Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տոտալ հարձակում Հայ առաքելական եկեղեցու վրա

Տոտալ հարձակում Հայ առաքելական եկեղեցու վրա
22.02.2019 | 02:54

Մտքովս չէր անցնի, որ հետհեղափոխական Հայաստանի օրակարգում հայտնվելու է Հայ առաքելական եկեղեցու «պետականացումը»: Անգամ այն օրերին, երբ Էջմիածին-Երևան ճանապարհն էր փակվում, երբ ուխտի գնացող Վեհափառի վրա հարձակում էր կազմակերպվում: Մտածում էի` աղանդավորներ են, կամ էլ մարդիկ, որ հեղափոխությունը ուղղակի են հասկացել ու կարծում են, որ առավոտից երեկո հեղափոխություն պիտի անեն` որտեղ պատահի: Ի վերջո` միշտ էլ գտնվում են կյանքից նեղացածներ, որ իրենց ձախորդությունների մեղավոր են որոնում ուրիշներին ու թիրախ են ընտրում` հագուրդ տալու սեփական ինքնասիրությանը և հընթացս փող աշխատելու: Արդեն այսօր ակնհայտ է, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը մի խումբ սինլքորների «պարապ վախտի խաղալիքը» չէ, հրաշալի ֆինանսավորվում ու կառավարվում է և հեռագնա նպատակներ ունի: Բուն նպատակը ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականն է, այլ Հայ առաքելական եկեղեցին հարկատու դարձնելը, որին հասնելու համար նախ պետք է վարկաբեկել կաթողիկոսին ու ստիպել ամեն ինչի համաձայնելու, հետո վարկաբեկել հոգևորականներին ու հասարակական պահանջ դարձնել եկեղեցին հարկելը:

Ընդհանրապես ձևավորել հակաեկեղեցական մթնոլորտ` հեշտացնելու գերխնդրի լուծումը: ՈՒ զարմանալի չէ` ինչու՞ է ռուսական մամուլն այդքան մտահոգ Հայ առաքելական եկեղեցու խնդիրներով, երբ Ռուս ուղղափառ եկեղեցին ֆիասկոյի առաջ է կանգնել ՈՒկրաինայի ուղղափառ ավտոկեֆալ եկեղեցու ստեղծումով ու ուղղափառ համայնքի երկփեղկումով, երբ Համայն Ռուսիո ու Մոսկվայի պատրիարք Կիրիլը խզել է կապերը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Իրենց եկեղեցու խնդիրները թողած` ռուս լրագրողները հայ հոգևորականների վարք ու բարքով են մտահոգ, ոչինչ հենց այնպես չի լինում ընդլուսնյա աշխարհում: Վերջերս «Փաստը» գրեց, որ իր տեղեկություններով՝ նոր իշխանությունները դեմարշ են սկսել հոգևորականների դեմ, որովհետև եկեղեցականները նույնպես ասոցացվում են հին համակարգի հետ: «Նոր իշխանություններն ամեն կերպ փորձում են եկեղեցու սպասավորներին պահել իրենց «բռում»: Մեր աղբյուրների պնդմամբ, իշխանությունները մարզպետներին ու հավատարիմ համայնքապետներին հանձնարարել են «խոշորացույցով» հետևել տեղերում քահանաների աշխատանքին՝ հատկապես «տակից» փող աշխատելու հավանականությունը կանխելու համար: Եկեղեցու սպասավորներն իրենք էլ, մեղմ ասած, հեղափոխական կառավարիչների հանդեպ այդքան էլ բարյացակամ չեն:

Իշխանություններին զեկուցվել է, որ անցած խորհրդարանական ընտրություններում հոգևոր դասը սատարել է հիմնականում ՀՀԿ-ին»: Սա էլ մեկ այլ պատճառ: Արդեն չեմ հիշեցնում կթության ու գիտության նախարարի թեթև ձեռքով սարքված սկանդալը և դպրոցներից կրոնի ուսուցումը հանելու համար սկսված շարժումը, որ բազում կողմնակիցներ ունի 7-րդ գումարման ԱԺ-ի մեծամասնության շարքերում:
Իսկ գագաթնակետը փետրվարի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր ԱԺ-ում: Ցավոք, հիմնական ուշադրությունը բևեռվեց ՔՊ-ԼՀԿ լեզվակռվին, և ստվերում մնացին վարչապետի մտքի թռիչքի մյուս դրսևորումները: Մասնավորապես` ազգայինի թեմայով. «Այս թեման ընդհանրապես վերջին 8 ամիսներին անընդհատ շոշափվում է՝ ազգային, ապազգային, ազգային եկեղեցի, ազգային դպրոց և այլն: Այս հասկացություններում մենք պետք է շատ լուրջ ճշգրտումներ մտցնենք՝ այդ ի՞նչ է նշանակում: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր փորձում են Հայ առաքելական եկեղեցին պաշտպանել ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից, պետք է Հայ առաքելական եկեղեցու պատմությունը և որոշ կարևոր դրվագներ իմանան: Հիմա, օրինակ, ավանդական մտածողության մեջ Պապ թագավորը Հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից մեկն է, բայց այսօր Հայ առաքելական եկեղեցի ունենք Պապ թագավորի շնորհիվ, որն ասաց՝ եղբայր, մենք պետություն ենք, մենք կարիք չունենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը գնա, Կեսարիայում օծվի: Մենք երկիր ենք, ունենք թագավոր, ունենք մայրաքաղաք, ունենք հոգևոր դաս, և մեր կաթողիկոսը պետք է օծվի մեր հայրենիքում: Եվ դիմադրում էին՝ մատնագրեր էին գրում Հռոմ՝ Պապ թագավորի վրա, 2 անգամ դավադրություն արեցին, մեկից կարողացավ պլստալ, երկրորդից չկարողացավ, և սպանեցին»:


Իրոք, Պապ թագավորը Արշակունիների դինաստիայի ամենաողբերգական ու ամենահզոր արքաներից է եղել և եթե 21 տարեկանում չսպանվեր, հայոց պատմությունը բոլորովին այլ ընթացք կունենար: Նրա թագավորության ամենաբնորոշ գիծը անկախությունն էր: Չմանրամասնելով արքայի կենսագրությունը` նշեմ, որ գահակալության 4 տարիներին (370–374) նա վերականգնեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանն ուներ 90000-անոց բանակ, և ինքնիշխան քաղաքականության պատճառով արքայից դժգոհ էին ոչ միայն հոգևորականները, այլև իշխանները, որ իսկապես մատնագրեր էին գրում երկու արքունիքներ` Հռոմ ու պարսից: Պապի սպանությունից հետո, Փավստոս Բուզանդի հավաստմամբ, հայոց նախարարները հավաքվում են և որոշում վրեժխնդիր չլինել, այլ հնազանդ ծառայել հույներին. պարսիկները հեթանոս էին, և պատերազմել հույների դեմ` նշանակում էր դաշնակցել հեթանոս պարսիկների հետ: Հայ նախարարներն ու հոգևորականները չպայքարեցին, հլու-հնազանդ ընդունեցին Հռոմի դրածո Վարազդատ Արշակունուն: Հայ նախարարների և հոգևորականների վերաբերմունքից ակնհայտ է, որ հունասեր ազնվականներն ու եկեղեցին նախապես տեղյակ էին դավին և համագործակցում էին հռոմեացիների հետ: Այնպես որ` 21-ամյա արքայի սպանությունը միայն հոգևորականների ու հույների դավադրության հետևանք չէր. պետք չէ պատմությունից վերցնել միայն ձեռնտուն: Սա` ի դեպ: ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անկեղծ ասում էր. «Ես ինձ համարում եմ խոր հավատացյալ մարդ, ես ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ընդ որում՝ հավատարիմ հետևորդ: Բայց հիմա ես կարծում եմ, որ նույն ժամանակներն են պատմական նույն համատեքստով, ինչ Պապ թագավորի ժամանակ: Ի՞նչ էր ասում՝ ասում էր, ժողովուրդ ջան, պետք է հարկ վճարել, ասում էր, որ մեր երկրի տղամարդկանց ու կանանց բոլորին տարել եք լցրել վանքերն ու կուսանոցները, բա մեր երկրի տնտեսության համար ո՞վ պիտի աշխատի, բա մեր երկրի բանակի զինվորն ո՞վ պիտի լինի: Ասում էին՝ դու դավաճան ես, ապազգային ես: Բա մենք էլ ենք ասում՝ հարկ պիտի վճարենք, ժողովուրդ ջան, նեղանում են: Ասում են՝ քննադատեց: Ո՞վ քննադատեց»:


Չքննարկելով հարցը` որքանո՞վ է տեղին Պապ թագավորի հետ նույնանալը Նիկոլ Փաշինյանի պարագայում, արձանագրենք, որ կուսանոցներ չունենք, հայ հոգևորականներն այսօր գնդերեցներ են բանակում և բանակից չեն ազատվում` եկեղեցուն ծառայելու համար, մնում է` եկեղեցին հարկային դաշտ բերելը: Հարց` իսկ պատրա՞ստ է պետությունը եկեղեցին հարկելուց հետո կատարել եկեղեցաշինության, եկեղեցիների վերականգնման, հոգևորականների կրթության ու ծառայության ապահովման գործառույթը: Իսկ պետությունը կարո՞ղ էր և կանե՞ր այն, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն արել է միայն Մայր Աթոռում` Մայր Տաճարն ու վանական համակարգը վերականգնելու, համալրելու համար: Քանի՞ տարի կքննարկվեր բյուջեից փող հատկացնելու համար միայն Տրդատի դարպասի կառուցմանը, մնացած նորակառույցներին չհասնենք: Համեմատեք` որքա՞ն աշխատատեղեր է ստեղծել Հայ առաքելական եկեղեցին ու որքա՞ն ՀՀ կառավարությունը, գնահատեք` որքա՞ն սոցիալական խնդիրներ է լուծում եկեղեցին և որքան` պետությունը:

Համեմատեք հոգևորականների թիվը 1999-ին և 2019-ին, հոգևոր կրթության մակարդակը և կրթարանների թիվն ու պայմանները: Պարզապես` համեմատեք ու եզրակացություններն ինքնուրույն արեք: Մեղավո՞ր են Հայ առաքելական եկեղեցին ու անձամբ Վեհափառը ստեղծված իրավիճակում: Միանշանակ` այո: Բայց` աշխարհիկ տեսակետից: Ոչ Հայ առաքելական եկեղեցին, ոչ Վեհափառն անձամբ երբեք չեն զբաղվել ինքնագովազդով ու պոպուլիզմով, նրանց սկզբունքը մեկն է եղել` ծառայել Աստծուն ու ժողովրդին, գնահատանքի ու փառաբանության չսպասելով: Հայ առաքելական եկեղեցին ու Վեհափառը կարևորել են գործը, ոչ թե արվածի թմբկահարումը և սուսուփուս արել են իրենց գործը` մարդկանց ու պատմությանը թողնելով գնահատականի իրավունքը: Փաստացի` սխալվել են: Նոր Հայաստանում նոր բարքեր են: Գործ չարած` պիտի ծղրտաս, որ ամեն ինչ անում ես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Լևոն Կարապետ Պալճյանի` Վազգեն Վեհափառի (գահակալության տարիներ` 1955-1994) մահից հետո ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել էր պատմական քայլ անել` վերամիավորել Մայր Աթոռի հետ Մեծի Տանն Կիլիկիո նվիրապետական աթոռը, որի առաջին քայլը Հայ առաքելական եկեղեցու 131-րդ կաթողիկոս դարձնելն էր Անթիլիասի կաթողիկոսին: Քայլը ոչ այնքան հանուն եկեղեցու հզորացման էր, որքան` ՀՅԴ-ի դիրքերի թուլացման: Ստացվեց: Բայց ոչ վերամիավորում եղավ, ոչ Անթիլիասում ՀՅԴ-ի դիրքերը թուլացան, իսկ Նշան Սարգսյանը` Գարեգին Ա վեհափառը, գահակալեց ընդամենը 4 տարի` 1995-1999, և վախճանվեց ծանր հիվանդությունից հետո` այդպես էլ չհասցնելով կյանքի կոչել իր հրաշալի ծրագրերը ամբողջությամբ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս 1999-ին դարձավ Արամ Քեշիշյանը` Արամ Ա-ն: Մայր Աթոռի ու Անթիլիասի հարաբերությունները անցած տասնամյակներում եղել են, ինչպես պիտի լինեին Հայ առաքելական եկեղեցու ու իր նվիրապետական աթոռներից մեկի հարաբերությունները: Բայց ամենայն հավանականությամբ` Նիկոլ Փաշինյանը մտադիր է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի հնարքը: Հասկանալի չէ` ինչպե՞ս, հասկանալի չէ` ինչու՞: Համենայն դեպս` Արամ Ա-ն չափազանց հաճախ է հայտնվում Երևանում ու չափազանց ակտիվ է Նոր Հայաստանի հետ իր շփումներում, ու դա հոդաբաշխ բացատրություն չունի: Եթե չասենք, որ քայլ է պետականության դեմ, որի անտրոհելի մասն է Հայ առաքելական եկեղեցին ու դա օրվա իշխանությունից կախված չէ: Դա պատմություն է` անցյալի, ներկայի ու ապագայի:

Դիտվել է՝ 2687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ