ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը դժվարանում է կառավարության գործունեության ծրագրին բնորոշում տալ և կարծում է, որ կառավարությունը փորձել է զգուշավոր լինել: «Առաջարկում եմ սպասել և առաջիկա օրերին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ բնորոշիչները կլսենք։ Բայց իմ կարծիքով, իրատեսական ծրագիր է, կարող էր մի քիչ ավելի համարձակ քայլերի գնալ կառավարությունը», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաբկեն Թունյանը։
Հարցին` ինչո՞ւ կառավարությունը չի գնացել համարձակ քայլերի, Թունյանը պատասխանեց, որ կառավարության անդամները հավանաբար այդ հարցերին կպատասխանեն ծրագրի նախագծի քննարկման ընթացքում։ Համարձակությունը, ըստ պատգամավորի, կարող էր արտահայտվել ոչ թե 5, այլ ավելի բարձր տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսմամբ։ «Չեմ ասում ավելի բարձր, ֆանտաստիկ թռիչք կանխատեսել, բայց կարելի էր։ Բայց մյուս կողմից ավելի լավ է քիչ թիրախ դնել, բայց հասնել ավելիին», - նշեց Թունյանը։