ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի բաց տեքստը, իսկ հետո՞

ԵԱՀԿ Մինսկի խմբի բաց տեքստը, իսկ հետո՞
10.03.2019 | 13:09

ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները նոր հայտարարություն են տարածել` ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպումից առաջ: Նրանք ողջունել են առաջին ուղիղ շփումների պատրաստակամությունը, ընդգծել արդյունավետ քննարկումներ իրականացնելու միջավայրի պահպանման անհրաժեշտությունը:

«Միջնորդները դրական են գնահատում վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը, նաև որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն»: Մինսկի խումբը վերահաստատել է լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Համանախագահները կողմերին հորդորում են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները: Եռանախագահները վերստին վկայակոչում են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա վրա: «Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»`ասվում է համանախագահների հայտարարության մեջ: Համանախագահներն ընդգծում են, որ այս սկզբունքները և բաղադրիչները պետք է ընկած լինեն հակամարտության կարգավորման ցանկացած արդարացի և երկարաժամկետ կարգավորման հիմքում և պետք է ընկալվեն որպես փոխկապակցված ընդհանրություն։ Որոշ սկզբունքներ կամ բաղադրիչներ մյուսներից վեր դասելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշիռ լուծման հասնելը: Համանախագահները պատրաստ են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և ԱԳ նախարարների հետ ցանկացած ժամանակ, և կոչ են անում առաջնորդներին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բանակցությունները:


Վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացն առաջ մղելու կաևորագույն բաղադրիչը մնում են համանախագահների միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև շարունակական և ուղիղ երկխոսությունը: Համանախագահները նաև շարունակելու են քննարկել համապատասխան խնդիրները հակամարտության հետևանքները ուղղակիորեն կրող կողմերի հետ, ընդունելով, որ բանակցային գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է հաշվի առնել նրանց տեսակետները և մտահոգությունները: Համանախագահները ընդգծում են, որ իրենց մանդատին համապատասխան՝ լիովին հանձնառու են օգնել կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորում: Համանախագահները նաև իրենց լիակատար աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի անկողմնակալ և չափազանց կարևոր մոնիտորինգային աշխատանքին:


Փաստացի` սա Հայաստանում հեղափոխությունից հետո համանախագահների առաջին բաց ու մանրամասն հայտարարությունն է, որ նաև բավականին կոշտ է ու իրականություն վերադարձնող: Նրանք վերստին բանակցությունների սեղանին են դնում Մադրիդյան սկզբունքները և Բրյուսելում ԵՄ ղեկավարության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից հետո` բանակցությունների ձևաչափի փոփոխության դեմ են արտահայտվում: Այսինքն` Նիկոլ Փաշինյանի բոլոր փաստարկները, որ ինքը չի կարող ներկայացնել Լեռնային Ղարաբաղը` ընտրված չլինելով ԼՂՀ-ի կողմից, Մինսկի խումբը չի ընդունում: Ինչու՞: Եթե դա միանգամայն տրամաբանական և հիմնավորված փաստարկ է:
Իսկ ի՞նչ է նախորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը:


Աշխատանքային այցով ԼՂ մեկնած Արթուր Վանեցյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ փետրվարի 27-ին այցելել էր Հադրութից հարավ ընկած՝ Արաքս գետին հարող հատված, ուր, ըստ Արցախի հանրային հեռուստատեսության, կառուցվում է նոր բնակավայր՝ Արաքսավանը, 150 առանձնատներով և համայնքային նշանակության շինություններով: «Ծրագիրը, որը անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, որը իմ և ոչ միայն իմ, այլև բոլորի օբյեկտիվ գնահատականով՝ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու, որովհետև այն խոսքերը, արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են այն թեման, որ հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի իրականացման արդյունքում, մենք հստակ ուղերձ ենք տալիս ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու մտադրություն չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»` ասել էր Արթուր Վանեցյանը։ Նրա հայտարարությունն Ադրբեջանում հերթական վայնասունը բարձրացրեց:

Հետագայում ԱԱԾ տնօրենը պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը՝ «Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր կողմից Արցախում վերջերս արված հայտարարություններն արտահայտում են հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը նաև բանակցային սեղանին», նշել էր․«Այդ հայտարարությունը կատարել եմ որպես պրոֆեսիոնալ սպա, որին մտահոգում են Ադրբեջանի հռետորաբանությունը և այնտեղից հնչող սպառնալիքները, որոնք խարխլում են բացառապես խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը: Իսկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի պաշտոնական մոտեցումն արտահայտում են ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը, ովքեր էլ ներգրավված են խաղաղ գործընթացում»:


Երեկ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ԼՂ հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ հայտարարեց. «Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, ինչը դատապարտելի է: Սա հատկապես ընդգծվում է հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարությունների ֆոնին, որոնք այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից»: «Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն: Ավելին, երկրների ղեկավարների հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների»: «Այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման: Նման հռետորաբանությունը, առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը»:


ԱԳՆ մամուլի խոսնակը ասել է, որ Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը. «Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ»: «Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»: Համարենք կողմնակի պատասխան համանախագահների հայտարարությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինքնին հասկանալի է, որ ՀՀԿ արտաքին քաղաքականության ՙմասնագետները՚ չէին կարող պատեհ առիթը բաց թողնել և համանախագահների հայտարարությանն անմիջապես հաջորդեցին Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունները: Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրեց.
«Արձանագրենք.
ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին:
բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը:
գ. Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության:
դ. Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում:
ե. Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում: Սա ակնհայտ է: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին»։


Արմեն Աշոտյանը նույնպես Ֆեյսբուքում գրեց. «Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է։ Հայաստանում իշխանափոխությունից հետո սա առաջին ծավալուն, ծրագրային եւ համեմատաբար ուղիղ խոսքն է բանակցային գործընթացի առկա իրավիճակի մասին։ Ավելի բաց եթե ասեմ, գնահատում եմ այն որպես բանակցային գործընթացը պահպանելու եւ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու փորձ՝ կողմերին ուղղված հստակ ուղերձներով։ Վտանգ կա, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության եւ սեփական ուժերը գերագնահատելու հետեւանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին, ցավոք, առանց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակման»։
Իսկապես համանախագահների հայտարարությունը վերադարձնում է ելակետային դիրքեր, այսինքն` հետհեղափոխական ժամանակում արված հայտարարությունները զրոյացնում է ու ազատագրված տարածքների վերադարձի խնդիրը բերում օրակարգ: Եվ հիմա ՀՀ վարչապետը դեմ առ դեմ է մնում հարցին` բանակցե՞լ Ադրբեջանի սուբստանտիվ օրակարգով, թե՞ ոչ: Թերևս խելամիտը բանակցելն է, այլապես ստացվում է, որ Հայաստանը հրաժարվում է բանակցություններից, իսկ դա Ադրբեջանին պատրվակ է պատերազմի միջոցով խնդիրը լուծելու: Թեպետ Բաքուն լավ գիտի, որ նոր պատերազմով խնդիրը չի լուծվելու: Ուստի սա այն դեպքն է, որ որևէ մեկնաբանություն հնարավոր է միայն ԱԳՆ-ի ու վարչապետի արձագանքից հետո:

Դիտվել է՝ 2787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ