«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Լուրջ տեղաշարժերի տուր

Լուրջ տեղաշարժերի տուր
05.03.2019 | 02:08

Այս հանգստյան օրերի դիմակայությունները եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում առանձնացան մրցաշարային աղյուսակների առաջին եռյակը կազմածների դիրքային տեղաշարժերով: Անգլիայում առաջատարն արդեն «Մանչեստր Սիթին» է, բունդեսլիգայում մենիշխանությունը վերածվել է երկիշխանության, տեղաշարժ է եղել երրորդ հորիզոնականի կտրվածքով, Իսպանիայում առաջին տեղի համար մրցակցության մասին խոսք չի կարող լինել, քանի որ կա «Բարսելոն», ու որը վերջին շաբաթվա մեջ երկրորդ էլ կլասիկոյում էլ հաղթանակ տոնեց՝ հընթացս Մադրիդի «Աթլետիկոյին» օգնելով ավելի ամրապնդվելու երկրորդ հորիզոնականում, մրցաշարային տեղաշարժ արձանագրվեց նաև սկուդետեում:

ԱՆԳԼԻԱ

Մինչ վերջին հինգ խաղը պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» հաղթանակներն ընդմիջում էր ոչ-ոքիներով (ընդ որում, ոչ առանձնապես խոշոր ակումբների հետ պայքարում), երկրի գործող չեմպիոն ու նրա մոտակա հետապնդող «Մանչեստր Սիթին» հաղթանակ հաղթանակի հետևից էր «թխում» ու, որպես արդյունք, 29-րդ տուրում (հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության է մատնել «Բոռնմուտին»), շրջանցեց Յուրգեն Կլոպի սաներին, որոնք այդ նույն արտագնայում գոլազուրկ հանդիպում ունեցան «Էվերտոնի» հետ: Չվախենանք կրկնելուց. սա նշանակեց, որ պրեմիեր լիգան տևական ընդմիջումից հետո ունի նոր առաջատար:


Նկատենք, որ «Մանչեստր Սիթիի» ու «Լիվերպուլի» միջև եղած մեկ միավորի տարբերությունն առանձնակի հմայք է տալու պրեմիեր լիգայի յուրաքանչյուր տուրին, քանզի դրանցից ամեն մեկը, բնականաբար կողմերից մեկն ու մեկի անհաջողության դեպքում բերելու է, անխուսափ տեղաշարժերի, ինչն ավելի ու ավելի է սպասված դարձնելու Անգլիայի առաջնությունը:
Շատ հետաքրքիր պայքար եղավ «Տոտենհեմ»-«Արսենալ» մրցակցությունում, որտեղ առաջինը գոլ հեղինակելով՝ հյուրերը տանտերերին երկար ժամանակով դատապարտեցին հետապնդողի կարգավիճակին: Վերջին երկու տուրում մրցակիցներին հնարավոր բոլոր վեց միավորներն էլ շռայլորեն «շնորհած» «Տոտենհեմն» այս մրցակցությունում էլ մոտ էր հերթական երեք միավորը կորցնելուն, սակայն խաղավարտին հօգուտ «Արսենալի» նշանակված տասնմեկմետրանոցը Օբամեյանգը չկարողացավ անվրեպ օգտագործել, և խաղն այդպես էլ ավարտվեց` 1։1։ Հատուկ մեր ֆուտբոլասերի համար նշենք, որ ողջ խաղին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը:


Իր 61 միավորով, որն առաջատարի ունեցածից պակաս է ամբողջ տասը նիշով, «Տոտենհեմը» առաջին երկու տեղի համար թերևս լուրջ հավակնորդ չէ, սակայն դեռևս շարունակում է հպարտ մենության մեջ իր ձեռքերում պահել երրորդ հորիզոնականը, որը գնալով ավելի ու ավելի բարդ խնդիր է դառնում հետապնդող թիմերի ագրեսիվ վարքագծի պայմաններում: Հատկապես ջանադիր է «Մանչեստր Յունայթեդը», որը սեփական հարկի տակ գոլառատ պայքարում պարտության է մատնել «Սաուտհեմպտոնին»՝ 3:2: Այս հաղթանակից հետո մանկունիացիները 58 միավորով չորրորդ հորիզոնականում են, մեկ նիշով շրջանցել են «Արսենալին»: Իհարկե, առաջին վեցյակում թիմերի դասավորության մեջ փոփոխություններ կարող է մտցնել «Ֆուլհեմին» հաղթած «Չելսին» (2։1), եթե պակաս անցկացրած խաղում երեք միավոր նվաճի, սակայն եկեք զարգացումներից առաջ չընկնենք:


ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի 24-րդ տուրը նշանավորվել է նրանով, որ վերջապես ընդհատվել է Դորտմունդի «Բորուսիայի» բավականին երկար ժամանակ ձգվող մենիշխանությունը, բնականաբար` թիմի անմիջական «ջանքերով»: Դատեք ինքներդ. վերջին հինգ խաղում թիմը վաստակել է վեց միավոր այն դեպքում, երբ հետևողականորեն թափ հավաքող Մյունխենի «Բավարիան» այդ նույն բանն արել է կրկնակի ծավալով: Հատկապես ցավագին էր դորտմունդցիների վերջին պարտությունը առաջնության հետնապահ «Աուգսբուրգից»՝ 1:2։


Ի հակակշիռ սրան, արտագնայում Մյունխենի «Բավարիայի» մրցակիցը տևական ժամանակ երրորդ հորիզոնականն իրենով արած Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էր, որը, մինչև բավարացիների թափ հավաքելը, ինչ-որ ժամանակ երկրորդ հորիզոնականին էր տիրություն անում: Ինչևէ: Տանտերերի համար այս խաղն ունեցել է ամոթալի ընթացք. մյունխենցիները հինգ անգամ նրանց պարտադրել են գնդակը հանել դարպասից (հեղինակության գոլ գլադբախցիները, այնուամենայնիվ, խփել են)՝ այս կերպ վրեժխնդիր լինելով մրցաշրջանի առաջին կեսում կրած խոշոր պարտության դիմաց: Ճիշտ է, այս հաղթանակից հետո էլ «Բավարիան» 54 միավորով երկրորդ հորիզոնականում է, սակայն դա ի հաշիվ լրացուցիչ գործակիցների է:
Վերջին հինգ խաղում երրորդ պարտությունը կրած Մյոնխենգլադբախի «Բորուսիան» բավարացիների հետ ունեցած մրցավեճից հետո նահանջեց չորրորդ հորիզոնական: Երրորդում նրան եկավ փոխարինելու երկրի գործող փոխչեմպիոն «Լայպցիգը», որն արտագնայում երեք միավոր է կորզել «Նյուրնբերգից»՝ 1:0:

ԻՍՊԱՆԻԱ
«Սանտյագո Բեռնաբեուն» վերջին մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ էր դարձել Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնի» հարաբերությունների պարզման վայր ու կրկին եկավ հավաստելու, որ կատալոնյան ակումբն անհամեմատ հզոր է «արքայականից»: Հիշեցնենք, որ կողմերի առաջին հանդիպումը գավաթայինի շրջանակներից էր ու եզրափակչի ուղեգիր տվեց, բնականաբար, «Բարսելոնին», այս մեկը ներքին առաջնության մրցակցությունն էր: Առաջինում կատալոնցիները հաղթել են երեք անպատասխան գնդակի առավելությամբ (մենք այդ հանդիպման մասին հնարավորինս մանրամասն խոսել ենք), այս մեկում բավարարվել են դարպասի մեկանգամյա գրավումով:


Սակայն այս դիմակայությունը հետաքրքրություն էր ներկայացնում ոչ միայն էլ կլասիկո լինելու իր բարձր կարգավիճակով, քանզի լա լիգայի առաջատար եռյակը կազմածների դասավորությամբ ստեղծվել է բավականին ուշագրավ վիճակ, երբ յուրաքանչյուր տուր ի զորու է դառնում այդ դասավորության մեջ փոփոխություններ մտցնելու:
«Բարսելոնի» հաղթանակը եկավ առաջատար եռյակում ավելի պնդացնելու «Աթլետիկոյի» դիրքերը, որն արտագնայում «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում հաղթանակից հետո վաստակել է 53 միավոր ու «արքայականից» արդեն առաջ է հինգ նիշով: Ճիշտ է, մադրիդցիներին այդ հաղթանակը օգնեց անփոփոխ պահելու կատալոնցիներից յոթ միավորով հետ լինելը, սակայն հուսալ, որ Դիեգո Սիմեոնեի սաները կկարողանան ոսկե մեդալի համար մրցակից լինել բարսելոնցիներին, թույլ տվեք չհավատալ:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի հերթականի թիվ մեկ մրցակցությունն անվիճելիորեն «Նապոլի»-«Յուվենտուս» մրցավեճն էր, ու բնավ էլ նշանակություն չուներ, որ հայտնի պատճառներով մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորության առումով ոչինչ էլ չէր նշանակում: Միանգամից ասենք, որ «ծեր սինյորան» նեապոլցիների ամբիցիաներին բավարարում չի տվել, հաղթել է 2:1 հաշվով ու այդ հաղթանակում առավել քան համոզիչ է եղել: Հանուն ճշմարտության ասենք, որ հանդիպման ելքի վրա իր ազդեցությունն են ունեցել դաշտից արված հեռացումները: Արդեն 25-րդ րոպեից տանտերերն են մնացել տասը հոգով, ու թվային առավելությունից առավելագույն հատույցով են օգտվել թուրինցիները՝ դառնալով երկու գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի սկզբին կոպիտ խաղի համար տասը հոգով են մնացել նաև հյուրերը: «Նապոլին» հաջողեցրել է մրցակցի ունեցած երկու գոլի առավելությունը հասցնել մեկի: Ավելին անելու հնարավորություն է տվել նաև խաղավարտին մոտ հօգուտ նրանց նշանակված տասնմեկմետրանոցը, սակայն տանտերերը չեն կարողացել օգտվել ընձեռված հնարավորությունից:


Սակայն, որքան էլ բարձր կարգավիճակ ուներ «Նապոլի»-«Յուվենտուս» դիմակայությունը, մրցաշարային աղյուսակի տեսակետից առավել հետաքրքրություն ներկայացնողները «Կալյարի»-«Ինտեր», «Միլան»-«Սասուոլո» առճակատումներն էին, մանավանդ որ ավելի վաղ կայացած առաջին դիմակայությունում «Ինտերը» արտագնայում կրել էր պարտություն (1։2)՝ դրանով իսկ հաղթական հանդիպման դեպքում «Միլանի» համար իրեն շրջանցելու հնարավորություն ստեղծելով, ինչն էլ միլանցիներն արել են (1:0)՝ համաքաղաքացիներին դուրս մղելով չորրորդ հորիզոնական:
«Յուվենտուսն» ունի 72, «Նապոլին»՝ 56, «Միլանը»՝ 48 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Կաննում տեղի համանուն թիմի հետ մրցակցությունում անսպասելի լուրջ դիմադրության է հանդիպել դիվիզիոնի առաջատարը, որը, սակայն, Մբապեի դուբլի շնորհիվ հասել է կամային հաղթանակի՝ նվաճելով հերթական երեք միավորը:
«Պարի Սեն Ժերմենի» օրինակով հաղթական հանդիպումներ են ունեցել առաջին եռյակը կազմած մյուս երկու թիմերը: Սեփական հարկի տակ «Լիլը» նվազագույն առավելությամբ պարտության է մատնել «Դիժոնին»՝ 1:0, ինչը չես ասի «Լիոնի» մասին, որը պարզապես քարուքանդ է արել հյուր ժամանած «Թուլուզին»՝ 5:1:
Հերթականի ավարտից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 71 միավոր՝ գումարած պակաս անցկացրած խաղը, «Լիլի» անվան դիմաց 54 միավոր է, «Լիոնն» ունի 49:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ