Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դավիթ Բաբայանը` Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին

Դավիթ Բաբայանը` Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին
14.02.2019 | 00:04

Ահաբեկիչ երկիրը բացեիբաց հայտարարում է` ինչ է իր բուն նպատակը` Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:


«Ադրբեջանի բուն նպատակը չի փոխվել, դա հայոց պետականության` և Արցախի, և Հայաստանի Հանրապետության կործանումն է: Սրա մասին Ադրբեջանը միշտ խոսում է, ավելին` մեղադրում է հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու մեջ: Սակայն իր այդ հայտարարություններով հենց ինքն է խոչընդոտում բանակցային գործընթացին: Բայց Ադրբեջանն այսպիսին է, մենք միշտ պետք է հասկանանք ու չմոռանանք, թե ում հետ գործ ունենք: Չպետք է ակնկալել Ադրբեջանից դիրքորոշման փոփոխություն կամ ակնկալել, որ նա ինչ-որ կառուցողական քայլեր է կատարելու, հնարավոր չէ»,- ասաց Բաբայանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է, և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի «գրավման» հետ: Այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը. «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»»,-ասել էր Ալիևը։


Դավիթ Բաբայանի խոսքով` Ադրբեջանի այս վարքագիծն օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմք ունի: «Ադրբեջանը բազմազգ երկիր է և անելու է ամեն ինչ, որպեսզի չճանաչի Արցախը: Ուշ թե շուտ ճանաչելու է, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի դա հետաձգվի, որովհետև բազմազգ է: Եթե Արցախը ճանաչի, այլ ազգեր նույնպես կարող են անկախության ձգտման իրենց քայլերը գործնական դարձնել: Ադրբեջանի համար նույնիսկ շատ ավելի վտանգավոր է Արցախի ինքնավարությունը ճանաչել, քան անկախությունը: Իհարկե, մեզ համար անընդունելի է ինքնավարության ճանաչումը, բայց այդ ինքնավարությունն ավելի վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև այլ ժողովուրդներ նույնպես ինքնավարություն կուզեն, ինչը կնշանակի, որ Ադրբեջանն իրոք արհեստական է, իսկ փոքրամասնություններին ներկայացնում են որպես ադրբեջանցի»,- պարզաբանեց նա: Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանի համար կա երկու տարբերակ` փորձել ոչնչացնել մեր պետականությունը կամ պարզապես սսկվել: «Որպեսզի Ադրբեջանը չկարողանա կործանել մեր պետականությունը, դրա բանաձևը պարզ է` միշտ պետք է ունենանք ուժեղ բանակ, ներհայկական միասնականության բարձր մակարդակ և միշտ պետք է վարենք ճիշտ արտաքին քաղաքականություն` խորացնելով, ամրապնդելով մեր ավանդական բարեկամների ընկերների դաշնակիցների հետ կապերը, ինչպես նաև զարգացնելով մեր հարաբերություններն այլ երկրների հետ: Սա է բանաձևը՝ ինչպես անել, որպեսզի Ադրբեջանի երազանքներն այդպես էլ մնան երազանքներ»,- շեշտեց նա: Բաբայանն ընդգծեց, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված անկախ իշխանափոխությունից նույն կարևորագույն գաղափարները պահպանվել են: «Կառավարության, Ազգային ժողովի և այլ փոփոխությունները ժողովրդավարական գործընթացներ են, որոնք կան ու պիտի լինեն թե՛ Արցախում, թե՛ ՀՀ-ում, բայց կան գաղափարներ, որոնք անփոփոխ են, և որոնց փոփոխությունը և ոչ ճիշտ ձևով փոփոխությունը կարող է լինել ճակատագրական: Այդ խնդիրների շարքին է դասվում նաև Արցախի հիմնախնդիրը: Այս առումով մենք չենք տեսնում որևէ վտանգավոր փոփոխություն: Երևանը շարունակում է համարել Արցախը, Արցախյան հիմնախնդիրը հայոց պետականության համար կարևորագույն հարց, կողմնակից է խաղաղ կարգավորման և անպայման Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին լիիրավ ձևով: Հետևաբար, կան գաղափարներ, որոնք պետք է լինեն անփոփոխ, բարեբախտաբար, Արցախի հիմնախնդրի հարցով որևէ լուրջ նեգատիվ բացասական զարգացում չկա, լինի դա Արցախում, թե ՀՀ-ում»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ