Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կարևոր ստուգատեսից առաջ

Կարևոր ստուգատեսից առաջ
12.03.2019 | 00:57

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն իմաստի առումով կոչ էր չտապալելու բանակցային գործընթացը։ Պատահական չէր, որ հայտարարության ժամանակային համատեքստը տեղ էր գտել արդեն վերնագրի մեջ («…նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի առաջիկա հանդիպման առթիվ»)՝ մատնելով այն հանգամանքը, որ ներքոշարադրյալ տեքստը կարևոր ստուգատեսից առաջ անհրաժեշտ կոչ-հիշեցումների շարք է։


Ինչպես հայտնի է, համանախագահների հայտարարությանը հաջորդել է նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը, որում թշնամական կողմը, ողջունելով այս հայտարարությունը, այն որակել է որպես Հայաստանին ուղղված ազդանշան առ այն, որ բանակցային ձևաչափն անփոփոխելի է։


Այս դեպքում մեծ է գայթակղությունը փորձելու չկրկնել ադրբեջանական կողմի տեսակետը, սակայն սթափ բանականությունն էլ հուշում է, որ ինքնին թշնամու ասածը հերքելով՝ ճշմարտության չես հասնի։ Իսկ ճշմարտությունը, որ վերհանելի է վերջին շրջանի դեպքերի փաստական վերլուծությունից և հայտարարության տեքստի՝ ըստ բովանդակության վերծանումից, այն է, որ համանախագահների սույն հայտարարությունը հակամարտության շուրջ ուժերի հավասարակշռությունը դիվանագիտական դաշտում փոխելուն ուղղված հայկական կողմի փորձերին տրված հակադարձ պատասխանն է։
Խոսքն առաջին հերթին Արցախը բանակցային կողմ դարձնելու պահանջի, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ընդհանրապես չենք կարող քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը» (2019 թ. հունվարի 30) և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք ա բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը» (2019 թ. փետրվարի 28) հայտարարությունների մասին է։ Դրանց մարտի 5-ին հաջորդեցին նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այցը Մեխակավան (նախկինում՝ Ջաբրայիլ) և «Արցախի հարավային շրջանները բնակեցնելուն միտված նախաձեռնությունները ճիշտ են և պետք է լայն թափով իրագործվեն» ֆեյսբուքյան նկար-գրառումը։


Սկսած Ն. Փաշինյանի վերոբերյալ հայտարարությունից՝ ես ասել էի, որ ինքնին այսօրինակ տեքստերի՝ ամենաբարձր մակարդակով հնչեցումն ու լինելությունը համարում եմ դրական երևույթ ու կարևոր ազդակ, առաջին հերթին՝ ներքին լսարանին, քանզի ցանկացած պարտություն սկսվում է ներսից։ Միևնույն ժամանակ հստակորեն կանխատեսել էի, որ այս կերպ արտաքին հարթակում, ինչպես ընդունված է ասել, «բարձրանում են խաղադրույքները»։ Եվ ահա դրանք բարձրացան…


Այստեղ նույնպես մեծ է գայթակղությունը, կախված ներքաղաքական հայացքներից, քննադատելու կամ փութորեն նետվելու պաշտպանելու օրվա իշխանություններին։ Արցախի հարցը, սակայն, իր ամբողջ լրջությամբ հանդերձ պահանջում է ավելի հավասարակշռված և խելամիտ մոտեցում։ Անձամբ իմ կարծիքով՝ ստեղծված պայմաններում հարկ է շարունակել այն ուղեգիծը, որ որդեգրվել է նոր իշխանությունների կողմից։ Խոսքս առաջին հերթին Արցախի՝ բանակցային կողմ դառնալու մասին տեքստերի պարբերական հնչեցումն է։ Սա, անշուշտ, չպետք է արվի այն եղանակով, որ ուղիղ պատճառ դառնա բանակցությունների տապալման և պատերազմական ակտիվ գործողությունների վերսկսման։ Բայց և հրաժարվել այդ թեմայի արծարծումից չի կարելի, քանզի դա կնշանակի հետքայլ և թուլության նշան, ինչը մեր օրերում ու մեր տարածաշրջանում կործանարար կարող է լինել։


Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների հետ տարվող քաղաքականությանը, ապա վերջիններիս տեքստին արձագանքելու ամենաճիշտ ձևը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների մասին հիշեցնելն է, քանզի դրանք, ի տարբերություն Արցախի բանակցային ներգրավման, ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես «պայմանների առաջքաշում» կամ «բանակցային ձևաչափի մեջ միակողմանի փոփոխությունների պահանջ». այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել հենց համանախագահության հովանու ներքո և կոնկրետ գործողություններ են նախատեսում նաև հենց համանախագահության համար։


Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
Քաղաքագետ
Արցախ

Դիտվել է՝ 2937

Մեկնաբանություններ