Ազգային կինոկենտրոնի քմայքները կամ վերաձևված կանոնակարգ

Ազգային կինոկենտրոնի քմայքները կամ վերաձևված կանոնակարգ
12.02.2019 | 02:33

Տևական լռությունից, կցկտուր հարցազրույցներից և վարպետորեն իրենց հաճո լրագրողներին մամուլի սրահներ հրավիրելուց հետո փետրվարի 1-ին համացանցային տիրույթում կարծես կայացավ Ազգային կինոկենտրոնի բենեֆիսը։


Վաղ առավոտից ֆեյսբուքը ողողվել էր Ռոտերդամի, Բեռլինի փառատոներին կինոկենտրոնի մասնակցությանն առնչվող անդրադարձներով, դրանց հաջորդում էին մեկ տարվա վաղեմություն ունեցող գրառումներ. կինոնախագծերի մրցույթների անցկացման ու ֆինանսավորման, կանոնակարգի հին և նոր տարբերակներ, Հովհաննես Գալստյանի դատական հայցի, հետո էլի Ռոտերդամ ու էլի Հովհաննես Գալստյան…
Հասկացա, որ ինչ-որ «հզոր» ձեռք հրահանգել է «առաջ շարժվել»։ Գրառումների այդ հորձանուտում աչքովս ընկավ մի հայտարարություն, որում ասվում էր, որ Ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2019 թվականին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով: Հիշեցի, որ կանոնակարգի հանրային լսումների ժամանակ վիճահարույց հարցեր կային, և որոշվեց մեկ անգամ էլ հավաքվել ու քննարկումը շարունակել։ Այս պարագայում ի՞նչն էր ստիպել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին ս/թ փետրվարի 1-ի ԿԲ 06 հրամանով հաստատել դեռևս թերի «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգը։ Մի՞թե այն «հզոր» ձայնը, որի արձագանքները տեղ գտան ՖԲ-ի էջերում։ Իսկ տպավորությունը, որ ունեցա հայտարարությունը ուսումնասիրելիս, կարելի է բնութագրել մեկ բառով՝ շոկային:


Ըստ «նորահայտ» կանոնակարգի, հայտերն ընդունվում են 3 անվանակարգում՝
1. Լիամետրաժ խաղարկային և խաղարկային վավերագրական,
2. Կարճամետրաժ խաղարկային և խաղարկային վավերագրական,
3. Լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն:
«Խաղարկային վավերագրականն» էր պատճառը, որ չկարողացա այլևս շարունակել ծանոթությունս կանոնակարգի հետ։ 2018-ի հանրային լսումների ժամանակ քննարկվում էր վավերագրական, խաղարկային և անիմացիոն անվանակարգերում մրցույթների անցկացումը, որտեղի՞ց հայտնվեց խաղարկային վավերագրականը։ Քանի որ հայտարարության մեջ բացատրություն չգտա, դիմեցի «Վիկիքաղվածքի» օգնությանը։ Որպես կատեգորիա այդպիսի տերմին «Վիկիքաղվածքում» էլ չգտա, բայց գտա մեկ այլ բան. 20-ականներին Լև Կուլեշովը նկարահանել էր իր «Կարմիր բանակում» ֆիլմը, որտեղ առաջին անգամ դոկումենտալ նյութը զուգորդել էր խաղարկային տեսարաններով: Հետագայում վավերագրական կինոն բազմիցս օգտագործել է այս ձևաչափը, բայց չէ՞ որ սա հաստատուն և ընդունված կատեգորիա չէ։ Սա ենթակատեգորիա է։ Պարզաբանման համար նամակով դիմեցի Ազգային կինոկենտրոն։ Պատասխանեցին օպերատիվ կերպով: Ներկայացնում եմ ամբողջությամբ.


«Հարգելի պարոն Դավթյան, կինոկենտրոնի ղեկավարությանն ուղղված ձեր սույն նամակը վերահասցեագրվել է `
1. Տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին, որը բացատրում է, որ կինոկենտրոնը վավերագրական ֆիլմերի համար առանձին ֆինանսավորում չի ստանում: Պետական ֆինանսավորման ծրագիրը կոչվում է «Խաղարկային կինոնկարների արտադրություն», որն իր մեջ չի ներառում աջակցություն զուտ վավերագրական կինոնկարներին, ուստի կինոկենտրոնը կարող է գոնե ֆինանսավորել խաղարկային տարրերով վավերագրական նախագծերին:
2. Տնօրենի տեղակալ Վարդան Աբովյանին, որը «խաղարկային վավերագրական» ձևակերպման հեղինակն է` ի տարբերություն «խաղարկային տարրերով վավերագրական» եզրույթի»:
Այսինքն, ինչպե՞ս հասկանանք։ Պետությունը չի աջակցում վավերագրական կինոյին... բայց ազգային կենտրոնի տնօրենի սերը դեպի վավերագրություն այնքան մեծ է, որ նա այս ճանապարհով (փաստորեն՝ խաբելով) որոշել է շրջանցել պետական այրերի որոշումը։ Համաձայնեք, որ ողջունելի զոհաբերություն է։ Իր սերը վավերագրական կինոյի հանդեպ արտահայտելուց զերծ չի մնացել նաև կենտրոնի տնօրենի տեղակալ պարոն Աբովյանը։ Նամակի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ նա, առանց լեզվի տեսչության համաձայնության, առանց ավելորդ քաշքշուկների, պետական կարևոր նշանակություն ունեցող և այդքան սպասված փաստաթղթում «խաղարկային տարրերով վավերագրական» եզրույթը փոխարինել է իր հեղինակած «խաղարկային վավերագրական կինո» ձևակերպումով։ Կառավարության կայքում վերջերս հրապարակված ՀՀ բյուջեի ուղերձում պարզ գրված է։ «Կինեմատոգրաֆիայի ծրագրի շրջանակներում իրականացվող գործընթացները նպատակաուղղված կլինեն խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական կինոնկարների արտադրության աջակցմանը, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանմանը, կինոարվեստի պրոպագանդմանը, տարածմանը, մատչելիության ապահովմանը, հայկական կինոյի ավանդույթների շարունակականության ապահովմանը»: Եվ որտեղի՞ց է ազգային կինոկենտրոնի տնօրինությունը վերցել, որ պետությունը չի հովանավորում վավերագրական կինոն, անհասկանալի է։ Ոչ, ներեցեք, հասկանալի է։ Վերջերս շատ էր խոսվում տարիներ շարունակ պետական աջակցություն վայելող «Հայկ» փաստավավերագրական կինոստուդիայի փակման մասին։ Մենաշնորհային այս կառույցը հնարավորություն է տալիս միանձնյա որոշումների, իսկ հաշվի առնելով նրա ֆինանսավորման և հաշվետվության եղանակը՝ շատ համով և գայթակղիչ պատառ է։ Սեփական նախաձեռնությամբ հեղինակած «խաղարկային վավերագրական կինո» ձևակերպումը Ազգային կինոկենտրոնին հնարավորություն կտա վավերագրական ֆիլմերի ֆինանսների բաշխման պատասխանատու համարել «Հայկ» կինոստուդիան, իսկ խաղարկային կինոն, դե ի՞նչ արած, արդեն թռել է Ազգային կինոկենտրոնի ձեռքից։ Թե ինչ ձևակերպում կգտնի ազգային կենտրոնը իր տիրույթում մնացած ՊՈԱԿ-ները պահպանելու համար, կապրենք` կտեսնենք։

Նիկոլայ ԴԱՎԹՅԱՆ
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao