Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վարչապետն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ դեսպաններին

Վարչապետն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ դեսպաններին
13.02.2019 | 13:16

Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով, երեկ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով ԵՄ` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին: Նա ընդգծել է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) Հայաստանի համագործակցության հիմնական գործիքն է, և Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը: Դա կարևոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության, բարեփոխումների առաջխաղացման համար: «Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին: Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը: Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին` արագացնելու վավերացման գործընթացը», - ասել է վարչապետը:

Ընդգծելով, որ անցյալ տարի Հայաստանն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում և Սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է և աջակցում է այդ զարգացումներին: «Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն և հավասար խաղի պայմաններ բոլոր քաղաքական և տնտեսական գործիչների համար: Սա մեզ ավելի է մոտեցնում Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին ու ձգտումներին: Մեր հեղափոխության տրամաբանական գագաթնակետն անցած դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ես հպարտ եմ, որ միջազգային դիտորդներն ընտրությունները գնահատել են որպես ԵԱՀԿ չափանիշներին լիովին համապատասխան, այն է՝ ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ էության, դրանք անկախության տարիներից ի վեր Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին»` ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ քաղաքական տրանսֆորմացիան ավարտելով՝ նոր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա:


«Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք: Մենք ընդունել ենք բարեփոխումների հավակնոտ օրակարգ, որն ուղղված է բիզնեսի համար իրական մրցակցային միջավայրի ստեղծմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը և պարզեցմանը, առևտրային խոչընդոտների վերացմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, - ասել է Փաշինյանը: - Որպես առաջնահերթություն` մենք ներկայում քայլեր ենք ձեռնարկում տեխնոլոգիաների և գիտելիքների վրա հիմնված տնտեսության խթանման համար: Տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման մեծ ներուժ ունեն Հայաստանում: Նրանք դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը և կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը»:


Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում: «Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր գործարար համայնքների անդամներ, մի քանի տասնյակ երկրներից ակադեմիկոսներ և կառավարական ներկայացուցիչներ: Օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ այս տեղեկությունը փոխանցել ձեր կառավարություններին` այդ իրադարձությանը ներկայացուցիչներ ուղարկելու համար, - ասել է Փաշինյանը: - Բարեփոխումների իրականացումը բարդ գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական և մտավոր ռեսուրսներ: Այս առումով ԵՄ շարունակական ֆինանսական և տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում այն: Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից: Հաշվի առնելով «ավելին` ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը` կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին: Խնդրում ենք փոխանցել ձեր մայրաքաղաքներին մեր այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ և կառուցողական դարձնել»:
Վարչապետը կարևորել է Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը՝ ընդգծելով՝ այն ևս մեկ կարևոր հանձնառություն է Հայաստանի համար:


«Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Եվ մենք հուսով ենք, որ ԵՄ անդամ պետությունները պատշաճ կգնահատեն մեր առաջընթացը և կզարգացնեն Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը», - ասել է վարչապետը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Փաշինյանը տեղեկացրել է, որ փետրվարի 11-ին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ Թոուո Կլարի հետ, մանրակրկիտ զրուցել հակամարտության և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումների շուրջ:


Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից կարևորել է վարչապետի հետ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկել Արևելյան գործընկերության ծրագրի արդյունավետ իրականացմանը և ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: «Պարոն Փաշինյան, ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` Ձեր բարեփոխումների օրակարգին, տնտեսական հեղափոխության տեսլականին ծանոթանալու և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Հայաստանի զարգացմանն իրենց աջակցությունը հայտնելու համար: Մենք ողջունում ենք Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ իրականացումը և խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը», - նշել է Բուխսբաումը: Նա ողջունել է 2018-ի դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք լիովին համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, և որոնց արդյունքները ևս մեկ անգամ վկայում էին Հայաստանի վարչապետի նկատմամբ հանրային մեծ վստահության մասին: Խոսելով 2018-ի դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններն էին: Ընտրությունները մինչ այս անցկացվել են խախտումներով, ընտրակեղծիքներով: Կեղծված ընտրությունների էջն ընդմիշտ փակ է Հայաստանի համար, և դա մեր քաղաքական կամքն է: Այժմ մեր օրակարգում ժողովրդավարության ամրապնդումն է և տնտեսությունում փոփոխությունների իրականացումն է»: Վարչապետն ընդգծել է` տնտեսական հեղափոխության նպատակը իրական հնարավորությունների ստեղծումն է մարդկանց համար, տեղական և օտարերկրյա ներդրողների համար, և այդ տեսլականը կյանքի կոչելու համար կառավարությունն արդեն իսկ բարեփոխումներ է իրականացնում` օրենսդրական և կառուցվածքային առկա գործիքակազմի կատարելագործման, ինչպես նաև նոր գործիքների ներդրման ուղղությամբ»:


Ի պատասխան Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հարցադրումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ժողովրդավարությունը մեզ համար ներքին համոզմունք է և հավատամք, դա մեր հասարակության արժեքային կողմնորոշումն է, այլ ոչ թե արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական ընտրություն»:
Մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարական մարտահրավերներին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, բարեփոխումների գործընթացի հաջողությանը, հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ավելացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումների շրջանակում Հայաստանի և Հայաստանի գործընկերների հնարավորություններին և այլ հարցերի:

Դիտվել է՝ 255

Մեկնաբանություններ