Ջեյմի Դեվիս
 

«Ժողովրդավարությունն աբսուրդ է, եթե հիմքում չկա սեփականության իրավունքը»

«Ժողովրդավարությունն աբսուրդ է, եթե հիմքում չկա սեփականության իրավունքը»
12.03.2019 | 00:55

Մի խումբ մտավորականներ ստեղծել են «Համահայկական ազգային համաձայնություն» ճակատը, որի գերնպատակն է մեկ հարցի պատասխանը գտնել՝ ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում ունենալ։ Նախաձեռնության հեղինակներից ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆԸ մեզ հետ զրույցում պատմեց իրենց աշխատանքների ու անելիքների մասին։ Մի քանի ամիս առաջ ստեղծված այս շարժումն արդեն ԱԺ է ուղարկել նամակ, որով պահանջում է «տնտեսաքաղաքական գնահատական տալ ՀՀ երեք նախագահների գործունեությանը» և «ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի իրավունքը»։ Դիմել են նաև նախագահին, վարչապետին և ԱԺ-ին՝ առաջարկելով հրաժարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման «Մադրիդյան սկզբունքներից»։ Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի օրերս տարածած հայտարարությունը նախաձեռնության անդամները համարում են միակողմանի ուղերձ հայկական կողմին և «կառքը ձիուց առաջ դնելու» փորձ, իսկ կառավարությանն առաջարկում են սեփական ժողովրդին ասել մերկ ճշմարտությունը. «Երկիրը պետք է պատրաստել պատերազմի։ Արցախի խնդիրը աշխարհաքաղաքական հարց է, որտեղ միահյուսված են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի շահերը։ Եթե իշխանությունները չունեն մեր ազգային շահերի հստակ սահմանների ու չափորոշիչների հայեցակարգ և ընդունում են նախկին ռեժիմից ժառանգություն ստացած «Մադրիդյան սկզբունքների» փաթեթն ու շարունակում են ընթանալ նույն ճանապարհով, հարց է առաջանում՝ ի՞նչ հեղափոխության մասին էին նրանք խոսում»։


Ավելին, ՀԱՀ ճակատի անդամները կարծում են, որ պետք է միջազգային դատական ատյաններում իրավական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ, հիմք ընդունելով այն, որ այդ երկիրը հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է իրականացրել: «Հեղափոխություն նշանակում է կացութաձևի, համակարգի, գաղափարաբանության փոփոխություն։ Այս իմաստով առայսօր Հայաստանում հեղափոխություն չի եղել։ Իշխանությունը չինովնիկական աթոռը չէ, այլ երկրի հիմնական հարստության սեփականատիրություն։ Այսօր ոչ հեղափոխություն է եղել, ոչ էլ իշխանափոխություն, ընդամենը իշխանության կառավարման ուղիղ ձևից անցում է կատարվել ներկայացուցչական ձևին։ Դուք ժողովրդից եք ստացել այս բարձրագույն մանդատը, բայց ոչ պարզունակ՝ «քայլ արա, մերժիր Սերժին», այսինքն մեկ անձից ազատվելու համար, այլ ողջ համակարգից»,- ասաց Արթուր Արմինը և պատմական մի դրվագ ներկայացրեց։ 428 թվականին հայ իշխանները գնացին պարսից արքայի մոտ ու ասացին, որ իրենց պետք չէ Արտաշես Արշակունի թագավորը, հարկերը միանգամից նրան կտան, մեջտեղը միջնորդ պետք չէ։ ՈՒ վերացավ հայոց պետականությունը։ 1045-ին վերացավ Բագրատունիների թագավորությունը։ 4,5 դար հետո դժվարությամբ պետականություն ենք ունեցել, բայց վերջին արքան՝ Հովհաննես Սմբատը, կտակ է գրում, որ իր մահից հետո ողջ թագավորությունը անցնում է Բյուզանդական կայսրությանը։ Վերացավ հայոց երկրորդ պետականությունը։ «Ի՞նչ աներ խեղճ հայ ժողովուրդը, որ իր բնօրրանում ոչ սեփականության, ոչ էլ որևէ բան որոշելու իրավունք չուներ։ Արդյոք 5-րդ և 11-րդ դարից հետո բան է փոխվել։ Ոչինչ էլ չի փոխվել։ Վերջին տարիներին Հայաստանից 10 մլրդ դոլար փող է հոսել, իսկ մեր վզին պետական պարտք կա` 7,5 մլրդ դոլար։ Այսինքն, նույն հայ իշխանները փողը հանում են երկրից, իսկ մենք վարկով, պարտքով ենք զենք գնում»,- ընդգծեց մեր զրուցակիցը, որին զայրացնում է, երբ խոսում են քաղաքական էլիտայի մասին, քանի որ կարող է լինել «մտքի էլիտա», ոչ թե «սեփականության էլիտա»։ Ամենամեծ գաղթը, ՀԱՀ անդամի փաստմամբ, եղել է 5-րդ և 11-րդ դարերում, երբ պետականություն ենք կորցրել, և որպեսզի նույն բանը չլինի, անհրաժեշտ է, որ ժողովուրդը երկրի տերը դառնա, ծնված երեխայից մինչ ալեհեր պետք է դիվիդենդ ստանան այս երկրի հողի և ռեսուրսի նկատմամբ։ Եթե օտարերկրացի ներդրողը գալիս է, պետք է վճարի բնական անօտարելի իրավունքով օժտված քաղաքացուն։ «Հայ մարդը պետք է հասկանա, որ ինքն է երկրի տերը, ինքն է վարձով տալիս դա օտարին, ինքը տերն է, ոչ թե վարձակալը։ Էլ բան չի մնացել, անգամ մեր ունեցածի մեկ տասներորդը չէ, այլ քսաներորդի վրա ենք նստած։ Մեր ամենամեծ թշնամին ոչ թե թուրքն է, ռուսը, ամերիկացին, այլ մեր միջի որդը։ Այդ որդն է քանդել Հայաստանը։ Ժողովուրդը քնած է, չի հասկանում, որ ապրում, քայլում է մի հողի վրա, որի տակից հիմքերը քաշել են, ու անսպասելի մի օր գահավիժելու ենք»,- ասաց Արթուր Արմինը, հավելելով, որ այսօր նախկին համակարգի փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ պահպանվում է նույն «ֆորման», ինչը հանգեցնելու է պետականության կորստի, հզոր արտագաղթի և հայոց տան վերացման։ Հարցին, թե օրվա իշխանությունները հայտարարում են, որ սա ժողովրդի իշխանություն է, ժողովուրդն է ամեն ինչ որոշելու, դա բավարար հիմք չէ՞, որ հայ մարդը համարվի երկրի տերը, մեր զրուցակիցը նախ նշեց, որ ժողովրդի իշխանություն նշանակում է երկրի հարստությունների տեր դառնալ, որը ողջ աշխարհում է ընդունված. «Ո՞վ ասաց, թե ժողովրդի իշխանություն է, իշխանությունը չինովնիկի աթոռը չէ, իշխանությունը սեփականատիրությունն է»։


Մեր դիտարկմանը, թե իրենց նպատակներին ինչ մեթոդներով են փորձելու հասնել, Արթուր Արմինը հավաստիացրեց, որ օգտագործելու են սահմանադրությամբ սահմանված բոլոր ձևերը։ Հավելենք, որ այս շարժման նամակ-պահանջին` տնտեսաքաղաքական գնահատական տալ ՀՀ երեք նախագահների գործունեությանը, պատասխանել են, սակայն, ինչպես մեր զրուցակիցն է պնդում, ոչինչ չասող և լղոզված պատասխան է դա, այն պարզապես «դուրս են գրել» և ի պահ ուղարկել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով։


Արթուր Արմինի տեղեկացմամբ, այս կարճ ժամանակահատվածում իրենց են միացել հինգ կազմակերպություն, բազմաթիվ անհատներ։ Քաղաքական դաշտ մտնելու նպատակներից մեկն էլ, ըստ մեր զրուցակցի, «Արևմուտքից սնվող» կամ «ռուսական սապոգի պարտյանկա» ուժերը դաշտից հեռացնելն է, հայկական պետության խնդիրներով մտահոգ անհատներին ասպարեզ բերելն ու ասելը, որ «ժողովրդավարությունն աբսուրդ է, եթե հիմքում չկա սեփականության իրավունքը»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan