Ջեյմի Դեվիս
 

Հերթական ռուս-ադրբեջանական ֆարսը

Հերթական ռուս-ադրբեջանական ֆարսը
08.03.2019 | 16:15

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Մոսկվայում հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում Արցախի ներկայացուցիչների մասնակցության շուրջ: «Թրենդը» գրում է, որ Մամեդյարովն, ընդունելով ՌԴ դեսպանին, ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են և ՌԴ պաշտոնական անձանց ներկայությունը «Լազարյան ակումբի» հերթական նիստին, որն անցկացվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ, հակասում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին հայ ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:


Մարտի 5-6-ն անցկացված «Լազարյան ակումբի» նիստում ներկա է եղել Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:
Հետաքրքիր է, որ Էլմար Մամեդյարովը հարկի չի համարել բողոքել, որ «Լազարյան ակումբի» նիստում Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը անդրադարձել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր չէ տարանջատել Ղարաբաղից:


Իսկ ընդհանրապես այս ամբողջ պատմությունը շատ նման է ֆարսի` նախ ՌՌ Պետդումայի պատգամավորները, ընդորում` ՌԴ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի անդամներ, գնում են Բաքու ու մասնակցում Խոջալուի հնարովի «ցեղասպանության» դեմ երթին, որի դեմ բողոքում է ՌԴ Դաշնային ժողովում ելույթ ունեցող ԱԺ նախագահը (ում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պարտավոր էր նախապես տեղեկացնել ՌԴ պատգամավորների Բաքու մեկնելը և ով պարտավոր էր այցը հետաձգել հենց այդ պատճառով, եթե հարգում է պետության ինքնիշխանությունը) հետո հապճեպ Լազարևյան ակումբի նիստ են հրավիրում Մոսկվայում` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Իբր` սեպը սեպով են հանում ու սիրաշահում են հայկական կողմին: Ոչինչ, որ Պետդումայի պատգամավորների այցի «պատասխանը» ընդամենը ակումբային մակարդակով է տրվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու դեռ ինչքա՞ն մենք պետք է կուլ տանք այս էժանագին խայծերը ու համարենք, որ հարցը փակված է: Հայ-ռուսական իրավահավասար հարաբերությունների մասին բազմիցս ելույթներ ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի՞ նկատում, որ իրավահավասարությունը միրաժ է ու միրաժ էլ կմնա, քանի դեռ ՀՀ բոլոր պաշտոնյաները չեն հասկանում, որ իրենք ներկայացնում են ոչ թե իրենց պայծառ անձը, այլ պետությունը: Իսկ պետությունը պետք է հարգել ամեն քայլափոխում:

Դիտվել է՝ 767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan