Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԺ որոշ պատգամավորներ ևս բողոքում են գազի և էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարների ահռելի չափից

ԱԺ որոշ պատգամավորներ ևս բողոքում են գազի և էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարների ահռելի չափից
19.02.2019 | 23:30

Գազի և էլեկտրաէներգիայի հունվարի վճարների ահռելի չափի վերաբերյալ դժգոհություններով Ֆեյսբուքը հեղեղված է, մինչդեռ պատկան մարմինները գրավոր դիմումներ են պահանջում խնդրի պատճառները պարզելու համար: Բողոքում են նաև Աժ պատգամավորներ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի սպառած էլեկտրաէներգիան մի քանի անգամ ավելի է եղել նախորդ ամսվանից: «Արձանագրվել է իմ հաշվիչին էլեկտրականության օգտագործման մի քանի անգամ ավել գումար, մոտ 280 հազարի չափով», - նշեց Արմեն Խաչատրյանը։


Հավելագրո՞ւմ է, թե՞ տեխնիկական խնդիր: Պատգամավորը փորձել է հարցի պատասխանը ստանալ՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով: Պատգամավորի գրառմանը արձագանքել են հարյուրավոր օգտատերեր՝ նույն դժգոհություններով: Քաղաքացիները փաստում են, որ սպառել են գրեթե նախորդ ամսվա ծավալով, բայց արձանագրվել է կրկնակի կամ եռակի ցուցանիշ: «Դե ես մտածել եմ, որ դա տեխնիկական ինչ-որ խնդիր է, ինչ-որ բան խափանվել է, որի արդյունքում սխալ արձանագրում է կատարվել։ Սակայն, երբ ուշադրություն դարձրեցի նաև հասարակության մեջ խոսակցություններին, մտահոգություններին, տեսա, որ այդ դեպքերը շատ են», - ասաց Խաչատրյանը։


ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն էլ է հանկարծակիի եկել էլեկտրաէներգիայի վճարի չափից: «Տարօրինակ բան է պատահել․ նախանցած ամսվա վճարը եղել է մոտավորապես 30 հազար իմ երկսենյականոց բնակարանում, այս ամսվանը եղել է 52։ Կտրուկ, համարյա երկու անգամ աճել է։ Իմ ջեռուցումը հոսանքով է տան, իմիջիայլոց, մենք գիտենք, որ կտրուկ ցրտեր չեն եղել, որ անմիջապես երկու անգամ ավել հոսանք օգտագործվի։ Մտահոգիչ է, որ անհասկանալի է՝ ինչի՞ համար միանգամից երկու անգամ ավել եղավ։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ բնավ չի նշանակում, որ ձվի մեջ մազ ենք ման գալիս, ոչ: Պարզապես բավականին մտահոգիչ է», - ասաց Արման Աբովյանը։


Թեև քաղաքացիները պնդում են, որ իրենց կենցաղում ոչինչ չի փոխվել և բնակարանը ջեռուցել են նույն ռեժիմով, Հայաստանի էլեկտրական ցանցերից պարզաբանում են՝ սովորականից մեծ թվերը պայմանավորված են տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ: Այդուհանդերձ, բաժանորդներին խնդրում են դիմել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը: Քաղաքացիներից գրավոր բողոքներ են պահանջում նաև «Գազպրոմ Արմենիայից»: Ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության աշխատակից Միխայիլ Հարությունյանն է պարզաբանում հավելյալ վճարների հնարավոր պատճառը. «Առհասարակ սպառման ծավալների որոշակի ավելացման հիմնական գործոնը պայմանավորված է արտաքին օդի ջերմաստիճանով, երբ մեծանում են բնակարանների, տների արտաքին պատերից ջերմային կորուստները, ինչը պետք է փոխհատուցվի ավելի շատ քանակությամբ գազի սպառման ծավալով»։ Անդրադառնալով համատարած դժգոհություններին՝ Հարությունյանը պնդեց, թե դեկտեմբերից մինչև օրս սպառված գազի դիմաց հաշվեգրված գումարի վերաբերյալ մեկ բողոք են ստացել: ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր անհամաձայնության կամ բողոքի անհատապես անդրադառնալ, և մենք հորդորում ենք, եթե մեր բաժանորդների մոտ կան այդպիսի հարցեր, դիմեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության թեժ գծին կամ մեր մասնաճյուղեր», - նշեց Միխայել Հարությունյանը։

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ