Ռուսաստանի տնտեսությունը չկարողացավ դիվերսիֆիկացվել

Ռուսաստանի տնտեսությունը չկարողացավ դիվերսիֆիկացվել
13.02.2019 | 12:54

Երբ ամբողջ աշխարհում տնտեսական ակտիվությունը դանդաղում է, Ռուսաստանը հայտարարում է իր տնտեսական աճի մասին: Moody's վարկանիշային ընկերությունը բարձրացրել է Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշը` ենթադրելով, որ վերջին տարիների քաղաքականությունը թույլ կտա ամրապնդել առանց այդ էլ ուժեղ պետական ֆինանսները` գրում է Ալեն Գիյմոլը La Croix-ում:


Ապահովագրական Coface միջազգային ընկերության Ռուսաստանի հարցերով պատասխանատու տնտեսագետ Դոմինիկ Ֆրուխտերը գտնում է, որ ռուսական վիճակագրական տվյալները, ըստ էության, քիչ են համապատասխանում ռեալ իրավիճակին, երկրում տնտեսական ակտիվությունը մնում է ալարկոտ: «Մեր կանխատեսումով` այս տարին տնտեսական ակտիվությունը կլինի չափավոր: Մենք ակնկալում ենք, որ տնտեսական աճը Ռուսաստանում 2019-ին կլինի 1,6%»` գտնում է Coface-ի տնտեսագետը: «Ռուսաստանի տնտեսության զարգացմանը խանգարում են պատժամիջոցները, որ կանխում են արտասահմանից ներդրումները: Դա առաջին խնդիրն է: Բացի այդ` ռուսական պետությունը առաջնորդվում է բյուջետային ծախսերի սահմանափակման քաղաքականությամբ, որովհետև ցանկանում է պահել պետական հաշիվները լավ վիճակում: Իվերջո` պետությունը պահում է նավթից ու գազից ստացված եկամուտների մեծ մասը»` բացատրում է Դոմինիկ Ֆրուխտերը:

«Ռուսաստանի բյուջեն համարվում է հավասարակշռված նավթի մեկ բարելի դիմաց 40 դոլար գնի պարագայում (առանց հաշվի առնելու պարտքերի տոկոսները): Ինչ մտնում է գանձարան, երբ նավթի գինը բարձրանում է 40 դոլարից, գնում է Կենտրոնական բանկի պահուստային հիմնադրամներ, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել: Հետևանքը տնային տնտեսությունների եկամուտների անկումն է»` ըստ տնտեսագետի: «Ըստ էության` ռուսական պետությունը հավակնում է արտասահմանյան արտադրանքը փոխարինել տեղականով: Սակայն միակ սեկտորը, որտեղ դա կատարվում է, ագրոբիզնեսն է: Մնացած ոլորտներում շատ շուտ է դիվերսիֆիկացման մասին խոսել»` ասում է Ֆրուխտերը: «Ռուսաստանում բազմամյա տեխնոլոգիական հետամնացություն է կուտակվել: Երկիրը չափազանց մեծ կախում ունի արտասահմանյան տեխնոլոգիաներից, այդ թվում` դժվար մատչելի տարածքներում նավթային կամ գազային հանքավայրերի շահագործման դեպքում: Ռուսաստանը չափազանց շատ միջոցներ է ծախսում սպառազինության վրա, վիթխարի ու անկառավարելի տարածք ունի, որտեղ մի քանի զարգացած կենտրոններից դուրս չկան ինֆրակառույցներ: Գերիշխանության ձգտումը կարևոր է ամեն ինչից, կարծես Ռուսաստանը դեռ չի մարսել ԽՍՀՄ-ի փլուզումը»` ըստ փորձագետի:


«Դա բացատրում է` ինչու՞ արտասահմանյան ուղղակի ներդրումները փակուղի են մտնում: Ներդրումները վերականգնելու համար Ռուսաստանը պետք է դուրս գա Արևմուտքի հետ պարբերաբար առճակատման վիճակից: Քանի դեռ այդ դրությունը պահպանվում է, պատժամիջոցները հանելու հիմքեր չկան: Ռուսական տնտեսության վիճակը կշարունակի վատանալ, քանի որ ուղղակի ներդրումները չեն վերսկսվում»` եզրափակում է փորձագետը:
Ալեն Գիյմոլ, La Croix


Հ.Գ. Սա բոլոր նրանց համար, որ գրել են ՀՀ կառավարության ծրագիրը և առավելևս` պատրաստվում են կատարել` առանց դիվերսիֆիկացման:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao