Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՀՀ կառավարությունը չունի իրական պլան, ինչը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծելու, վերակազմակերպելու աշխատաշուկան»

«ՀՀ կառավարությունը չունի իրական պլան, ինչը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծելու, վերակազմակերպելու աշխատաշուկան»
22.02.2019 | 03:01

«Հայաստանի կառուցողական» կուսակցության նախագահ ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ համոզված է՝ հեղափոխություն անելն ու երկիր կառավարելը տարբեր բաներ են, և որպես կանոն հեղափոխական ուժերը չպետք է կառավարություն ձևավորեն: Բայց Հայաստանում այնպիսի պայմաններ էին ստեղծվել, որ գործընթացն այլ կերպ դասավորվեց: «Իրատեսի» հետ զրույցում քաղաքական գործիչն ասաց, որ մեր երկրի առաջընթացն այսօր կաղում է, և դա այն պատճառով, որ կառավարությունն ինտելեկտուալ բավարար ռեսուրս չունի: Ավելին՝ համարձակություն չունի կառավարության կազմում դրսից համապատասխան մասնագետներ ներգրավելու կամ երկրի ներսում առկա ինտելեկտուալ ռեսուրսները կիրառելու: Գուցե վախենում է բազմակարծությունից՝ փորձելով մոնոպոլիզացնել լծակներն ու դրանք իր ձեռքում պահել:

-Այս ամենին հանրությունը սկզբնական շրջանում դրական էր վերաբերվում, քանի որ վստահում էր հեղափոխական ուժին, բայց ժամանակի հետ տեսանելի է դառնում, որ անհրաժեշտ արդյունքը չկա, որ կբավարարի հանրությանը, և մարդիկ նոր փուլի անցնելու անհրաժեշտության մասին են բարձրաձայնում: Իսկ նոր փուլի ճանապարհին կարևոր է ներգրավել արտախորհրդարանական, քաղաքացիական, հասարակական, սփյուռքի ու բոլոր միավորումներին ու ուժերին, նրանց միջոցով նոր թափ տալ ու ակտիվացնել կառավարությանը, ինչով էլ հիմա մենք՝ 10 կուսակցություն ու միավորում, փորձում ենք զբաղվել՝ ներկայացնելով նոր Սահմանադրություն ունենալու նախաձեռնությունը,- ասում է Ղուկասյանը:
-Պարոն Ղուկասյան, շուտով կլինի մեկ տարի, ինչ Հայաստանում «իրավիճակ է փոխվել»: Ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ եք նկատել այս ընթացքում թե՛ քաղաքական, թե՛ հասարակական կյանքում:
-Մեր երկրում քաղաքական իրավիճակն, իսկապես, անշրջադարձ փոխվել է: Քաղաքական գործիչների համար գործելու ավելի մեծ հնարավորություններ կան, ինչը նախկինում չի եղել: Վստահ եմ՝ հասարակական գործիչների համար իրավիճակը նույնպես էականորեն փոխվել է, որովհետև եթե նախկինում իշխանությունները քաղաքացիական հանրության հետ գրեթե չէին համագործակցում, ապա այժմ հանրային միավորումներն անգամ հնարավորություն ունեն ազդելու իշխանական համակարգի վրա: Ինչ վերաբերում է հասարակության սպասումներին, ապա կասեմ, որ մարդիկ տնտեսական ու սոցիալական կտրուկ փոփոխություններ էին ակնկալում, բայց դրանք շոշափելի ու տեսանելի չեղան: Նկատեմ, որ որպես կանոն ցանկացած հեղափոխությունից հետո տուժում է տնտեսությունը, ու այն բացասաբար է ազդում տնտեսական ցուցիչների վրա, բայց 2018-ին հաջողվեց պահպանել բյուջեի կայունությունը, ինչը ես նվաճում եմ համարում: Այս տարվա բյուջեն իհարկե չի համապատասխանում այդ սպասումներին, ու քաղաքացիների դժգոհությունն արդարացի եմ համարում, որովհետև կառավարությունը բավական ժամանակ ուներ բյուջեն մեր սպասումներին համահունչ դարձնելու: Այլ հարց է, որ բավարար ինտելեկտուալ ռեսուրս չունի դրա համար: Եվ արդեն տեսնում ենք, որ հասարակության շրջանում կառավարության ու իշխող ուժի նկատմամբ վստահության անկում կա:
-Գուցե վերջերս հաստատված ու թվեր ներառված չլինելու պատճառով այդքան քննադատված կառավարության ծրագի՞րն օգնի իշխող ուժին վերագտնելու վստահությունը:
-Կառավարության ծրագիր ներկայացնելն արդեն իսկ մեծագույն խաբկանք է, որ ժառանգություն է մնացել ԽՍՀՄ-ից: Այն ձևական, անիմաստ, ձևական բնույթի գործընթաց է, որ խորհրդարանական աշխատանքի տպավորություն է ստեղծում, բայց որևէ մեկը պատասխանատու չէ այն ձախողելու կամ չկատարելու համար: Ծրագիրը հանրությանը ներկայացնում են ընտրությունների ժամանակ, իսկ պառլամենտում ընդամենը ֆիքսում են, որ խորհրդարանական ուժերի միջև պետական ինչ-որ մի կուրսի հարցում կոնսոլիդացիա կամ կոնսենսուս կա: Նախորդ իշխանության ժամանակ դրան կարևորություն էր տրվում, որովհետև կուսակցապետերը գտնվում էին մեկ կենտրոնի վերահսկողության ներքո, ու կառավարության ծրագրի ներկայացումը ձև էր՝ ցույց տալու, որ ԱԺ-ում կոնսոլիդացիա կա: Այժմ թեև նման վերահսկողություն չկա, բայց մենք տեսնում ենք, որ ավանդույթը շարունակվում է:
-Կառավարման եկած թիմը ինչու՞ կոնկրետ թվեր չի ներկայացնում: Խուսափո՞ւմ է հետագա պատասխանտվությունից:
-Նրանք չունեն զարգացման այնպիսի պլան, ինչի օգնությամբ հանրությանը կարող էին ինչ-ինչ ժամկետների համար թվեր ու ցուցանիշներ ներկայացնել: Բայց հանուն արդարության ասեմ, որ նման պլան չի եղել անկախությունից ի վեր, ու այսօրվա վիճակը նորություն չէ:
-Այսինքն՝ ապահովագրվու՞մ են:
-Այո, դա ապահովագրվելու, նվազագույն նշաձող սահմանելու, հանրային ցածր պարտավորություներ ստանձնելու ձև է, որպեսզի մարդիկ հետագայում հարց չբարձրացնեն, թե այս-այս խնդիրները չեն կատարվել: Իրականում 5 տարում 50 հազար աշխատատեղ ստեղծելը, որ ներկայացնում է կառավարությունը, չնչին ցուցանիշ է: Ամեն տարի կես միլիոն մարդ է Հայաստանից մեկնում արտագնա աշխատանքի, 200 հազար մարդ գրանցված է որպես գործազուրկ: Այսինքն` 700 հազար մարդ աշխատանքի խնդիր ունի, իսկ կառավարությունն առաջարկում է 50 հազար նոր աշխատատեղ: Բայց որտեղ 700 հազարը, որտեղ՝ 50 հազարը: Եթե կառավարությունն իր վրա պարտավորություն չի վերցնում նոր աշխատատեղերի ստեղծման հարցում, հետևաբար փորձում է իրեն ապահովագրել հետագա պատասխանատվությունից:
-Տնտեսական հեղափոխությա՞մբ գուցե աշխատատեղերի խնդիրը լուծեն:
-Սկսենք նրանից, որ բառերը պետք է կիրառել ըստ իրենց նշանակության: Ի՞նչ ասել է «տնտեսական հեղափոխություն»: Հեղափոխություն բառը չի կարելի այդքան չարաշահել: Հեղափոխությունը երկրում գործող սահմանադրական կարգի փոփոխությանն ուղղված գործընթաց է, իսկ տնտեսական հեղափոխությունն ընդամենը քարոզչական պիտակ է, ինչի միջոցով իշխանությունները փորձում են տաք պահել հեղափոխական տրամադրությունը: Հիմա ես հարց եմ տալիս՝ պետությունն աշխատատեղեր ստեղծելու համար իրական ծրագիր ունի՞, թե՞ չունի: Պատասխանը` ո՛չ: ՀՀ կառավարությունը չունի իրական պլան, ինչը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծելու, վերակազմակերպելու աշխատաշուկան, ՀՆԱ-ի վերաբաժանում կազմակերպելու և այլն: Հույսը դնում է, թե ներդրումները կավելանան իրենք իրենց ու կփոխեն իրավիճակը:
-Իսկ ու՞ր են ներդրողները:
-Հայաստանը դեռևս չի համագործակցում այնպիսի խոշոր ընկերությունների հետ, որ պատրաստ են մեծ ակտիվներ ներդնելու մեզ մոտ: ՈՒ այն պատճառով, որ իշխանությունը ներդրումներ ներգրավելու պլան նույնպես չունի: Իսկ եթե այդպիսի պլան չկա, ապա գործնականում ներդրումներ չեն կարող լինել: Միջին, փոքր ու հայեցողական բնույթի ներդրումներ կարող են լինել, որոնց երաշխիքը, սակայն, կոռուպցիան է: Ներդրողների շահերից, այո, բխում է կոռուպցիոն ռեժիմը, քանզի այդ պարագայում կաշառքով հնարավոր է առավելություն ստանալ: Բայց հեղափոխության հակակոռուպցիոն կարգախոսը հայեցողական դաշտի ներդրողների ճանապարհը փակում է: Ինստիտուցիոնալ ներդրողներ ներգրավելու համար ինտելեկտուալ ներուժ է նաև անհրաժեշտ, բայց տեսնում ենք, որ իշխող ուժը կադրային քաղաքականությունը սահմանափակել է սոսկ իր կուսակիցներով՝ թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում հավատարիմ խմբակցություն ու կաբինետ ունենալով:
-Այնքան հավատարիմ, որ առանց կարդալու, թե պետական փաստաթղթում ինչ է գրված, պատրաստ են ստորագրելու դրա տակ:
-Լուրջ մարդիկ նման հայտարարություն կանե՞ն: Նույնիսկ եթե անվերապահորեն վստահում են վարչապետին, արդյո՞ք պետք էր դրա մասին բարձրաձայնել: Դա խոսում է պատգամավորների անփորձության մասին, ու սպասել, թե հավատարմության մասին նման հայտարարությունը դրական կընկալվի, մարդիկ էլ ծափ կտան, միամտություն է: Այդ միամտությունը հենց խանգարեց կառավարությանը, որի անդամներին թվում էր, թե իրենց գեղեցիկ աչքերի ու արտաքինի համար են մարդիկ իրենց վստահել: Այնինչ մարդիկ ինտելեկտի դրսևորում են ակնկալում ու պահանջներ ներկայացնում իշխանության եկածներին: Իսկ երբ այդ դրսևորումը չկա, առաջ է գալիս դժգոհությունը:
Մյուս կողմից՝ մեր երկրում խորհրդարանական կառավարման մոդելն ամբողջությամբ ներդրված չէ, իսկ պառլամենտի իրավասություններն էլ չեն կարող երաշխավորել իշխանության բաժանման սկզբունքը: Ե՛վ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունը գտնվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձեռքում: Այս պարագայում ի՞նչ կապ ունի, օրինակ, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն անմիջական ու՞մ են ենթարկվում` Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ ՔՊ վարչությանը:
-Ի վերջո, այդ կառույցներն այս պահին քաղաքակա՞ն են, թե՞ ոչ:
-Իհարկե քաղաքական են, և հանրության համար կարևոր է, որ այդ պաշտոնները լինեն հանրային վերահսկողության տակ: Նիկոլ Փաշինյանը նրանց բոլորի հետ հավասար նույն հարթության մեջ պետք է դիտարկի ու ասի, որ տարին մեկ անգամ պետք է գաք, հաշվետվություն ներկայացնեք խորհրդարանում: Իրականում խնդիրը ոչ թե այն է՝ պարզել, թե որտեղ են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, այլ վերականգնել իշխանության տարանջատման սկզբունքը:


Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ