ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստան վերադարձնել ապօրինի ձեռքբերված գումարները

ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստան վերադարձնել ապօրինի ձեռքբերված գումարները
14.02.2019 | 13:08

«Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր չեն հարգում օրենքը եւ գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին», – ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը կրկին հիշեցնում է՝ ԱՄՆ-ը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել զարգացող երկրներից ապօրինի ձեռքբերված գումարները վերադարձնելու համար:

Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում՝ Էրլն ընդգծում է. Վաշինգտոնում պատրաստ են աշխատելու զարգացող երկրների քաղաքացիներից գողացված գումարները վերադարձնելու ուղղությամբ, սակայն, գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է մյուս կողմի իշխանությունների համագործակցելու պատրաստակամությունը: Հայաստանի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ի իրավապահները նույնպես սերտ համագործակցում են, համոզված է Բրայան Էրլը.


«Շատ բան կախված է իրենց ժողովուրդը ներկայացնող իշխանություններից, քանի որ դրա համար բոլոր գործիքներն առկա են»: Սակայն, հիշեցնում է նախկին հատուկ գործակալը, ապօրինի ձեռքբերված գումարների վերադարձը պահանջում է երկար տարիների աշխատանք բոլոր կողմերից: Հաճախ երկրների իշխանությունները, որտեղից դուրս էին բերվել գումարները, չունեն բավարար փորձ կամ ցանկություն ամերիկյան իրավապահներին փաստեր տրամադրելու համար, որը կօգներ բացահայտել այդ գումարները: Հայաստանի դեպքում երկրի նախկին իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում սահմանափակում էին արտերկրյա դոնորներից ֆինանսական միջոցներ խնդրելով, մինչդեռ, միջազգային մասնագետների գնահատմամբ 2004-2013-ին Հայաստանից շուրջ 9 միլիարդ դոլար է ապօրինի արտահանվել, նշեց Transparancy International կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: «Թավշյա հեղափոխությունից» հետո, կարծես թե, իրավիճակը փոխվել է. «Առաջին անգամ մենք ունենք կառավարություն, կամ, մի գուցե, ճիշտ կլինի ասել, առաջնորդ, ով հետաքրքրված է կոռուպցիան արմատախիլ անելու մեջ եւ պատրաստ է այդ ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկել»:

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao