Ջեյմի Դեվիս
 

Լեռնային Ղարաբաղ` ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղը խաղից դուրս է

Լեռնային Ղարաբաղ` ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղը խաղից դուրս է
12.03.2019 | 12:26

Ապշում ես` ինչպե՞ս են ռուսական հեղինակություն վայելող շատ պարբերականներ, և ոչ միայն նրանք, աշխատում պաշտոնական փաստաթղթերի հետ: Օրինակ` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի: Գործակալություններից մեկը, նրան հետևելով նաև մյուսները, հաղորդեց միջնորդների տարածած հայտարարության մասին հետևյալ տեսքով. «Համանախագահները… աջակցություն են հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարձր մակարդակով հանդիպման պատրաստակամությանը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի կայքում տեղակայված հայտարարության մեջ անգլերենով նշված է, որ համախագահները չեն խոսել երկու երկրների ղեկավարների հանդիպման պատրաստակամության մասին, այլ. «ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպման հակվածությունը»: Նյուանսը նուրբ է, բայց` կա: Կայքում հաղորդվում է, որ ՙհամանախագահները, սերտ համագործակցելով երկու ԱԳ նախարարների հետ, պատրաստվում են այդ կարևոր հանդիպմանը, որը կդառնա առաջին ուղղակի շփումը` համանախագահների հովանու ներքո»: Ռուսական գործակալությունների հաղորդագրություններում այլ տարբերակ է. ՙՄինսկի խմբի միջնորդները, սերտ համագործակցելով երկու երկրների ԱԳ նախարարների հետ, անցկացնում են ղեկավարների կարևոր հանդիպման նախապատրաստություն»: Եվ նորից ակնհայտ տարբերություն` պատրաստվել հանդիպմանը և հանդիպումը պատրաստել միևնույնը չէ: Մենք ուշադրություն ենք հրավիրում Բաքվից ու Երևանից հնչած հայտարարությունների պատճառով:


Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասում է, որ «եղել են առաջարկներ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման հետ կապված: Ադրբեջանը հակված է բանակցային գործընթացի ու միշտ պատրաստ է սուբստանտիվ բանակցություններին»: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, հաստատելով հանդիպման նախապատրաստության փաստը, հավելել է, որ Երևանը «չի ընդունում բանակցությունների պարտադրանքը զենքի փողի տակ»: Նիկոլ Փաշինյանը Թեհրանում ասում էր. ՙՄենք նախապես համաձայնեցրել ենք առաջիկա հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ: Դա կլինի հանդիպում, ըստ էության, առանց օրակարգի: Բայց կարևոր որոշում կարող է դառնալ բանակցությունների ձևաչափի համաձայնությունը: Քանի դեռ չկա ձևաչափի համաձայնություն, շփումները չի կարելի համարել պաշտոնական բանակցություններ: Ես հայտարարել եմ, որ կարող եմ հանդես գալ Հայաստանի անունից, բայց չեմ կարող խոսել Արցախի անունից, որտեղ կա սեփական իշխանություն, սեփական նախագահ, սեփական կառավարություն և Արցախի անունից բանակցություններ պիտի վարեն Արցախի իշխանությունները»: Բայց կկայանա՞ այդ հանդիպումը, որին ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդհանրապես կապված չէ, առավել ևս Փաշինյանի առաջարկած օրակարգով: Բաքուն մերժումով պատասխամեց: «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների ձևաչափը հայտնի է, փոփոխությունը քննարկման թեմա չէ ու չի կարող լինել»` հայտարարեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը: Հենց այս հատույթում է կատարվում հասկացությունների փոխակերպումը: Փաշինյանը հայտարարում է բանակցությունների հնարավորության մասին, սակայն պաշտոնական չի համարում: Բաքուն խոսում է այլնի մասին, թեպետ մինչ այդ գնում էր նման շփման` Դուշանբեում ԱՊՀ սամիթում ու Դավոսում: Կարդում ենք կայքում տեղակայված Մինսկի խմբի հայտարարությունը, որ հետաքրքիր իմաստային նրբերանգներ ունի: «Համանախագահները նաև ողջունում են որոշ սկզբնական քայլեր, որ ձեռնարկվում են տարածաշրջանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար, և կողմերին կոչ են անում ակտիվացնել այդ ջանքերը: Միևնույն ժամանակ համանախագահները հաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Համանախագահները կողմերին հորդորում են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:

Այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ընդունում Փաշինյանի` Ստեփանակերտը բանակցային գործընթաց մտցնելու առաջարկը, ճիշտ այնպես` ինչպես խնդրի ուժային լուծման սցենարին անցնելու Ադրբեջանի սպառնալիքները: ՙՀամանախագահները հաստատում են, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների վրա` ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշումը: Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո (առաջին դիրքորոշում` ՍՍ), միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ (երկրորդ դիրքորոշում` ՍՍ), Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք (երրորդ դիրքորոշում` ՍՍ), Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք (չորրորդ դիրքորոշում` ՍՍ), միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն (հինգերորդ դիրքորոշում` ՍՍ): Իհարկե, սրանք հենց այն Մադրիդյան սկզբունքներն են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների հիմքում են: Բայց խնդիրն այն է, որ նշված 5 դիրքորոշումները հիմա այսպես կոչված «գորշ գոտում» են, որի շուրջ ոչինչ տեղի չի ունենում: Ալիևի ու Փաշինյանի ինչ-որ հարց այս օրակարգից դուրս լուծելու ջանքերի փաստը վկայում է, որ նրանք տարբեր պատճառներով ձեռք չեն տալիս Մինսկի խմբի առաջարկած Մադրիդյան սկզբունքների տարբերակները: Այդ պատճառով որոշ փորձագետների լավատեսական խորհրդածությունները, որ նախագահի ու վարչապետի անձնական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով «շուտով կկայանա», լուրջ հիմքեր չունեն:


Իսկ հետո՞: Ինչ էլ ասեն` Ալիև-Փաշինյան անձնական շփումը, այսինքն` երկկողմ ձևաչափը, պահպանում է իր ուժը Մինսկի խմբի ներուժի թուլացման համապատկերում: Բայց հետագա առաջընթացի համար երկու պետությունների ղեկավարներին այդ ուղղությամբ անհրաժեշտ է վստահության համապատասխան մակարդակ: Փոխզիջումներն անխուսափելի են, ինչպես և կոնֆլիկտի կարգավորման փուլային քայլերը, որ հնարավոր են խաղաղության գործընթացի բացառապես ընդհանուր հայեցակարգի մշակումով: Այլ հարց է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ինչ-որ մեկը կամ նրանք միասին պետք է երաշխավորի դերում լինեն ապագայում հնարավոր համաձայնությունների դեպքում: Մինչ այդ համանախագահները միշտ հայտարարություններ են անելու ու վերահսկողական աշխատանք են կատարելու, կոնֆլիկտի կողմերին կոչ անելով «երկխոսության, հանդուրժողակաոթյան ու փոխզիջումների»: Այդպես էր երեկ, այսպես է այսօր, այդպես է լինելու վաղը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Մինչ ռուսները փորձում են խաղից դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբին` կյանքի կոչելու համար Լավրովի պլանը, որ նրանց կենսական անհրաժեշտություն է ինչ-որ պատճառով, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնում է Իրան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում: Հայաստանը հայտարարում է Իսրայելում դեսպանատուն բացելու մտադրության և վարչապետի՝ Իսրայել այցի մասին: Հետաքրքիր զիգզագներ են, եթե հաշվի առնենք, որ ապրիլի սկզբին ԱՄՆ-ում նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը:


Հայաստանի ԱԱԾ տնօրենը հայտարարում է ազատագրված տարածքների վերաբնակեցման, ՊՆ նախարարը` բանակի մարտավարությունը պաշտպանողականից հարձակողականի փոխելու մասին, Բաքուն մասշտաբային զորավարժություններ է անում` առանց ԵԱՀԿ-ին տեղեկացնելու և հայտարարում է, որ բանակցությունների ձևաչափը չի կարող փոխվել ու առաջ է մղում սուբստանտիվ բանակցությունները` փաստացի մերժելով ԼՂՀ կարգավիճակի հարցի քննարկումը: Այսինքն` հակամարտության կողմերը բարձրաձայնում են իրենց` միմյանց համար անընդունելի օրակարգերը: Ուրեմն` ի՞նչ իմաստ ունի հանդիպելը:
Թեհրան այցից հետո Իսրայել մեկնելու մտադրությունը (թերևս ապրիլից հետո, երբ կկայանան Կնեսետի ընտրությունները) վկայում է ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա: Հետաքրքիր է, որ այս օրերին Իսրայելում The Ask Project ալիքը հարցում է անցկացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով պարզել, թե ինչ գիտեն իսրայելցիները Հայոց ցեղասպանության մասին և ինչպես են վերաբերվում իրենց կառավարության կողմից ճանաչելու հարցին: Ալիքի հաղորդավար Քորի Գիլ-Շուստերը բոլորին տվել է միևնույն հարցը. «Պե՞տք է Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել, քանի որ իրենք նույնպես անցել են նման ողբերգության միջով և հասկանում են ճանաչման կարևորությունը: Ոմանք էլ կարծիք են հայտնել, որ իրենց կառավարությունը չի ճանաչում Ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի պատճառով: Թեև ոչ բոլորն էին տեղյակ 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններից, Ցեղասպանության իրողության մասին լսելուն պես շատերը կարծիք են հայտնել, որ Իսրայելի կառավարությունը պետք է ճանաչի կատարվածը: Կային մարդիկ, որոնց կարծիքով՝ այս հարցում երկիրը պետք է առաջնորդվի սեփական շահերով: Այսինքն` Իսրայելը ևս նախապատրաստվում է: Հայաստանը պայմաններ չի դնում՝ ցեղասպանության ճանաչում, Երևանում Իսրայելի դեսպանատան բացում, Ադրբեջանին զենքի վաճառքից հրաժարում: Սկսում են ուրվագծվել նոր գծագրեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan