Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածը ԼՂ հակամարտության վերաբերյալ

«Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածը ԼՂ հակամարտության վերաբերյալ
16.02.2019 | 03:40

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը հրապարակել է Արցախյան հակամարտության թեմայով «Լեռնային Ղարաբաղ՝ Անդրկովկասի վառոդե տակառ» ծավալուն հոդվածը, որի հեղինակը Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինն է:

Նա մանրամասն ներկայացնում է հակամարտության ժամանակագրությունը՝ նկատելով, որ միջազգային իրավունքի ժամանակակից նորմերի տեսանկյունից սա տիպիկ դասական ու անլուծելի հակասություն է սահմանների անխախտելիության (հօգուտ Ադրբեջանի) ու ազգերի ինքնորոշման իրավունքի (հօգուտ Հայաստանի) միջև:


«Անկեղծ ասած՝ Ղարաբաղյան հակամարտության դեպքում կա որոշակի խորամանկություն. չէ՞ որ ԽՍՀՄ փլուզումն ամբողջովին խախտեց սահմանների անխախտելիության սկզբունքը՝ միևնույն ժամանակ իրագործելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Եվ այս դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է նախկին միութենական պետությունների սահմաններն անձեռնմխելի համարվեն: Առավել ևս, որ ԽՍՀՄ կոմունիստական իշխանություններն այդ սահմանները նկարել էին չափազանց կամայական»,-գրում է Խրամչիխինը:


Հեղինակի համար նաև տարօրինակ է փաստը, որ ԽՍՀՄ փլուզման հետևանքով միութենական պետությունները Խորհրդային Միության կազմից դուրս գալու անհերքելի իրավունք ունեին, մինչդեռ ինքնավար հանրապետություններն ու շրջանները միութենական պետությունների կազմից դուրս գալու իրավունքից զրկված էին: «Այսպիսով, եթե պատմական համատեքստի տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտությունում արդարներ ու մեղավորներ փնտրելն անիմաստ է, ԽՍՀՄ փլուզման համատեքստում ավելի արդար պետք է համարել հայերին: Ամեն դեպքում, նրանք ավելի հետևողական էին՝ հետևելով բացառապես ինքնորոշման իրավունքին: Մինչդեռ Ադրբեջանը, անկասկած այդ իրավունքը ճանաչելով իր իսկ համար, Ղարաբաղին մերժեց այդ հարցում»,- գրում է Խրամչիխինը: Նա ներկայացնում է՝ ինչպես է ծագել հակամարտությունը, ռազմական գործողությունների ընթացքն ու ելքը՝ նկատելով, որ ի պատասխան Ադրբեջանի գործողությունների հայկական կողմի հակահարձակումները գրեթե միշտ ավելի արդյունավետ ու հաջողված են եղել: Անդրադառնալով Օմարի լեռնանցքի մարտական գործողությանը՝ հեղինակը գրում է, որ դա վճռորոշ պահ էր ամբողջ պատերազմի համար: «Արդյունքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը հաղթանակի որևէ շանս չունի»,-գրում է Խրամչիխինը՝ նշելով, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվի նյութական ու մարդկային կորուստներն անհամեմատ ավելի մեծ են եղել, քան Հայաստանինը: Հոդվածի վերջում հեղինակը նշում է, որ երկու պետությունների ու ժողովուրդների միջև պահպանվում է փոխադարձ սուր ատելության մթնոլորտը, հակամարտության լուծմանն առնչվող նրանց դիրքորոշումները բացառում են մեկը մյուսի տարբերակները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռևս չճանաչված է, բայց գրեթե ամբողջովին ինտեգրված Հայաստանին: Ստեղծված «ստատուս-քվո»-ն միանգամայն ընդունելի է հայերի, սակայն միանշանակ անընդունելի նավթային եկամուտների շնորհիվ ռազմական ներուժն ավելացնող ադրբեջանցիների համար:

«Այն, որ վաղ, թե ուշ Ղարաբաղի համար պատերազմը վերսկսվելու է, գրեթե կասկածի տեղիք չի տալիս: Իսկ այ դրա ելքը կանխատեսելը չափազանց բարդ է: Այնուհանդերձ՝ իրավիճակի սրման միտումը վերջին շրջանում ակնհայտ է: Հնարավոր է՝ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են»,-եզրափակել է հեղինակը:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ