«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

17-ի փոխարեն` 12 նախարարություն

17-ի փոխարեն` 12 նախարարություն
07.03.2019 | 22:04

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը: Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարությունից ունենալ 12 նախարարություն և ունենալ երկու փոխվարչապետ, չունենալ առաջին փոխվարչապետ:


1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2) Առողջապահության նախարարություն,
3) Արդարադատության նախարարություն,
4) Արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) Արտաքին գործերի նախարարություն,
6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
7) Շրջակա միջավայրի նախարարություն,
8) Պաշտպանության նախարարություն,
9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
11) Էկոնոմիկայի նախարարություն,
12) Ֆինանսների նախարարություն:


Նախատեսվող փոփոխությունների համաձայն, նաև վարչապետի որոշմամբ՝ կառավարության նիստերը կլինեն ոչ միայն մասամբ, այլև ամբողջությամբ դռնբաց:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն առաջարկեց, որ նախարարությունը կոչվի ոչ թե Բարձր տեխնոլոգիաների, այլ Բարձր տեխնոլոգիական նախարարություն, ինչը ընդունվեց:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց՝ լինի Բարձր տեխնոլոգիաների զարգացման նախարարություն, և կոչ արեց՝ կառավարության անդամները քննարկեն, բայց վարչապետը նշեց, որ քանի ամիս կար, կարող էին քննարկել:
Վարչապետը կարևորեց այնպիսի նախարարություն ունենալը, որ արդյունաբերություն բառը լինի: «Մեր քաղաքական ուղերձը դա է, որ ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն»,-ասաց նա:


Այսպիսով, նախագիծը ընդունվեց և կուղարկվի Ազգային ժողով:
Ըստ նախագծի՝ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի համեմատ, որը հրապարակվել է 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ին, նախարարությունների մասով հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցել. Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը նոր նախագծում դարձել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, իսկ Բնապահպանության նախարարությունը՝ Շրջակա միջավայրի նախարարություն:
Նոր նախագծով նաև Տնտեսական զարգացման և Գյուղատնտեսության նախարարությունը կրկին վերանվանվում է և կոչվելու է Էկոնոմիկայի նախարարություն:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվում են՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:


Օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլև Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Իսկ Գյուղատնտեսության նախարարության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միացման արդյունքում ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարություն:
Սփյուռքի նախարարությունը միանում է վարչապետի աշխատակազմին: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ այս նախագիծը շատ վաղուց քննարկվում է, և կարող են արձանագրել, որ հիմնականում ընկալված է հանրության շրջանում:


«Մեր հիմնական խնդիրը պետական կառավարման և Սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելն է, քանի որ այսօր երկու ուղղությամբ խոցեր և պրոբլեմներ ենք տեսնում: Բայց այս ուղղությամբ գնալու ենք հավասարակշռված, հանդարտ գործընթացով, կադրային ջարդ չենք իրականացնելու, կոնսոլիդացվելու են նախարարության աշխատակիցները: Այո, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու, և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու, և մաքսիմալ օբյեկտիվ պետք է տեղի ունենա մարդկանց աշխատանքի գնահատումը՝ առանց հարակից պրոցեսների»,-ասաց նա և նշեց, որ ուշադիր պետք է լինեն պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը նպատակին հասնելու համար:


Վարչապետը նշեց, որ կրճատումների խնդիրը չեն կարող լուծել փակ աչքերով: «Պետք է վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության բաժնի աշխատանքի որակը, և մենք առաջիկայում նաև ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծենք, որ պետական կառավարման համակարգում աշխատեն բարձր որակավորված կադրեր սրանից բխող հետևանքներով: Այսօր ունենք իրավիճակ, որ պետական կառավարման համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ բարձր որակավորումների համար, և բարձր պարգևավճարների սկանդալը ծագում է հենց այստեղից, որևէ այլ տեղ պրոբլեմ չկա»,-ասաց նա:
Ըստ վարչապետի՝ նախկինում այլընտրանքային վճարների տարբերակներ են եղել, բայց իրենք չեն կարող գնալ այդ ճանապարհով, հետևաբար քանի որ հեղափոխությունից հետո այդ այլընտրանքային վճարման մեխանիզմները դադարել են, խնդիր է առաջացել համարժեք օրինական վճարումներ իրականացնել.
«Լավ է, որ այդ պարգևավճարների սկանդալը ծագել է, որովհետև դա շատ կարևոր առիթ է շատ կարևոր խոսակցություն ունենալու համար, թե ովքեր են պետական ծառայողները, ինչ որակավորումներ ունեն: Ես կոչ եմ անում բոլորին այս բոլոր թեմանեը մաքսիմալ բաց և թափանցիկ քննարկել, բայց նաև համբերատար քննարկել»: Նա հավելեց, որ այս գործընթացը չի կարող առաջ գնալ առանց հանրային համաձայնության:


«Կառավարման համակարգն այնպիսին պետք է լինի, որ խնդիրներ լուծի, հետևաբար պետք է աշխատեն առաջատար մասնագետներ և հարիր աշխատավարձ ստանան, բայց դա չի կարող լինել միանգամից, այլ փուլային»,-ասաց նա և նշեց, որ այս պրոցեսի արդյունքում պետք է մնան լավագույնները:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ