Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Երկաթուղու հարցը Փաշինյանի Իրան կատարելիք այցի օրակարգում դժվար թե ընդգրկված լինի»

«Երկաթուղու հարցը Փաշինյանի Իրան կատարելիք այցի օրակարգում դժվար թե ընդգրկված լինի»
26.02.2019 | 00:28

Իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցի, արցախյան հարցով պաշտոնական Թեհրանի վերջին շրջանում արած հայտարարությունների, հայ-իրանական հարաբերություններում տնտեսական բաղադրիչի հնարավոր զարգացման և հարակից այլ թեմաների շուրջ:

-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում ու Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ի՞նչ ուղերձներ ունի:
-Հայ-իրանական հարաբերությունների հիմքում այնպիսի փոխադարձ շահեր են ընկած, որոնք ապահովում են այդ հարաբերությունների մշտական զարգացումը՝ անկախ աշխարհաքաղաքական պայմանների բարդությունից և Հայաստանում կամ Իրանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններից։ Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև այժմ և, դատելով տարածաշրջանում ու դրա շուրջ տիրող իրավիճակից ու երկու ժողովուրդների պատմական անցյալից, լինելու է նաև առաջիկա տարիների ընթացքում։ Փաշինյանի Իրան կատարելիք այցը վերը նշածիս ապացույցն է: Եթե օգտագործելու լինենք «ուղերձ» բառը, ապա դա ուղերձ է առ այն, որ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները չեն փոխել հայ-իրանական հարաբերությունների բարիդրացիական և ակտիվ գործակցային բնույթը, ինչպես նաև Հայաստանի համար Իրանի ունեցած առանձնակի կարևորությունը։
-Արցախի հարցում Իրանի դիրքորոշման մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ փոփոխություններ եղե՞լ են։ Նկատի ունեմ Մոհամմադ Հոսեին Բաղերիին վերագրվող հայտարարությունը, որը, ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի, Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ոչ միայն ասել էր, թե Իրանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանն ու սահմանների անխախտելիությանը, այլև նշել էր, որ «Իրանը ղարաբաղյան հողերը համարում է ադրբեջանական»։ Այդպես էլ չիմացանք՝ նման բան ասվե՞լ էր, թե՞ ոչ։
-Պաշտոնական Իրանի դիրքորոշումներն Արցախյան հակամարտության մասին արտահայտվում են հիմնականում այդ երկրի նախագահի և արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններում, իսկ դրանցում, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պահպանվում է չեզոքություն, որը համապատասխանում է Իրանի՝ հարևան երկրների, այդ թվում՝ այսրկովկասյան երկրների հետ հավասար և բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու առաջնահերթության սկզբունքին։ Ոչ պաշտոնական մակարդակում եթե հարցը դիտարկելու լինենք, ապա բազմիցս նշվել է, որ Իրանի համար թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական, թե՛ անգամ տնտեսական առումով Արցախի անկախ գոյությունը, առնվազն այսօրվա սահմաններով, խիստ կարևոր նշանակություն ունի։ 2017-ի դեկտեմբերին Արցախի ԱԳ նախարարի հարցազրույցն իրանական «Շարղ» օրաթերթին, արցախյան կողմի դիրքորոշումների հստակ ձևակերպումն ու ներկայացումն իրանական հասարակությանը բացառիկ դրական երևույթ էր և այդ հարցում Իրանի ոչ պաշտոնական դիրքորոշման արտահայտում: Պատահական չէր, որ ադրբեջանական մերձիշխանական մամուլը դա գնահատեց որպես Իրանի կողմից Արցախի Հանրապետության դեֆակտո ճանաչում։ Ինչ վերաբերում է Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեին Բաղերիի Ադրբեջանում արած հայտարարություններին, նշեմ, որ դրանից ընդամենը մեկ օր անց Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանին, մեր երկրի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է այդ հայտարարությանը՝ նախ ընդգծելով, որ Իրանի հավասարակշռված դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ փոփոխությունների չի ենթարկվել, ապա հավելել` Բաղերիի հայտարարությունն աղավաղվել է:
-Կա՞ն արդյոք հարցեր, որոնք մտահոգում են Իրանին, և դրանց առնչությամբ իրանական կողմը կուզենար ճշտել հայկական կողմի մոտեցումները։ Օրինակ՝ Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Թրամփի քաղաքականության և ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ: Նրանք գուցե «Նոր Հայաստանի» իշխանությունների վարքագիծը արևմտամե՞տ են համարում։
-Յուրաքանչյուր պետություն ունի իր սեփական շահերը և որևէ երկրի հետ հարաբերություններ կառուցելիս՝ առաջնորդվում է հենց այդ սկզբունքով։ Անկախացումից հետո Հայաստանը հարաբերություններ է հաստատել և զարգացրել ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ, և Հայաստան-Ամերիկա, Հայաստան-Իրան հարաբերությունները չպետք հակադրվեն միմյանց։ Բնականաբար, Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա լարվածությունը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև Հայաստանի համար, սակայն Հայաստանը շարունակում է գործակցել Իրանի հետ և հակված է հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգային և տնտեսական մակարդակներում։ Գալով Թրամփի քաղաքականության և ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումները ճշտելու իրանական կողմի հնարավոր ցանկություններին, նշեմ, որ իրանական կողմն այդ հարցում ճշտումների կարիք չի ունենա, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ անցած տարի մայիսին իրանական «IRNA» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր նշված խնդրին: Նա նախ հայտարարել էր, որ Հայաստանը մտահոգված է «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» (ՀԳՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակով, ապա հույս հայտնել, որ այդ ճգնաժամը կկարգավորվի բանակցությունների միջոցով։ Ավելին՝ վարչապետը հենց այդ հարցազրույցում, ընդգծելով, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, ընդգծել էր, որ միջազգային հանրությունը պետք է իմանա, որ հայկական կողմը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, և այդ հարաբերությունները ոչ մի դեպքում ուղղված չեն երրորդ երկրի դեմ։
-Ըստ Ձեզ՝ Փաշինյանի այցը, ի վերջո, ճանաչողակա՞ն է, թե՞ գործնական՝ միտված կոնկրետ ոլորտների զարգացմանը։
-Այն ավելի շատ գործնական, քան թե ճանաչողական կլինի: Քաղաքական փոփոխությունների այս շրջանում գրեթե մեկ տարի Հայաստանի ու Իրանի միջև բարձր քաղաքական մակարդակում տնտեսական տարբեր խնդիրների շուրջ քննարկումներ չեն եղել։ Քննարկման ենթակա խնդիրներ կան և՛ գազային, և՛ էներգետիկ, և՛ այլ ոլորտներում։ Հայաստանի և Իրանի միջև ցամաքային սահմանի առկայությունը, ինչպես նաև մեր երկրի՝ ԵԱՏՄ անդամ լինելը, ԵՄ-ի հետ կնքած շրջանակային համաձայնագիրը կողմերին թույլ են տալիս շարունակել քննարկումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԻԻՀ-ԵԱՏՄ և ԻԻՀ-ԵՄ տնտեսական գործակցության հնարավորությունները ՀՀ տարածքով։ Հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես այդ երկրի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, նաև առկա որոշակի տնտեսական դժվարությունները, նման քննարկումները և դրանց հիման վրա իրատեսական ծրագրերի մշակումն այս պահին կարող են արդիական լինել։
-Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցն ընդգրկված կլինի՞ օրակարգում:
-Չեմ կարծում, որ երկարաժամկետ լուծումներ պահանջող այդ հարցը կողմերի առաջին իսկ պաշտոնական հանդիպման օրակարգում կլինի, բայց դրա քննարկման հնարավորությունը չպետք է բացառել, մանավանդ որ իրանական կողմն ամենաբարձր, անգամ նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունների մակարդակով բազմիցս է ընդգծել, որ ցանկանում է ՀՀ տարածքով երկաթուղային ելք ունենալ դեպի Սև ծով։
-Որքանո՞վ է իրատեսական թուրքմենական գազի տարանցումը Իրանի և Հայաստանի տարածքով։
-Հարցին պատասխանելու իրավասություն ունեցող մասնագետները նմանատիպ ծրագրի իրականացումը ժամանակին համարել են միանգամայն իրատեսական։ Զուտ քաղաքական առումով տնտեսական և էներգետիկ գործակցության ոլորտում Թուրքմենստան-Իրան-Հայաստան ձևաչափի կյանքի կոչումը, դրա շրջանակներում քաղաքական բարձր մակարդակի հանդիպումները կարող են շոշափելիորեն ուժեղացնել Հայաստանի տարածաշրջանային դիրքերը և կոտրել այն վտանգավոր կարծրատիպը, թե Հայաստանը բարդ և փակուղային երկիր է։ Գաղտնիք չէ, որ մեր արևելյան հարևանը լրջագույն աշխատանք է տանում այդ կարծրատիպի ամրապնդման և այդ կերպ հատկապես հայաստանյան հասարակության վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու առումով։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը պարբերաբար դիմում է տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ տարբեր ձևաչափերով համագործակցությունների (Ադրբեջան-Թուրքիա-Իրան-Ռուսաստան, Ադրբեջան-Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան, Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան-Իրան և այլն), որոնցում տնտեսական շահի բաղադրիչն Ադրբեջանի համար ակնհայտորեն ունի երկրորդական նշանակություն։ Ադրբեջանական քարոզչական մեքենան նմանատիպ ձևաչափերին տալիս է քաղաքական լուրջ հնչողություն՝ կից հայտարարությամբ, որ Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր ձևաչափերից։ Հայաստանի մասնակցությամբ նոր ձևաչափերի, այդ թվում և Հայաստան-Իրան-Թուրքմենստան ձևաչափի ստեղծման մասին ցանկացած հայտարարություն լինելու է հզոր հարված տարիներով մշակված և կյանքի կոչված ադրբեջանական քարոզչության մարտավարական հնարքի դեմ։


Հարցազրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ