Համերգ` նվիրված Զարեհ Սահակյանցի հիշատակին
 

«Առանց համակարգված գրաքննադատության գրական ընթացք չենք կարող ունենալ»

«Առանց համակարգված գրաքննադատության գրական ընթացք չենք կարող ունենալ»
12.02.2019 | 02:31

Բանաստեղծ ԲԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ համոզված է՝ սերը փրկօղակ է և ոչ միայն մեր երկրի, այլև աշխարհի համար: Քաղաքացիական պոեզիան, ըստ նրա, չպիտի լինի քարոզչական, բանաստեղծը չպիտի տրվի քաղաքական կրքերին:

-Ձեր բանաստեղծությունները հիմնականում սիրո մասին են: Ասում եք. «Սերը փրկօղակ է հենց մե՛ր աշխարհի համար և մանավանդ մե՛ր օրերում»: Այսօր, հասարակական-քաղաքական այս եռուզեռի մե՞ջ էլ կարող եք կրկնել այդ միտքը: Կարծես մի բան փոխվել է հենց մեր երկրում, հենց այսօր, կամ, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել:
-Սերը փրկօղակ է, իսկապես... Եվ ո՛չ միայն մեր երկրի, այլև աշխարհի համար: Կհաստատեմ ասածս նորից՝ մանավանդ մեր օրերում: Չսիրված, սեր չզգացող մարդը չի կարող լավատես լինել, հանդուրժել, ներել, ստեղծագործել: Կա լատինական մի հրաշալի ասացվածք. «Մարդկային ցեղի ողջ խնդությունը սերն է»:
-Ի՞նչ եք կարծում՝, երբ մեծից փոքր, խանութպանից մինչև նախարար խոսում են քաղաքականությունից, հնարավո՞ր է գրել մեկ այլ բան, թե՞ քաղաքականացված պետք է լինի նաև պոեզիան:
-Լավ օրից չէ, որ բոլորը, արդեն քանի՛ տասնամյակ (ընտրական և հետընտրական շրջանում հատկապես), խոսում են քաղաքականությունից: Բանաստեղծը չպիտի տրվի քաղաքական կրքերին: Բոլորովին այլ բան է քաղաքացիական պոեզիան, այն նույնպես չպիտի լինի ինքնուրույնությունից զուրկ, քարոզչական: Բանաստեղծություն գրելու հատուկ ժամեր չկան, այն սրտի ձայն է, խիստ անհատական: Պոետները կարող են ազդել քաղաքականության վրա, պատերազմներ կանգնեցնել, ոգևորել մարտում կռվողներին, սխրանքի կոչել: Մի՞թե քիչ է դա:
-«Փարոսները հայտնի և անհայտ» գրքին ի՞նչ գրքեր են հաջորդելու: Կա՞ արդեն ուրվագիծը:
-Գիրք ունենալը ինքնանպատակ չի եղել ինձ համար: Ինչպես երեք տարի առաջ, այնպես էլ այսօր կարևորում եմ գրական մամուլում բանաստեղծական նոր շարքերով հանդես գալը, որն օգնում է ինձ ճշգրտումներ անել հաջորդ գրքիս շարքերի, կառուցվածքային առանձնահատկությունների առումներով ևս: Հավանաբար մեկ պոեմ նույնպես կընդգրկեմ երկրորդ ժողովածուում:
-Ինչպե՞ս եք Ձեր գրականությունը հասցնում ընթերցողին: Կարելի՞ է ասել, որ համացանցն այսօր թիվ մեկ կապի միջոցն է:
-Ընթերցողի հետ հաղորդակցման միջոցները շատ են այսօր: Տպագրվում եմ գրական հանդեսներում, սակայն, ինչ խոսք, առաջին տեղում համացանցն է: Հատկապես ֆեյսբուքյան գրական տարածքներն են շատ: Ինձ համար առավել հոգեհարազատ է գրականագետ, գրաքննադատ Անի Փաշայանի «Գրականություն» ֆեյսբուքյան խումբը, որի ադմիններից մեկն էլ ես եմ: Կարևորում եմ ընթերցողների հետ անմիջական շփումն այստեղ: Իմ և ընթերցողիս հետ կապն իրականություն է դարձել գրադարաններում, դպրոցներում:
-Ի՞նչ կարծիք ունեք հայաստանյան գրքի շուկայի մասին: Գրախանութներ են բացվում, փորձ է արվում ամրացնել գրող-հրատարակիչ-ընթերցող կապը, գոնե առերես ամեն ինչ լավ է:
-Գրախանութները շատ անհրաժեշտ են, մեծ նպաստ են բերում մշակույթին նոր բացվող բոլոր գրախանութները: Գրական շուկայում աշխուժություն մտցնող հրատարակչություններ էլ ունենք, սակայն կաղում է, վատ վիճակում է գրական մամուլը: Եթե թարգմանիչներն արժանանում են որոշակի ուշադրության, ապա անտեսված է ամբողջությամբ գրաքննադատությունը: Առանց համակարգված գրաքննադատության գրական ընթացք չենք կարող ունենալ: Գրողի և ընթերցողի համար ամենամեծ աջակցությունն այն կլինի, որ ժամանակակից գրքերով համալրվեն գրադարանները, հատուկ ուշադրության արժանանան դպրոցական գրադարանները: Ոչ թե առերես, այլ խորքայի՛ն պիտի լինի ամեն բարեփոխում:
-Գրողներին գործուղում են դպրոց: Այս մասին մենք ժամանակին երազանքով էինք խոսում, այսօր իրականություն է դառնում: Ի՞նչ գիտեք այս մասին և ի՞նչ կարծիք ունեք:
-Երբ Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Շիրազը, Կապուտիկյանը, Խանզադյանը գնում էին դպրոցներ՝ հանդիպելու աշակերտների հետ, նրանց գիտեին «Հայ գրականություն» առարկայից, կարդում էին ստեղծագործությունները, գրադարաններում կային այդ գրողների գրքերը: Այսօր հակառակ վիճակն է, հայոց լեզվի ու գրականության շատ ուսուցիչներ 5-6 ժամանակակից գրողի չգիտեն, էլ ուր մնաց կարդացած լինեն: Պիտի գրականության նոր դասագրքեր կազմվեն, ուսուցիչները վերապատրաստվեն, համալրվեն գրադարանները ժամանակակից գրողների գրքերով, որպեսզի գրողները սպասված հյուրեր լինեն դպրոցներում, ինչպես նախկինում էր: Բայց չեմ բացառում, որ իրենց այցերով հենց գրողները կարող են սեր արթնացնել արդի գրականության հանդեպ:
-Իբրև ՀՀ քաղաքացի ի՞նչ մտահոգություններ ունեք: Ո՞րն է մեր երկրի թիվ մեկ խնդիրը:
-Առաջնային եմ համարում միջին խավի, իսկական միջին խավի ձևավորումը: ՈՒսուցիչը, բժիշկը, արվեստագետը մեր երկրում պիտի լինեն միջին խավի ներկայացուցիչներ և ապրեն արժանավայել: Դպրոցում եմ աշխատում, մանկավարժ եմ, արժեհամակարգն եմ կարևորում, կարդացած, բազմակողմանի զարգացած լինելը: Տարեցտարի ուսման նկատմամբ հետաքրքրությունը նվազում է: Սա եմ մտահոգիչ համարում:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan