Parker quartet
 
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

«Լուվրը աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է, բայց պետությունից աջակցություն է ստանում»

«Լուվրը աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է, բայց պետությունից աջակցություն է ստանում»
12.03.2019 | 12:17

Թանգարանները բավարար չափով այցելուներ չունեն: Թանգարանային նյութը անսպառ է, հետաքրքրությունը` ոչ բավարար: Կա լավ մենեջմենթի պակաս. այս եզրահանգումն է արել քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, վճռել է` թանգարանների աշխատակիցների համար մենեջմենթի դասընթացներ կազմակերպել, եթե կա հաստիքացուցակի համալրման անհրաժեշտություն՝ վերանայել: Դասընթացների մեկնարկն արդեն տրված է:
Ինչ են մտածում այս մասին ոլորտի մասնագետները: Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ կարծիքով` մեր ժողովուրդը առանձնապես չի սիրում գնալ թանգարաններ, հիմնականում զբոսաշրջիկներն են այցելություններ ապահովում. «Մերոնք գնում են, երբ հյուր են ունենում, իրենք դրա կարիքը չունեն կարծես: Ես հեռուստատեսությամբ բազմիցս ասել եմ` ինչպես որ հաց ու ջուր եք ամեն օր ուտում և խմում, նույն կերպ գոնե ամիսը մեկ պետք է հոգևոր սնունդ ստանաք, այցելեք մշակութային որևէ օջախ: Առաջ գոնե կրթական հեռուստահաղորդումներ կային պատմության, արվեստի, արվեստագետների մասին, հիմա դրանք բոլորը փակվել են, որ հեռուստաալիքը նայում ես, սերիալ է: Դա բթացնում է մարդկանց, թույլ չի տալիս մտածել: Մարդկանց մի մասն էլ ընդհանրապես հայկական հեռուստատեսություն չի նայում»:


Քաղաքապետի տեղակալը առաջարկել էր նկարահանել տեղեկատվական հոլովակներ՝ տարածման համար օգտագործելով սոցիալական ցանցերը:
«ճիշտ են արել, բայց ինձ թվում է` հեռուստահաղորդումների ընդհանուր մակարդակը պետք է բարձրանա, եթե լինի հաղորդում, ասենք նկարիչների մասին, նրանց կյանքի, ստեղծագործական ուղու, մարդկանց մեջ հետաքրքրություն կառաջանա, կայցելեն թանգարան կամ պատկերասրահ հաղորդակցվելու այդ ամենին: Արվեստը բարդ է, մարդիկ պետք է պատրաստ լինեն ընկալելու: Բայց դա թանգարանը չպետք է անի, ընդհանուր ծրագիր պետք է լինի, թանգարանն իր գործն ինչքան կարող է, հնարավորության սահմաններում անում է»:


Թանգարանի պայմանները, գտնվելու տեղը կապ ունե՞ն այցելությունների հետ: «Մեր թանգարանը շատ դժվար է գտնել, բայց մարդիկ գտնում են, թանգարաններ կան` կենտրոնում են, ոտքի տակ, բայց այցելուներ չունեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Փարաջանովի թանգարանը, կարելի է ասել, այցելուների պակաս չունի, սակայն Զավեն Սարգսյանը հստակեցրեց. «Քաղաքային միջին, փոքր թանգարաններ օրական կարող է այցելել 5-10 մարդ, մեզ մոտ` մինչև 100: Հիմա ցուցահանդես ունենք Ստամբուլում, օրական 400-500 մարդ է այցելում, հասկանու՞մ եք տարբերությունը»:


Հետաքրքրվեցի` ի՞նչ կարծիք ունի Փարաջանովի թանգարանի տնօրենը նախարարությունների օպտիմալացման, ՊՈԱԿ-ների լուծարման քաղաքականության մասին: «Չեմ հասկանում` ինչ են ուզում անել, բայց մեր կյանքը բարդացրել են…Այսօր ամսի 11-ն է, ոչ մի հիմնարկ աշխատավարձը չի ստացել, կարո՞ղ եք պատկերացնել: Գումարը գնում է գանձապետարան: Ասել ենք, որ դեմ ենք, բայց տեղ չի հասնում, չգիտենք` ինչ-որ բան կփոխվի՞: Մի բան փոխում են, փոխարենը ոչինչ չեն անում»,- եզրահանգեց մեր զրուցակիցը: «Համամի՞տ եք, որ թատրոնները, թանգարանները պետք փորձեն ինքնաբավ լինել, ոչ թե պետությունից աջակցություն ակնկալեն»,- հարցրինք։ Ի պատասխան Լուվրի օրինակը բերեց. «Աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է, տոմսն արժի 12 եվրո, բայց պետությունից աջակցություն է ստանում, չի կարող ինքն իրեն պահել. «Մեր թանգարանը դեռ իրեն պահում է, բա Ավետիք Իսահակյանի թանգարա՞նը ինչ անենք, փակե՞նք: Պետությունը պետք է աջակցի, որ լինի այդ թանգարանը: Թատրոնի, երաժշտական ասպարեզում դժգոհություններ եղան, որովհետև առանց հարցնելու, մասնագետների հետ խորհրդակցելու ինչ-որ բաներ են մտածում: Թող օպտիմալացնեն, ոչ թե անհեթեթ բաներ անեն»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao