենք վարում միջնորդների հետ»: Խոսքը Մինսկի խմբի համանախագահների մասին է: Բայց կան բարդություններ և ինչպես միշտ` մանրամասների մեջ: Նախկինում հնչում էին ձևակեպումներ, որ հենց համանախագահներն են կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումները` առաջարկելով նրանց ինչ-որ նախագծեր, լրացուցիչ միջոցառումներ` ուղղված շփման գծում լարվածության նվազմանը կամ բազային հարցերի լուծման տարբերակներ, որպեսզի, ինչպես ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը «օգնեն գտնել ընդունելի հանգուցալուծումներ»:

Հիմա, ըստ Մնացականյանի, իրավիճակը փոխվել է` արդեն միջնորդների հետ են բանակցություններ վարում օրակարգի շուրջ, որ ձևավորվել է Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումների ու բանակցությունների արդյունքում: Եզրակացությունը` Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով ենթադրվող հանդիպումը, եթե նախապատրաստվում է, ապա երկու երկրների ԱԳ-ների կողից և Մինսկի խումբը միջնորդավորված կապ ունի կամ բոլորովին չունի: Սա առաջին կարևոր կետն է: Երկրորդը` Ալիև-Փաշինյան հանդիպումները Դուշանբեում ու Դավոսում եղել են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի, թեպետ հետո միջնորդները ողջունել են իրադարձությունների այդ ընթացքը: Միջնորդներին հատկապես ոգևորել են Մնացականյանի ու Մամեդյարովի Փարիզի բանակցությունների չբարձրաձայնված արդյունքները, երբ նրանք աջակցեցին կոնֆլիկտի կողմերի «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցների ընդունման» անհրաժեշտությունը: Դա կարող է ընկալվել իբրև քաղաքական իրականություն միայն մեկ դեպքում` մշակվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման կոնկրետ համաձայնագրի նախագիծ, որի ընկալմանը պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիները: Տրամաբանորեն երկու զույգի` Մնացականյան-Մամեդյարով, Ալիև-Փաշինյան, աշխատանքի արդյունքում պետք է ամրապնդվեն ձեռքբերված դիրքերը: Բայց ինչ-որ պատճառով խաթարում է տեղի ունենում, որի պատասխանատվության մի մասը Բաքվի վրա է, որտեղից սփռվում են «առաջիկա հաղթանակի» պանծալի ֆլյուիդներ և պատրանք են ստեղծում, որ Երևանն ահա-ահա ստորագրելու է Ադրբեջանին ձեռնտու պայմաններով համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ: Թեպետ պարզ է, որ կողմերն իրոք որոշակի փոխզիջումային լուծումներ են շոշափել, որոնց մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը Քյոլնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, երբ հայտարարեց, որ «հայկական կողմը չի պատասխանի Ղարաբաղի հարցում փոխզիջումի հարցին, քանի դեռ այդ հարցին չի պատասխանել Ադրբեջանը»:

Ստացվում է, որ պաշտպանության պարտադրված վարչապետն առաջարկում է Ադրբեջանին բացել խաղաքարտերը առաջինը: Բայց դրանից հետո Փաշինյանը ճշտում է, որ նույնիսկ չի քննարկում կարգավորման «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Բաքուն նրան մեղադրեց «բանակցային գործընթացը տապալելու մեջ»: Ավելին` Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի հետ ակտիվ բանակցային գործընթացի հիմքում անխախտ հիմք է` շրջանների վերադարձը Բաքվի վերահսկողության տակ: Դա նշանակում է Փաշինյանին քաշել` ստեղծելով տպավորություն, որ նա, պարզվում է, բանակցել է Բաքվի հետ միայն ադրբեջանական առաջարկների հիման վրա, այլ ոչ թե փոխզիջումային տարբերակների: Հիմա Հայաստանի վարչապետւ հակագրոհի է անցել` հայտարարելով, որ «Հայաստանի համար գերակա են Ղարաբաղի անվտանգության ապահովումն ու ներգրավումը բանակցային գործընթացում»: Դա Ալիևին առաջարկվող բանակցային նոր օրակարգ է: Դժվար է ասել` ինչու՞ բանակցային գործընթացում այդպիսի ձևափոխում եղավ: Իմ կարծիքով` ոչ առանց արտաքին միջամտության գործոնի: Բայց` ո՞վ, ինչու՞ և ինչպե՞ս… Հարցեր են: Ակնհայտ է, կոնֆլիկտի կարգավորման դիվանագիտական ճեղքումների նախկին պայմանները կամ անհետանում են, կամ նեղացվում: Այդ թվում` «բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելը», որովհետև այդ թեզի մեջ իսկզբանե լուրջ մեթոդոլոգիական թերություն կար ընդհանուր հայտարարի բացակայության պատճառով կոնֆլիկտի կարգավորման բազային սկզբունքների շուրջ: Նշանակում է` հետագայում իրավիճակը վերադառնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկողության տակ: Վերջին փորձը ցույց տվեց` ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պես բարդ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել Մնացականյան-Մամեդյարով մակարդակի 5-6 հանդիպումներում կամ Ալիև-Փաշինյան «ոտքի վրա» բանակցություններում, քաղաքական միրաժ է: Ցանկացած համաձայնություն պետք է հանգամանալից նախապատրաստել գործիմաց փորձաքննության մակարդակով, պետք է անցկացվի լուրջ տեղեկատվական-լուսավորչական ու կրթական աշխատանք` բնակչությանը բացատրելու կողմերի հնարավոր զիջումների գինը: Միայն այդ ժամանակ հնարավոր է համատեղ կանխել հնարավոր արտաքին ճնշումը: Առայժմ դա չկա, քանի գերակայում է «ով ում կխորամանկի» կանոնը, ոչինչ չի ստացվի: Որովհետև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը արդեն վաղուց միայն Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը չէ, նույնիսկ երկու պետությունների ներքին քաղաքականության խնդիրը չէ: Դա վաղուց արդեն աշխարհաքաղաքականություն է, որ կապված է Մեծ Մերձավոր Արևելքի տուրբուլենտությանը: Հիմնարար հարցերը չհասկանալը դիվանագիտական փակուղի է տանում: Այդ պատճառով էլ` եթե Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով հանդիպում կայանա էլ, նրանք ստիպված են սկսել մաքուր էջից:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Քաղաքական միրաժները ստեղծում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլև փորձագետներն ու լրագրողները, նրանք փաստաթղթեր չեն ստորագրում, առաջադրում են տեսակետներ ու վարկածներ, հետո հրաժարվում ու նորից սկսում: Բայց դա արդեն ոչ թե մաքուր, այլ` խզբզած էջ է լինում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao