Yerevan Perspectives International Music Festival
 

«Հրանտ Դինքն այդ ձկան հետ լացող մեկն էր»

«Հրանտ Դինքն այդ ձկան հետ լացող մեկն էր»
12.02.2019 | 01:08

Առաջին անգամ Թուրքիայում հեռարձակվելու է հայկական հեռուստաալիք: «Լույս TV-ն» Թուրքիայի ժուռնալիստների միության միակ հայ անդամ, հայտնի սպորտային խրոնիկագիր, «Լույս» թերթի հիմնադիր ԱՐԱՄ ՔՈՒՐԱՆԻ նախագիծն է: Այդ առթիվ նա ասաց. «Հայկական հեռուստաալիքը շատ անհրաժեշտ է պոլսահայ համայնքին: Կար այդպիսի անհրաժեշտություն, և մենք այդ երազանքն իրականություն դարձրինք»:
«Լույս TV-ի» առաջին հեռարձակումն ուղիղ եթեր էր` հունվարի 6-ին՝ Պոլսի Սուրբ Վարդանանց և Գումգաբու թաղամասի Սուրբ Մարիամ եկեղեցիներից, երբ Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը:


...Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում է գտնվում «Լույս» թերթի խմբագրությունը: Այնտեղ հասա Սկյութարի Սուրբ Խաչ Դպրեվանքի աշխատակից Հարությունի ուղեկցությամբ՝ հաղթահարելով վերընթաց ու վարընթաց երկարաձիգ, նեղլիկ փողոցների շղթան: Վերջապես իրար նման, իրար կպած շենքերից մեկի շքամուտքի վրա Հարությունը կարդաց որոնած «Լոյս» անունը: Զանգը հնչելուն պես դուռը բացվեց, ու ժպտադեմ մեզ ընդառաջ եկավ խոշորակազմ, համակրելի դեմքով մի տղամարդ, նույն ինքը՝ Արամ Քուրանը:Առաջին հարկում գտնվող խմբագրության տարածքն սկզբում ճնշող տպավորություն թողեց պատուհան չլինելու պատճառով, սակայն պարոն Քուրանի և նրա դստեր՝ խմբագրության երիտասարդ աշխատակցուհի Բելինդայի անմիջական ընդունելությունը մոռացրեց դրսի լույսի պակասը:
Հսկա Ստամբուլի գրեթե ամբողջ տարածքում շենքերը, շինությունները կիպ կպած են իրար, ամեն քառակուսի մետրը ջանադրաբար օգտագործված է հնարավորինս նպատակային, հատկապես գլխապտույտ ոլորուն սանդուղքները դրա վառ օրինակն են: Եվ այստեղ՝ «Լույսի» խմբագրությունում, նույնպես զգացվում էր ոչ ընդարձակ տարածքը հնարավորինս նպատակային օգտագործելու ճիգը:


Ակամա հիշեցի խորհրդային տարիների մեր խմբագրության՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի ազատ-ընդարձակ հարկաբաժինը, որտեղ յուրաքանչյուր աշխատողի առանձին հարմարավետ, մեծ պատուհանով աշխատասենյակ էր հատկացված, և մտքումս սրտանց կամեցա, որ «Լույս» թերթն ու շուտով այդ նույն տարածքից հեռարձակվող «Լույս TV-ն», չնայած Ստամբուլում, ինչպես և ամենուր, գնալով աճող թանկացումներին , մի օր ունենան իրենց անունին համահունչ լուսառատ տարածք:

«ԼՐԱԲԵՐԸ» ՆԱԽԱՍԿԻԶԲ ՈՒ ՊԱՏՃԱՌ ԵՂԱՎ «ԱԿՕՍԻ» ԾՆՆԴՅԱՆ»


Նախքան դեռ կայացման ընթացքում գտնվող «Լույս TV-ի» մասին խոսելը, պարոն Քուրանին խնդրեցի պատմել լրագրության, հրատարակչական աշխատանքի հանդեպ իր մեծ սիրո մասին՝ ինչպես ներկայացրել էին նրան պոլսահայերը:
-Հայրս՝ Արթին Քուրանը, երբեմնի օսմանական կայսրության «Բաբը Ալի» (Բարձր դուռ) պալատում էր աշխատում, որտեղ գտնվում էր բուն օսմանական գրատունը: Հանրապետության տարիներին այն արդեն խորհրդանշական երևույթ ուներ և մինչև 20 տարի առաջ Ստամբուլի լրագրերի հրատարակման, տպագրական, հրատարակչական կենտրոնն էր: Եթե հիմա փողոցում պատահած տարեց մի թուրքի հարցնեք «Բաբը Ալիի» մասին, անմիջապես կպատասխանի. «Ո՞ր թերթը, ո՞ր տպարանը, ո՞ր ամսաթերթն եք ուզում»: Հայրս հմուտ գրաշար էր՝ մյուրեթիպ, այսինքն՝ ծայրագույն, ամենամեծ, վարպետաց վարպետ: Այդ գործի հանդեպ սերը հորիցս եկավ: Ես շարունակեցի նրա գործը: Տպարան ունենք, որտեղ անցյալում օրաթերթեր էինք տպագրում: Ամենադժվարը «Կուլիս» ամսաթերթի շապիկների տպագրությունն էր, օֆսեթ եղանակով տպագրություն միայն մենք ունեինք: Թուրքիայում հայերի տպագրած այս ամսաթերթն ամենահայտնիներից էր մշակութային, թատերական թեմաներով իր հրապարակումներով, թատերական, մշակութային միջավայրում մեծ տեղ ուներ:


Հրատարակչական գործին զուգընթաց՝ 16 տարի աշխատել եմ ֆուտբոլի ֆեդերացիայում որպես խրոնիկագիր, հրատարակիչ: Այդ շրջանում տպարանը շարունակում էր գործել: Հայոց պատրիարքարանում ծանոթացա Մեսրոպ սրբազան Մութաֆյանի հետ, դեռ պատրիարք չէր: Այդ օրը մի քանի ժամ մասնակցեցի արարողությանը, հետո զրուցեցինք: Երբեք չեմ թաքցրել, որ թուրքական դպրոց եմ գնացել: Մութաֆյանին ասացի, որ ուզում եմ թուրքերեն գրքույկներ հրատարակել, որպեսզի հայախոս չեղող ժողովուրդն էլ կարողանա մասնակցել պատարագին: Նա ասաց. «Քանի որ այդպիսի միտք ունես, շաբաթաթերթ հրատարակիր, անունը՝ «Լրաբեր»:
Այդ օրվա պատարագի աղոթքները, ավետարանի համապատասխան հատվածները թուրքերենով տպագրեցի առանձին գրքույկներով և պատարագից առաջ դրանք բաժանում էի եկեղեցում: Արդեն Մութաֆյանի պատրիարք լինելու շրջանում հրատարակվող «Լրաբերը» մեծ ընդունելություն գտավ թե՛ թուրքերեն, թե՛ հայերեն լեզվով: Եվ հենց այս թուրքերեն-հայերեն «Լրաբերը» նախասկիզբ ու պատճառ եղավ «Ակօսի» ծննդյան: Հիմա «Լրաբերը» ինտերնետային թերթ է:


Նախքան «Լրաբերը» Թուրքիայում հայերը չէին կարողանում հաղորդակցվել եկեղեցու կյանքին, պատարագների, եկեղեցական տոների ոգին հասու չէր նրանց: «Լրաբերը» սկիզբ եղավ, որպեսզի եկեղեցին կարողանա գոնե մի քիչ օտար լեզվով պատմել, ներկայացնել:
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կարողացավ կրոնական մշակույթը բացատրել, հասցնել ժողովրդին, օրինակ՝ տոների իմաստները, թե որ տոնն ինչ խորհուրդ ունի, ինչ է ներկայացնում: Այդ ճանապարհին եկեղեցին վերածնունդ ապրեց, ու այդ առումով «Լրաբերը» շատ կարևոր դեր խաղաց թրքահայության մեջ: Անցյալում եկեղեցի էին գնում գնալու համար, պարզապես կերթային, կուգային: «Լրաբերի» միջոցով մասնավորապես երիտասարդները կարողացան հասկանալ` ի՛նչ է հայոց եկեղեցին և ինչի համար, հետևաբար մեծ ձգտում առաջացավ, սկսեցին հաճախել եկեղեցի:


Մութաֆյան պատրիարքը և «Լրաբերը» հայոց եկեղեցու վերածննդի պատճառ եղան: 2000-2004 թթ. նրա ջանքերով պատրիարքարանի շենքը հիմնանորոգվեց բարերարների օժանդակությամբ։ Այս ամենի հետ պետք է հիշատակել հատկապես «Ժամանակ» և «Մարմարա» օրաթերթերի կարևոր դերը, որոնք օսմանյան ժամանակներից ի վեր եղել են հայ ժողովրդի հետ, լուրեր են հաղորդել և իրենց գործունեությունը, գոյությունը շարունակելու համար ջանք թափել: Եվ առանձնապես հիշատակենք «Ակօսը», հիշատակենք պատվով, հարգանքով:
Նկատի առնելով, որ ես հորիցս փոխանցված հրատարակչական, տպագրական աշխատանքի փորձ ունեի, Հրանտ Դինքն «Ակօսի» առաջին համարի տպագրությունն ինձ վստահեց: Տպագրեցինք «Ջումհուրիեթ» օրաթերթի տպարանում և «Ակօսի» լոգոյի աշխատանքն էլ միասին արեցինք: Այս ամենն ինձ համար անմոռանալի է:


Այս շրջանում նաև «Մարմարա» օրաթերթի թուրքերեն բաժնում թերթի խմբագրապետ, գրող Ռոպեր Հատտեճյանի հետ հոդվածներ էի տպագրում: Հատտեճյանը գնահատելի գործ է արել, պոլսահայության ամենավաստակաշատ, կարևոր գրողներից է:
Բախտ ունեցա աշխատելու նաև Երվանդ Գոբելյանի հետ, նրանից շատ կարևոր բաներ իմացա և ուզեցի իմացածներս հաղորդել հաջորդ սերունդներին: Նրա միջոցով Շիշլիի հայոց գերեզմանատան մեջ հայ մտավորականների պանթեոնն ուսումնասիրեցի, հաղորդակցվեցի հայ մեծերի ոգուն, ծանոթացա նրանց ազգանվեր ուղու մանրամասներին: Երբ շրջում էի անցյալ դարձած հայոց երևելիների շիրիմների ուղիներում, լռության մեջ պատմության շատ խոր ու խորհրդավոր էջեր բացվեցին իմ առջև, և շատ կուզեի հայոց անցյալի խոսուն պատմությունները, որ լուռ են Շիշլիի գերեզմանատան մեջ, ներկայացնել մեր ժողովրդին, եկող սերունդներին: Մտադրությունս հայտնեցի Սուրբ Երրորդության եկեղեցու խնամակալներին, և գրեթե երեք տարի Երվանդ Գոբելյանն ու ես աշխատեցինք, որի արդյունքում ծնվեց երկու կարևոր գիրք ՝ «100 տարվա կնիքները», «Մտավորականների և արվեստագետների պանթեոնը»: Հայերեն տեքստերը դուստրս՝ Բելինդան, հավաքեց իր համակարգչով: Այսօր «Լույս» ամսաթերթում գրում ենք այդ թեմաներով հոդվածներ, որպեսզի բոլորը ճանաչեն արժանավոր հայերին և օրինակ վերցնեն նրանցից:


Իմ երեք զավակներն ավարտեցին համալսարանի լրագրության և հրատարակչության բաժինները. Բելինդան, Մերին՝ Ստամբուլի Էսկիշեհիր համալսարանը, Հարությունը՝ Ենի յուզյլ համալսարանը, և արդեն մեր երրորդ սերունդն ուզեց շարունակել հորս սկսած գործը: Ես առանձնացա ֆուտբոլի ֆեդերացիայից և որոշեցի մի այնպիսի թերթ հրատարակենք, որը մրցակից չլինի «Մարմարա», «ժամանակ», «Ակօս» թերթերին, այլ նրանց ճամփով գնալով՝ իր ուրույն բնույթն ունենա, որպես «Լույս»՝ տարբերվի: Փորձություններ անցել էինք: Որոշեցինք, որ եթե «Լրաբերը» գունավոր էր տպագրվում, այդպես էր հայտնի ընթերցողների շրջանում, թող «Լույսն» էլ գունավոր տպագրվի: Այս թերթում ներկայացնում ենք մկրտության, ամուսնության և այլ իրողությունների վերաբերյալ նյութեր՝ նախապես համաձայնեցնելով նրանց հետ, ովքեր կազմակերպում են այդ արարողությունները: Կան մարդիկ, որ իրենք են առաջարկում լուսաբանել միջոցառումը: «Լույսը» հայերեն-թուրքերեն թերթ է, տպագրվում է ամիսը երկու անգամ, այն օրաթերթ դարձնելու ձգտում կա: «Թուրքիշերլայն» պետական ավիաընկերության հովանավորությամբ տպաքանակի մի մասը հասցնում ենք Գերմանիա, Ֆրանսիա, Ամերիկա, Կանադա:

«ՅՈՒՆԵՍԿՕ»-Ն ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ ՄՏՑՐԵՑ «ԱՇԽԱՐՀԻ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՏԼԱՍՈՒՄ»


-Պարոն Արամ, այցելածս դպրոցներում, Հայոց պատրիարքարանում հայերեն խոսակցություն քիչ լսեցի: Պատարագի ընթացքում, հարսանիքի, հոգեհանգստի արարողությունների ժամանակ թուրքերեն խոսքն է գերիշխում: Դուք ասացիք, և ուրիշներն էլ մտահոգություն են հայտնում, որ շատ պոլսահայեր այսօր չեն կարևորում հայերենը, պատճառաբանելով, որ այսօրվա կյանքի հարահոսին համահունչ չէ, օգտակար չէ:
-Իմ երկարամյա հրատարակչական գործունեության ընթացքում զգացի՝ ինչպես է արևմտահայերենը զիջում իր դիրքերը, գունատվում: Արդեն իսկ 2010 թ. փետրվարին ՅՈԻՆԵՍԿՕ-ն արևմտահայերենը մտցրեց իր «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասում»՝ «Հաստատորեն վտանգված» կարգավիճակով, անհետացման վտանգի մատնված լեզուների թվում: Ինչ-որ կերպ այս անկման վտանգին հակազդելու մղումով՝ արևմտահայերենին տեղ տվեցինք և՛ թերթի լոգոյում, և՛ թերթի ամեն համարում հայերեն նյութեր ենք ներկայացնում: Եթե թուրքերեն մեծ հոդված է, դրան զուգահեռ՝ նաև հայերեն համառոտ տարբերակն ենք դնում, որպեսզի ժողովուրդը հայերենով հետաքրքրվի, ցանկանա հայերեն կարդալ:
- Հեղինակներ, թղթակիցներ ունե՞ք:
-Մոտավորապես երեսուն հեղինակ ունենք, և նրանց գլխավորը՝ Շահնուր Քազանչյանը, հրատարակչության տնօրենն է:

«ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ՍԻՐՈ ՊԱԿԱՍՆ Է...»


-«Լույս» թերթը և ահա՝ «Լույս TV-ն»: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայկական հեռուստաալիք է հեռարձակվելու: Ինչպե՞ս ծնվեց այն հիմնելու գաղափարը:
-35 տարվա լրագրողական գործունեությունս ինձ հասցրեց այդ նախագծին, որ պոլսահայ համայնքին հայկական հեռուստաալիքն անհրաժեշտ է: Մենք ջանք չխնայեցինք աու այդ երազանքն իրականություն դարձրինք: «Լույս TV-ն» հեռարձակվելու է օրը երեք անգամ՝ հայերեն և թուրքերեն լուրերի թողարկումներ են լինելու ժամը 08.00-ին, 12.00-ին, 19.00-ին: Դեռ փորձարկման փուլում ենք: Առաջին փորձնական հաղորդումը եղավ 2017 թ. օգոստոսին: Շահնուր Քազանչյանը հարցազրույցներ վարեց Գարեգին սրբազան Բեկչյանի և Սահակ սրբազան Մաշալյանի հետ: Մինչև 2018 թ. ապրիլը 6 փորձնական ծրագիր է արվել: 2019 թ. հունվարի 6-ին առաջին անգամ ուղիղ հեռարձակում եղավ Պոլսի Սուրբ Վարդանանց և Գումգաբու թաղամասի Սուրբ Մարիամ եկեղեցիներից, երբ Հայ եկեղեցին տոնում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:
-Միայն օրվա լուրե՞րն են հեռարձակվելու:
-Անշուշտ, լինելու են հայ համայնքին վերաբերող, հայ համայնքին հետաքրքրող՝ արվեստի, առողջապահության, տնտեսական, քաղաքական, խոհանոցային թեմաներով հաղորդումներ, նաև՝ պոլսահայ համայնքի կարևոր տոնական օրերի հատուկ եթերներ: Այստեղ, ուր հիմա զրուցում ենք, ղեկավարության աշխատասենյակն է: Համակարգչային մասը և այլ սարքավորումներ կողքի հատվածում են: Ներքևի հարկում ստուդիան է, որտեղից հեռարձակվելու են հաղորդումները:
-Դժվա՞ր էր երազանքն իրականություն դարձնելը: Ինչի՞ պակաս կար:
-Այսօր ամենամեծ խնդիրը սիրո պակասն է: Ես, ընդհանրապես, զգացմունքներով այրվող անձ եմ, էմոցիոնալ: Ինչ գործ ուզենաս՝ առանց սիրո անհնար է իրականացնել: Եթե սիրով ես անում, անկարելի է, որ հաջողությամբ չպսակվի: Եթե սիրահարվում ես, սիրում ես, կվնասե՞ս: Մեր ապրած այս հողակտորի միջավայրը շատ դժվար է: Այստեղ ապրելը դժվար է: Պետք է ոտքի պահել մեր թերթերը, միությունները, հոգևոր, մշակութային այլ օղակներ: Հետևաբար՝ ըսի-ըսավները, կռիվները մեզ համար մտահոգիչ վերջին բանը պետք է լինեն: Ես չեմ կարծում, որ եղած խնդիրներն անլուծելի են: Անպայման կլուծենք դրանք: Բայց խնդիրներից խոսելիս պետք է պարզապես իրար չնայենք, ջերմորե՛ն պիտի նայենք իրար աչքերի...

«ԵՍ ՀԱՅԵՐԻՆ ՀՐԱՆՏԻ ՄԵՌԱԾ ՕՐԸ ՃԱՆԱՉԵՑԻ ԵՎ ՏԵՍԱ, ՈՐ ԴՈՒՔ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԱՅՍ
ԵՐԿՐԻՆ ՇԱՏ ԲԱՆ ԵՔ ՏՎԵԼ»


- Ասացեք՝ ո՞վ է ձեզ համար հայը, ինչպե՞ս կբնորոշեք հային:
-.... Մի քանի գրիչ է պետք, որ գրեմ ձեր հարցումի պատասխանը, բայց այս պահին իմ կյանքի մի շերտը պատմեմ միայն: Երբ գնացի Անկարա՝ թերթի և հեռուստաալիքի հրամաններն ստանալու, ոչ մեկ դժվարություն եղավ: Օգնեցին անգամ: Բարձրագույն պաշտոնյա անձերից մեկն ինձ ասաց. «Պարոն Արամ, ուզում եմ հարց ուղղել, բայց երկմտում եմ՝ ասե՞լ, թե՞ ոչ: Կարտոնե՞ք հարցնեմ»: Ասացի՝ անշու՛շտ: «Ես հայերին Հրանտի մեռած օրը ճանաչեցի և տեսա, որ դուք որպես հայ այս երկրին շատ բան եք տվել թե՛ ճարտարապետության, թե՛ արհեստների, թե՛ կենցաղի ու խոհանոցի բնագավառներում: Առավելապես տպավորիչ է, որ թրքական լեզվի քերականությունը հայ է գրել՝ Հակոբ Դիլաչարը»: Ասացի. « Թուրքիայում շատերը չգիտեն, որ Դիլաչարը հայ է եղել՝ Հակոբ Վահանի Մարթայան: Մարթայանը հայտնի լեզվաբան էր, մանկավարժ, թուրքագետ: Բացի հայերենից ու թուրքերենից՝ ևս 22 լեզու գիտեր՝ հունարեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն, լեհերեն, բուլղարերեն և այլ լեզուներ: Նա շատ բան է արել հայ մշակույթի համար, ավելին կաներ, եթե պահանջը լիներ: 1936-1950 թթ. Անկարայի համալսարանում լեզվաբանության պատմություն և ընդհանուր լեզվաբանություն է դասավանդել: Հեղինակ է թուրքերենի տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք մենագրությունների:

Մասնակցել է թուրքերենի լատինատառ այբուբենի ստեղծմանը:
Արդի թուրքերենի հիմնադիրն է: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը նրան ասել է. «Դու թուրքերեն նոր լեզվի ստեղծման համար այսպիսի նպաստ բերեցիր, ես քեզ Դիլաչար (լեզու բացող) մականունն եմ տալիս և քո ազգանունը չեմ ուրանա՝ Հակոբ Մարթայան Դիլաչար: Իսկ երբ 1934 թ. ընդունվեց ազգանունների մասին օրենքը, Հակոբ Մարթայանն առաջարկեց Մուսթաֆա Քեմալին տալ Աթաթուրք մականունը, որ նշանակում է թուրքերի հայր: Անկարայում Հակոբ Դիլաչարի անունով փողոց կա, սակայն Հակոբ անունը չեն գրել, և անցորդները չեն էլ պատկերացնում, որ Դիլաչարը Հակոբ անունով հայ է եղել:
Նաև ասացի. «Կուզեմ, որ աշխարհի վրա ոչ մեկ մարդ իր մտածումների պատճառով չսպանվի, բայց, դժբախտաբար, մենք այդ ցավալի պահն ապրեցինք: Ամառները Հրանտի հետ ձուկ բռնելու էինք գնում: Երբ մի օր կրկին երկուսով էինք, Հրանտը սկսեց կարթաձողը քաշել: Հարցրի՝ ի՞նչ եղավ: Ասաց. «Կուգա կոր»: Քրլանգչը շատ սիրուն, հսկա ձուկ է: Այդ ձկան հեքիաթը պատմեցի այդ մեծավորին. «Երբ այդ ձուկը ջրից դուրս կուգա՝ կուլա, և ձկնորսն այդ լացը կտեսնի: Հրանտ Դինքն այդ ձկան հետ լացող մեկն էր: Հայը ձկի հետ, ձկի համար լացող մեկն է: Մենք այդպիսի ազգ ենք»: Պաշտոնյան ասաց. «Հրա՜շք ...»:
-ՈՒնե՞ք ձգտումներ, որ դեռ պիտի իրագործեք:
-Եթե սկզբի հետ համեմատենք, մեր ձգտածին հասանք: Եթե իմ ուզածը կհարցնեք, կուզենայի թերթում և եթերում հայերեն խոսքն ավելացնել, լուսաբանել հայկական կյանքի խնդիրներ, հոգևոր կյանքը, հեռարձակել պատարագները : Ամեն բան լավ կլինի: Կլուծենք:
-Դուք նպատակասլաց, կյանքի թրթիռներով ապրող մարդ եք, ձեր հոգին հայկականությամբ է տրոփում, և այնտեղ տաք կարոտներ կան: Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: Ձեզ լուսառատ եթեր եմ մաղթում:
-Երբ վերադառնաք Երևան, բարևս և սերս հաղորդեք Րաֆֆի Հերմոն Արաքսին: Միասին աշխատել ենք: Նա «Լույսի» խմբագրական կազմի խորհրդականն էր, խրոնիկագիր:


Զրույցը`
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ

Հ.Գ. Շորհակալություն Պոլսի Սկյութարի Սուրբ Խաչ Դպրեվանքի աշխատակից Հարությունին՝ իմ հարցազրույցներին սիրահոժար, պատրաստակամ աջակցելու, երբեմն էլ թարգմանչի դեր ստանձնելու համար:

Դիտվել է՝ 2206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao