Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարշավայում սկսվել է Մերձավոր Արևելքում տիրող կացությանը նվիրված միջազգային համաժողովը

Վարշավայում սկսվել է Մերձավոր Արևելքում տիրող կացությանը նվիրված միջազգային համաժողովը
13.02.2019 | 23:49

Վարշավայում սկսվել է ԱՄՆ նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային համաժողովը, որին ավելի քան վեց տասնյակ պետությունների ներկայացուցիչներ են մասնակցում`քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված կացությունը:


Նախապես ենթադրվում էր, որ Վարշավայի համաժողովը նվիրված է լինելու բացառապես Իրանի խնդրին: Վաշինգտոնը ցանկանում էր այս համաժողովի միջոցով միասնական հակաիրանական ճակատ ձևավորել` ի ցույց դնելով այս հարցում միջազգային հանրության լայն աջակցությունը ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը: Վերջին շաբաթներին պարզ դարձավ, որ Իրանի դեմ ճնշումների համակարգմանը նվիրված հատուկ համաժողովի Վաշինգտոնի գաղափարը միջազգային հանրության շրջանում մեծ աջակցություն չի վայելում:
Դա է վկայում Վարշավա ժամանող հյուրերի ոչ այնքան պատկառելի ցանկը: Համաժողովին պետության ղեկավարի մակարդակով է ներկայացված միայն Իրանի առանցքային հակառակորդներից մեկը համարվող Իսրայելը: ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղար Մայք Պոմպեոն: ԵՄ ղեկավարները չեն մասնակցում համաժողովին: ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հրաժարվել է մեկնել Վարշավա: Լեհաստանի մայրաքաղաքում չեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները: Գագաթաժողովի բացմանը կմասնակցի Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Իրանի հետ լուրջ խնդիրներ ունեցող արաբական պետությունները՝ նախևառաջ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ևս ներկայացված են ԱԳ նախարարի մակարդակով:
Չնայած Իրանի դեմ կազմակերպվող համաժողովի ներկայացուցչական մակարդակի զգալի անկմանը՝ Վաշինգտոնում շարունակում են պնդել, որ այս հավաքը կարող է առանցքային նշանակություն ունենալ մերձավորարևելյան զարգացումներում:


«Մենք հավաքվելու և խոսելու ենք Մերձավոր Արևելքի զարգացման և բարգավաճման հեռանկարների մասին: Խոսելու ենք նաև Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ծրագրի մասին, անդրադառնալու ենք սպառնալիքներին, հակաահաբեկչական գործողություններին և տարբեր պետությունների կողմից այս ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքի հեռանկարներին: Վարշավա են ժամանել 60 պետությունների ներկայացուցիչներ, որոնցից 30-ը ԱԳ նախարարներ են: Սա գլոբալ մի կոալիցիա է, որի հիմնական առաքելությունը Մերձավոր Արևելքում չափազանց երկար ժամանակ պահպանվող ռիսկերի նվազեցումն է», - Վարշավա ժամանելու պես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի անկեղծ էր: Վարշավա ուղևորվելուց առաջ նա չէր թաքցնում, որ համաժողովի գլխավոր նպատակը Իրանի դեմ ուղղված միջազգային գործողությունների համադրումն է: «Սա շատ կարևոր համաժողով է: Սա մի հավաք է, որը միավորում է ԱՄՆ-ին, Իսրայելին, բազմաթիվ այլ՝ այդ թվում արաբական պետություններին, Իրանի ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականությանը, Մերձավոր Արևելքը գրավելու, Իսրայելը ոչնչացնելու իրանցիների ցանկությանը դիմակայելու նպատակով», -նշել է Իսրայելի վարչապետը:


Իրանի իշխանությունները խստորեն դատապարտել են Վարշավայում համաժողովի կազմակերպումը: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վարշավյան համաժողովը «հակաիրանական կրկես» է անվանել:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ