Parker quartet
 
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

«Երբ պարզ կլինի ինչ ծավալի հաստիքների կրճատման մասին է խոսքը, այդ ժամանակ էլ կզրուցենք»

«Երբ պարզ կլինի ինչ ծավալի հաստիքների կրճատման մասին է խոսքը, այդ ժամանակ էլ կզրուցենք»
12.03.2019 | 01:17

Վերջապես գործադիրը հաստատեց կառավարության կառուցվածքը` 17 նախարարություններից մնաց 12-ը։ Հինգ նախարարությունների կրճատումը կարող է լուրջ փորձություն դառնալ կառավարության համար։ Մեծ թվով մարդիկ գործազուրկ են դառնալու, ավելանալու է սոցիալական լարվածությունը, ինչպե՞ս է տեսնում օրենսդիրը այս խնդրի լուծումը։ Այս և սոցիալական այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ հետ։

-Տարիների ընթացքում ստեղծվել են հաստիքներ, որոնք չեն ծառայել իրենց նպատակին, և այսօր խոսքը ոչ թե կադրային ջարդի, այլ համակարգի օպտիմալացման մասին է,- ասաց պատգամավորը։
-Գործընթացի անունն ինչ էլ դնենք, փաստը մնում է փաստ, որ գործազուրկների բանակն է ավելանալու։
-Եթե կա միանման գործառույթ ունեցող երկու կառուցվածքային միավոր, ըստ Ձեզ, որքանո՞վ է տրամաբանական պահպանել այդ միավորները և լրացուցիչ գումարներ ծախսել։
-Բացատրեք ինձ, ինչո՞վ են միանման էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, ի՞նչ նմանություն կա գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների միջև։
-Խոսքը նախարարությունների մասին չէ, այլ ուռճացված հաստիքների։
-Այդ դեպքում ինչու՞ չպահպանվեցին այդ նախարարությունները և ներսում կադրերի կրճատում չարվեց։ Հիմա Դուք իսկապե՞ս խնդիր չեք տեսնում. մեծ թվով մարդիկ մնալու են անգործ։
-Եկեք հակառակ տեսանկյունից մոտենանք հարցին։
-Եկեք այս հարցիս պատասխանեք, հետո այլ տեսանկյունից կմոտենանք։
-Ոչ, հենց Ձեր հարցին եմ պատասխանելու։ Եթե մարդիկ ստանում են աշխատավարձ և ամբողջ օրը սուրճ են խմում աշխատավայրում (գույները թանձրացված եմ ներկայացնում, որպեսզի ավելի հստակ պատկերացնեն մարդիկ, թե ինչի մասին է խոսքը) որքանո՞վ է արդարացված նման աշխատողին պահելը։ Ես հասկանում եմ, որ կադրային կրճատումներից հետո մեկը կբողոքի հարևանին, մյուսը լրատվամիջոցներով աղմուկ կբարձրացնի, թե կադրային ջարդ է սկսվել, սակայն ոչ ոք իրեն հարց չի տա, թե որքանով է արդյունավետ պետության տեսանկյունից այդ աշխատողին պահելը։
-Դուք օրինակը բերեցիք խտացված գույներով, սակայն չէ՞ որ կրճատվողներից ոչ բոլորն են սուրճ խմողներ։
-Արդեն նշեցի, որ կառավարման ապարատը տասնյակ տարիներ ուռճացված է եղել, և հիմա օպտիմալացման անհրաժեշտություն կա։
-Այդ դեպքում ես ևս կրկնեմ իմ հարցը։ Եթե կադրային կրճատումների արդյունքում լարվածությունը մեծ լինի, ի՞նչ եք անելու, և ընդհանրապես հաշվարկե՞լ եք, թե քանի մարդ կմնա անգործ։
-Կառավարության կառուցվածքի հաստատումից հետո վարչապետն իր խոսքում նշեց, որ կադրերի կրճատման հարցն աստիճանաբար է իրականացվելու, և կտրուկ քայլեր չեն լինի։ Երբ վերջնականապես պարզ կլինի, թե ինչ ծավալի հաստիքների կրճատման մասին է խոսքը, այդ ժամանակ էլ կարող ենք զրուցել։
-Պարոն Զեյնալյան, ի՞նչ եք կարծում, Հայաստանում մարդիկ աղքատ են, աշխատանք չունեն, որովհետև աղքատությունը նրանց գլխու՞մ է։
-Դա ասված էր փոխաբերական իմաստով, և վարչապետն ամենևին էլ նկատի չուներ, որ աղքատությունը մեզանում պայմանավորված է զուտ նրանով, որ մարդն այն իր մտքում է պահում։ Վարչապետի ասածը հետևյալն էր, որ մարդը` անձը, պետք է դուրս հանի իր մտքից աղքատությունը և փորձեր անի աշխատանք գտնելու համար։
-Ըստ Ձեզ, եթե մարդն ունի 3000 դոլար, հնարավո՞ր է այդ գումարով սկսել նոր գործ, պետությունը դրա համար երաշխիք ստեղծե՞լ է։ Ես խոսում եմ աղքատությունը գլխից հանած մարդու մասին, ոչ «բազմոց քշողի»։
-Այո, ճիշտ նկատեցիք, ցավոք, այսօր նորմալ գումարի սահմաններում մարդկանց աշխատանք են առաջարկում, սակայն նրանք հրաժարվում են այդ աշխատանքից, կան մարդիկ, որոնք ուղղակի խուսափում են, կան այնպիսիք, որոնք տան համար որևէ իր չեն գնում, որպեսզի չզրկվեն նպաստից։ Կան նաև այնպիսիք, որոնք նպաստառու են, սակայն առևտրային բանկերում վարկերի խոշոր տոկոսներ են փակում, ինչը հակասության մեջ է իրենց կարգավիճակի հետ։ Այս ամենը խնդիր է։
Կառավարության որոշմամբ վերջերս աղքատության շեմը բարձրացվել է։ Ինչ վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը, այսինքն Ձեր հարցի առաջին մասին, ապա ինքներդ էլ հասկանում եք, որ մեկ օրում հնարավոր չէ ստեղծել այնքան աշխատատեղեր կամ այնպիսի պայմաններ, որ մարդը հեշտությամբ աշխատանք գտնի։ Գաղտնիք չէ, թե ինչ պայմաններում է մեր երկիրն ապրել վերջին 20-25 տարիներին, կարելի է ասել գոյատևել է։ Եվ այսօր մեղադրել կառավարությանը, իշխանությանը...
-Ձեզ ընդհատեմ, չենք մեղադրում, զրուցում ենք և փորձում հասկանալ, թե ինչպես պետք է լուծվի արժանապատիվ ապրելու խնդիրը։
-Դուք չեք մեղադրում, բայց շատերը, ինչու չէ նաև որոշ լրատվամիջոցներ մեղադրում են, թե աշխատատեղեր չեն ստեղծվում, և հարց են բարձրացնում` սրա համա՞ր ենք հեղափոխություն արել։
-Բայց դա շատ տրամաբանական հարցադրում է։ Մարդիկ «ոչ» ասացին նախկին իշխանություններին, հուսալով որ իրենց կյանքը հեղափոխությունից հետո կբարելավվի։ Ի դեպ, նախկին իշխանությունների ժամանակ նույն ընդդիմությունը, որն այսօր իշխանություն է, մեղադրում էր իշխանություններին աշխատատեղեր չստեղծելու համար։
-Տեսեք, աղքատության շեմը հաղթահարելու, այսինքն աղքատ մարդ չունենալու համար անհրաժեշտ է 6 մլրդ դրամի միանվագ ներարկում նպաստային համակարգի մեջ։ Սակայն եթե մենք այդպիսի բան անենք, դա կլինի միջոցների փոշիացում։
-Համաձայն եմ, դրա համար էլ չեմ խոսում նպաստներից, այլ աշխատատեղերի ստեղծման պայմանների մասին եմ հարցնում։
-Այո, ցավոք, «Փարոս» համակարգը քանդեց այս երկիրը։ Այդ ծրագիրը նպաստեց, որ մարդը ծուլանա։
-Հիշեցնեմ, որ նպաստների «մոդան» ներմուծեց Հրանտ Բագրատյանի կառավարությունը։
-Հասկացանք։ Հիմա մենք պետք է գնանք աշխատատեղերի ավելացման, ստեղծման ուղղությամբ, և դրան մեծապես կնպաստեն տնտեսության ակտիվացումը, ներդրումների ներգրավումը, ներդրողների համար վստահելի միջավայրի ապահովումը։
-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է վստահություն ձևավորել, եթե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանն իր հարցազրույցներից մեկում ասում է, որ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 %-ը պետք է պետականացվի և նրանց թողնվի 30 %-ը։
-Այդ հարցը պետք է ուղղեք պարոն Աղազարյանին։ Կարծում եմ` նա ընդամենն իր անձնական կարծիքն է արտահայտել և ոչ «Իմ քայլը» դաշինքի։ Կարող եմ հստակ ասել, որ մենք այդ ճանապարհով չենք գնում։
-Որպես առողջապահության և սոցիալական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ սոցիալական ոլորտում ո՞ր խնդիրների լուծումն եք առաջնահերթ համարում։
-Եթե 1-2 խնդիր նշեմ, կստացվի, որ մնացած հարցերն անտեսում եմ. խնդիրները շատ բազմազան են, և բոլորն էլ` առաջնային։ Միևնույն ժամանակ, պետության համար ամենակարևոր հարցը դեմոգրաֆիկ խնդիրն է։ Ցավոք, տարեցտարի բնակչության բնական աճը` ծնելության աճը նվազում է։ Մի տասը տարի հետո կունենանք բացասական իրավիճակ։ Փորձը ցույց է տալիս, որ ծնելության աճը խթանելուն ուղղված միջոցները բավարար չեն։ Կարծում եմ` անհրաժեշտ է վերանայել ծրագիրը։
-Կարծում եմ, եթե անգամ ավելի շատ գումար հատկացնեք այդ ծրագրով, միևնույն է խնդիրը կմնա, քանի որ միանվագ գումարը չի ապահովի երեխայի բոլոր կարիքները։ Նորածնի ծնողին աշխատատեղ է պետք։
-Այո, իհարկե, անգամ մեծ գումարը, եթե այն միանվագ է, բավարար չէ, դրա համար փորձում ենք մշակել հավելյալ մեխանիզմներ, որոնք երկարաժամկետ կլինեն։ Մասնավորապես փորձելու ենք սուբսիդավորմամբ հիպոթեքային վարկեր տրամադրել, երեխաներին տրվող նպաստների ժամկետը երկարացնել։ Իսկ գյուղական վայրերում կարելի է բնակարաններ կառուցել` դարձյալ սուբսիդավորմամբ, ազատել ոռոգման հարկից և այլն։ Մի խոսքով, ծնելության խթանման ծրագրի մեխանիզմները պետք է լինեն երկարաժամկետ և ապագայի նկատմամբ ապահովության զգացողություն ներարկեն։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao