Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

Դուք կիրթ եք, իսկ ես`լեգիտիմ

Դուք կիրթ եք, իսկ ես`լեգիտիմ
13.03.2019 | 13:07

Երեկ փաստացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը Ստեփանակերտ տեղափոխելով` փորձեց լուծել մի քանի խնդիր համաժամանակյա:


1. Ցույց տալ, որ Հայաստանն ու Արցախը միասնական են, խնդիր չկա ու չի կարող լինել երկու հայկական պետությունների միջև:
2. ԼՂ կոնֆլիկտի լուծման գործընթացում սկսվել է նոր փուլ, որի որակները դեռ չեն բնորոշվել:
3. ՀՀ վարչապետը գերագնահատում է իր լեգիտիմությունը` միջազգային ասպարեզում դա վճռական գործոն չէ, ավելին` որոշակի հանգամանքներում կարող է ուղղվել հենց իր և պետության դեմ:
4. Նա շարունակում է պնդել, որ ՔՊ-ն ուժեղ մանդատ է ստացել «Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար»: Եվ` հարցը եղել ու մնալու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումների կարևորագույն կետերից մեկը:
5. Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք չէ, ոչ էլ նախապայման, այլ արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:
6. Փաստացի` Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց 3 հայտնի սկզբունքները` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք, և «6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք»: Եվ` հայտարարեց, որ այդ սկզբունքների Ադրբեջանի մեկնաբանությունը մեզ համար անընդունելի է, սեփական մեկնաբանությունն անիմաստ է, «որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը»:
7. Հետևաբար` «առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»:
8. Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա:
9. Նիկոլ Փաշինյանի ներդրումը արցախյան հարցի լուծման գործընթացում` 2018-ի աշնանը Հայաստանի Աժ ամբիոնից արեց «աննախադեպ հայտարարություն»` Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ներդրումը չընկալվեց` Ադրբեջանի նախագահը համարժեք հայտարարություններ չարեց, ոչ էլ քայլեր: Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ «Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»: Փաստացի` Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ադրբեջանի ժողովուրդը իրեն կլսի կամ` ժողովրդի ու նախագահի մեջ կա բացարձակ հակասություն` Ալիևը պատերազմ է ուզում, ժողովուրդը` խաղաղություն:
10. ԱԽ-ից հրապարակված տեղեկատվությունը չի մերժում մադրիդյան սկզբունքները և բանակցությունների պատրաստակամությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ընդունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պաշտոնական պատասխանն ապահովված է, անցնենք ռեալությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից առաջ էլ, առավելևս հետո էլ Ադրբեջանը պնդում է, որ ամեն պահ պատրաստ է բանակցել սուբստանտիվ օրակարգով, այսինքն` ստանում են շրջանները ու հետո նոր սկսում քննարկել` ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախը և ինչպե՞ս է այդ կարգավիճակը ստանալու: Սուբստանտիվ օրակարգը Հայաստանի համար անընդունելի է: Հազիվ թե երեկ Հայաստան եկած ու այսօր վարչապետի, նախագահի հետ բանակցող ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը ներկայացնի խնդրի կարգավորման նոր տարբերակ: Թեպետ այցից առաջ խոստացել էր, որ Երևան է բերելու «մի շարք գաղափարներ»։ Իրականում ԵԱՀԿ գործող նախագահները մինչև Միրոսլավ Լայչակը կամ իրենք` համանախագահները, վաղուց պետք է հասկանային ու ընդունեին, որ մադրիդյան բազմափոփոխ սկզբունքները կողմերի համար անընդունելի են: Այլապես հարցը 2007-ից լուծված կլիներ: Մամուլում շրջանառվել է նաև տեսակետ, որ Արցախը կարող է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանդատ է տալ Ադրբեջանի հետ ապագա բանակցություններում իր տեսակետը հայտնելու մադրիդյան սկզբունքների շուրջ, միայն տեսակետը, բայց ոչ բանակցելու իրավունքը։ Սա էլ է լուծում` ժամանակավոր լուծում` ժամանակ շահելու համար:


Հարց է, իսկ Իլհամ Ալիևը ոչ սուբստանտիվ, անօրակարգ հանդիպման պատրա՞ստ է: Կամ` ինչու՞ պիտի հանդիպի ու բանակցի, որ իրեն ասեն` բացատրեք, խնդրեմ, թե ի՞նչ է նշանակում 6 տարրեր և ինչու՞: Չէ՞ որ դուք կիրթ եք, իսկ ես` լեգիտիմ:
Եվ այդ դեպքում` կհամարվի, որ Նիկոլ Փաշինյա՞նն է հրաժարվում բանակցություններից, թե՞ Իլհամ Ալիևը:


Պատերազմի սպառնալիքի մասին, որ անընդհատ հիշեցնում են: Պատերազմի սպառնալիքը կա այն օրից, երբ Հայաստանն ու Ղարաբաղը հաղթանակից հետո Ադրբեջանի հետ ստորագրեցին ոչ թե Ադրբեջանի կապիտուլյացիայի, այլ` զինադադարի համաձայնագիր: Շնորհակալություն Ադրբեջանը պիտի հայտնի Մոսկվային: Այդ համաձայնագրի պատճառով` պատերազմը չի ավարտվել ու ամեն օր էլ կարող է վերսկսվել: Բայց ի տարբերություն 20-րդ դարավերջի, 21-րդ դարասկզբի պատերազմը բոլորովին այլ իրավիճակում կլինի, երբ երկու կողմերն էլ ունեն զենքեր, որոնցով կարող են հարվածել միմյանց մայրաքաղաքներին ու ռազմավարական նշանակության կետերին: Ու պատերազմի ելքի անկանխատեսելիությունն է պատերազմը զսպող միակ պատճառը: Իլհամ Ալիևը վստահ չէ, որ իր սկսած պատերազմի հետևանքով չի կրակի սեփական իշխանության վրա: Մնացածը քաղաքականություն է ու դիվանագիտություն` մանևրներ, գերտերությունների շահեր, հայտարարություններ, հանդիպումներ, բանակցություններ, և այլն, և այլն և այլն: Արդյունաբերությունը պետք է աշխատեցնել ու վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածաշրջանում Հայաստանը պետք է դադարի թույլ օղակ լինել` սա է հարցի լուծումը: Ռազմական հաղթանակից հետո:

Դիտվել է՝ 1694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao