Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայրենակարոտ գունանվագներ (Գրիգոր Ծատուրյանի բանաստեղծական աշխարհի սրտագին նրբերանգներով)

Հայրենակարոտ գունանվագներ (Գրիգոր Ծատուրյանի բանաստեղծական աշխարհի սրտագին նրբերանգներով)
26.02.2019 | 00:34

Որպեսզի ցավը քո կորուստների
Հոգիդ չավերի ու չթանձրանա,
Դու քաղցրացրու այս կյանքն անցավոր
Քո արարումի անբաժան ցավով:
Համո ՍԱՀՅԱՆ

Չքնաղագեղ Ջավախք աշխարհի ծնունդ է ԳՐԻԳՈՐ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ, որ ճակատագրի բերումով հաստատվելով Երևանում` հավատարմորեն պահել-պահպանել է հարազատ բնաշխարհից ժառանգած մարդկային պարզ ու շիտակ նկարագիրը, հայրենի հողի ջերմաբույր կենսունակությունը: Թերևս, նույն այդ ճակատագրի բերումով նա իր հայրենի Ջավախքին շատ մոտիկ բնակլիմայական պայմաններ ունեցող Ապարանի Արա լեռ ամառանոցում գողտրիկ տուն է կառուցել ու դրախտային այգի հիմնել.
Այգիս` չքնաղ, փոքրիկ այգիս…
Այգիս` հրա՜շք այգիս:
Բայց որքան էլ այդ տունը, այգին չքնաղ ու հրաշք լինեն, այնուամենայնիվ, առավել թանկ ու նվիրական է ծննդավայրը` Ալաստանը, որտեղ անթեղված սեր ու կարոտ ունի, երգ ու երազանք: Հոգում ամբարած սեր ու երգ` Կարնո նահանգի Արծաթի գյուղից Ջավախք գաղթելիս իր պապի պապի բերած բահի և իրենց նոր գյուղը հիմնելուց հետո Գրիգոր պապին այն նվեր թողնելու, խոպան հողն արտ դարձնելու, ցորենի բերքի, եզան բացած ակոսի, հորովելի ու այլնի մասին: Գրիգոր պապի հիշատակին նվիրված «Պապիս հորովելը» յուրօրինակ չափածո վիպերգություն է, մի ողջ գերդաստանի դրամատիկ կյանքի իրական պատում ու պարզ, անպաճույճ նկարագիր.
Լույսի հետ արթուն, մթան հետ արթուն
Պապս խառնել էր արև ու լուսին…
Եվ աշխատանքով, հենված իր հույսին,
Հաց էր արարել ու կառուցել տուն:


Աշխատանքով, հալալ քրտինքով ապրող պապը լծկան եզներին ախպեր էր դարձել, արտ վարել, հնձել, կարողություն ստեղծել, և երբ նորաստեղծ գյուղում գերեզմանատեղի խնդիր էր առաջացել, դրա համար չէր խնայել անգամ իր ամենալավ արտը: Մի օր էլ այս աշխատասեր ու հյուրասեր մարդուն կուլակ են հռչակել և աքսորի ճամփով անհայտ հեռուներ «քշել»… Ճակատագրի դառը հեգնանքով սեփական արտը գյուղի գերեզմանատան համար «զոհաբերած» պատվասեր հայ շինականն այդպես էլ բախտ չունեցավ գերեզմանի արժանանալու: Նույնը` նրա Հովնաթան որդին…


Գրիգոր պապի Գրիգոր թոռը, հիշողության ծալքերում խնամքով պահելով և ջերմաշունչ գուրգուրելով այս ամենը, նաև սրբազան երկյուղով է մտաբերում մանկության ջինջ ու լուսե առավոտները, որոնք ծեգը ծեգին թարմաշունչ սեր ու ժպիտ են բաժանում ողջ գյուղին.
Թագուշ մայրս առավոտ շուտ
Խմոր հունցել, գնդեր շարել,
Տուն ու դուռ է ավլում-մաքրում:
Տիրուն տատս առավոտ շուտ
Թոնիր վառել` հաց է թխում,
Տարածվել է բույրը հացի ամբողջ գյուղում…
Մանկական պարզ ու միամիտ հոգով հիշում է նաև, թե ինչպես է այդպիսի մի առավոտ կովի վերջին բառաչի հետ հորթը ծնվել, և մայրը որբուկ հորթին գրկած ինչպես է երկար լացել: Հորթի համար ուրախացած, բայց և կովի համար չտխրած երեխան այդպես էլ չի հասկացել, թե ինչու կովի համար պիտի լացի մայրը: Հետո արդեն, տխրությամբ հիշելով այդ մասին, քանիերորդ անգամ պիտի ցավեր, թե հատկապես էն ժամանակներում ինչ մեծ արժեք ուներ կովը գյուղացու համար և, առհասարակ, ինչ ահռելի վիշտ է հարազատի կորուստը…
Մի փոքր այլ` դրամատիկ ու խռովահույզ շեշտադրումներով է առանձնանում աշխատավոր հոր կերպարը: Ինչ աներ մեծ պատերազմ տեսած հայրը դաժան, անարդար աշխարհի դեմ, ինչպես և ում հաղորդեր իր ցավը, եղբայրներին ու հորը կորցնելու անամոք վիշտը… Պարզապես, չէր կարող, իրավունք չուներ որևէ մեկի հետ կիսվելու, իր կսկիծը փարատելու ճար ու հնար չուներ: ՈՒստի և.
Զայրանում էր հայրս, բարկանում էր հայրս,
Եզան լծի վրա հաճախ քնած հայրս,
Հազար փորձության դեմ մենակ կանգնած
հայրս…


Հովհաննեսի որդին անկեղծ ցավով խոստովանում է, որ հոր հոգսի հետ ինքն էլ մեծացավ ու հասկացավ, որ «հասցե, անուն-ազգանուն չուներ» նրա զայրույթը: Դառը դատած դատարկ նստած աշխատավորի, ողջը կորցրածի ցավն էր, ինչպես լեռ, անգթորեն ծանրացել հոր հոգու վրա: Բայց և կենսունակ ոգին, ապրելու մեծ հավատը զորեղ ու անպարտ են, և Հովհաննես Ծատուրյանը նվիրվեց ծննդավայրի շենացմանը` ավելի քան չորս տասնամյակ աշխատելով կուլտուրայի տանը և տնօրինելով այն: Ապրեց ու արարեց` արժանի համբավ ու հեղինակություն վայելելով…


Եվ, այդուհանդերձ, ապրած ծանր կյանքի ու դառը փորձությունների գունապատկերին` ծնողական սիրո, անձնվիրության փայլուն, ապշեցուցիչ դրսևորման ինչպիսի՜ օրինակներ… Զորօրինակ, ինչպես բանաստեղծն է անկեղծ խոստովանությամբ սիրտը բացում, էն սակավ տարիներին տատն ու մայրն իրենց բաժին տանձը, խնձորն ու սերկևիլը միշտ տվել են սիրասուն զավակին` պատճառաբանելով, որ մրգեր չեն սիրում: Հետո արդեն` հասունության տարիներին, Գրիգոր տղան տեսել ու «բացահայտել» է, որ նրանք լա՜վ էլ սիրում են և՛ խնձոր, և՛ տանձ.
Երբ օրեր առաջ
Այցելել էի տատիս շիրիմին,
Մոմեր վառեցի.
Այրվող մոմերից
Այն խնձորների ու անուշ տանձի
Նույն հոտը առա…


Ահա այսպես, մանկության ու պատանության տարիների սիրո, հավատարմության ու նվիրումի հսկա պաշարով մեծ աշխարհ ոտք դրած երիտասարդը չէր կարող կյանքի այլ ուղի ընտրել` երբևէ հեռու մնալով ծնողական թանկ ու նվիրական պատգամ-պատվիրաններից: Պտուղը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, ծառից հեռու չի ընկնում. Գրիգոր Ծատուրյանը շուրջ 30 տարի աշխատել է հանրապետության լուսաշխի տան տնօրենի տեղակալ և միաժամանակ դասավանդել դպրոցում: Ի դեպ, նա գեղանկարների մեծ հավաքածու ունի և Հայաստանի լավագույն հավաքորդներից (կոլեկցիոներ) է:
Դժվարություններով ու դառը փորձություններով լիուլի հագեցած, բայց և ուսանելի դասերով, ձեռքբերումներով ու նվաճումներով կյանքի հրաշալի ճանապարհ: Ճանապարհ, որն իրենց հերթին շարունակող Հովհաննես ու Արմեն որդիներն էլ ավագներից ոչ պակաս հայրենասեր, ոչ պակաս արժանապատիվ ու ազնվասիրտ են: Ահա այդ` ժառանգական շղթան ամուր ու հաստատ պահելու առումով էլ Գրիգոր Ծատուրյանը հանգիստ է ու վստահ.
Մի՛ թախծիր, մայրիկ, քո զինվոր որդին
Իր պարտքն է տալիս հայոց բանակին,
Նրա եռագույն դրոշի ներքո
Երդվում է, մա՛յր, անունով նա քո:


Որո՞նք են Գրիգոր Ծատուրյանի բանաստեղծական աշխարհի հմայքն ու գրավչությունը: Պարզ ու շիտակ հայացք, անկեղծ ու անմիջական զրույց, ասպետական խառնվածք, անքեն ու նվիրական հոգի… Բանաստեղծ է` այս բառի ամենապարզ իմաստով ու նուրբ բացահայտումներով, հոգու ջինջ ու խոհուն հայացքով, մարդկային իր տեսակով, խառնվածքով և կյանքը ճիշտ, լիապես վայելելու անասելի շուքով, անասելի պատվախնդրությամբ: Մարդ է` պոետական իր հույզերով, սերերով ու մտորումներով, հասկանալի ու հասկացված լինելու անկեղծ ձգտումով:
Միով բանիվ, նրա գրածները բանաստեղծական պարզ ու հասկանալի լեզվով հոգեբուխ, մտերմիկ զրույցներ են… աշխարհի, իր շրջապատի հետ: Եվ ուզածն էլ, ըստ էության, մի մեծ բան չէ.
Շատ բան պետք չէ,
Պետք չէ խոշոր պահանջների
Բեռ շալակել:
Ընդամենը ապրել է պետք…


Հատկանշական է, որ շատ բանաստեղծություններ ասես ի սկզբանե երգեր լինեն` պահանջվող մեղեդին ու գալարների ելևէջներն իրենց ծալքերում խնամքով պահ տված: Ի դեպ, նրա մի քանի բանաստեղծություններ արդեն երգերի են վերածվել, իսկ մի մասն էլ այդ ճանապարհին է: Անհնար է, բանաստեղծի հոգու նուրբ ու զգայուն լարերին փոքր-ինչ հաղորդակից դառնալով, տողատակին չզգալ այդ մեղեդին, խոսքի և ձայնի ներքին համամասնությունը, հոգևոր ներդաշնակությունը: Ահավասիկ.
Հրաժեշտի ցավ պատճառող
Սուրբ մեղեդին
Ինձ ասում է` մնաս բարով:
Հրաշք աշուն,
Մնաս բարով:


Գրիգոր Ծատուրյան բանաստեղծի մասին խոսելիս` հարկ է մի կարևոր նրբագիծ ևս հատկանշել: Լավ կամ վատ, ուժեղ կամ թույլ բանաստեղծություն ասածը, ըստ իս, մի քիչ հարաբերական է, և չպետք է չափածո անկեղծ, բնատուր խոսքը մանրազնին քննության կամ լուրջ չափորոշիչների ենթարկել: Երկունքի ցավը սրբազան է, և դրա արդյունքում ինչպիսի ծնունդ էլ ուզում է լինի` լույս աշխարհ գալու, ապրելու իրավունք հաստատապես ունի: Բանաստեղծ Սամվել Կոսյանի դիպուկ բնութագրմամբ, Գրիգոր Ծատուրյանը հեռու է բանաստեղծական հեղափոխության բարիկադներից, նրա բանաստեղծություններն ավելի ինքնահաշվետվություն են, ապրած տարիների արվածն ու չարվածը գնահատելու անհրաժեշտություն.
Ես աշխարհին մի երգ թողի,
Գուցե թերի, բայց դե երգ է…
Մարդու երգ է, խղճով մարդու
Տխուր մի երգ…


Եվ, այդուհանդերձ, դառնանք բանաստեղծի հոգու նվիրական վայրերին, դառնանք նրա կարոտներին, որ երբեմն լաց են դառնում, «մանկան մաքուր, հոնգուր-հոնգուր մաքրող մի լաց»: Երանելի ու հուզախռով իրավիճակ, որ ակամայից հիշեցնում է իր մեծ հայրենակցի` Վահան Տերյանի այս գողտրիկ տողերը. «…Նորից ես մանուկ եմ այսօր, դրախտ է նորից իմ հոգում…»: Ահա և` խեղդում են այդ կարոտը, կարոտի հուշը, ու նա ձեռքն առնելով լուսավոր հուշի թելը` «բռնում» է գյուղ տանող ճամփան.
Համոզված եմ` և՛ մեր այգին,
Ե՛վ մեր տունը, Կաղնու ձորում,
ջրի ափին
Տնկած ծառը, և՛ անտառը
Ե՛վ իմ գյուղի` Ալաստանի
փողոցները
Կարոտում ու հիշում են ինձ:


Ահա այս առինքնող կարոտը, անշուշտ, ապրեցնում, ուժ է տալիս ծննդավայրի, թանկ ու հարազատ մարդկանց սիրով ոգեշնչված ավանդապահ հայորդուն, և նրա տաք, խենթ կարոտը դեռ ապրում է ու պիտի ապրի հայրենի Ալաստանում: Եվ ոչ միայն…
Հիշողությունը կարոտ է արթնացնում և մղում իմաստավորելու անցած-գնացածը, ապրած ու չապրած տարիները.
Տարիներս իմաստ տվին իմ ողջ կյանքին,
Բայց թե, մեկ է` դեռ ճախրում է
Իմ մանկության մաքուր, թեթև
Փետուրաթև, փետրաթեթև սավառնակը…


Նշենք, որ Գրիգոր Ծատուրյանի երկու` «Խենթ է կարոտս» և «Հին գինու պես են իմ կարոտները» բանաստեղծական ժողովածուները լույս են տեսել 2014 և 2018 թվականներին: Շուտով լույս կտեսնի երրորդը:


Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ