ՈՒկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերակառուցել հարաբերությունները, բայց նոր հիմքի վրա՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հատուկ ռազմական գործողությունը վաղ թե ուշ մեզ համար հաջողությամբ կավարտվի, և՛ Ռուսաստանը, որը վտանգ չի ներկայացնում Եվրոպայում, և՛ Եվրոպան, որը, ակնկալում ենք, վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար, դեռ պետք է պայմանավորվեն, թե ինչպես ենք ապրելու»,-շեշտել է Պեսկովը:                
 

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը
19.02.2019 | 02:42

(Նախորդ մասը)

Տարիներ շարունակ պատմաբան Լեոն տառապում էր ստամոքսի ծանր հիվանդությունից: Թիֆլիսում այլևս չէր մնացել մի բժիշկ, որին դիմած չլիներ, բայց անօգուտ:
Մի օր, 1906-ի ամռանը, Լեոն և Հովհ. Թումանյանը մեր տանն էին:
Հայրս դիմեց երկուսին.
-Եկեք երեքս միասին արտասահման գնանք: Թե՛ Առաքելը (Լեոն) կբժշկվի և թե՛ երեքով Եվրոպայում կճամփորդենք, մի քիչ աշխարհ կտեսնենք:
-Խաչը վկա, լավ ասացիր, Ավետիս, ես կգամ,-վրա բերեց Թումանյանը:
Լեոն, իհարկե, ուրախ կլիներ գնալու, բայց դրամ չուներ: Գտնվեցին, սակայն, բարեկամներ, որոնք հորս դիմումի վրա ստանձնեցին թե՛ Լեոյի ճամփորդության և թե՛ նրա ընտանիքի ծախքերը: Եվ երեքը սկսեցին մեկնելու պատրաստություններ տեսնել:
Մեկնելու նախօրյակին դարձյալ երեքն իրար մոտ եկան:


Հայրս ու Լեոն մեզ մոտ էին, երբ ներս մտավ Հովհ. Թումանյանը՝ ոտքից գլուխ թրջված: Մի քանի րոպեից ի վեր դրսում ամառային տեղատարափ անձրև էր սկսել:
-Հովհաննես, կատարյալ թրջված հավ ես դարձել,- կատակեց հայրս:- Հը՞, պատրա՞ստ ես, վաղը պիտի մեկնենք:
-Թրջված հավ ասացիր ու թողեցի՜ր, Ավետիս, հալս հալ չի: Չէ՛, տղերք, ես չեմ գալիս, դուք գնացեք,-պատասխանեց Թումանյանը:
-Ինչու՞:
-Ի՞նչ իմանամ, ախպեր: Չորս-հինգ հարյուր մանեթ էի ճարել ճամփու համար: Խալխը իմացել ա, թե արտասահման եմ գնում: Առաջս եկողը թե՝ «լսել ենք արտասահման եք գնում, պրն Թումանյան, խնդրեմ գնալուց առաջ իմ պարտքը տաք»: Հիսուն մեկին, հարյուր մեկին, երկու հարյուր մեկին բաժնեցի ու հիմա մի կոպեկ իսկ չկա գրպանումս: Չէ, ախպե՛ր, դուք գնացեք, արտասահման գնալը իմ բանը չի,- ասաց Թումանյանը:
Բայց չգնալու պատճառը միայն այդ չէր: Դրամը վերջիվերջո կգտնվեր: Ավելի հիմնավոր պատճառն այն էր, որ Հովհ. Թումանյանը սրտով շատ էլ չէր ուզում գնալ Եվրոպա: Ոգևորության մի վայրկյանում խոստացել էր գնալ, իսկ հիմա թերևս գոհ էր, որ իր գնալը չէր հաջողվում:


Հովհ. Թումանյանը Եվրոպան, և առհասարակ Արևմուտքը, չէր սիրում: Եվրոպացի իր արտաքինով, նիստ ու կացով, Հովհ. Թումանյանը, սակայն, արևելցի էր իր ամբողջ էությամբ, ոտքից գլուխ: Արևելցի՝ բառիս լավագույն իմաստով:
Գնահատում էր Արևմուտքի մշակույթը, բայց ատում էր եվրոպացիների անսրտությունը և ընչաքաղցությունը: Սիրում էր Արևելքը և Արևելքի մշակութային արժեքները շատ բարձր էր դասում: Բանաստեծության հայրենիքը, «հոգու հայրենիքը» Հովհ. Թումանյանի համար խորհուրդներով լի արևելքն էր:


Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և
ոսկու`
Իրենց հոգու անապատից խուսափում են
խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային - հայրենիքը
իմ հոգու…
Այս քառյակը գրված է 1921-ին, այսինքն այն ժամանակ, երբ Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունը իր ամբողջ թափի մեջ էր, երբ թվում էր, թե բոլշևիզմին պիտի հաջողվի ամբողջ Արևելքը ոտքի հանել ընդդեմ Արևմուտքի:


Ակներև է, որ վերի տողերի մեջ արտահայտվել է ժամանակի ոգին, ճիշտ այդ օրերին Կովկաս խուժած բոլշևիզմի չափազանցված արևելասիրությունը: Բայց, մյուս կողմից, անկասկածելի է նաև այն, որ այդ տողերի մեջ խտացած է Հովհ. Թումանյանի աշխարհայեցողության հիմնական գծերից մեկը:
Դեպի Արևմուտքը այդ ժխտական վերաբերմունքն էր պատճառը, որ երբ 1921-ի աշնանը Հովհ. Թումանյանը բոլշևիկների հանձնարարությամբ եկավ Պոլիս կապ հաստատելու խորհրդային իշխանության և հայ գաղութների միջև, Պոլսից ոչ մեկ քայլ չարեց դեպի Արևմուտք: Իր տեսած «Եվրոպան» եղավ Պոլիսը, որ և՛ արտաքինով, և՛ իր ներքին բովանդակությամբ շատ ավելի Արևելք էր, քան Թիֆլիսը, ուր անցել է Թումանյանի կյանքը:

Նյութական դժվարությունները երբեմն շատ ծանր էին ճնշում Հովհ. Թումանյանի վրա:
Այդ դժվարությունների ծանրության մասին շատ անգամ անտեղյակ էին իր ընտանիքի անդամները և միայն մտերիմ ընկերներն էին, որոնց առջև Թումանյանը բաց էր անում իր սիրտը:


Այդպես մի անգամ ընկճված տրամադրությամբ մեր տուն եկավ: Սովորական խինդ ու ծիծաղը չկար դեմքին, և հորս հետ փակվեց մեր ընդունարանում:
Երկար չմնաց և շուտով մեկնեց:
Իր մեկնելուց հետո, հայրս ասաց.
-Խե՜ղճ Հովհաննես, այնպես է խճճվել նեղությունների մեջ, որ գլուխը կորցրել է: Երևակայիր, ներս մտավ թե չէ՝ ընկավ բազկաթոռի մեջ ու երեխայի պես հեկեկալ սկսեց. «Ա՜խ, Ավետիս, դու չգիտես, թե ի՜նչ եմ քաշում ընտանիքիս հոգալու համար: Հոգիս դուրս եկավ, և ոչ ոք չգիտե վիճակս»:
Կյանքը միշտ խինդ ու ժպիտ չէր Հովհ. Թումանյանի համար:

ՄՇՏԱՀՈՍ ՋՐՎԵԺԸ ԵՎ ԾԻԱԾԱՆԸ
1913-ի աշնանը Պոլսում մեռավ Սիմոն Զավարյանը: Իր աճյունը Պոլսից Թիֆլիս փոխադրվեց:
Հ. Յ. Դաշնակցության Պոլսի մարմինների, մամուլի և հայ մտավորականության կողմից Սիամանթոն, իբրև պատվո հուղարկավոր, ուղեկցեց Ս. Զավարյանի աճյունը Պոլսից Թիֆլիս:
Առաջին (և վերջին) անգամ էր, որ Սիամանթոն Կովկաս էր գալիս: Ս. Զավարյանի թաղումից հետո Սիամանթոն մի քանի ամիս մնաց Կովկասում:
Թիֆլիսում հայ գրական շրջանակները գրկաբաց ընդունեցին Սիամանթոյին:
Բնական է, որ Թիֆլիսում Սիամանթոն ամենից առաջ Հովհ. Թումանյանի հետ ծանոթանար և ամենից հաճախ նրա հետ շփվեր:
Այդպես էլ եղավ:
Հովհ. Թումանյանի գրավիչ անձնավորությունը, անուշ վարվելակերպը, մշտահոս զրույցը և սրամտությունը ուղղակի շշմեցրել էին մի քիչ մռայլ, ինքնամփոփ և սակավախոս Սիամանթոյին:
Մի օր երաժիշտ Արմեն Տիգրանյանը, որ օպերայի էր վերածել Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմը, իր տուն հրավիրեց Թումանյանին, Սիամանթոյին և մի խումբ արվեստագետների: Հրավիրվածների մեջ էր նաև մեր նշանավոր դերասանուհին՝ տիկին Սիրանույշը:
Իբրև կին, և այն էլ տաղանդավոր ու հայտնի կին, Սիրանույշը, բնականաբար, դարձավ ներկաների ուշադրության կենտրոնը: Զրույցը տիկին Սիրանույշի շուրջ էր դառնում, խոսողը ամենից ավելի ինքը՝ Սիրանույշն էր, մինչ մյուսները, նույնիսկ զրույցի վարպետ Հովհ. Թումանյանը, ուշադրությամբ և հարգանքով լսում էին տաղանդավոր դերասանուհուն:
Սակայն դա երկար չտևեց:


Տիկին Սիրանույշը մեկն էր այն անձնավորություններից, որոնք իրենց գործից և իրենց անձից դուրս զրույցի ուրիշ նյութ չունեն: Որքան տաղանդավոր, փայլուն և հմայիչ բեմի վրա, նույնքան դժգույն բեմից դուրս, առօրյա կյանքում: Անմրցելի խաղի մեջ, խեղճ իր խաղից դուրս կյանքի հարցերի և արվեստի մյուս ճյուղերի մեջ: Բեմականությունը այնքան միս ու արյուն էր դարձել իր մեջ, որ առօրյա, սովորական զրույցի մեջ էլ այնպես էր շարժվում և խոսում, ինչպես Է. դը Ռոստանի «Արծվիկը» կամ Շեքսպիրի «Համլետը» խաղալիս, ֆրանսիական բեմի կեղծ դասական դպրոցի ձևերով: Սիրանույշը բեմը փոխադրել էր կյանքի մեջ, փոխանակ կյանքը բեմ հանելու:
Իր խոսքը իր խաղացած դերերի և մանավանդ վարագույրի ետևը իր շուրջը դարձող այն ինտրիգների մասին էր, որոնցով հարուստ է բոլոր թատրոնների ներքին կյանքը:
Շուտով զգացվեց, որ տիկին Սիրանույշի նյութը սպառվել սկսեց: Ամենից շուտ դա զգաց Հովհ. Թումանյանը, որ կամաց-կամաց իր ձեռքն առավ զրույցի թելը: Խոսքի տերն այլևս ինքն էր, մինչ մյուսները ուշադրությամբ լսել սկսեցին:


Եվ դարձյալ, ի հարգանս տիկին Սիրանույշի, Հովհ. Թումանյանն էլ իր խոսքը թատրոնի շուրջ դարձրեց:
Կա՞ր որևէ նյութ, որի մասին Հովհ. Թումանյանը մի հետաքրքրական խոսք չունենար ասելու:
-Տիկին Սիրանույշ, գիտե՞ք, որ քիչ էր մնացել ես էլ դերասան դառնայի,- խոսքը Սիրանույշին ուղղեց Հովհ. Թումանյանը:
-Ի՞նչ կըսէ՜… Ատ շատ հետաքրքրական ըլլալու է: Պատմեցե՛ք, կաղաչեմ,- ասաց Սիրանույշը:
«Սրանից քսան-քսանհինգ տարի առաջ էր,- սկսեց Թումանյանը:- Չեմ հիշում, թե դուք էլ էն ժամանակ Թիֆլիսու՞մն էիք, թե չէ, տիկին Սիրանույշ: Պետրոս Ադամյանը իր հիանալի խաղով գժվացրել էր բոլորիս: Ամեն մարդ ուզում էր դերասան դառնալ: Տեղից վեր կացողը բեղ ու մորուս ածիլում էր և վազում Ադամյանի մոտ, թե՝ «մեզ էլ դերասան արա»: Խելքներս կորցրել էինք, մանավանդ մենք՝ Ներսիսյան դպրոցի աշակերտներս: Գնում էինք թատրոն, մտիկ տալիս Ադամյանի խաղին և ախ քաշում՝ «ինչ կըլներ, որ Ադամյանը մեզ էլ դերասան շիներ»:
Մի օր երկու-երեք ընկերներով սիրտ արինք և գնացինք Ադամյանի մոտ: Խնդրեցինք, աղաչեցինք, որ մեզ դերասան անի: Էլ չեմ իմանում թե ոնց եղավ, բայց Ադամյանը մեր խնդիրը կատարեց:
-Վաղը փորձի եկեք,- ասաց:
Էլ մեր քեֆին քեֆ կհասնե՞ր: Ոտքներս կտրվեցին գետնից: Տուն գնալիս չէինք քայլում, այլ թռչում:
Մյուս օրը մեր մի-մի բեղը ածիլեցինք ու գնացինք թատրոն:
Ադամյանը պատրաստում էր Կարինյանի «Վարդանանց պատերազմը»: Ինձ և երկու ընկերներիս մեկ-մեկ դեր տվեց: Ավարայրի կռվին մասնակցող անխոս զինվորներ պիտի լինեինք, կռվի մեջ պիտի սպանվեինք, վեր ընկնեինք և անշարժ պառկեինք, մինչև որ գործողությունը վերջանար:


Գնացինք եկանք, փորձերին մասնակցեցինք, դուրսն էլ հպարտ-հպարտ ման եկանք: Հանա՞ք էր, Ադամյանի հետ խաղացող դերասաններ էինք:
Հասավ ներկայացման օրը:
Բեղ ու մորուս կպցրին մեր երեսներին, սաղավարտներ դրին գլխներիս, մեկ-մեկ հատ փայտե նիզակ տվին ձեռքներս և բեմ հանեցին:
Մենք պարսիկներին զարկեցինք, պարսիկները մեզ զարկեցին, վերջապես սպանվեցինք և ընկանք գետնին:


Ես ընկել էի մի ժայռի վրա: Ժայռ որ ասում եմ, դե, գիտեք էլի, բեմի ժայռ՝ փայտից, տախտակից շինված մի բան:
Աչքերս խփել, պառկել էի: Մեռած եմ, չէ՞:
Մեկ էլ լսեցի Ադամյանի ձայնը: Ադամյանը բեմ մտավ ու Եղիշեի դերի մեջ սկսեց իր մենախոսությունը:
Ականջս սրեցի, աչքերս էլ կամաց-կամաց բացեցի: Ա՜խ, էն ո՛նց էր խոսում Ադամյանը: Բեմն ու սրահը շունչը պահած լսում էին նրան:
Ես մոռացա, թե մեռած եմ: Պառկածս տեղից կամաց-կամաց սողացի դեպի ժայռիս եզրը, որ ավելի լավ տեսնեմ և լսեմ Ադամյանին:


Ադամյանը քանի գնաց ավելի տաքացավ: Ես մի քիչ էլ առաջ սողացի:
Մին էլ չիմացա թե ի՞նչ պատահեց՝ երկի՞նքը փուլ եկավ, թե՞ ժաժք եղավ:
Դու մի ասիլ էնքան եմ մոտեցել ժայռիս եզրին, որ մին էլ էն իմացա, ինչ՝ ես՛ էլ, ժայռս էլ գլորվեցինք Ադամյանի ոտքերի տակ:
Ա՜յ քեզ խայտառակություն: Էլ ի՞նչ անեի: Նիզակս ու սաղավարտս թողի գետնին, ելա ու փախա բեմի ետևը:
Զրահս հանելը, բեղ ու մորուսս պոկելը և դուրս փախչելս մեկ եղավ:
Ետևիցս հասավ Ադամյանի ձայնը՝ «ատ ո՞ր թշվառականն էր, որ խաղս ավրեց, ու՞ր կորավ ատ անպիտանը»:
Վարագույրը իջել էր, և Ադամյանը բեմի ետև էր անցել ու ինձ էր փնտրում: Բայց ու՜ր, ես շունչս մեր տան առջին առա:
Էն էր ու էն՝ էլ ոտք չդրի հայոց բեմը: Հայոց ազգը էսպես զրկվեց ինձ նման երևելի դերասանից՛՛,-վերջացրեց Թումանյանը, ինքն էլ ծիծաղելով:
Տիկին Սիրանույշը ձեռքից գնաց ծիծաղից:


Ծիծաղում էին և մյուսները, մինչ Սիամանթոն, որ զարմացած երեխայի նման լսում էր բերանբաց և անթարթ հայացքը Թումանյանին հառած, շշմել-մնացել էր:
Քիչ հետո հյուրերն սկսեցին ցրվել:
Սիամանթոյի հետ գնացինք Թումանյանին տուն ուղեկցելու:
Ճանապարհին Հովհ. Թումանյանը շարունակեց իր անուշ զրույցը: Վերջապես հասանք իր տան առջև. մեզ բարի գիշեր ասաց ու ներս գնաց:
Թումանյանն արդեն ծածկվել էր իր տան դռան ետևում, մինչ Սիամանթոն անշարժ կանգնել էր մայթի վրա:
Երկու ձեռքերը անգլիական ամառային լայն վերարկուի գրպանները խոթած, դեմքը դեպի դուռը, որի ետև ծածկվեց Թումանյանը, լուռ նայում էր:
-Է՛, չգնա՞նք,- ասացի:
Սիամանթոն, առանց դիրքը փոխելու, հայացքը միշտ փակ դռանն ուղղած, ասես ինքն իրեն ասաց.
-Աս ի՜նչ զարմանալի մարդ է սա՝ մեր Թումանյանը… Ջրվեժի նման կհոսի, կհոսի, կհոսի անդադար, և ծիածան, որ կամար կկապե իր մեջ:
Ապա դարձավ դեպի ինձ, և լուռ քայլեցինք կողք կողքի:
Գիտեի, որ Սիամանթոն եղել էր Ամերիկայում և, անշուշտ, տեսել էր Նիագարայի ջրվեժը, բայց ես չգիտեի, որ ծիածանը առանց անձրևի կամար է կապում Նիագարայի վրա:
1914-ի հունիսն էր: Մի քանի օր հետո Սիամանթոն մեկնեց Եվրոպա, ապա՝ Պոլիս և դեպի մահ:
Երեք-չորս շաբաթ չանցած սկսվեց համաշխարհային պատերազմը:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ