Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մանչեստր Սիթին» ոչնչացրեց «Չելսիին»

«Մանչեստր Սիթին» ոչնչացրեց «Չելսիին»
12.02.2019 | 02:38

Աշխարհում ի՞նչը վերջ չի ունեցել, որ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ընթացիկ մրցաշրջանի առաջնությունները վերջ չունենան: Փոքր-ինչ փիլիսոփայական նման սկզբի համար ավելի քան առարկայական հիմք կա: Բանն այն է, որ այդ առաջնություններից առնվազն երկուսի՝ Ֆրանսիայի ու Իտալիայի չեմպիոնի հարցը կանխորոշված է, եթե, իհարկե, ֆորսմաժորային բան չլինի, որի հնարավորությունը, բոլոր դեպքերում, եկեք չբացառենք: Իսպանիայում պիտի որ «Բարսելոնն» անակնկալ չմատուցի: Տակը մնացին երկուսը՝ Անգլիան ու Գերմանիան. այստեղ արդեն հնարավոր տարբերակներ կան, ու դրանք ավելի քան իրական են:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի առաջատար եռյակի շրջանակում չափազանց հետաքրքիր զարգացումներ են, ու յուրաքանչյուր վրիպում թիմերի դասավորությունը, ճիշտ է, առայժմ չի փոխում, սակայն առանձին վերցրած տուրի շրջանակներում իրավիճակ է շիկացնում:
Մի ուրիշ նրբություն էլ կա անգլիական առաջնության պարագայում, որը ստիպում է զարգացումների մասին վերապահումներով խոսել: Բանն այն է, որ մինչ եռյակի մյուս երկու թիմերն ավարտում են նախորդ տուրի հանդիպումները, երրորդն արդեն նորն է սկսում, ու պատկերն ամբողջական չի ստացվում: Առաջնությունը ներկայացնելու տեսակետից սա որոշակի բարդություններ է ստեղծում, բայց հիմա սա է իրավիճակը, ու ոչինչ չես կարող անել, բացի զարգացումներին հետևելուց:


Եվ այսպես, սեփական հարկի տակ «Բոռնմուտի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո 26-րդ տուրի արդյունքներով «Լիվերպուլը» 65 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարությունը: 3:1 հաշվով, դարձյալ սեփական հարկի տակ, «Լեստերի» նկատմամբ հաղթանակ տոնեց և «Տոտենհեմը», ինչը թիմին 62 միավորով (ընդամենը երկու միավորով է քիչ «Մանչեստր Սիթիի» ունեցածից) պահեց երրորդ հորիզոնականում:
Սակայն մինչ փետրվարի 9-ի ու 10-ի կտրվածքով «Լիվերպուլն» ու «Տոտենհեմն» անցկացրած խաղերի քանակով ընդամենը հավասարվում էին «Մանչեստր Սիթիին», վերջինս նույն այդ փետրվարի 10-ին սեփական հարկի տակ խելահեղ հանդիպում անցկացրեց լոնդոնյան «Չելսիի» հետ ու միավորների քանակով ոչ միայն նորից ծանրորեն նստեց «Լիվերպուլի» շնչին, այլև լրացուցիչ գործակիցների հաշվով կրկին անցավ առաջ, ինչը չի կարող չնյարդայնացնել Յուրգեն Կլոպի սաներին, որովհետև, չնայած ծանր շրջափուլում հայտնվելուն, հերթականներում մեկը մեկից ահեղ մրցակիցներ են, «քաղաքաբնակներն» առանց միավորի կորստի են շարժվում: Ասենք, որ «Չելսիի» հետ այս հանդիպումը «Մանչեստր Սիթին» հյուրերի համար իսկական ողբերգության է վերածել: Պատմության մեջ «ազնվականները» դեռ երբեք նման խոշոր հաշվով (0:6) չէին զիջել «քաղաքաբնակներին»: Հավելենք, որ երեք գոլ է հեղինակել Սերխիո Ագուերոն:


Ավանդույթ պահպանելու կարգով հիշատակենք պրեմիեր լիգայի ևս երկու թիմի հանդիպումները, թեպետ հաջորդ եռյակում գտնվելով՝ դրանք հավաքած միավորներով էապես հետ են առաջին եռյակը կազմածներից:
Ի հաշիվ արտագնայում «Ֆուլհեմին» հասցրած պարտության՝ 3:0, «Մանչեստր Յունայթեդը» 51 միավորով չորրորդ տեղում է: Նրանից ընդամենը մեկ միավորով է հետ մնում հյուրընկալվելիս «Հադերսֆիլդի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակի հասած «Արսենալը» (վերջապես խաղադաշտ է ելել Հենրիխ Մխիթարյանը)։ Նույնքան միավոր ունի և «Չելսին», սակայն «ազնվականները», ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, հինգերորդ հորիզոնականում են:

ԳԵՐՄԱՆԻԱ
Գոլառատությամբ է առանձնացել բունդեսլիգայի 21-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-«Հոֆենհայմ» մրցակցությունը, որտեղ տանտերերը չեն կարողացել կոտրել հյուրերի դիմադրությունն ու բավարարվել են մեկ միավոր վաստակելով: Հետաքրքրական է, որ «Հոֆենհայմը» կարողացել է խաղ «վերադառնալ» այն բանից հետո, երբ պարտվում էր 0։3 հաշվով: Սա կամքի ու համառության դաս էր առաջնության առաջատարին: Եվ այսուհանդերձ, շնորհիվ նախորդ տուրերում կուտակած միավորների, դորտմունդցիները շարունակում են մնալ աղյուսակի գլխամասում: Նրանց ակտիվում է 50 միավոր:
Անհամեմատ ավելի վատ է հանդես եկել մյուս «Բորուսիան»՝ Մյոնխենգլադբախինը, որը «Հերտայի» հետ տնային խաղում բեռլինցիներին զիջել է 0։3 հաշվով, սակայն նույնպես չի կորցրել աղյուսակում մինչ այդ ունեցած երրորդ հորիզոնականը:
Ինչ վերաբերում է բունդեսլիգայի առաջին եռյակը կազմած մյուս թիմին, «Բավարիան» նախորդ տուրում «Բայերից» կրած պարտությունից հետևություններ արած՝ այդ նույն 1։3 հաշվի հայելային արտացոլմամբ պարտության է մատնել «Շալկեին» ու 45 միավորով երկրորդ հորիզոնականում է: Երկրի գործող չեմպիոնները հինգ միավորով հետ են մնում Դորտմունդի «Բորուսիայից» ու երեք միավորով առաջ են Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի 23-րդ տուրն աղետաբեր է եղել Մադրիդի «Աթլետիկոյի» համար, որը հյուրընկալել էր մայրաքաղաքը ներկայացնող մյուս թիմին՝ «Ռեալին» ու զիջել 1։3 հաշվով: Նկատենք, որ վերջին երկու տարում Դիեգո Սիմեոնեի սաները շատ վատ են հանդես գալիս «սերուցքայինների» հետ մրցակցությունում ու դա հավասարապես թե սեփական հարկի տակ, թե արտագնայում ունեցած դիմակայություններում: Նկատենք և այն, որ ընթացիկ մրցաշրջանում սա «Աթլետիկոյի» երկրորդ անընդմեջ պարտությունն էր վերջին երկու խաղում ու առաջինը սեփական հարկի տակ: Ահա նման տխուր վիճակագրություն մի խաղում, որը ոչ մի կերպ չես դասի շարքայինների թվին:


Իր հերթին այս մրցավեճը «Ռեալի» համար հիշարժան էր նրանով, որ տևական ընդմիջումից հետո բարձրացավ երկրորդ հորիզոնական, ի դեպ, այնտեղից ստիպելով նահանջել օրվա մրցակցին: Իր 45 միավորով «արքայականը» մեկ նիշով ավելի է «Աթլետիկոյից», սակայն հինգով պակաս է «Բարսելոնից», քանի դեռ կատալոնցիները կիրակի երեկոյան չէին ունեցել Բիլբաոյի «Աթլետիկի» հետ հանդիպումը: Այս դիմակայությունը կայացել է և ունեցել գոլազուրկ ավարտ, որը թերևս կարելի էր անակնկալների շարքին դասել, եթե չլիներ բասկյան թիմի գործոնը, որը սեփական հարկի տակ դառնում է կատաղի մրցակից ցանկացած թիմի համար: Ավելին ասենք` եթե այս մրցակցությունում չլիներ «Բարսելոնի» դարպասապահ Տեր Շտեգենի գերազանց խաղը, կատալոնյան ակումբը կարող էր և դաշտից պարտված հեռանալ: Բոլոր դեպքերում փաստենք, որ երկրորդ դիմակայությունում անընդմեջ կատալոնյան ակումբը միավոր է կորցնում:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի առաջին եռյակում թիմերի այնպիսի հաջորդականություն է, որ ասես ամեն ինչ նախօրոք գծված-հաստատված է, ու ամեն մեկն ավելի քան հստակ գիտի իր ոտքը մեկնելու չափը: Առաջատարը՝ «Յուվենտուսը», օլիմպիական հանգստությամբ ու հանդարտությամբ շարժվում է իր հերթական չեմպիոնությանն ընդառաջ, ու խոշոր հաշվով նրան խանգարող թիմ այդպես էլ չի գտնվում առաջնությունում: Բնականաբար, այդ թիմը չեղավ և այս տուրում նրան հյուրընկալած «Սասուոլոն»՝ 0։3:
Երկրի երկրորդ թիմի գիտակցությամբ է շարժվում «Նապոլին», որը վերջին հինգ խաղում, առանց քիչ թե շատ լուրջ հետևանքների, արեց երկրորդ ոչ-ոքին (մրցակիցը «Ֆիորենտինան» էր՝ 0:0): Այսպես ենք ասում, քանզի «Նապոլին» «ծեր սինյորային» հասնելու շանս չունի (հետ է 11 միավորով), իսկ «Ինտերից» էլ, որը վերջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության է մատնել «Պարմային», առանձնակի տագնապ չունի (առաջ է 9 միավորով): Այ, միանգամայն ուրիշ բան, որ երրորդ տեղի համար պայքարին կարող են խառնվել միանգամից չորս թիմ՝ 39 միավոր ունեցող «Միլանն» ու նրանից մեկ միավոր պակաս ունեցող «Ատալանտան», «Ռոման», «Լացիոն», սակայն նրանք դեռ պիտի կարողանան չեզոքացնել 43 միավոր ունեցող «Ինտերից» հետ մնալը:

ՖՐԱՆՍԻԱ
Երկրի նաև այս մրցաշրջանի չեմպիոնության հարցում անլուրջ է դիվիզիոնում «Պարի Սեն Ժերմենի» կողքին փնտրել այլ թիմ, որի մրցակիցը 24-րդ տուրում «Բորդոն» էր, ու որն այնքան հաջողակ էր, որ ահեղ մրցակցին զիջեց ընդամենը նվազագույն հաշվով:
Սրա կողքին միանգամայն այլ բան է, երբ առաջնությունում մրցակցությունը դիտարկում ենք երկրորդ-երրորդ տեղերի կտրվածքով: Երկրորդ հորիզոնականի հարցում կարծես թե մինչև այժմ մրցակից չունի արտագնայում երկու անպատասխան գնդակի առավելությամբ «Գենգամին» պարտության մատնած «Լիլը»: Իհարկե, ոչ նրա նման վստահ, բայց և այնպես վստահորեն երրորդ տեղում է «Լիոնը», որը երեկ հյուրընկալվել էր «Նիցցային»:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 59 միավոր՝ չհաշված պակաս անցկացրած երկու դիմակայությունը: «Լիլի» ունեցածը 10-ով պակաս է, 43 միավոր ունի «Լիոնը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ