Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար ու այլևս զարմանալու քիչ բան է մնացել։ Նոր իշխանությունը կարծես բոլոր խնդիրները լուծել է և հիմա այնպիսի հարցերի է անդրադառնում, որոնք կա՛մ երկրորդական են, կա՛մ արհեստածին։
Օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե պետք է վերաշարադրել հայոց պատմության դասագրքում 2008-ի մարտի 1-ի իրադարձությունը։ Այսինքն, ըստ նախարարի, այդ իրադարձությունը խեղաթյուրված է ներկայացվել։ Դեռ մի կողմ, որ նախարարը սեփական ոլորտի բազմաթիվ խնդիրները թողած, որոշել է պատմությունը սրբագրել, հարց է առաջանում՝ այդ ի՞նչը Արայիկ Հարությունյանի քիմքին հաճելի չէ։ Եվ ինչու՞ է անկախ Հայաստանի պատմության մեջ միայն 2008-ի մարտի 1-ի իրադարձություններն առանձնացրել նախարարը, պատմագրությունը մյուս դեպքերում 100 տոկոսով արդա՞ր է եղել։
Փորձեցինք գտնել Մարտի 1-ին առնչվող հատվածը։ 12-րդ դասարանի հայոց պատմության դասագրքում այս իրադարձության վերաբերյալ գրված է հետևյալը. «ՀՀ նախագահական 5-րդ ընտրություններն անցկացվեցին 2008-ի փետրվարի 19-ին։ Նախագահի 9 թեկնածուների մեջ էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը։ ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ Չընդունելով ընտրությունների արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր անընդմեջ շարունակվող հանրահավաքներ սկսեց։ Ապակայունացած վիճակը Երևանում մարտի 1-2-ին հանգեցրեց ողբերգական դեպքերի։ Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև։ Զոհվեց 10 մարդ։ Եղան վիրավորներ։ Երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն»։ Այսքանը։ Հիմա գլխավոր հարցը՝ ո՞ր մտքին համաձայն չէ նախարարը։ Եթե նա Մարտի 1-ի մասին այլ տեղեկություն ունի, ինչու՞ չի դիմում այս օրերին այդ գործով 76 հատոր կազմած Հայաստանի իրավական համակարգին, գուցե 77-րդն է՞լ պատրաստվի։
Իսկ պատմության դասագրքի համար կրթության նախարարը կարող է շատ լավ լուծում գտնել ընտրությունների ժամանակ իր կիրառած տեխնոլոգիայի միջոցով։ Աշակերտները հեռախոսը կպահեն դասագրքի վրա, այնտեղից նախարարն անձամբ հայոց պատմությունը կպատմի նրանց՝ սեփական սրբագրմամբ ու մշակմամբ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ