Yerevan Perspectives International Music Festival
 

Սպարապետի՝ բարեբեր աշունների կարոտով

Սպարապետի՝ բարեբեր աշունների կարոտով
05.03.2019 | 01:48

Լրագրող, արձակագիր Ասպրամ Ծառուկյանը երկար տարիներ ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի հրատարակչական բաժնում որպես խմբագիր: Ազատամարտի տարիներին պարբերաբար եղել է Արցախում: Հայրենի հողի ազատության համար պայքարող կամավորական մարտիկների, նորաստեղծ հայոց բանակի, ավերված բնօրրանը նորոգող անկոտրում արցախցիների մասին հրապարակումներով կապիտան Ծառուկյանը հանդես է եկել Հայաստանի ու Սփյուռքի թերթերում ու ամսագրերում: Երեք գրքի հեղինակ է: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ողբերգական մահից հետո գրառել է նրա զինակիցների հուշերը, որոնցում ողբերգական ու հերոսական այն օրերի արձագանքը կա...

Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է:
Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար... Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես... Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը:
Էս տարածաշրջանը բարդ տարածաշրջան է: Աստված գիտի՝ ինչ է լինելու.... Երկրի առանցքը բանակն է: Բանակ չունեցանք՝ մեզ ոչ ոք չի հարգելու:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

(Նախորդ մասը)

... 1979 թվականն էր: «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի գրականության և արվեստի բաժնի աշխատասենյակի դուռը բացեց սպիտակ հագուստով, բարետես, լուսավոր ժպիտով մի երիտասարդ: Բարևեց, ասաց, որ շատ է ուզում թղթակցել ամսագրին: Մոտենում էր Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան օրը: Հանձնարարեցի այդ առթիվ զրուցել դերասանուհու հետ: Հարցազրույցը փոքրիկ կրճատումներով տպագրվեց ամսագրում: Արարատցի ժպտադեմ երիտասարդը դարձավ մեր լավագույն թղթակիցներից մեկը: Տարիներ անց, երբ նա արդեն ՀՀ պաշտպանության նախարար էր, նախարարության տարածքում հանդիպելիս այն օրերի անմիջականությամբ բարևելու փոխարեն ասում էր՝ ջնջածներդ դեռ պահում եմ... ՈՒթսունականների սկզբին մեր սպիտակազգեստ ասպետը, այդպես էինք խմբագրությունում կոչում նրան, երազում էր Մոսկվա մեկնելու, կինեմատոգրաֆիայի ինստիտուտում սովորելու մասին: Երազում էր ֆիլմեր նկարահանել: Սակայն նրա՝ ֆիլմեր նկարահանելու երազանք-ձգտումը այլ՝ Արցախյան ազատամարտի նվիրյալ մարտիկի ու զորապետի՝ փուշ-տատասկոտ, խորդուբորդ ճամփեքով պիտի անցներ: Մարտական ընկերներ կորցրեց, ու նրանց կորստյան վշտից ջերմ ժպիտը թախծով պատվեց: Նրա Նոր տարին Եռաբլուրից էր սկսվում, շարունակվում հեռավոր զորարամասերում: Տարեմուտի այդպիսի մի կեսգիշերին զոհված ազատամարտիկի հոր հարցին՝ ինչու՞ չես ամուսնանում, պատասխանեց. « Է՛հ, ամուսնանամ, քեֆ անեմ, բա նրանց ու՜մ թողնեմ: Ընկերներս այստեղ են: Ո՜վ է գալու հարսանիքիս՝ օտար մարդիկ: Իմ ուրախությունը չի ուտվի ...»:
Ամենադժվար պահերին անգամ Վազգեն Սարգսյանը հավատում էր Արցախի հաղթանակին:
Որքան հեռանում ենք ազատամարտի դժվարին տարիների հերոսական ոգուց, որքան «գիտակ» անձինք այսօր ջանում են նսեմացնել երկար դարեր անց վերջապես հայկական հողեր գերությունից ազատագրելու պայքարի իմաստը, այնքան ավելի է կարևորվում վերստին արժևորելու, հստակեցնելու ազատության, անկախության հաղթանակով պսակված մերօրյա պատմությունը:


1997-2015 թթ. ծառայում էի ՀՀ պաշտպանության նախարարությունում: Հրատարակչական բաժնում խմբագիր էի: Խմբագրում էի ՀՀ պաշտպանության նախարարի, տեղակալների հրամանները, պաշտոնական գրությունները, բանակին անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներ, կանոնակարգեր: Երբ Վազգեն Սարգսյանը նշանակվեց վարչապետ, նախարարությունում բոլորը` սպա ու շարքային զինվոր, չէին հաշտվում, համակերպվում, որ Վազգենն այլևս իրենց նախարարը չէ, նախարարության իր աշխատասենյակում չէ։ Եվ հանկարծ հոկտեմբերի 27-ի աշխատանքային օրվա ավարտին տարածվեց չարագույժ բոթը. «Վազգենին խփել են, մահացել է, ո՛չ, ո՛չ վիրավոր է, ո՛չ սուտ է...»: Ոչ ոք չէր ուզում հավատալ կատարվածին։ Գուցե ոմանց հորինվածք թվա, բայց Վազգենի մահից հետո պաշտպանության նախարարության տարածքի վարդերը խամրեցին, դարձան դժգույն ու անկյանք: Զինծառայող կանայք վերջին այդ վարդերից տարան Եռաբլուր՝ Սպարապետի շիրմին խոնարհելու: Ես սկսեցի գրառել կամավորական ջոկատների հենքի վրա Հայոց բանակը կազմավորող Վազգեն Սարգսյանի մասին զինակիցների հուշերը, գնացի Արարատ, հանդիպեցի Վազգենի ծնողներին, համարձակվեցի որդեկորույս մոր սիրտն ալեկոծող հարցեր տալ: Գրետա մայրիկի հայացքում անհուն ցավ կար, բայց խոսքերում ցավի խորքից առկայծող լավատեսություն էր տարածվում: Նա հավատում էր, որ որդու բաղձանքը կատարվելու է՝ մեր ժողովուրդն ապրելու է արժանապատիվ կյանքով: Լսում էի այդ հզոր կնոջ խոսքերն ու մտածում՝ զուր չէր ասում Վազգենը. «Լավատեսությունը մորիցս եմ ժառանգել»:
Ներկայացնում եմ հատվածներ իմ գրառած զրույցներից՝ հուսալով, որ մի օր հնարավորություն կունենամ դրանք հրատարակելու առանձին գրքով:

ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ ԷՐ
ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹՅԱՆ
գեներալ- գնդապետ
2001 թ.

Վազգենը շատ հայրենասեր, հերոսական մարդ էր: Գործունյա էր, անհանգիստ էություն: Ասես ճակատագրով էր նրան տրված այդ դժվարին ժամանակներում պաշտպանության նախարար լինելը. նրան մեծ դժվարություններ բաժին ընկան:
Միասին քննարկում էինք և որոշում կայացնում: Ես՝ պրոֆեսիոնալ զինվորական, ինքը` քաղաքական գործիչ, լավ էինք հասկանում միմյանց: Փոխըմբռնում կար: Նա, ասես, իմ որդին լիներ: Չեմ հիշում, որ երբևէ հակաճառեր, ասեր՝ Գուրգեն Հարությունի, այս բանն այսպես չէ: Հակառակը՝ երբ նյարդայնանում էի, հանգստացնում էր ինձ: Նա ինձ էր հավատում, ես՝ իրեն, կասկածանք, երկմտանք չկային: Չի եղել, որ խանգարի ինձ: Միշտ օգնում էր: Մարտական գործողությունների ղեկավարման լիակատար ազատություն էր տվել: Բարդ իրավիճակներում հայտնվում էր այնտեղ, որտեղ մարտիկները դժվարանում էին առաջադրանքը կատարել: Վազգենն ստեղծեց բանակը և ապահովեց անհրաժեշտ զենք-զինամթերքով:

ՎԱԶԳԵՆԸ ՄՏԱԾՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ
ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆ
գեներալ-լեյտենանտ
2001 թ.
Չեմ կարող ասել, որ Վազգեն Սարգսյանն անսխալական էր: Անսխալական մարդ չկա, բայց Վազգեն Սարգսյանն այն եզակի ղեկավարն էր, ով մտածում էր ժողովրդի մասին, Հայաստանի ապագայի մասին: Նրա և Կարեն Դեմիրճյանի դաշինքը մեծ հույսեր էր ծնել ժողովրդի շրջանում: Հավատում էին, որ երկիրը ճգնաժամից դուրս կբերեն, մարդկանց արտահոսք չի լինի, պետության մեջ ամեն մարդ աշխատանք կունենա, քաղաքացին երկրի ներսում իրեն պաշտպանված կզգա, օրենքները բոլորի համար կգործեն:


Մեր հույսը մեզ վրա պիտի դնենք: Մեր բանակը պետք է ավելի գրագետ ու հմուտ մասնագետներ ունենա: Ոչ մի զինվոր չի ուզում, որ պատերազմ լինի, բայց եթե թշնամին գիտենա, որ իր դեմ իրենից ուժեղն է կանգնած, պատերազմ չի լինի: Արցախյան ազատամարտը փաստեց, որ երբ հայ ժողովուրդը միասնական է, անպայման հաղթում է: Ե՛վ կյանքում, և՛ բանակում ամենակարևորը գաղափարին հավատալն է: Վազգենն այդ գաղափարի կրողն էր, առաջնորդողը: 1990-1994 թթ. հաղթանակները ոգու և հավատի հաղթանակներ էին. ուր գնում էինք, պատրաստ էինք գաղափարի համար զոհվելու: Վազգենը ոգեշնչում էր, հաղթանակի ոգով համակում թույլերին անգամ:

ՄԻՇՏ ԶԳԱՑԵԼ ԵՄ ՆՐԱ ՀՈԳԱՏԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
ՀԵՆՐԻԿ
ՄՈՒՐԱԴՅԱՆ
գեներալ-մայոր (2017 թ.),
ՀՀ զինվորական կոմիսար

1982-1984 թթ. ծառայում էի խորհրդային բանակում: Աֆղանստանում վիրավորվեցի գլխից: Ջանում էի ողջ մնալ, որպեսզի մի օր մայրս ինձ գրկելու երջանիկ պահն ապրի: Երազանքներ ունեի, բայց մեր ժողովրդի համար ճակատագիրն այլ բան էր պահել: 1989-ին Գետաշենում էի՝ Թաթուլ Կրպեյանի հետ: Գետաշեն, Մարտունաշեն, Ազատ, Կամո.... 1991 թ. գարնանը Վազգեն Սարգսյանի հրամանով մեր ջոկատը՝ 26 հոգի, մեկնեց Մարտակերտ՝ մասնակցելու շրջանի պաշտպանությանը: Ջոկատի մի մասը գնաց Շահումյանի շրջան, որտեղ վիճակը ծանր էր: Մանաշիդում էինք, Բուզլուխում՝ առաջին գծում, միշտ հարեհաս ճիշտ ժամանակին: 1992-ին կրկին թեժ կետեր՝ Քոլատակ, Վանք, ՈՒմուդլու, Գետավան, Չափար, Հաթերք: Մարզված լինելը օգնում էր դիմանալու ձյանը, բքին, անքնությանը, գիշերային երթերի դժվարություներին: Ամռանը Վազգենը կապվեց մեզ հետ, որպեսզի վերադառնանք և մասնակցենք Զոդի ոսկու բաց հանքերի ազատագրման գործողությանը:
Անձամբ Վազգեն Սարգսյանի ցուցումով՝ ինձ խնդրեցին, որ ջոկատի տղաներով ծառայության անցնեմ պաշտպանության համակարգում: 1992 թ. օգոստոսին մտանք սահմանապահ զորքերի վարչության կազմ, որը ՊՆ համակարգում էր: Ինձ նշանակեցին Քարվաճառի դիմաց գտնվող Ազիզլուի ուղեկալի պետ, որը համալրվեց իմ ջոկատի կամավորական մարտիկներով: Դեկտեմբերին եղա Վազգեն Սարգսյանի աշխատասենյակում և խնդրեցի ուղեկալին տրամադրել հույժ անհրաժեշտ հրազենային զենք ու նռնականետներ: Անմիջապես հատկացվեց ինչ անհրաժեշտ էր:


1993 թ. փետրվարին կանչեց գերագույն խորհրդի իր աշխատասենյակ և ասաց. «Նախապատրաստվիր առաջիկա մարտական գործողություններին՝ Քարվաճառի ազատագրմանը»: Եվ խնդրեց ավելացնել կամավորական մարտիկների թվաքանակը: Փետրվարին իր նախաձեռնությամբ նշանակվեցի Քարվաճառի ուղղության հրամանատար: Մարտական դժվարին շրջան էր: Իմ առողջական վիճակը սրվեց: Ամռանը, երբ պառկած էի Երևանի հանրապետական հիվանդանոցում, Վազգենն այցելեց ինձ՝ Արկադի Տեր- Թադևոսյանի և Կիմ Բալայանի հետ, և առաջարկեց վերականգնողական բուժման համար մեկնեմ արտերկիր: Նա հոգատար էր յուրաքանչյուր զինվորի, սպայի հանդեպ, գիտեր ով ինչ հոգս, կարիք ունի:


1996 թ. փետրվարին Վազգեն Սարգսյանի հրամանով նշանակվեցի Գյումրիում տեղաբաշխված զորամասի հրամանատար: Հաջորդ տարի Երևանում անցկացվող բարձրագույն սպայական դասընթացների ժամանակ հաճախ էինք գնում սպորտային ակումբ՝ լողալու, ֆուտբոլ խաղալու: Լողի մրցումների ժամանակ ասաց.
-Վարդենիսցի ես, լավ կլողանաս:
Երբ իրենից առաջ անցա, տղաները հասկացրին, որ առաջ չընկնեմ:
Նկատելով, որ էլ եռանդուն չեմ լողում, Վազգենն ասաց.
-Հետ մի՛ ընկիր...
Մեկ անգամ չէ, որ զգացել եմ նրա ջերմ, հոգատար վերաբերմունքը: 1996 թ. բուժվում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Պատերազմի հետքերը զգացվում էին: Վազգեն Սարգսյանը վարորդի հետ պարբերաբար այցելում էր ինձ, հետաքրքրվում՝ ինչի՞ կարիք ունեմ: Մարզահագուստ նվիրեցին, հոգսեր հոգացին: Երբ ուզում էի զորացրվել, հուզիչ նամակ էր գրել ինձ, հորդորում էր մնալ, շարունակել ծառայությունս: Մնացի:
1998 թ. Գյումրիի զորամասի վիճակը հիմնովին բարեփոխելու համար իմ 35-ամյակի օրը Վազգեն Սարգսյանի կողմից «Նիվա» մակնիշի մեքենա ստացա: «Հայլուրը» ցուցադրեց այդ կադրերը: Հրամանը կա:
Երբ Շիրակի մարզի ներկայացուցիչ Աշոտ Փիրումյանին էինք դիմավորում, մարզի մուտքի մոտ Վազգենը մեքենայից իջավ, մոտեցավ զինվորականներիս ու հարցրեց .
-Ո՞նց ես, Հենրիկ, առողջությունդ լա՞վ է:
Սպարապետին առնչվող շատ հուշեր ունեմ, բայց ամենավառ տպավորված է 1994 թ. մարտի սկզբին մեր հանդիպումը Օմարի ազատագրումից հետո: Նրա աչքերում ուրախության արցունքներ կային...

«ՈՎ ԷՐ, ՈՐ ԱՅԴՔԱՆ ԻՐ ՎԱՏԸ ԿԱՄԵՑԱՎ»
ԳՐԵՏԱ ՄԱՅՐԻԿ
2000 թ., մարտ
Վազգենը մորս հետ կապված էր: Մեկ տարեկան էր: Թողել էի մորս մոտ, գործով տեղ գնացել: Եգիպտացորենով խաղացել էր, ու հատիկներից մեկը թռել էր շնչափողը: Կապտած, անշարժացած հասցրինք Արարատի հիվանդանոց, այնտեղից՝ Երևան: Արարատի հիվանդանոցի բժիշկն ասել էր՝ չի ապրի, արդեն մահացած է: Երևանում, մինչ մենք հիվանդանոց կհասնեինք, Կիմ Շուքուրյանը, որ վիրահատությունն ավարտած՝ տուն գնալիս է լինում, հենց բակում գրկում է երեխայիս, շտապ հասցնում վերև ու իսկույն վիրահատում, եգիպտացորենի հատիկը հանում է շնչափողից: Փաստորեն այդ հիանալի բժշկի շնորհիվ Վազգենը երկրորդ անգամ ծնվեց: Երբ սարսափելին ետևում էր մնացել, մայրս ասաց. « Ես լաց էի լինում, բայց սիրտս չէր լալիս: Գիտեի, որ կապրի»:


...Երբ սկսվեց Արցախյան շարժումը, մերոնք շատ արագ կողմնորոշվեցին, միջոցներ գտան վտանգի դեմն առնելու: Շրջաններից եկած տղաները կարկտաբեր ամպերը ցրող հրանոթները ձևափոխեցին, հարմարեցրին, մարտական վիճակի բերեցին, ի՜նչ հնարամիտ էին, ի՜նչ ձեռներեց: Քսան օր Վազգենի երեսը չտեսանք: Քսան օր հետո հեռախոսով իր հետ խոսեցինք, սիրտս կծկվեց: Հասկացա՝ ի՜նչ ծանր փորձության առջև ենք կանգնած: Ամուսինս խոր ապրումներ էր ունենում: Համոզում էր ետ կանգնել, ասում էր՝ այս երկիրը քանդել չի լինի, մեզ Սիբիր կաքսորեն: Ինձ հորդորում էր .«Դու որ ուզենաս՝ ետ կպահես տղաներիդ, մի՛ թողնիր Վազգենը գնա, մի բան եղավ՝ չես պրծնի»: Պատասխանում էի. «Իմ երեխաների արյունը մյուսներից քաղցր չէ»: Մահապարտների խմբում ով երկու-երեք երեխա ուներ, Վազգենը ետ տվեց, սիրտը չզորաց որբ թողնել նրանց երեխաներին:


Դժվար տեղեր էր գնում: Ինքնաթիռով զենքեր էր տանում Արցախ, մարտական գործողությունների վայր: Երբեք չեմ վախեցել, թուլացել, գիտեի՝ կվերադառնա: Բոլոր տղաներին մեր տանը ընդունել, հյուրասիրել, կարիքները հոգացել, ճանապարհել եմ: Իրենց հետքից էլ ջուր էի ցողում: Ինքն էր այդպիսի մթնոլորտ ստեղծում: Վերջին անգամ ԱՄՆ գնալուց առաջ էր՝ վաղ առավոտյան գնացինք Երևան: Դեռ չէր արթնացել: Ասաց՝ ինչու՞ ես եկել: «Ոնց՝ ինչու, եկել եմ ճանապարհեմ»: Ճանապարհեցի, ջուրն էլ շաղ տվի ետևից ու հոգիս հանգիստ գնացի Դիլիջան: Ոչ մի անգամ իմ վախն իր ներկայությամբ չեմ արտահայտել, չեմ տրտնջացել, չեմ ասել՝ հերիք է: Եվ ինքը դրանից լավ էր զգում: Հիմա կոտրված եմ... Տեսնում եմ, որ ինչին իր կյանքը նվիրեց, կարծես թե կորչում է: Չեմ ուզում հավատալ, որ զուր էր պայքարը: Կուսակցությունների ոխ ու վրեժով հաշիվներ մաքրելը, միմյանց վարկաբեկելը, ժողովրդին իրար դեմ հանելը ցավ է պատճառում: Հեռուստատեսությունը մի բան է ասում, թերթերը՝ մեկ այլ բան: Ինչու՞ են այդքան իրար փնովում: Համախմբվածություն է պետք: Մեղք է ժողովուրդը: Ամեն տեսակ դժվարության դիմացել է, բայց այսօր թևաթափ է: Գալիս, պատմում են իրենց վիճակից, ասում են. «Չգիտենք, թե ինչի համար ենք ապրում»: Ոչ մի հույս չունեն: Չեմ ուզում մեր այս վիճակը հարևաններն իմանան: Բարի կամեցողներով չենք շրջապատված: Սով էր, խավար էր՝ համախմբված էինք, հիմա թշնամի ենք դարձել: Աստված չանի՝ էլի՞ արհավիրք գա, որ միաբանվենք:


Ներքուստ լավատես եմ: Վախը դրսից է: Ժողովուրդը կուսակցությունների ամեն ինչը չէ, որ ընդունում է, զգում է՝ աթոռի համար աքլորակռիվ է: Այս ծանր վիճակի մեջ էլ ժողովուրդն իր անելիքը գիտե, ահա՛, գարուն է. մարդիկ դաշտ են ելել, որպեսզի չհուսահատվեն, չթողնեն-գնան օտար երկիր հաց վաստակելու: Թեև արմատով այս հողին կառչածը չի գնա՝ ինչ էլ որ լինի:


Չեմ կարող չապրել այն ամենով, ինչը որդուս կյանքի իմաստն էր: Չի եղել պահ, որ միմյանց չհասկանանք: Երբեք չենք վիճել: Ապրել ենք հաշտ, համերաշխ, անախորժություն, շինծու բան չի եղել: Պարզ ու բնական էր մեզ հետ, բոլորի հետ: Կյանքը նոր էր խառնվել: Մեր խնայած միջոցներով հայրն սկսել էր տուն կառուցել: Հիմքը նոր էր գցել, որ Վազգենն իմացավ: Զանգահարեց, զայրացած ասաց. «ժողովուրդն էս վիճակում՝ դուք տու՞ն եք սարքում: Կգամ, կտրաքացնեմ»: ՈՒ շենքի հիմքը բաց մնաց, մինչև որ կռիվը վերջացավ: Կռիվը վերջացավ, իր հոգսերը չվերջացան: Կռվից եկավ, տեսավ՝ երկիրը քանդված, ամեն ինչ բաժանված: Իրե՞ն, թե՞ ինձ սիրտ տալու համար ասում էր. «Ամեն բան փողով չի չափվում»: ՈՒ բոլորի հոգսերն իր վրա վերցրեց, ոչ միայն պաշտպանության համակարգի. ժողովուրդն ամեն խնդրով Վազգենին էր դիմում, մեզ դիմողների խնդրանքներն էլ իր միջոցով էինք լուծում: Հուսահատ մարդուն ձեռք պարզող էր:


Չէր ուզում վարչապետ լինել: Դժվար էր բաժանվում պաշտպանության նախարարությունից: Հարցրի. «Չե՞ս ուզում գնալ»: Ասաց. «Չէ՛, պիտի գնամ, արդեն հրամանս եղել է»: Սիրտս լցվեց: Ասացի. «Քրիստոսն իր խաչը տարավ, դու էլ քո խաչը տար, տղա՛ ջան»:
Հիմա ինձ համար ամենածանրն անորոշությունն է: Ո՞վ էր, որ այդ աստիճանի նրա վատը կամեցավ: Չուզեցին, որ այս երկիրը, այս ժողովուրդը լավ ապրի: Գոնե ողջ մնար՝ գործը մինչև վերջ հասցներ...

Հրապարակման պատրաստեց
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 3144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao