Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

«Նոր են սովորում, թե ինչպես պիտի աշխատել, բայց արդեն թաթախված են կոռուպցիոն գործարքների մեջ»

«Նոր են սովորում, թե ինչպես պիտի աշխատել, բայց  արդեն թաթախված են կոռուպցիոն գործարքների մեջ»
12.03.2019 | 01:14

Որքան բարդ է իշխանությունների վիճակն արտաքին քաղաքականությունում, այնքան էլ ծանր է իրադրությունը ներքին քաղաքական կյանքում։ Ներսի մարտահրավերներն օր օրի ավելանում են, սոցիալ-տնտեսական խնդիրներին գումարվում են ներիշխանական ինտրիգներն ու բազմաթիվ բացթողումները։ Ի՞նչ կետում է տնտեսական հեղափոխությունը. զրուցում ենք տնտեսագետ ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ։

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են տնտեսական հեղափոխության մասին, բայց հեղափոխական որևէ «սցենար» չի խաղարկվում։ Ի՞նչ վիճակում է այսօր տնտեսությունը։
-Իսկապես, բոլորս սպասում ենք հեղափոխական քայլերի, սակայն ցավալիորեն հեղափոխական շունչը բացակայում է։ Կառավարության ծրագրում որոշ լավ փոփոխություներ կան, բայց այն հեղափոխական չէ։ Դատաիրավական փոփոխությունների մասին չկա ոչ մի լուրջ բան, իսկ այդ ոլորտից ժողովուրդն ամենաշատն է բողոքում։ Ապօրինի հարստացման դեմ պայքարի լուրջ մեխանիզմներ չկան, ի վերջո, չկա այն հեղափոխական շունչը, որով սկսել էին։ Բավական շատ ժամանակ ունեին՝ 8-9 ամիս, լավ ծրագիր գրելու համար։ Չկա գործողությունների ծրագիր, չկան արդյունքային ցուցանիշներ, որով պետք է գնահատենք իշխանության քայլերը։
Տնտեսությունն այսօր լճացման փուլում է, որոշակի աճ կա, բայց դա իներցիոն աճ է։ Հեղափոխությունից հետո բիզնեսի համար թարմ շունչ կա, ամեն մեկը գործում է այնպես, ինչպես կարողանում է։ Սակայն սա սխալ է, կառավարությունը պետք է լինի առաջնորդող ուժը, բայց կառավարությունն էլ չունի ծրագիր, թե ինչ պետք է անի։ Պատճառը ռազմավարական ծրագրի բացակայությունն է։ Կառավարության ծրագիրը ծրագրային փաստաթուղթ չէ, լավ ցանկությունների ու խոստումների հռչակագիր է, գործողությունների մեխանիզմ չկա։ Սա վկայում է այն մասին, որ իշխանության եկած մարդիկ չունեն ծրագիր գրելու, ռազմավարական պլանավորմամբ զբաղվելու և դրանք քայլ առ քայլ կատարելու փորձ։ Կադրային բավարար ռեսուրսի պակաս կա։ Լավ կրթություն ստանալը դեռ բավարար չէ, անգամ կասկածելի է, թե ինչպես են այդ կրթությունը ստացել։ Ի՞նչ անենք, որ դրսում են կրթություն ստացել, հետո՞։ Մեր երկրի տնտեսության ռիթմը չեն զգացել, չգիտեն, մեր տնտեսության զարկերակը չեն բռնել, որևէ գործարան գնացե՞լ են, տեսե՞լ են` ինչպես են արտադրություն կազմակերպում, որ հետո ծրագիր գրեն, թե ինչպես տնտեսություն զարգացնել, դիվերսիֆիկացնել։ Հիշու՞մ եք, Փաշինյանը հայտարարեց, թե անկախ կուսակցական պատկանելությունից կադրային բանկ են ստեղծում։ Մարդիկ ուղարկեցին իրենց «CV»-ները։ Իսկ ընտրողները, հանձնաժողովի անդամները, պարզվեց, լրագրողներ են, որոնք պետք է տնտեսությունը կառավարող կադրեր ընտրեին։ Ընտրել են 30 հոգու, շատ արժանիների գիտեմ, որոնք իրենց տվյալներն ուղարկել են, բայց մերժվել են։ Կասկածելի է նաև, թե այդ 30 հոգին ովքե՞ր են։ Մենք կրկին գնում ենք կուսակցական այն ճանապարհով, որը մերժեցինք։
-Տնտեսության «արյունատար անոթները» ներդրումներն են, սակայն այս առումով մեծ ակնկալիքներ չկան, ուրեմն ինչպե՞ս պետք է իշխանությունը կատարի հանրությանը տված խոստումները։
-Ներդրումների համար Հայաստանը գրավիչ չէ։ Երկրորդեմ` պետությունը չունի ռազմավարկան ծրագիր, լոկոմոտիվ ճյուղեր, որտեղ կարելի է ներդրումներ անել։ Միայն խոսում են տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, մինչդեռ նանոտեխնոլոգիաների, ճշգրիտ հաստոցաշինության, էլեկտրոնիկայի մասին ոչ մի խոսք։ Այս ամենի ներուժն էլ, փորձն էլ ունենք։ Ընդ որում, տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջատար ճյուղ ենք համարում, բայց արտադրողականությունը շատ ցածր մակարդակում է։ Հարկային օրենսգիրքն արդեն 6 ամիս է քննարկվում է, բայց կարդացի, վախեցա։ Այնքան փոփոխություններ են կատարել, ու այնքան շփոթմունք կա հատկապես հարկային դրույքաչափերի մեջ, որ լինելով տնտեսագետ, չկարողացա կողմնորոշվել։ Սա ևս ներդրողներին վախեցնում է։ Որևէ բարեփոխում չի կատարվել նաև դատական իշխանությունում։ Դատավորները նշանակված են Քոչարյանի և Սարգսյանի ժամանակներից ու հօգուտ նրանց են որոշումներ կայացնում։ Կոռումպացված այդ կադրերին պետք է անհապաղ հեռացնեին։ Ներքին ներդրողը ևս ներդրումներ չի անում, գումարները դուրս է հանում, պետությունն էլ չի ասում՝ դու ապօրինի հարստացել ես, մեզ այդ փողը մի նվիրիր, այլ այս-այս ճյուղերում ներդրում արա։ Հեղափոխական օրենքներով պետք է տնտեսությունում հեղափոխություն կատարել։ Ասում են՝ օլիգարխներ չունենք, մեծահարուստներ են։ Լավ, բայց այդ մեծահարուստներն ինչպե՞ս մեծահարուստ դարձան, չէ՞ որ քրեաօլիգարխիկ համակարգի քվոտաներից օգտվելով ապօրինի հարստացան։ Ապօրինի հարստացման մասին օրենքը վերաբերում է միայն 2017-ից հետո հարստացածներին, բայց հեղափոխական օրենքներով պետք է գնանք հասնենք մինչև 90-ականներ և պարտադրենք այդ գումարները ներդնել տնտեսությունում։ Այսօր իշխանությունն այդ կամքը չունի։
-Ինչու՞ չունի։
-Չկան համապատասխան կադրեր, լայն մտահորիզոն չունեն, նոր են սկսել սովորել, թե ինչպես պիտի աշխատել, բայց արդեն թաթախված են կոռուպցիոն գործարքների մեջ։
-Խոսեցիք հարկային օրենսգրքի փոփոխություններից, խնդիրներից։ Այսօր արդեն տարբեր բիզնեսմեններ դրա դեմ ակցիաներ են անում ու խնդիրներ տեսնում, ասել է՝ սա՞ էլ չի կարող բարերար ազդեցություն ունենալ տնտեսության վրա։
-Ֆիսկալ խնդիրը լուծվում է սխալ ճանապարհով: Նախ` միջազգային փորձով չարդարացված և միայն հետամնաց երկրներում կիրառվող եկամտահարկի համահարթ տարբերակով ստեղծվում է անհիմն բյուջետային ծախս՝ 27,2 մլրդ դրամի չափով, և ապա մտածում են, թե ինչպես այդ ծախսը փակել: Սկսում են անուղղակի հարկերի դրույքաչափերը բարձրացնելուց ու հարկային բեռը ՀՀ «հպարտ քաղաքացիների» ուսերին գցելուց: Իսկ եկամտահարկի համահարթ տարբերակի դեպքում լավագույն ֆիսկալ պայմաններ են ստեղծում մեծահարուստների համար (իմա՝ ՀՀ նախագահ, վարչապետ, պատգամավորներ, կառավարության անդամներ, ֆինանսա-վարկային ոլորտի, Կենտրոնական բանկի աշխատակիցներ, քրեաօլիգարխիկ համակարգի մնացուկներ, կառավարության անդամներ ու պետական կառավարման աշխատակիցներ, մարզպետներ, ՏՏ ոլորտի աշխատակիցներ): Պարզ է, սեփականշնորհման այլ գույք չի մնացել, ապօրինի հարստացման արդյունքում ձեռք բերված սեփականությունը համարվում է անձեռնմխելի և քայլ անգամ չի կատարվում հեղափոխության օրենքներով, անցումային արդարադատությամբ դրանք պետականացնելու ուղղությամբ, իսկ ինչպե՞ս պետք է հոգալ թավշյա հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած անձանց բաեկեցությունը: Ասվում է, որ աշխատավարձերը ցածր են և գրավիչ չեն: Եվ ահա մոգոնեցին եկամտահարկի համահարթ տարբերակը, դրանով օրինականորեն սահմանելով աղքատների ու հարուստների տնօրինվող եկամուտների միջև 32,5-անգամյա տարբերություն (ներկայիս 15-ի փոխարեն): Փաստորեն, կառավարությունը դրանով իրականացնում է հակասոցիալական, իմա՝ հակասահմանադրական քաղաքականություն՝ օրենքով բարձր մակարդակի հասցնելով Ջինի գործակիցը: Վստահ եմ, որ այս օրինագծին միաբերան կողմ են քվեարկելու «հեղափոխական» պատգամավորները, որոնց մեծ մասը նույնիսկ չի կարդացել այն (եթե անգամ կարդացել է, չի հասկացել)։ Այդ օրինագծի վերաբերյալ ահա արդեն 2 անգամ էլեկտրոնային փոստով նամակներ եմ ուղղել ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովին, սակայն ոչ մի պատասխան ու արձագանք չեմ ստացել: Ասացին, որ խորհրդարանը էլեկտրոնային նամակներ չի ընդունում որպես պաշտոնական փաստաթուղթ, նույնիսկ գործելակերպում հեղափոխական շունչ չկա։
-Այսօր օպտիմալացման քաոս է ստեղծվել իշխանությունում, նախ` 10 հազար պետծառայողի համարում են «հավելյալ արդյունք չստեղծող», որոնք պետք է ազատվեն աշխատանքից, սակայն անհասկանալի է` այդ մարդկանց հետ կրճատվու՞մ են նրանց վերապահված գործառույթները, թե՞ ոչ։ Անհասկանալի կարգավիճակ են ստանում որոշ նախարարություններ։ Ի վերջո, այս օպտիմալացումից բյուջեն որքա՞ն կշահի։
-Օպտիմալացումը լավ քայլ է, քանի որ նախկին իշխանությունը պետական ապարատում տեղավորում էր բացառապես ՀՀԿ-ականներին։ Երկար ժամանակ եղել եմ քաղծառայության հանձնաժողովի կազմում, գիտեմ, թե ինչպես են այդ մրցույթներն անցկացվում։ Թույլ էին տալիս երկու հոգի անցնի, մեկը` լավ մասնագետ, մյուսը՝ ՀՀԿ-ական։ Նախարարն ինքնակամ որոշում էր աշխատանքի ընդունել ՀՀԿ-ականին կամ կոալիցիոն գործընկերոջ առաջարկած թեկնածուին։ Նախկին իշխանության անդամներից մեկը` նախկին նախարար Վարդան Վարդանյանը (այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր է-Ռ.Խ.), ինձ ասաց, թե ինչու իմ որդուն, որ երեք անգամ հաղթել էր քաղծառայության մրցույթում, չի ընդունում աշխատանքի, որովհետև ընդդիմության ներկայացուցիչ է։ Դրա համար էլ թողեց երկրից գնաց։ Ցավալիորեն հիմա էլ նույն քաղաքականությունն է շարունակվում։ Ահա այսպես էլ համակարգն ուռճացվել է։
Կարծում եմ, մարզպետարաններն ավելորդ օղակներ են, պահպանելու դեպքում էլ 50 տոկոսով պետք է կրճատվեն, դրանք խլում են ՏԻՄ-երի գործառույթները։ Սա աբսուրդ է։ Դրա համար էլ ՏԻՄ-երի ինստիտուտը չի զարգանում։ Արտակարգ իրավիճակների նախարարություն էլ չպետք է լիներ, այն կարող էր միանալ ոստիկանությանը։ Գուցե այս ամենից բյուջեն չշահի, բայց պետական ծառայողի աշխատանքն ավելի գրավիչ կդառնա։ Կցանկանայի մի բանի վրա էլ ուշադրություն սևեռել, որն անտեսվում է։ Կենտրոնական բանկում աշխատում է 850 մարդ, համարյա 4 նախարարություն, արդյունավետության առումով էլ կարելի է վիճել, միջին աշխատավարձը 625 հազար դրամ է, առնվազն 50 տոկոսով պետք է ԿԲ-ում կրճատումներ լինեն։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao