Հայաստանը շուտով իր վրա կզգա խիստ բացասական հետևանքներ, եթե շարունակի կողմնորոշվել «Ամերիկայի կարծիքով»

Հայաստանը շուտով իր վրա կզգա խիստ բացասական հետևանքներ, եթե շարունակի կողմնորոշվել «Ամերիկայի կարծիքով»
05.03.2019 | 01:22

(Նախորդ մասը)

Եվ կրկին պետք է վերհիշենք անցյալ տարվա նոյեմբերին Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թիմի առաջնորդ, տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հրապարակային պատասխանն անձամբ Փաշինյանի 2018 թ. նոյեմբերի 1-ի «անկնճիռ» հայտարարություններին. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Իրանի և ԱՄՆ-ի ռազմական բախման դեպքում հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին ճիշտ չէ, քանի որ ԻԻՀ-ը միակ երկիրն է, որն անցած 28 տարում Հայաստանի հետ սահմանն անվերապահորեն բաց է պահել»։ Ըստ նրա, եթե դա պատահի, ապա դրանից միակ տուժողը կլինի Հայաստանը. «Իրանը հզոր երկիր է և կարող է ամեն ինչին դիմակայել։ Իսկ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում միայն Հայաստանը կտառապի»։

Ավաղ, Թեհրանի արքեպիսկոպոսը կանխատես դուրս եկավ. իշխանամետ պատգամավոր Կոնջորյանի հունվարի 16-ի անհավասարակշիռ ու բացահայտ ստոր հայտարարությունները մենք գնահատում ենք որպես ցուցադրական ապացույց այն բանի, որ վարչապետ Փաշինյանի օրոք Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում է հակաիրանական գործունեության, եթե որպես «փորձաքայլ» խորհրդարանի ամբիոնից տարփողում է Արևմուտքի և Իսրայելի բացահայտ զրպարտությունն Իրանի իշխանության իբր «ավտորիտար» լինելու մասին։ Ի դեպ, երբ նման հայտարարություններ են հնչում Երևանից, կարևոր չէ, թե ինչ մակարդակով, ապա դրանց հեղինակները նույն շարքում են կանգնում թրքամետ ազգայնականների հետ, քանի որ դա նրանց սիրած «երգն» է` խոսել Իրանում «ավտորիտարիզմի» և նույնիսկ «պարսկական նացիոնալիզմի» մասին։ Փաշինյանի զինակիցը ոչ մի նոր բան չի հնարել, պարզապես հասարակությանը վերադարձրել է 2018-ի նոյեմբերի 1-ին Փաշինյանի արած «սխալին»։
Բայց վերադառնանք իրանա-ամերիկյան դիմակայության խնդրին։ Բահրամ Կասեմիի նախազգուշացումներին հետևեց լուրերի հեղեղ, որոնցից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հակաիրանական պատժամիջոցների հետ կապված ինչ-որ բան այն չէ։ Նախ Լեյդենի համալսարանի (Նիդերլանդներ) դասախոս, պրոֆեսոր Մոհամադ Ֆարուխը հայտարարեց, որ իրանական Չահբեհար քաղաքը միակ օվկիանոսային նավահանգիստն է, որտեղ կարող են հանգրվանել հսկա նավերը։ Այդ պատճառով «ԱՄՆ-ը հարկադրյալ Չահբեհար նավահանգիստն ազատել է պատժամիջոցներից նրա միջազգային արդյունավետության ու Եվրոպայի կողմից շահագրգռվածության պատճառով», ընդգծել է պրոֆեսոր Ֆարուխը։ Այնուհետև հնդկական պետական «Բհարաթ փեթրոլեում» նավթային ընկերությունը, որը 3-4 ամիս առաջ դադարեցրել էր Իրանից նավթի գնումը, հայտարարել էր, որ այն կվերականգնի հաջորդ ամիս։ Նրանից հետո նաև «Հինդուստան փեթրոլեում» ընկերությունն էր հայտարարել, որ փետրվարին կվերսկսի իրանական նավթի գնումը։ IRNA-ն նշում է, որ այդ երկու ընկերությունները փետրվարին պետք է 2 մլն բարել նավթ գնեին, իսկ Հնդկական նավթային կորպորացիան հայտարարել էր, որ փետրվարին 5 մլն բարել իրանական նավթ կներմուծի։ Հունվարի 10-ին «Ռեյտեր» գործակալությունը հայտնեց, որ Հարավային Կորեան որոշել է Իրանից նավթի ներմուծումը վերականգնել հունվարին կամ փետրվարի սկզբին։ Եվ ասենք, որ հնդիկներն իրենց խոսքի տերը եղան` օրեցօր ավելացնելով իրանական նավթի մթերումը։ Աստիճանաբար աշխուժանում են նաև հարավկորեացիները, և նույնիսկ ճապոնացիները, իսկ Չինաստանը չէր էլ դադարեցրել Իրանից նավթի գնումը։


Կարծում ենք, որ հենց բերված հաղորդումներն են հնարավորություն տալիս հասկանալու, թե ինչու հունվարի 9-ին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Խամենեին, Ղումում դիմելով ժողովրդական ժողովին այդ քաղաքում 1978-ի հունվարի 9-ի ապստամբության հոբելյանի առթիվ, հայտարարեց. «Ամերիկացի որոշ պետական աստիճանավորներ ձևացնում են, թե իրենք խելագարներ են։ Ես, իհարկե, համամիտ չեմ նրանց, բայց նրանք իրոք իսկական հիմարներ են»։ Ի դեպ, «Մեհր նյուզ» գործակալությունն ավելի անողոք էր. «իսկական հիմարներ» արտահայտությունը հաղորդել է որպես «առաջնակարգ ապուշներ»։
Հետագայում Իրանը ցույց տվեց, որ մտադիր չէ «արագությունը նվազեցնելու» այն բոլոր երկրներում, որոնք սահմանակից են Իրանին։ Ահա դարձյալ ԻԻՀ-ի զինվորականների պատվիրակությունը գնացել է Ադրբեջան, արտգործնախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբարի Անսարին Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հետ։ Այնուհետև Մեջլիսի ազգային անվտանգության արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Հեշմաթոլահ Ֆալահաթփիշեն հայտարարեց, որ Իրանն Աֆղանստանում բանակցություններ է վարել թալիբների հետ` այնտեղ ԻՊ-ի պլանները վիժեցնելու համար, և բացատրեց, թե ինչ նկատի ունի Թեհրանը. «Իրանն Աֆղանստանում ավելի վատ վտանգ է տեսնում, քան թալիբներն են։ ԱՄՆ-ն ԻՊ-ի պարագլուխներին այդ երկիրը տանելու քաղաքականություն է վարում նոր իրադրություն ստեղծելու համար»։ Ահա Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին որպես պատվիրակության ղեկավար այցելել է Վենեսուելա` նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությանը մասնակցելու և հրատապ բանակցությունների համար։ Եվ զարմանալի չէ, որ հենց Հարավային Ամերիկա գեներալ Խաթամիի այցից հետո Իրանի ՌԾՈՒ-ի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարեց Ատլանտյան օվկիանոս ռազմակազմ ուղարկելու և մոտակա ժամանակներս «Ֆատեխ» սուզանավը ջրարկելու երկրի պլանների մասին։ «Եթե Աստված տա, այդ առաքելությունը (Ատլանտյան օվկիանոս) շուտով կսկսվի։ Ազատ ջրերում ներկայությունը հնարավոր է բոլոր ազգերի համար, և ցանկացած ազգ, որն օժտված է ռազմածովային հզորությամբ, կարող է ներկա լինել ազատ ջրերում»,- հայտարարել է դերծովակալ Խանզադին։ Նշեմ, որ փետրվարին «Ֆատեխն» իսկապես ջրարկվել է, և հայտարարվել է, որ, բացի տորպեդներից, այն զինված է նաև թևավոր հրթիռներով։


Վերջապես, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն այցելել է Իրաք և շատ ակտիվ է եղել։ Նա ոչ միայն մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքի ղեկավարության և վերնախավի հետ, այլև հասցրել է հրապարակայնորեն արտահայտվել Քրդական խնդրի վերաբերյալ։ Նա ընդգծել է Իրանի` որպես քրդերի բարեկամի և գործընկերոջ հուսալիությունը։ Սուլեյմանիայում նա մասնակցել է քրդերի հետ համատեղ գործարար համաժողովների, հարգել Իրաքի հանգուցյալ նախագահ Ջալալ աթ-Թալաբանիի հիշատակը, ողջունել նրա ջանքերը և նրան նկարագրել որպես նշանավոր հայրենասեր քաղաքական գործչի, որը կենսականորեն կարևոր դեր է խաղացել Իրաքի տարածքային ամբողջականության և տարածաշրջանային հարաբերությունների պաշտպանման գործում։ Հունվարի 16-ին Զարիֆն այցելել է նաև Քերբելա սրբազան քաղաքը։ Պատասխան խոսքում Քրդստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին բարձր է գնահատել Իրանի աջակցությունն Իրաքի քուրդ ժողովրդին ԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումների ժամանակ և ասել, որ քրդերը երբեք չեն մոռանա Թեհրանի աջակցությունը։ Ն. Բարզանին շատ կարևոր համարեց Իրանի և Իրաքյան Քրդստանի (ԻՔ) երկկողմ հարաբերությունները և զանազան բնագավառներում, ներառյալ տնտեսությունն ու առևտուրը, ավելի սերտ համագործակցության կոչ արեց։


Ավելի վաղ մենք արդեն գրել ենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը համարձակվել է քրդերին անվանել «թուրքերի եղբայրներ» և նույնիսկ հայտարարել, որ «Թուրքական Հանրապետությունը քրդերի ամենամեծ, նույնիսկ միակ բարեկամն է»։ ՈՒշադրություն դարձնենք Իրաքյան Քրդստանում Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հայտարարությանը, որ Իրանը քրդերի հուսալի բարեկամն է, քրդերը կարող են հենվել Իսլամական Հանրապետության վրա։ Այդ խոսքը կարելի է տարբեր տեսակետներից գնահատել, այդ թվում` քրդական։ Նշենք, որ քրդական աղբյուրներն առայժմ զուսպ են գնահատում Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի այցն Իրաք, ավելի շատ տրամադրված են լուսաբանելու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանի այցը Իրաքյան Քրդստան և բանակցությունները։ Ճիշտն ասած, Իրաքի քրդերը ծայրահեղ անհեռատես վերաբերմունք ունեն ստեղծված իրադրության վերաբերյալ։ Մենք, օրինակ, հակված ենք Իրաքում Իրանի արտգործնախարարի գտնվելու ընթացքում լրջագույն ծրագիրը և քրդերի հետ նրա բանակցությունները կապելու 2018 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության հետ, որովհետև նրա խոսքը վերաբերում է ոչ միայն Սիրիային ու սիրիացի քրդերին, այլև Իրաքին։ «Այն հարցերը, որոնք ծագում են և՛ Սիրիայի, և՛ Իրաքի, և՛ ցանկացած այլ երկրի քուրդ բնակչության առնչությամբ, պետք է լուծվեն համապատասխան երկրի ազգային օրենսդրությանը համապատասխան, և ազգային փոքրամասնությունների, որպիսին են քրդերը, իրավունքները պետք է ապահովվեն նրանց, նրանց ներկայացուցիչների և կենտրոնական կառավարությունների երկխոսությամբ»,- ընդգծեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Ըստ նրա, ՌԴ-ն անհողդողդ կերպով հանդես է գալիս հօգուտ այդ տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության. «Այդ երկրներն առանց այն էլ վերջին տարիներին ենթարկվել ու շարունակում են ենթարկվել ծանր փորձությունների Իրաքի, Լիբիայի, հիմա էլ Սիրիայի դեմ ձեռնարկված ագրեսիայի պատճառով։ Մեզ համար կարևոր է այստեղ խուսափել սահմանների վերաձևումից»։


Մեզ համար Իրաքում Զարիֆի ասածը և Մոսկվայի մամուլի կոնֆերանսում Լավրովի հայտարարությունն ապացույց են, որ Իրանն ու Ռուսաստանը կշարունակեն և կուժեղացնեն գործակցությունը Մերձավոր Արևելքում։ Իզուր չէր, որ փետրվարի 14-ին Սոչիում ընթացող Իրան-ՌԴ-Թուրքիա գագաթնաժողովի կողասրահում Իրանի նախագահ Ռոհանին հայտարարեց. «Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունն առաջ է գնում դեպի ռազմավարական հարաբերություններ, և երկու երկրները լավ են համագործակցում տարածաշրջանի առանցքային հարցերում»։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Թեհրանն արդեն նրա «գնահատականը» տվել է։ Իսկ ահա Հայաստանը և այլ երկրներ, որտեղ կգտնվեն իրենց «պատգամավոր կոնջորյանները», երևի պետք է սպասեն, մինչև Թեհրանից նրանց հասցեին հնչի «իսկական հիմարներ» կամ նույնիսկ «առաջնակարգ ապուշներ» ձևակերպումը։ Միայն թե այդ գնահատականները կհնչեցնեն շատ ավելի ցածրակարգ պաշտոնյաներ, քան Իրանի Գերագույն առաջնորդը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao