Ջեյմի Դեվիս
 

Երազ իմ երկիր հայրենի

Երազ իմ երկիր հայրենի
08.03.2019 | 16:12

Երեկ Հայաստանի գրողների միության նախասրահում բացվեց Վազգեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսը: 39 լուսանկար` կյանքի տարբեր տարիներից: «Այստեղ ներկայացված են լուսանկարներ, որ երբևէ չեն ցուցադրվել: Դրանք նոր կյանք են ստացել` առաջին անգամ ցուցադրվելով Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը` մարտի 5-ին նրա տուն-թանգարանում: Ցուցահանդեսի գաղափարը Արամ Սարգսյանի ավագ դուստր Գրետա Սարգսյանինն է»` ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Գրետա Սարգսյանի խոսքով` ինքը Վազգեն Սարգսյանին ընկալում է որպես հզորության, ուժի, խելքի մարմնացում:

«Մեր տուն գալիս, նա խաղում էր մեզ հետ: Երբեք չեմ տեսել նրան հոգնած, անհավես կամ քաղաքական այրերին հատուկ զբաղված մարդու կերպարով: Անկախության օրը նա մեզ հետ պահմտոցի էր խաղում: Երբ տատիկս` Գրետա Սարգսյանը զայրացավ` հիշեցնելով, որ ուշ գիշեր է, հորեղբայրս պատասխանեց հարցով` ո՞վ է տեսել, որ Անկախության օրը մարդիկ քնեն, այդ օրը պետք է նշել. մեծ տոն է: Նրանից միայն մանկական լուսավոր հիշողություններ ունեմ»: Նա շնորհակալություն հայտնեց «Արմենպրես»-ին լուսանկարները տրամադրելու և ցուցահանդեսի կայացմանն աջակցելու համար: Հետո Գրողների միության դահլիճում հավաքվեցին մարդիկ, որ պետք է նշեին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Չգիտեմ ինչու` սպասում էի, որ գալու են նախևառաջ և բոլորից շատ գրողները, որ Վազգենի հետ կյանք են ապրել: Եկան միայն Գրիգոր Ջանիկյանը, Ռոլանդ Շառոյանն ու Մերուժան Տեր-Գուլանյանը (թող ինձ ներեն նրանք, ում չեմ տեսել, բայց ներկա էին): Սպասում էի, որ գոնե նրանք կխոսեն ու կպատմեն իրենց Վազգենի, իրենց ժամանակի մասին: Չխոսեցին: Ես մտածում էի` ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Գրողների միությունում Վազգեն Սարգսյան արձակագրին պիտի գնահատեն: Հիշեն, պատմեն` ինչ ոչ մեկս չգիտի: Մի քիչ էլ արդարացում գտա` ոմանք արդեն չկան` Հրանտ Մաթևոսյանը, Լևոն Խեչոյանը, Հրաչյա Թամրազյանը, Աղասի Այվազյանը, Վարդգես Պետրոսյանը, Լևոն Անանյանը, Անժիկ Հակոբյանը, Ղուկաս Սիրունյանը, Վարուժան Այվազյանը, Հովհաննես Գրիգորյանը… Ոմանք հեռուներում են: Հետո հասկացա, որ Հայաստանում հոբելյանները նշում, որ ասեն` նշեցինք: Կամ` ինչպես կարողանում են: Կամ` որ իրենց ներկայացնեն: Այս պարագայում` իրենց խեղճությունն ու բացակայությունը: Ու դա ցավալի է, որովհետև ես, իբրև միջին տարիքի միջին վիճակագրական հայ, միշտ խորին հարգանքով ու մեծ ակնկալիքով եմ վերաբերվել Գրողների միությանը ու ընդհանրապես գրողի խոսքին: Նրանք չէին եկել, որովհետև ասելիք չունեին: Որովհետև ընդհանրապես ասելիք չունեն` բացի ընթացիկ ասեկոսեից ու օրընթաց գրականություն գրելուց, որ իրենցից զատ մեկ էլ նրանք են կարդում, որ ուզում են գործընկերոջը քննադատել: Ցավալի է: Ու դա նաև գրական ասպարեզում Վազգեն Սարգսյանի 20-ամյա բացակայության հետևանք է:


Խոսողներ, իհարկե, եղան` զինակից ընկերները: Խոսեցին երկար ու սիրով: Պատմեցին` ինչ կարող էին ու ինչպես կարող էին: Անկեղծ էին, ու դա լավագույնն էր, որ կարող էին անել: Գրողների միությունում Արամ Սարգսյանն ասաց. «Շատ խորհրդանշական դահլիճ է: Գրողներ, երկրապահներ, զինվորականներ` Վազգենի ամբողջ կենսագրությունը: Գրողների միությունը Վազգենի տունն է, մենք հիմա Վազգենի տանն ենք: Կար ժամանակ, երբ Բաղրամյան 3-ը Հայաստանի Հանրապետության համար ամենաորոշիչ հասցեներից էր: Ամեն առավոտ Գրողների միություն աշխատանքի էր գալիս Հրանտ Մաթևոսյանը: Վազգենը գրում էր, ու Վարպետն ասում էր, որ որձ գրականություն է անում, քարագրություն: Ոչ մի կերպ Վազգենին 60 տարեկան չեմ պատկերացնում, ինչպես Եղիշե Չարենցին 120 տարեկան չեմ պատկերացնում: Երկուսին էլ 40 տարեկանում գնդակահարեցին: Մարդիկ կան, որ իմ ընկեր Այդին Մորիկյանի ասածի պես` 33 տարեկանից չեն մեծանում… Խորին շնորհակալություն Գրողների միությանը, ԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանին, որ նաև Վազգենի ընկերն է ու նրա հետ աշխատել է: Խորին շնորհակալություն «Արմենպրեսին» ու նրա տնօրենին, որ ջանք ու եռանդ չխնայեց այս ցուցահանդեսի կայացման համար, բոլոր լուսանկարիչներին, որ նկարել են այս կադրերը: Այս ամենը անում ենք մեզ համար: Եթե ուզում ենք հաղթել, առավելևս երբ արդեն հաղթել ենք, ինչպես Վազգենն էր ասում, չպիտի մոռանանք մեր հերոսներին: Մենք պիտի գնահատենք մեր հերոսներին, մեր մշակույթը, մեր մեծերին, մենք պիտի հասկանանք` ի՞նչ հայրենիք ենք մենք պաշտպանում, որովհետև հայրենիքը միայն հող չէ: Փառք ու պատիվ մեր մեծերին: Փառք ու պատիվ մեր բանակին»:


Կեսօրն անց Սլավոնական համալսարանում ռեկտոր Արմեն Դարբինյանի նախաձեռնությամբ նույնպես նշվեց Վազգեն Սարգսյանի 60-ամյակը: Հրաշալի նշվեց, և ինչ ասվեց` հրաշալի ասվեց` պաշտպանության նախկին նախարարների, զինակիցների ու կոմպոզիտորների, բոլորի շուրթերով: ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը իբրև կադրային զինվորական` Վազգեն Սարգսյանի կյանքի կարևոր դրվագները շարեց ու ամփոփեց` քաղաքացիական պատերազմ չունեցանք, ինչպես Ադրբեջանն ու Վրաստանը, որովհետև Վազգեն Սարգսյան ունեինք, բանակ ունեցանք, որովհետև Վազգեն Սարգսյան ունեինք, պատերազմում հաղթեցինք, որովհետև Վազգեն Սարգսյան ունեինք ու միլիարդներով ձրի զենք բերեցինք, որովհետև Վազգեն Սարգսյան ունեինք: Եվ անկախություն ունենք, որովհետև Վազգեն Սարգսյան ունեինք: Ռոբերտ Ամիրխանյանի կատարմամբ «Երազ իմ երկիր հայրենին», որ Վազգեն Սարգսյանը դարձրել է հայոց բանակի հիմնը, եկավ հասատելու:


Գրողների միությունում էլ, Սլավոնականում էլ ներկա չէին նրանք, որ պիտի պարտադիր ներկա լինեին իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամներ` կրթության ու գիտության նախարարը, մշակույթի նախարարարի պաշտոնակատարաը… Գուցե տեղյակ էլ չէին: Մարտի 5-ն անցել է, գործն ավարտել են: Հարց` հանձնաժողովն ինչու՞ էին ստեղծել, եթե մարտի 5-ին հանձնաժողովի նախագահի մտքով չանցավ, որ պարտավոր է ուղերձով շնորհավորել Հայաստանի ու Արցախի ազգային հերոսի 60-ամյակը: Հետո ի՞նչ Բրյուսելում էր` 21-րդ դարն է: Բայց Երևանում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «գլխի չընկավ», որ պարտավոր է նիստը սկսելուց առաջ հիշել ու նշել ԱԺ նախկին պատգամավորի, պաշտպանության հանձնաժողովի նախագահի, ՊՆ նախարարի ու վարչապետի ծննդյան օրը: Եվ դա պետք է ոչ թե Վազգեն Սարգսյանին, այլ` իրեն ու Ազգային ժողովին, որովհետև Վազգեն Սարգսյանը պետականություն ու պատմություն է ստեղծել, հետո՞ ինչ, որ «չի քայլել»: Եվ միայն ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 5-ին գնաց Եռաբլուր ու Արարատ, բայց նա, հաստատ գնալու էր` իբրև ՊՆ նախարար ու սպա, որ Վազգեն Սարգսյանի հետ է աշխատել, հայ, որ Վազգեն Սարգսյանի գրքերն է կարդացել, մարդ, որ հրամաններ տալուց զատ` թիկունքին ապրած կյանք ունի, տոնը տոն դարձնել ու ցավից լաց լինել գիտի:


Ու մի հարց էլ` Երևանի քաղաքապետարանը որևէ կապ ունի՞ Հայաստանի կառավարության հետ: Եթե ունի, ինչու՞ կառավարության որոշումից հետո Երևանում, գոնե Վազգեն Սարգսյանի անվան փողոցում, մի պաստառ չհայտնվեց, որ նշանավորեր նրա 60-ամյակն ու քաղաքապետարանի վերաբերմունքը: Թե՞ քաղաքապետը թքած ունի ոչ միայն շենքերի, այլև մարդկանց վրա ու նրա հետաքրքրությունների շրջանակում հայտնվում են խիստ որոշակի դեպքերում: Հետաքրքիր` ի՞նչ չափանիշով է որոշվում` ու՞մ նկարը պետք է լինի քաղաքը ողողած բաներներում: Փառք ու պատիվ Մոնթե Մելքոնյանին, որ համարյա ամեն փողոցից ժպտում է, բայց որևէ մեկը կհանդգնի՞ նրա ավանդը համեմատել Վազգեն Սարգսյանի ժառանգության հետ: Կամ «Մեր մեծերի» մեջ մեր Ազգային հերոսները չե՞ն մտնում, թե՞ մտնում են խիստ ընտրովի: «Մեր հաղթանակների» մեջ քաղաքապետարանը ի՞նչ է հասկանում: Այն տպավորությունն է, որ քաղաքապետարանը պատերազմ է հայտարարել Վազգեն Սարգսյանին: Հետաքրքիր է` ինչու՞: Կոմի՞կ չէր ու մարդկանց չէր ձանձրացնում իր էժանագին գռեհկաբանությամբ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գուցե ես շատ երես առած եմ` լրագրողի իմ կյանքում մշտապես եղել են մարդիկ, որ Աստծո հետ դու-ով են խոսել` գրողներ, նկարիչներ, ռեժիսորներ, դերասաններ, կոմպոզիտորներ: Պետության ու քաղաքականության առաջին դեմքեր: Եվ մեր բոլոր խոսակցություններում, որ դարձել են ու երբեմն չեն դարձել հարցազրույցներ, ես տեսել եմ սեր, նվիրում ու երջանկություն, որ հայ են ու հենց մեր ժամանակների հայ, որովհետև ո՞վ, եթե ոչ նրանք, ե՞րբ, եթե ոչ հիմա և որտե՞ղ, եթե ոչ այստեղ են իրենք պետք իրենց երկրին: Ու ես նրանց կարոտում եմ, ես նրանց կարիքն զգում եմ ու ուզում եմ, որ նրանք… շարունակվեն: Եվ չեմ ընդունում նրանց լռությունը: Առանց նրանց` մենք ՄԵՆՔ չենք: Որովհետև հայրենիքը, իսկապես, միայն հող չէ, հիշողություն է, պատմություն է ու ժամանակ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan