Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Ինչպես ապրիլի 16-ին հայտարարել եմ թավշյա հեղափոխության մեկնարկը, հիմա ազդարարում եմ համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը

Նիկոլ Փաշինյան. Ինչպես ապրիլի 16-ին հայտարարել եմ թավշյա հեղափոխության մեկնարկը, հիմա ազդարարում եմ համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը
12.02.2019 | 14:35

Առաջիկա 5 տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն` Աժ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա մեջբերում է ծրագրի առաջին պարբերությունից:

Նրա խոսքով՝ սա գործնականում նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ 5 տարի հետո Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները: Նա նշեց, որ խոսքը բոլոր տեսակի տեխնոլոգիաների մասին է: «Մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինեն մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը»,- ասաց նա: Վարչապետը նաև բերեց օրինակ. «Մեր խնդիրը պետք է լինի այն, որ օրինակ, գյուղատնտեսության ոլորտում զբաղված մեր հայրենակիցներն ավելի քիչ ֆիզիկական աշխատանք կատարեն և կատարեն ավելի շատ մտավոր աշխատանք»: Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի շուկան շատ փոքր է տարբեր ոլորտների թռիչքաձև առաջընթացի հենարան լինելու համար, և արհեստական մենաշնորհի յուրաքանչյուր դրսևորում ինքնին պիտի վկայի երկրի տնտեսության հուսահատ լինելու մասին: «Մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղերի հիմնական հայացքները պետք է ուղղված լինեն արտաքին շուկաներին: Խոսքը վերաբերում է նաև միկրոբիզնեսին, ՓՄՁ-ներին, որոնց արտահանման հիմնական օղակը պետք է լինի զբոսաշրջությունը, ապրանքների արտահանումը ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ինտերնետ առևտրի միջոցով:


Մտադիր ենք առաջիկայում ունենալ նաև ծանր արդյունաբերություն»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ներքին շուկան պետք է հենման կետ լինի բոլոր ճյուղերի համար: «Ես միշտ կոչ եմ անում նախապատվությունը տալ տեղական ապրանքներին և ծառայություններին, բայցևայնպես մեր տնտեսության զարգացման հեռանկարն արտահանումն է, և մենք այստեղ ունենք անսահմանափակ հնարավորություններ: Արտահանման չօգտագործված պոտենցիալը հսկայական է: Մեր հիմնական խնդիրը մեր ապրանքների համապատասխանեցումն է միջազգային ամենաբարձր որակի ստանդարտներին»,- շեշտեց նա:


Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական նպատակադրումների առումով առանցքային է Հայաստանի տնտեսության ներառականությունը: «Մեր երկրի տնտեսական աճը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից: Հայաստանում կան ընկերություններ, որոնց ղեկավարության տվյալ օրվա քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ տնտեսության ընթացիկ վիճակի վրա, նույնիսկ ցնցումներ առաջացնել: Մեր նպատակն է ստեղծել տնտեսության այնպիսի մոդել, որ ՀՆԱ-ի ձևավորմանը մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընկերություններ ու քաղաքացիներ, և նրանց ազդեցությունը տնեսության վրա լինի հնարավորինս ապակենտրոնացված: Սա չի նշանակում, թե խոշոր ընկերություններին բացասաբար ենք վերաբերում: Հույս ունենք՝ նրանց թիվը կմեծանա, բայց ՀՆԱ-ի վրա ազդեցությունը մեկ ընկերության չի լինի»,- հայտարարեց նա:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը որդեգրում է տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական զարգացման քաղաքականությամբ փոխարինելու ուղեգիծ: «Կարելի է տնտեսական աճ ապահովել մի քանի ընկերությունների գործունեությամբ, բայց սա ոչինչ չի նշանակում բացի թվաբանությունից, և քաղաքացիները չեն զգում տնտեսական այդ աճի ազդեցությունը, ինչքան էլ այն մեծ լինի: Կառավարությունը նպատակադրվում է առաջիկա հինգ տարիներում Հայաստանում հասնել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպի ավելացմանը»,- նկատեց նա: Փաշինյանն ընդգծեց նաև, որ հենց նշված քայլերի իրականացումն է, որ իրենք համարում են տնտեսական հեղափոխություն: «Ինչպես ապրիլի 16-ին հայտարարել եմ՝ Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա՝ ՀՀ ԱԺ ամենաբարձր ամբիոնից ազդարարում եմ ՀՀ-ում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում, և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ